Գուրգէն Խանճեան ընկերոջս

Հիմա պահ մը ելլէք, կանգնէ՛ք
ըսէք ինծի,
Ես ձեզմէ եմ, կամ իրենցմէ
Սփիւռքի բոլոր սուրճի խանութները գիտեմ,
Կուսակցական պեխաւոր շէֆերը,
Սիկառով ման եկող ազգականներս գիտեմ:
Գիտեմ անոնց սուտ լեզուն
Որ իմ մեռնող լեզուն է
Վերափոխուած արմաւենի
Կամ վիշապ
Զիս հասցընող իր ճանապարհին:
Գիտեմ արեւածաղիկները, որ կը դառնան
Ազգային ջոջերու փէշերուն շուրջ
Ու կաթողիկոսին ապուշ հարցեր տուող լրագրողները բոլոր գիտեմ:
Կանեփ ծխելու մասին բոլոր վարկածները,
Գիշերուան կէսին խման տուն դառնալու ճանապարհները գիտեմ:
Ըսէք միայն, ես ձեզմէ ե՞մ, կամ իրենցմէ:
Ես ձեզմէ եմ կամ իրենցմէ,
Ձեզանից եմ կամ իրանցից,
Որ նստել եմ «ա գնացքը»,
Անգիր արել Թամարեանի ողբն ու վիշտը,
Էժան ծախող շապիկների եւ ջինսերի հոտը խէնէշ,
Ու նայիրեան ծիտիկներու վագում բուրող րապիզը սէգ:
Գրողական Հայաստանի գարեջրից
Մինչեւ «ստալին բէղերը ղալին» հոտող թուալէթը գրողներիս…
Մինչեւ հեռուն Այնթապ ու Վան
Նախնիներիս աղօթքների ու քրտացած մասունքների երգերը նոր:
Ու «Գրական թերթի» մոռացված հոնորարը սպասելիս:
«Ազատության հրապարակին» մօտ ճերմակ շան հետ նկարվելիս:
Հիմա ասէք, ես ձեզանի՞ց եմ, թէ իրանցից:

Ես ձեզմէ եմ, թէ իրենցմէ.
Հռոմի մէջ կաթոլիկ եմ,
Լոնտոնի մէջ գրող-մրող
Պուրճ Համուտի սուճուխ ծախող
Յայտնի տղուն հին ընկերն եմ:
Ես Հալէպի գոց շուկային հանած վարած հին անցորդ եմ:
Դամասկոսի սեւ վարդերուն անունները իմացողն եմ,
Ու Թեհրանի հին թաղերու բնակիչն եմ:
Լոսի մէջ ես ձեւական
Ռ-ով խօսող մտաւոր եմ:
Մօտաւոր եմ հայրենասէր եւ Թուրքիոյ հիւպատոսի երեսին թքողն եմ:
Առտուն փաչա ու խորտիկներ
Իրկունը «հաւատով խոստովանիմ» ուտողն եմ:

Մոնթրէալում գալստուքով խմբագիր եմ
Եւ Րէտնըրում Վեվ Օշականի սիկարէթն եմ:
Սիկարէթ եմ չզարմանաք,
Ինձմէ կ’ելլեն ու կը վառին
Պողազիջի, Սելանիկ ու Վոսփոռ
Խարկուած հայոց աքսորական բառին
Խակ տերեւները դեղին:
Որ հիւանդ չեն:
Որ մեռնող չեն:
Հիմա ասէք ես ձեզանից ե՞մ, թէ իրանցից:
Մինչեւ Մարտունի
Հալէպցի Յակոբին հետ ես արշաւողն եմ:
Սահմաններուն հրեղէն տղոց
Ղուրպան եմ ձեզի, ես ըսողն եմ:
Ուրիշներուն պէս «Վերջին պօէտն եմ ես» ըսողը չեմ:
Կիսատ- պռատ սուտը բառերով ապրող մարդոց աչքի փուշն եմ:
Սուտ խօսող եմ, ուշացող եմ:

Հիմա ըսէք, ես ձեզանից ե՞մ թէ իրանցից:
Կուսակցութիւնից հեռացուած
Յայտնվել եմ հիմա ձեզ մօտ
Քաղբանտարկեալ ունե՞նք կամ ոչ
Մի հատ ասէք,
Ես յոգնել եմ,
Տանջվել եմ շատ ու աւելի ես տանջել եմ:
Սիրել եմ շատ ու աւելին ես սիրուել եմ:
Աշխարհը իմ տունս է
Հայրենիքս մոռացել եմ:
Հիմա ասէք, ես ձեզանի՞ց եմ, թէ իրանցից.
Քո՞ւրտ եմ գուցէ, Եւրէ՞ եմ ես,
Կամ արաբ եմ էզան երգող:
Խնձորեսքի ես փեսայ եմ
Եարիս փոխան ինչ եմ շալկել, ես չգիտեմ …
Մինչեւ Գորիս ես հասնողն եմ:
Սիրոյս համար ես տանջվել եմ:
Հիմա ասէք իմ ընկերներ,
Դուք որոշէք ու ինձ գրէք
Ձեզանից եմ, թէ իրանցից:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն