Սիլվիա

Սիլվիա Փլաթը համարվում է ամերիկյան խոստովանական գրականության լավագույն ներկայացուցիչներից մեկը: Փլաթը ծնվել է Բոստոնում, 1932թ. հոկտեմբերի 27-ին: Քեմբրիջում սովորելու տարիներին ծանոթացել և ամուսնացել է անգլիացի բանաստեղծ Թեդ Հյուզի հետ: Փլաթն առաջին բանաստեղծն է, որ հետմահու պարգևատրվել է Պուլիտցերյան մրցանակով: Առավել հայտնի է «Կոլոսուսը և այլ բանաստեղծություններ», «Արիել» բանաստեղծական ժողովածուներով, ինչպես նաև իր միակ՝ «Ապակե զանգակը» ինքնակենսագրական վեպով, որը հրատարակվել է հեղինակի ինքնասպանությունից կարճ ժամանակ առաջ:

Պապ
Չես լինի, չես լինի
Էլ երբեք չես լինի այն սև կոշիկը,
Որի մեջ ես, ինչպես ոտք,
Երեսուն տարի եմ ապրել՝ հյուծված ու գունատ՝
Չհանդգնելով փռշտալ կամ շնչել:

Պապ, ես պիտի սպանեի քեզ:
Բայց չհասցրի. դու ինքդ մեռար՝
Աստծով լի ծանր, մարմարակերպ պարկ,
Գարշելի արձան, ում ոտքի մեծ մատը մոխրագույն
Հսկա փոկի պես Ֆրիսկոյում է լողում,

Իսկ գլուխը տարօրինակ օվկիանոսում է Ատլանտյան,
Ուր Նոսեթի ափերից գեղեցկագույն
Փախչում են ջրերը լոբականաչ, կապտավուն:
Ես աղոթում էի, որ հարություն առնես դու:
Ach, du1.

Գերմանիայի լեզվով, Լեհաստանի քաղաքում՝
Պատերազմի, պատերազմի, պատերազմի
Գլանակով հարթեցված:
Բայց քաղաքի անունը հաճախ է հանդիպում:
Լեհ ընկերս այդ անունով

Տասնյակից ավել քաղաք է հիշում:
Ուրեմն երբեք չէի կարող գտնել
Հենց այն քաղաքը, ուր ոտք ես դրել:
Ես անգամ քեզ հետ խոսել չէի կարող,
Բերանումս սառած լեզվով կակազող,

Որ թակարդվել էր այս փշոտ ցանցում:
Ich, ich, ich, ich2,
Հազիվ էի խոսում:
Քեզ փնտրում էի ամեն գերմանացու մեջ:
Իսկ լեզուն այնքան անվայել էր հնչում.

Շոգեքարշը, շոգեքարշը,
Որ չխկչխկոցով տանում էր ինձ, ինչպես հրեայի:
Դեպի Դախաու, Օսվենցիմ, Բելսեն:
Ես հրեայի պես սկսեցի խոսել:
Գուցե իրականում հրեա եմ, որ կամ:

Թիրոուլի ձյունը, Վիեննայի պարզ գարեջուրը
Այնքան էլ մաքուր կամ իրական չեն:
Գնչու նախատատս, տարօրինակ բախտս,
Խաղաթղթի կապոցս, խաղաթղթի կապոցս,
Ինձ որոշ չափով հրեա են դարձնում:

Ինձ միշտ էլ վախեցրել ես դու՝
Քո Luftwaffe3-ով, քո զառանցանքով:
Կոկիկ բեղերով,
Վառ կապույտ գույնի արիական աչքով:
Panzer-man, Panzer-man4, ախ, դու:

Ոչ թե աստված, այլ սվաստիկա՝
Երկինքն անթափանց խավարով պատած:
Կանայք սիրում են ֆաշիստներին, բոլորն էլ:
Կոշիկը դեմքին, բիրտ, բիրտ սիրտը
Քո պես բիրտ մարդու:

Դու գրատախտակի մոտ ես, պապ,
Քեզնից ունեցած իմ նկարում,
Կզակդ ճեղքված է, չեն երևում ոտքերդ,
Բայց, միևնույն է, նույն սատանան ես`
Սև, խավար չարքը,

Որ կարմիր սիրուն սիրտս երկատեց:
Տասը տարեկան էի, երբ քեզ թաղեցին:
Քսան տարեկանում փորձեցի մեռնել,
Որ դառնամ, դառնամ, քո գիրկը դառնամ:
Ինձ ոսկորներն էին բավարար անգամ:

Բայց ինձ մութ պարկից դուրս քաշեցին,
Մասնիկներս նորից կպցրին իրար:
Ու ես գտա ելքը.
Քեզ նման մեկին՝
Meinkampf5-ի մարդը՝ ներսուդուրսը սև,

Նա, որ դժոխային կտտանքներ է սիրում:
Ու ասացի՝ համաձայն եմ, համաձայն:
Դե ինչ, պապ, ես քեզ հաղթեցի:
Սև հեռախոսը արմատախիլ է,
Որդ-ձայներն այլևս ներս չեն սողոսկի:

Մեկին սպանել եմ, կսպանեմ երկրորդին՝
Իրեն քո տեղը դրած վամպիրին,
Որ արյունս խմեց մի ամբողջ տարի,
Չէ, յոթ տարի, եթե ստույգ խոսենք:
Պապ, հիմա կարող ես խաղաղությամբ հանգչել:

Քո թանձր, սև սիրտը տեգով են խոցել,
Գյուղացիները քեզ երբեք չեն սիրել:
Նրանք պարում են շիրիմիդ վրա:
Լավ գիտեն՝ դու ես, միշտ են իմացել:
Պապ, պապ, շանորդի, ես քեզ հաղթեցի:

Կին Ղազարոսը
Նորից արեցի դա:
Տասը տարին մեկ
Հաջողեցնում եմ:

Քայլող հրաշք. մաշկս փայլում է
Նացիստական լուսամփոփի պես,
Աջ ոտքս

Թղթակալ է,
Դեմքս՝ անուրվագիծ,
Բարձրորակ հրեական սպիտակեղեն:

Մի կողմ տար ծածկոցը,
Թշնամի՛ս,
Զարհուրելի՞ եմ:

Քիթը, ակնախորշերը, ատամնաշարը:
Բերանի տհաճ հոտը
Մեկ օրից կանցնի:

Գերեզմանախորշի խժռած մարմինը
Շուտով, շատ շուտով
Հարություն կառնի:

Ու ես ժպտացող կին եմ:
Դեռ երեսնամյա:
Ես կատվի նման ինը կյանք ունեմ:

Սա Համար Երեքն է:
Որքան անհեթեթ է
Տասնամյակը մեկ ոչնչանալը:

Միլիոնավոր մանրաթելեր:
Գետնանուշեր խժռող ամբոխը
Ներս է խցկվում տեսնելու համար՝

Ինչպես են մերկացնում ձեռուոտս:
Ինչպիսի սթրիփթիզ:
Տիկնայք, պարոնայք,

Ահա ձեռքերս,
Ահա ծնկներս,
Գուցե կաշի ու ոսկոր եմ:

Բայց ես նույնն եմ, նույն անփոփոխ կինը:
Առաջին անգամ տասը տարեկան էի:
Պատահական ստացվեց:

Երկրորդ անգամ իրոք
Ուզում էի մեռնել ու էլ հետ չգալ:
Փակված ճոճվում էի

Ծովախեցու նման:
Նրանք ստիպված կանչեցին, կանչեցին
Ու կպչուն մարգարիտների պես որդերը պոկեցին մաշկիցս:

Մեռնելն արվեստ է,
Ինչպես և ամեն բան:
Ես այդ արվեստում անգերազանցելի եմ:

Այնպես եմ անում, կարծես դժոխք լինի:
Այնպես եմ անում, կարծես իրական լինի:
Այնպես եմ անում, կարծես դա իմ կոչումն է:

Բավական հեշտ է դա մենախցում անել:
Բավական հեշտ է դա անել ու անփոփոխ մնալ:
Դա թատերական

Վերադարձ է՝ օրը ցերեկով:
Նույն վայրը, նույն դեմքը, նույն անասնային,
Հիացական աղաղակը.

«Ով հրաշք»:
Այն ինձ զգետնում է:
Գին ունի

Սպիներս տեսնելը, գին ունի նաև
Սրտիս զարկը լսելը.
Այն իրոք բաբախում է:

Ու էլ ավելի բարձր է գինը
Խոսքի կամ հպման,
Մի կաթիլ արյան,

Մի հատիկ մազի, մի ծվեն զգեստի:
Դե, դե, Հեռ Դոքթոր,
Հեռ Թշնամի:

Ես ձեր գլուխգործոցն եմ,
Ձեր արժեքավոր,
Ոսկի երեխան,

Որը հալչում է բարձր ճիչերից:
Ես շուռումուռ եմ գալիս ու այրվում:
Ձեր մտահոգության արժեքը գիտեմ:

Մոխիր է, մոխիր…
Խառնի՛ր, բորբոքի՛ր:
Միս ու ոսկոր է և ուրիշ ոչինչ:

Մի կտոր օճառ:
Ամուսնական մատանի:
Մի ոսկի ատամ:

Հեռ Աստված, Հեռ Լյուցիֆեր,
Զգույշ եղեք,
Զգույշ:

Ես մոխիրներից
Հառնում եմ՝ կարմրավարս:
Ու տղամարդկանց օդի պես խժռում:

_________________________________________________________________
1 Գերմ. «Ախ, դու»
2 Գերմ. «Ես, ես, ես, ես»
3 Նացիստական օդային ուժեր
4 Նացիստական զորքերի տանկիստ
5 Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը» գիրքը

Թարգմանությունն անգլերենից՝
Ռուզաննա Սուքիասյանի

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն