Նյութական աշխարհում մարդիկ շատ առաջ են գնացել: Մարդիկ օրեցօր ավելի շատ էներգիա են արտադրում և սպառում: Սակայն կա անհրաժեշտություն այն կուտակելու և հետո օգտագործելու. արտադրության տեմպերը գերազանցում են սպառումը և ցանկություն էլ չկա այն թուլացնելու: Երկրի վրա տարածքներ առանձնացվեցին: Բայց գերբնակեցված մոլորակում այդպիսիք քիչ են:
* * *
Լուսնի վրա տեղակայված բազաները բազմաթիվ են: Այստեղ մարդիկ հիմնականում օգտագործում են Արևի էներգիան (ինչը Երկրի վրա այդքան էլ առաջնային չէին համարում): Ն.Հ.Ռ. անունով մի երիտասարդ գիտնական, ով ժամանակին եղել էր Լուսնի կայաններից մեկում, ծանոթ էր պայմաններին, ֆիզիկայից, քիմիայից և աստղագիտությունից հիմնարար գիտելիքներ ուներ, հետաքրքիր առաջարկ արեց: Նա առաջարկում էր էներգիան կուտակել Լուսնի «վրա»:
Ըստ Ն.Հ.Ռ-ի, Լուսնի և նրա բնակիչների հնարավորությունները բավարար հիմք էին տալիս պնդելու առաջին հայացքից հեքիաթային թվացող իր առաջարկը: Նա հասարակ առաջարկ չէր անում, ինչպիսիք եղել են և կլինեն տարբեր ժամանակներում, այլ առաջարկում էր, հաշվի առնելով Լուսնի մակերևույթի փխրունությունը, ընդերքում իրարից որոշակի (մոտ 400 կմ) հեռավորության վրա կառուցել մետաղական գնդոլորտներ և այդ կերպ ստանալ երբևէ կառուցված (գուցե նաև կառուցվելիք) ամենամեծ մարտկոցը, որ ունակ կլիներ էներգիա կուտակել տասնամյակներ և հետո մատակարարել այն Երկրի հաջորդ սերունդներին: Գաղափարը հեղափոխական էր, բայց ամեն ինչ չէր այդքան պարզ թվում. ինչե՞րն էին ծառայելու որպես անհրաժեշտ կոմպոնենտներ, որտեղի՞ց գտնել այդքան մետաղ: Սա լուրջ բացթողում էր:
* * *
Անցել են տարիներ: Այդ նույն երիտասարդը կրկին Լուսնի վրա է: Նա փորձում է ելք գտնել իրավիճակից: Հնարամիտ երիտասարդն իր հետ բերել է մի շարք նյութեր, որոնք չկային Լուսնի վրա և անգամ նյութեր, որ վերջին ժամանակներում էին սինթեզվել: Նա գիշեր ու զօր լաբորատորիաներում է: Փորձում է ելք գտնել դժվարին իրավիճակից: Բայց շաբաթներն ու ամիսները հաջորդում են միմյանց առանց ուրախացուցիչ լուրի:
Մեկ այլ գիտնական, նույնպես երիտասարդ, վերջերս ծանոթացել է տարիներ առաջ նրա արած անհավանական առաջարկին, որից ոգեշնչվել է, չնայած բոլորը ծաղրում էին նրան: Եվ այժմ նա ցանկություն է հայտնել հանդիպել իրեն ոգեշնչողի հետ:
Հասակակցի այդ ցանկությունը և՛ զարմացրեց, և՛ ուրախացրեց Ն.Հ.Ռ.-ին: Նա հաճույքով համաձայնեց հանդիպել և քննարկել իր հանրահայտ առաջարկը:
* * *
Նրանց հանդիպումը տեղի ունեցավ Ն.Հ.Ռ.-ի բնակարանում, որը լաբորատորիայից շատ հեռու չէր:
Նրանք անծանոթներ էին, թեև իրար հանդիպել էին ինչ-որ առիթներով: Պարզապես ուշադրություն չէին դարձրել միմյանց և չէին ծանոթացել: Սովորել էին նույն կրթարանում, ուր նույն մարդիկ նրանց մեջ սերմանել էին սեր դեպի հետազոտությունը: Նոր երիտասարդը, որի անունը Մ.Կ.Պ. էր, մանրամասն ծանոթացել էր իր հասակակցի առաջարկի դրույթներին բոլոր այն աղբյուրներից, որոնք հասանելի էին հանրությանը: Բայց կային բաներ, որ Ն.Հ.Ռ.-ն ոչ մի տեղ չէր ներկայացրել: Մ.Կ.Պ.-ն իր համար զարգացրել էր նրա գաղափարը և ցանկանում էր կիսվել. գուցե միասին կարողանային լուծում գտնել:
Հանդիպումը երկար տևեց: Ամեն ինչ հարթ էր գնում, մինչև այն պահը, երբ Մ.Կ.Պ.-ն ներկայացնեց իր գաղափարները: Դրանք այն էին, ինչ Ն.Հ.Ռ.-ն գաղտնի էր պահել բոլորից: Դրանք վերաբերում էին իր հիպոթեզին այն մասին, որ Լուսնի բնահողի մեջ կան որոշ տարրեր, որ ունակ են մտնել անհավանական ռեակցիաների մեջ տարբեր նյութերի հետ և առաջացնել նոր նյութեր. սրա մասին նրանք իրարից անկախ առաջ էին քաշել հիպոթեզեր: Վեճ առաջացավ. իրար մեղադրեցին լրտեսության և գողության մեջ: Բայց հետագա քննարկումը, երբ յուրաքանչյուրն իր փաստարկներն ու հիմնավորումներն էր բերում ի օգուտ իր տեսության, նրանց համոզեց, որ ամբողջովին տարբեր մոտեցումներով են հանգել նույն մտքին. մեկը հիմնվում էր քիմիայի և ֆիզիկայի նվաճումների, իսկ մյուսը նախնիների երբեմնի գիտելիքների վրա, որոնց մասին թերևս եզակի մարդիկ պատկերացում ունեին: Ուշ էր: Որոշեցին քննարկումը շարունակել հաջորդ օրը՝ լաբորատորիայում:
Հաջորդ առավոտյան երկուսն էլ վաղ արթնացան և շտապեցին լաբորատորիա. նրանք վառվում էին հետաքրքրությունից:
Երեկոյան ամբողջ աշխարհը լսեց ուրախալի լուր: Լրատվության բոլոր ձևերով հաղորդվում էր. «Այսօր՝ հետերկաթային դարաշրջանի 747-րդ երկրապտույտի 11-րդ լուսնապտույտի 21-րդ երկրի կիսաերկրին, երկու երիտասարդ գիտնականներ՝ Ն.Հ.Ռ. և Մ.Կ.Պ. անուններով, Բնարբանյակի հետազոտատեղիներից մեկում կատարել են նորահայտնություն. վերջերս Ջրահողի վրա բանականների կողմից կազմավորված հատկանյութերից 4-ը խառնվելով Բնարբանյակի մակերևութափոշու հետ վեր են ածվում նոր հատկանյութերի: Այդ հատկանյութերը գրեթե չկան Բնարբանյակի վրա և այժմ հնարավոր կլինի պատրաստել այն, ինչի մասին վերջին երկրապտույտներին խոսում էին բոլորը, բայց թերահավատորեն էին մոտենում»:
* * *
Երկրից տիեզերանավերի շարասյուներով Լուսին են տեղափոխում այդ հետաքրքիր նյութերը: Խառնվելով Լուսնի բնահողի հետ՝ դրանք արագ վեր են ածվում անհրաժեշտ նյութերի:
Արտասովոր կառույցը պատրաստ էր մի քանի տասնամյակում: Սակայն սա գործի միայն կեսն էր. այն դեռ պիտի միացվեր Երկրին, որի համար նախատեսվել էր: 384 հազար և 400 կմ երկարությամբ հիմնական երկարությամբ հոսանքալարը և 21 հազար 100 կմ երկարությամբ կցորդը դեռ պիտի արտադրվեին այդ նպատակով կառուցված մասշտաբային ֆաբրիկայի հոսքագծի վրա: Երբ բավակակին երկարությամբ մալուխը պատրաստ էր, այն ինքնաթիռով դուրս բերվեց Երկրի մթնոլորտի ստորին շերտեր, ապա փոքր տիեզերանավով՝ Երկրի ուղեծիր: Մի քանի պտույտ կատարելուց հետո այն սեղմվեց և գրկեց մոլորակը. սխալ էին թույլ տվել: Կրկին կատարեցին նույնը՝ բայց միանգամից դուրս բերեցին երկրամերձ տիրույթ և ուղեևորեցին դեպի բնական արբանյակ: Տիեզերանավը ստիպված էր բավականին դանդաղ շարժվել, որպեսզի երկրային ֆաբրիկան հասցներ արտադրել հաջորդ կիլոմետրերը: Թեև նոր մտավախություններ կային, որ այն կարող է կտրվել, բայց բարեհաջող հասցվեց Լուսին:
Ամեն ինչ պատրաստ էր և սկսվեց պահեստարանի լիցքավորումը: Քանի որ չափերը ահռելի էին, այն լիցքավորվում էր կես դար: Իսկ այդ ընթացքում Երկրի վրա սպառվում էին էներգակիրները: Ժամանակի հետ նախագիծը հաստատում էր իր արդարացվածությունը: Ն.Հ.Ռ.-ին և Մ.Կ.Պ.-ին շնորհվեց այդ քաղաքակրթության «Նոբելյան» մրցանակը, որը կրում էր այլ մարդու անուն:
Սակայն մարդիկ կրկին մոռացել էին բնության անհանդուրժողականությունը և միջամտել էին նրա գործերին:
Մի սովորական օր մի սովորական աստղակերպ կտրեց հոսանքալարը: Տիեզերագնաների մի քանի պատրաստված ջոկատ կարողացան մեջ ջանքերի գնով որոշ ժամանակ անց կտորները մոտեցնել և կցել իրար: Բայց Աստղակերպերի քանակը մարդկանց թվի կարգի է, գուցե և ավելի: Մի քանի տարվա ընթացքում նրանց հաճախակի բախումներից (բախումները անսպասելի հաճախակիացան և մարդիկ չէին հասկանում դրանց պատճառը) էներգագիծը շարքից դուրս եկավ: Որոշվեց կառուցել նորը՝ ավելի ամուրը: Սակայն դրա կառուցումը սպառեց առանց այն էլ սպառվող ռեսուրսների մի ստվար զանգված: Կարճ ժամանակ անց սա ևս դարձավ ոչ պիտանի:
Երկրի վրա սկսվեց քաոս: Էներգակիրները սպառվել էին, Արևի էներգիան չէր բավակակացնում, մարդիկ այդպես էլ չսովորեցին օգտագործել ջրի մեջ թաքնված անգնահատելի էներգիան: Սկսվեցին հերթական պատերազմները, որոնք ոչ մի օգուտ տալ չէին կարող. միայն ավելի քայքայեցին ամեն քայքայվողը:
Արդյունքը եղավ այն, որ Լուսինը մնաց մետաղաձույլ, իսկ Երկրի վրա հաստատվեց հերթական սառցե դարաշրջանը: Հազարամյակներ անց նոր մարդիկ էին առաջանալու և սկսվելու էր նոր քաղաքակրթության պատմություն, որը չէր «հիշելու» նախորդի մասին:
* * *
Թե ինչքան ժամանակ է անցել այս դեպքերից, ոչ ոք չգիտի: Ոչ ոք չգիտի նույնիսկ այս պատմության հավաստիության մասին: Թերևս կարելի է ենթադրել ինչ-որ բաներ, ինչպես, օրինակ, այն, որ Լուսինն այն չէ, ինչ թվում է հեռվից: ԱՄՆ տիեզերագնացները միակները և վերջիններն էին, որ կասկածեցին ինչ-որ բան՝ լսելով իրենց թողած տիեզերական աղբի անսովոր արձագանքը: