Քեթրին Մենսֆիլդը (1888- 1923) նորզելանդացի արձակագիր է: 1903- 1906 թթ. սովորել է Լոնդոնի Թագավորական քոլեջում: Նոր Զելանդիա վերադառնալուց հետո ցանկանում էր պրոֆեսիոնալ թավջութակահար դառնալ, բայց փոխարենն ընդունվում է Վելլինգտոնյան տեխնիկական քոլեջ: 1908 թվականին վերադառնում է Մեծ Բրիտանիա: 1918 թվին բժիշկները Մենսֆիլդի մոտ հայտնաբերում են տուբերկուլյոզ հիվանդությունն ու 1922 թվականի հոկտեմբերին, փորձելով վերականգնել առողջությունը, տեղափոխվում է Ֆրանսիա՝ Գյուրջիևի ինստիտուտ: Նրա ստեղծագործությունները հրատարակվել են ինը տարեկան հասակից, հանդես էր գալիս տատիկի ազգանունով: Մենսֆիլդը համարվում է հոգեբանական արձակի լավագույն հեղինակներից և դասվել է դասականների շարքին: Նրա վրա մեծ ազդեցություն է թողել Չեխովը, ինչի մասին հեղինակը բազմիցս նշել է:

Ճանճը

«Լավ տեղավորվել եք այստեղ»,- հևոցով ասաց պարոն Վուդիֆիլդը և կանաչ կաշվե բազկաթոռից այնպես նայեց, կարծես օրորոցից դուրս նայող երեխա լիներ: Վերջացրել էր խոսքը, արդեն գնալու ժամանակն էր, բայց չէր ուզում գնալ: Թոշակի անցնելուց… կաթվածից հետո կինն ու աղջիկները ամեն օր, բացի երեքշաբթի օրերից, տանը փակված էին պահում: Երեքշաբթի օրերին նրան հագցնում էին, սափրում և ուղարկում Սիթի, թեև ո՛չ կինը, ո՛չ աղջիկները պատկերացում չունեին, թե ինչ է անում ողջ օրը: Դե երևի ընկերներին է զզվեցնում: Մարդիկ վերջին հաճույքներից այնպես են կառչում, ինչպես ծառը՝ թափվող վերջին տերևներից: Ահա թե ինչու ծեր Վուդիֆիլդը նստած սիգար էր ծխում ու մի փոքր նախանձով նայում իր տնօրենին, ով ճոճվում էր աթոռին թիկնած, ու չնայած տարիքային հինգ տարվա տարբերությանը՝ թմբլիկ, կարմրաթուշ և դեռ կյանքով լի էր, ու դեռ շարունակում էր ղեկավարել գրասենյակը: Միայն նրան նայելը հաճելի էր:
— Անկեղծ ասած՝ հարմար տեղավորվել եք այստեղ,- թախծոտ ու միաժամանակ ուրախ ձայնով ասաց ծերուկը:
— Բավականին հարմար է,- համաձայնեց տնօրենը և թղթի դանակով թերթեց «Ֆայնենշլ թայմսը»: Անկասկած հպարտ էր իր գրասենյակի համար և սիրում էր, երբ գովում էին, հատկապես ծեր Վուդիֆիլդը: Խոր բավականություն էր ստանում գրասենյակում շարֆով ծերունու դիմաց նստելուց:
— Նոր եմ կարգի բերել, քանի՞ շաբաթ առաջ էր: Մի քանիսը կլինի: Գորգը նոր է,- ասաց՝ ցույց տալով սպիտակ կլորակներով վառ կարմիր գորգը,- նոր կահույք,- գլուխն ուղղելով դեպի մեծ գրապահարանին ու կերամաթե ոտքերով սեղանին: — Ահա էլեկտրական ջեռուցումը,- ձեռքը գոհ ուղղեց դեպի հինգ թափանցիկ, մարգարտի պես սպիտակ խողովակները, որոնք պղնձե թեք կաթսային միանալով, նուրբ փայլում էին:
Բայց ծեր Վուդիֆիլդը ուշադրությունը չէր սևեռում սեղանին դրված նկարին, որին պատկերված էր արհեստական ծառերի ու ամպերի ֆոնին կանգնած լուրջ դեմքով մի տղա՝ զինվորական համազգեստով: Թեև այն նոր չէր, արդեն վեց տարի է սեղանին էր:
— Ուզում էի մի բան ասել,- աչքերը կկոցելով ասաց ծեր Վուդիֆիլդը,- բայց հիմա չեմ հիշում: Առավոտյան մտքիս էր,- նրա ձեռքերը սկսեցին դողդողալ և դեմքը տեղ- տեղ կարմրեց:
«Խեղճ ծերուկ, նրա երգը երգված է»,- մտածեց տնօրենը: Խղճահարություն զգալով կատակեց.
— Գիտե՞ք՝ այստեղ խմելու մի բան ունեմ, լավ կլինի մինչև այս ցրտին դուրս գալը փորձեք: Անվնաս բան է, երեխային անգամ չի վնասի:
Ժամացույցից կախված բանալիով բացեց սեղանի տակի դարակը և հանեց մուգ մեծ մի շիշ:
— Ահա և դեղը,- ասաց նա,- ինձ թաքուն հավաստիացրել են, որ սա բերված է Վինձորյան պալատի նկուղից:
Ծեր Վուդիֆիլդը ապշել էր: Երևի ավելի քիչ կզարմանար, եթե տնօրենը դարակից մի ճագար հաներ:
— Վիսկի է, չէ՞,- ցածրաձայն հևաց նա:
Տնօրենը շիշը վեր պահեց և սիրով ցույց տվեց պիտակը: Վիսկի էր:
— Գիտե՞ք՝ տանը ինձ թույլ չեն տալիս անգամ նայել դրա վրա,- ասաց նա՝ զարմանքով լի հայացք նետելով տնօրենին: Քիչ էր մնում լաց լիներ:
— Դե այս հարցում կանանցից ավելին ենք հասկանում,- ուրախությամբ ասաց տնօրենը՝ վերցնելով ջրի շշի կողքին դրված երկու բաժակներն ու կիսով չափ լցրեց:
— Խմե՛ք, լավն է, միայն թե ջրի հետ չխառնեք: Սրբապղծություն կլինի նման խմիչքը փչացնելը: Ահա՛:
Նա մի շնչով խմեց իր բաժինը և հանելով թաշկինակը՝ սրբեց բեղն ու նայեց ծեր Վուդիֆիլդին, որն այնքան էլ չէր շտապում: Ի վերջո խմելուց ու մի պահ լուռ մնալուց հետո ասաց.
— Հիասքանչ էր:
Վիսկին տաքացրեց նրա մարմինը, նաև՝ հիշողությունը:
— Գիտե՞ք,- բազկաթոռից ելնելով ասաց նա,- երևի կհետաքրքրի ձեզ: Աղջիկներս անցած շաբաթ Բելգիա էին մեկնել՝ իմ խեղճ Ռեգգիի գերեզմանին այցելելու: Նաև ձեր տղայի մոտ են գնացել: Պարզվում է՝ նրանք իրար մոտ են հանգչում:- Տնօրենը լուռ էր և միայն աչքերի թարթոցից կարելի էր հասկանալ, որ լսում է:- Աղջիկներս գոհ էին. տարածքը մաքուր էր, խնամված,- հևալով շարունակեց ծեր Վուդիֆիլդը,- դժվար թե այստեղ ավելի լավ լիներ: Դուք այնտեղ չեք եղել, չէ՞:
— Չէ՛,- ինչ-ինչ պատճառներով տնօրենն այնտեղ չէր գնացել:
— Մղոններով այգի է,- դողդողացող ձայնով շարունակեց Վուդիֆիլդը,- ամենուրեք ծաղիկներ են, լայն կածաններ:- Ձայնից զգացվում էր, որ տպավորված է լայն կածաններով:
Նորից լռեցին, հետո ծերուկը նորից աշխուժացավ.
— Չեք էլ պատկերացնի, թե աղջիկներս հյուրանոցին ինչքան են վճարել անգամ մի աման ջեմի համար: Տասը ֆրանկ: Թալան է, թալան: Մի փոքրիկ աման է ախր, Գերտրուդի ասելով՝ կես կրոնանոց, ոչ ավել: Մի գդալ է վերցրել, բայց տասը ֆրանկ վճարել: Բայց գիտե՞ք Գերտրուդն ինչ է արել՝ իր հետ վերցրել է ողջ տարան, հենց այդպես: Թող մեր զգացմունքների հետ չխաղան: Գիտեն, թե գնում ենք այնտեղ, ուրեմն պիտի ամեն ինչի համար վճարե՞նք: Ոչ մի դեպքում,- ասելով շրջվեց դեպի դուռը:
— Ճիշտ եք, ճիշտ եք,- հաստատեց տնօրենը՝ չնայած ոչ մի բառ չէր լսել, անցավ իր սեղանի կողքով ու ճանապարհեց ընկերոջը: Վերջապես Վուդիֆիլդը գնաց:
Տնօրենը դատարկ հայացքով նստել էր ու չէր էլ նկատել, թե ինչպես է սև մազերով քարտուղարուհին իրեն նայում, մեկ գլուխն առաջ էր բերում, մեկ հետ կանգնում, այնպես էր նայում, ինչպես շունը կնայեր տիրոջը՝ խնդրելով իրեն զբոսնելու տանել:
— Կես ժամով ոչ ոքի տեսնել չեմ ուզում, Մե՛յսի,- ասաց տնօրենը,- հասկացա՞ր՝ ոչ ոքի:
— Լավ, սըր:
Փակ դռնից այս կողմ ծանրաքայլ անցավ վառ գորգի վրայով և իր գիրուկ մարմնով նստեց փափուկ աթոռին: Հենվեց սեղանին ու ափերով փակեց դեմքը: Ուզում էր, ցանկանում էր, պատրաստ էր լաց լինել…
Անտանելի հարված էր, երբ ծեր Վուդիֆիլդը ակնարկեց տղայի գերեզմանի մասին: Կարծես գետինը բացվել էր և նա տեսել էր իր տղային պառկած, իսկ Վուդիֆիլդի աղջիկները նայում էին վերևից: Տարօրինակ էր: Չնայած արդեն վեց տարի էր անցել, բայց տնօրենը տղային հիշում էր այնպես, ինչպես մահվան օրն էր տեսել համազգեստով: «Տղա՜ս»,- կարոտով հոգոց հանեց, բայց, մեկ է, արցունքները չէին գալիս: Նախկինում՝ տղայի մահվանից հետո մի քանի ամիս, անգամ տարիներ անց այս մի բառը ասելուց կարոտագին լաց էր լինում: Այն ժամանակ բոլորին ասում էր, որ ժամանակը ոչինչ չի փոխի: Մյուսները միգուցե մոռանում են իրենց կորուստը, ապաքինվում են, բայց ոչ նա: Չէ, հնարավոր չէ: Նրա միակ որդին էր: Տղայի ծնվելուց ի վեր աշխատում էր նրա համար, անդադար աշխատում էր: Առանց տղայի իմաստ չկար ապրելու, կյանքն անգույն էր դարձել: Գրողը տանի, ինչո՞ւ էր ստրուկի պես աշխատում, շատ բաներից իրեն զրկում: Որովհետև երազում էր, որ տղան կշարունակի իր կիսատ թողածը:
Այդ երազանքը այնքան մոտ էր իրականությանը: Պատերազմ գնալուց մի տարի առաջ տղան գործերով էր հետաքրքրվում: Ամեն առավոտ իրար հետ տնից դուրս էին գալիս և երեկոյան նույն գնացքով վերադառնում: Եվ բոլորը գովում էին տղային, չէ՞ որ անփոխարինելի աշխատող էր: Մյուսները գրասենյակում սիրում էին նրան, անգամ ծեր Մեյսին: Նա այնքան մաքուր էր, բնույթով բարի, բոլորին ոգևորում էր իր երեխայական հայացքով ու անընդհատ կրկնում. «Պարզապես հիանալի է»:
Բայց նա չկա, գնացել է, կարծես չի էլ եղել: Երբ Մեյսին բերեց հեռագիրը, թվաց, թե երկինքը փուլ է եկել: «Ցավում ենք տեղեկացնել… »: Նրա կյանքը կործանված էր:
Վեց տարի: Վեց տարի առաջ էր… Ժամանակն արագ է անցնում: Կարծես երեկ լիներ: Գլուխը զարմացած բարձրացրեց: Ինչ- որ բան էր կատարվում իր հետ: Չէր զգում այն, ինչ ուզում էր զգալ: Որոշեց նայել տղայի նկարին, այն ամենասիրելի նկարը չէր: Արհեստական կեցվածք ուներ, սառը, անգամ ջղային: Տղան երբեք այդպիսի տեսք չուներ:
Հենց այդ պահին մի ճանճ թռավ ու ընկավ լայն թանաքամանի մեջ ու սկսեց դուրս պրծնելու հուսահատ փորձեր անել: «Օգնե՜ք, օգնե՜ք»,- կարծես բղավեր իր ոտիկներով: Սակայն թանաքամանի պատերը թաց էին, հետ ընկավ ու նորից փորձեց դուրս գալ: Տնօրենը գրիչի ծայրով վերցրեց ճանճին և դրեց ծծան թղթին: Մի ակնթարթ անշարժ մնացել էր սև կետի վրա: Հետո առջևի ոտքերը շարժեց ու շտկեց իր փոքր, թանաքի մեջ թաթախված մարմինը, դրան հաջորդեց թևերի մաքրման պատասխանատու գործը: Ոտքով մաքրում էր թևիկը, կարծես հունձք աներ՝ վերև-ներքև, վերև-ներքև: Մի պահ թվում էր՝ ճանճը ոտքի ծայրերով կանգնեց, փորձեց նախ մեկ, հետո մյուս թևը բացել և ի վերջո հաջողվեց կանգնել: Սկսեց կատվի պես մաքրել դեմքը ու թվում էր՝ դիմացի ոտքերը ուրախ շարժվում են: Չէ՞ որ վտանգն անցել էր, դուրս էր եկել այդ իրավիճակից ու պատրաստ էր կրկին ապրել:
Սակայն տնօրենի մտքով անցավ գրիչը նորից թանաքամանից վերցնել ու մինչ ճանճը դուրս կպրծներ թանաքից, մի նոր կաթիլ ընկավ վրան: Ի՞նչ պիտի աներ հիմա: Ի՞նչ: Խեղճ արարածը ահաբեկված էր, չգիտեր՝ ինչ է նրան սպասվում: Մի կերպ առաջ շարժվեց, առջևի ոտքերը ձգվեցին, ու ամեն ինչ սկսվեց նորից, բայց այս անգամ ավելի դանդաղ:
«Անվախ սատանա»,- մտածեց տնօրենը՝ հիանալով նրա խիզախությամբ: Հենց այդպես է պետք, պայքարել, դիմադրել մահվանը, և ոչ… Ճանճը նորից կրկնեց իր ծանր աշխատանքը, և տնօրենը հազիվ հասցրեց նորից վերցնել գրիչը ու ևս մի փոքր թանաք կաթեցնել: Այս անգամ ի՞նչ կլինի: Այս անգամ էլ առջևի ոտիկները շարժեց ու դուրս պրծավ: Տնօրենը խոր շունչ քաշելով ու դեպի ճանճը առաջ գալով՝ ասաց. «Խորամանկի մեկը»: Նրա մտքով անցավ փչել ու օգնել նրան: Եվ նորից երկչոտ ու խղճուկ ջանքեր էր գործադրում: Տնօրենը, գրիչը թաթախելով թանաքամանի մեջ, որոշեց, որ այս անգամը վերջինը պիտի լինի:
Վերջինն էր: Վերջին կաթիլն ընկավ ծծանի վրա և թրջված ճանճը չշարժվեց: Հետևի ոտքերը կպել էին մարմնին, իսկ առջևիններն այլևս չէին էլ երևում: «Դե՞, արագացրու՛»,- ասաց տնօրենը՝ գրիչով հպվելով ճանճի մարմնին: Մեռած էր:
Տնօրենը վերցրեց թուղթը և նետեց աղբամանը: Նա վախեցած էր, չէ՞ որ մեղավոր էր: Առաջ նայելով սեղմեց կոճակը և կանչեց Մեյսիին:
— Ինձ նոր ծծան թուղթ բեր,- ասաց խստորեն,- ու արագ:
Եվ մինչ հին գայլը դուրս եկավ, փորձում էր հիշել՝ ինչի մասին էր մտածում ճանճի հայտնվելուց առաջ: Ինչի՞ մասին: Երևի… Վերցրեց թաշկինակն ու օձիքին ամրացրեց: Կյանքում առաջին անգամ չէր կարողանում հիշել:

Անգլերենից թարգմանեց
Նազելի Աբրահամյանը

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն