TATOO
(կամ երկու ոտք)

Ճերմակ պատեր և
փականքներ կուռ ամրոցում,
և քայլում է ստվերն այդ փողոցի հանդիպակած ճաղաշարքով —
ուղիղ գծով,
ոչ մի շեղում և
սայթաքում,
երկարաճիտ կոշիկը հարսանեկան գինով
օծված,
լքված ննջում է ‎ֆոտոթղթի
ստերջ նկուղում-
անցյալի մեջ անցքեր բացում և կուլ գնում
նույն այդ անցքին:

Հյուրեր չկան այս ամրոցում,
այլ կարկատված ճակատագրեր,
պատահական ճանապարհներ այդ կողմերում
չեն հանգուցվում,
և գնացքներ բաժանարար և կապակցող
այս վայրերում չունեն
կանգառ-տախտակամած և
նորամուտ երկար սպասված:

Ես ունեի մի սիրուհի,
ավելի ճիշտ ընկեր սպասված,
ամուր դաջված մարմնիս վրա
իր խենթ պարով:
Մի օր հանկարծ
նա որոշեց փորձի դնել
խորությունը զարկերակի
և լռեցնել ամեն խփոց
տիեզարական…

Նա մրսում էր
փականքների կուռ հանգույցի
տեսքից անգամ,
և խազխզում այն նույն պարը
խենթուխելառ —
ճերմակ պատի հարթ գլազուրին…

Եվ փորձը այս ձգվեց դարեր-
— երկաթգծեր,
և անուններ,
որ մոռացվում են տարիքի հետ և
ջիղ լարում –
— մամռակալում…
գաղտնագրում են հայտնի փաստեր,
փոքրիկ մի նիշ
հողի խորքում դեռ
պահում է ռիթմը օրվա,
աստղ ծնում մարդ-ստվերների վախ-բիբերում,
և բեկվում է տապը լույսի մարդ-բազմությամբ —
ուղիղ գծով,
ոչ մի շեղում և
սայթաքում,
ու դաստակը
նույն նիշն է խորթ,
նուրբ օրորվող,
կուռ ամրոցի փականքների
սառը խորքում…

Գետնին գամված չոր աթոռին ճոճվող
իրան,
շրջան գծված,
և զույգ ոտքեր,
որ խազխզում են նույն այդ պարը
խելառ ու խենթ,
մարմնիս վրա…

Երկու ձեռք
Ձորաղբյուր, 2007-ի ամառվա մի օր (որը չարժե հիշել),
ես արյունը բացահայտեցի և ընկա….

Մարմինս սկսում եմ ավելի լավ զգալ,
երկու ձեռք…
հավանաբար իմ ձեռքերը
շոշափում եմ անէացող մի դեմք,
մի դեմք, դրսից օտար` շոշափվող մյուս դեմքերից,
հավանաբար դեմքը իմ…

փակ աչքերի մեջ մթություն,
փակ աչքերի մեջ բռնկում լույսի,
փակ աչքերի մեջ լույսը կրկնապատկվում է…

ցավը մի շղթա է կենարար,
որ ցնցում է ինքն իրեն,
ցնցում մարմինս,
դեմքս նաև,
որ շոշափում են երկու ձեռք,
շոշափում են հավանաբար…

օրը դառնում է սովորական,
ցավի հետ միասին…

Երկու շարժում

Ափը դեմքեր է ուրվագծում
շենքի քարե շարվածքներում,
դեմքեր կիսաքուն,
դեմքեր թմրած,
անդիմագիծ և
կիսարթուն,

պառկած արձանն իր
արկածներն է որոնում,
իր արևներն ու
ուղղությունը երկաթուղու,
հանդարտորեն նա ցանում է հիշողության պատառիկներ և
բերք սպասում…

Ինչպե՞ս հայտնվեցինք մենք
այս վայրում,
ինչպե՞ս կառչեց ուրվականից այս գոյությունը
նյութական-
հետապնդող…
ձեռքը դեմքեր է շոշափում ուշ ժամերին
և մայր մտնում,
ջրափոսի մեջ կախված ձեռքեր,
ջրափոսի մեջ դաստակ-ջրվեժ…
հեղուկ հայելում փքվող տիեզերք և
ամրոցի մայթերից վեր` դեմքեր, դեմքեր…
դեմք-մարմիններ,
էլի` դեմքեր — բայց անմարմին,
սեփական արյան հետ մրցավզքում` պարտված-հյուծված…

Ո՞վ քեզ ասաց, որ դու —
— դու ե՞ս,
որ ոչ ձեռքն ես,
ոչ էլ դեմքը շոշափվող…
անհամատեղելի են այս երկուսը
մի մարմնի մեջ,
մի մարմնի մեջ հանգչող աստղեր և լուռ
քաղաք,
քաղաքի մեջ ցավը կրկնապատկվում է,
ցավը կրկնապատկվում է մինչև
ընտելացում…

Տուր քո բեռը ինձ,
տուր և կազատվենք երկուսս էլ,
տուր և ազատիր երկուսիս էլ,
դու իմ դեմքն ես անգույնի մեջ երևակել,
ես էլ -ձեռքեր օդում
կախված,
բայց իրական,
կպչուն ու կոշտ,
որ գործում են հանգույց-քարտեզ
և թաց հողում կածան
գծում-
իրագործում քամու բնույթն ու ձևարձակումը
սևեռուն,
ջնջված հետքեր և
քաղաքներ…

ճերմակի մեջ խամրող գույներ,
դեմքեր կարմիր և
ժանգոտվող ժամանակի
մեքենաներ,

լքված շենքում լույս է վառվում
լքված շենքում երկու շարժում,
ձեռքը կրկին դեմք է փնտրում ու
արարում,
հող-հատակին պառկած արձան,
ձեռք, որ պրկված է,
վիրակապված,
և պահում է ամուր ու կոշտ
մի դեմք թմրած,
ճերմակի մեջ գույն
լողացող,
գույն ալ կարմիր — որ չի
լուծվում գետի հոսքին,
այլ ճռռում է գործվածքներում
լքված շենքի,
անէանում է քամիների
շոգից փրկող (և ավերող)
զոհ-սեղանին:

Դուռը

Դուռը բաց ու սպասող,
դուռն այս — կազմ պատրաստ,
նախատեսված հենց մեզ համար…
մարգարեաբար…
և կամ կատակ բարի ու
չար…

մեր աչքերում փայլ դիվային,
մեր աչքերում կյանքից հարված,
մեր աչքերում նույն դուռը սպասող և կլանող,
մեր աչքերում բիբեր չեն հասարակ,
ցավից հաճախ լայնացող,
միշտ լայն — ցավից…

Սևի մեջ սև բիբեր — ցավից էլ լայն և
կործանարար բաբախում…

մեր բիբերը սև անցքերն են մեր հոգյաց…
պտույտ պտույտի մեջ,
կործանում ինքնանպատակ –
տեսանելի…

Ռեմբո
կամ հոգու խաչելություն…

Ճանապարհը փշալար է
և մագնիս,
միասեռ գիշերն աղոթք է կարդում
քաղաքի վրա,
այլասերված, և հանճարեղ,
և խոշտանգված մի պատանի
իր հոգին է խաչամեխում
կույս-ճամփեզրերին…

… և երազում է Բոդլերի մասին:

Տե՞ր ես…

Ես հարբեցի խցանումի խտությունից,
անցումի վրա չես գտնի ծտի ծեռտ…
մենք ձեռադրեցինք երկաթե մի առնետ,
և ձթեցինք խաղարկվելիք հոգիները մեր…

Խթանիչներից խթանված իմ ուղեղը
խրտնեց-դողդղաց կայծակի հետ համահունչ և
կորացրի մեջքն իմ անձրևից փրկվելու
համար…

խելագարներին ես սիրահարվեցի…
կամ էլ խելագարությանը…
համարակալված է սենյակը այս…
համարակալված է վանդակը…
համարակալված է…
սպասիր…

աչքաբիբիս կոր իրանից սրբեմ-ստվերեմ
կենցաղ-գնացքի բաշը փարթամ ու
շոշափեմ մշտաստվերները խոնարհ մարմնիդ,
տեսնեմ թափավազքը…
անիվի…

հորիզոնական մարմինները կտրում են
տարածքներ…
և ցրիվ գալիս… չինական հրավառություն…
մերկություն…
մենության լուսատուներ…
լեզվիս տակ` քնաբեր,
կամ կուլ չգնացած-
անհայտ մի հաբ…
լեզվիս տակ երկինք-ամբողջական…
երկնքի ճակատը շպարված-քիվակարված,
ծառեր ծեփաթափ, պատուհանին` անշարժ…
մենք ընկանք վարազի փորած առուն և
գազանին բաց թողինք անձեռակերտ վանդակի
ուղղությամբ…

մարմիններ մերկ, բայց անկատար,
Աստծո հայելի…
ծռված երազ դեռահասի,
մերկ մարմինը ոսկու թաքստոց հողի ծալքում,
ոսկեմազը փաղաքշանքի – հրաբխե, քարե մանվածք
և մատնահետք հանցագործի…

հայելու մեջ — թմրող բիբեր,
ուսամկանի տձև պրկում,
կայծկլտացող վագրամաշկ —
ասես տագնապ,
և կամ էլ խաբկանք — արևածագի…

ծաղիկը պոկեցինք զոհասեղանից ոչ հեռու, և
արծաթե ձագարով կճուճն օծեցինք,
զոհաբերեցինք… խոտը կիսախոնավ… ,
որ դեղնեց ակնթարթում և
հավերժ…
սավանը պահեցինք նեղ օրվան…
պաստառ հանրության ականջի համար…

“հնազա՞նդ ես”,
— այո’,
“այսօր, և ոչ վաղը, և ոչ էլ հավիտեանս,
բայց ամեն”,
— այո’,
“տե՞ր ես”,
— այո’,
“ոչ երկնային,
այլ թիթեռնիկ գիշերային”,
— այո˜…

Անկում

Ասում էիր հեշտ կլինի
անկումն իմ
դեպի անհայտություն,
լեզվակի սուրսայր սայթաքումը անզգալի
և սահուն —
— անարգել,
հմտության աստիճան
հանդարտ,
անկումը — դեպի բուլվարը թոքախտավոր,
մաշված սալահատակին
սայթաքել են բազում խնամված սրտեր…


Սպասումներ,
կամ միկրոպիես…

Տղա: — Սպասի’ր ինձ:
Աղջիկ: — Ե՞րբ:
Տղա: — Ձմեռը:
Աղջիկ: — Ո՞ր ժամին:
Տղա: — 8-ին երեկոյան:
Աղջիկ: — Որտե՞ղ:
Տղա: — Այնտեղ, ուր կարոտտ
ձև է ստանում:
Աղջիկ: — Ես կգամ:
Տղա: — Ես սպասել չեմ սիրում:
Աղջիկ: — Ես ավելի շուտ կգամ:
Նախատեսվածից շուտ:

Աղջիկը սպասեց մեկ ժամ,
երկու,
տասը,
օրեր,
և մեռավ:

Ներիր արարքս անմարդկային:
Ինձ վաղուց ոչ ոք չէր
սպասել:

Տպագրվել է «Գրեթերթ», 2009, թիվ 3

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն