Հասմիկ Սիմոնյանlilya corneli
սառան լոգանք է ընդունել,
սառան թաքուն հագել է փափուկ խալաթդ,
դու կոմիտաս ես միացրել ֆրանսիական հեռավոր քաղաքի քո բնակարանում
ու գիտես, որ քիչ հետո դուռը կբացվի,
սառան կվազի քեզ մոտ
դու չգիտես, որ երբ դուռը փակվի,
ձեռքիդ մեծ ցուցակ կլինի
երևանից գնվելիք խաղալիքների

հունվարի վերջ: օրագիր: բարև, հաս, հաս,
ոնց որ լավ չես, հա՞
էսօր հանեցի տոնածառը, լույսերը, զարդերը
մի ժամ պառկել բազմոցին,
հիանում էի եղևնու փայլփլուն լույսերով
մտածում էի նրա հետ քայլել մի ուրիշ
երկրի ավազների վրա
պառկել ծովին մոտ նրա վերնաշապիկով
շամպայնի շիշ, նրա ֆրանսերեն խոսող շունը, երկու աղջիկներն ու…

մեծ աղջիկը վեց լեզու գիտի, թենիս է խաղում
սպասում է նրա տասնվեցը լրանա,
որ պատմի ինքը չի նրա հայրը
իսպանիայում ծնված փոքր աղջիկը
նրա սառան
հինգ տարեկան հեքիաթ
տառապող դաունիզմով

ծերուկ, ծերուկ, երեք հարյուր հազար ունենայիր
կբացեիր քո բարը Ֆրանսիայում
վահագը ջազ կնվագեր
կվերջացնեիր կիսատ ֆիլմդ
կարգին ծերուկ կլինեիր

ուռած մատներով
նախկին թմրամոլ
նախկին բանտարկյալ
եկած-չեկած կորցրել ես
հորդ նվիրած մատանին
արծաթե խաչդ ու էլի ինչ-որ բան

սառույցով վիսկի ծխախոտ ջազ
գիշերը դանակի սայրի պես անցնում է մեռյալների ու քնածների միջև
դանդաղորեն անցնում ես
մեռած հորդ ու իմ կողքով
սառույցով վիսկի ծխախոտ ջազ մեռած հայրդ

ինչի քո երկիրը էնքան լավը չեղավ
որ դու հանգիստ քնեիր գիշերը
որ ծերացած մայրդ ոչ թե տարվա մեջ մի
երկու ամիս սպասեր քո դուռ բացելուն
այլ ամեն օր
ինչի փախար քո էրևանից
ինչի փողերդ լցրեցիր թևերդ
ինչի չտեսար ոնց ծնվեց աղջիկդ
ինչի հորդ թաղմանը ներկա չեղար

խաչակնքում ես
թե ուռած մատներդ աստծու հետ ինչ կապ ունեն
երբ պատուհանիդ տակ քաղցկեղը
սերենադ է երգում
խաչակնքում ես

բարև, իմ հաս, ծերուկն ա, եկել եմ
եկել ես հա՞

անջատում եմ լույսերը
ձայները
հանում եմ մուգ ակնոցդ, որ ինձ չտեսնես
հանում եմ աչքերդ, որ
ինձ ընդհանրապես չտեսնես
վիսկու բաժակում
սառույցի մեջ կծկված
թմրանյութից քայքայված ծակոտկեն
մարմնով ծերուկ
ջազ մեռած հայրդ ջազ
մենք մեր հերերն ենք, հաս
մենք մեր հոր բացակայությունն ենք, հաս
սառույցով վիսկի ծխախոտ ջազ

նոր տարին, ֆրանսիայում, հաս…
շոշափելի հայրենիքները ծախու որձեր են, հաս
ինչ-որ կոնկրետ տղամարդիկ
սրած ատամները խրում են մարմնիդ մեջ
ու քո միջից ժայթքող արյունը
փողոցային գիշերով է գարշահոտում

իմ հայրենիքը փոքր աղջիկս ա, հաս
մանկապարտեզում ֆրանսերեն ա խոսում,
տանը` հայերեն
քնելուց առաջ վազում ա մոտս,
որ հոտ քաշեմ իրենից
նկարին նայի հեչ կասես հիվանդ ա
ես չէ դու ասա հաս
մեծ ակնոցով փոքրիկ սառա
ինչ լավ ես ժպտում նկարում

վիսկու բաժակում սառույցի մեջ պառկած
դառը ժպտացող իմ ծերուկ
վիսկի ավելացնե՞մ, թե՞ կխեղդվես, ծերուկ
ուրիշ բաժակ բերե՞մ, մի քիչ մեծ բաժակ,
մի քիչ մեծ հայրենիք

մահվանից առաջ ինչ կասեիր հորդ, ծերուկ կասեի
տուր ինձ, պա, հայրենիքը քո,
ու ես այն կկորցնեմ իմը գտնելու համար
և ամենավերջում անառակ որդու պես
կգամ քո գիրկը
մուրալու քեզնից քո
հայրենիքի կորած քարտեզը
որովհետև հայրենիքը ամենամեծ
կտավն է երբևէ երազած
և ամենամաքուր թուղթը, որտեղ երբեք չեն գրվելու բանաստեղծություններ
և խոսքը գիր է դառնալու օդում
և
ես քո ծերուկն եմ, հաս, մի քիչ խմել, շատախոսում է ծերուկդ, իմ հաս
ֆրանսիայում, հաս…

Երևանի մեր տան փոքրիկ ցնցուղից
գլխիս է պայթում
եռման ջրի հսկա ալիքը
այրող հուժկու ձեռքերով սեղմում է ինձ իմ մեջ
հոսում է ճակատիս քթիս շուրթերիս վրայով
լոգարան, իմ շոգ հայրենիք,
ես հալվում եմ քո մեջ, վերջանում
օդ չկա, պետք է հալվել, հալվում եմ

սառույցը հալվում է վիսկու բաժակի մեջ
դանակով հանեցիր սառույցի մեռնող պատերը
էս ա հայրենիքդ ասեցիր

ես աչքերս փակում եմ ու դանդաղ
սուզվում ջրի մեջ

ինչ-որ հեռավոր անցյալում պապս լողանալիս բարձրաձայն երգում է
ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան
դու ջահել ես
թալանված սրտով ու թալանած
ջահել ես
մայրդ դուրս է շպրտում
պատուհանից տուն բերածդ
փողերդ լցրել ես թևերդ ու պատուհանի տակ սերենադ ես երգում
դու չգիտես
որ ինչ-որ մի հեռավոր ապագայում
աղջիկդ լոգանք է ընդունել,
թաքուն հագել է խալաթդ
ու քնելուց առաջ վազում է քեզ
մոտ որ դու հոտ քաշես իրենից
ես բարձը սեղմել եմ դեմքիս ու ջրահեղձ բառերը սեղմում են կոկորդս
հայրդ մահացել է դու թաղմանը ներկա չես
մայրդ լավ կին է
դու ոչ մեկին չես սպանել քաղաքում ձյուն չկա
քաղաքը չի փոխվել
մարդիկ են մի թեթև ծերացել
բայց պահի տակ լացդ ուժեղ գալիս ա
սեղմում ես ձեռքս
ես կծում եմ ծխախոտն ու թքում
նոր տարին վերջացավ հա՞
գնանք սառայի ուզած խաղալիքներն առնենք

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն