ԱՎԱԶԱՄԱՆ
Երեսնիվայր ավազի մեջ ընկած են
խաղալիքները…
Իսկ այն մեկը նրանցից,
որ ամենից վերջինը
մատնվեց անուշադրության,
հիմա ավազին է տալիս
մանչուկի ափերի ջերմությունն ու բուրմունքը.
«ախր արցունքի եղածն ինչ է,
արցունք էլ չունի, որ դուրս թափի
աչքերից,
հուզի անլեզու մանչուկին,
ստիպի կրկին իր գիրկն առնել ու
տաքացնել իրեն
ինչպես երբեմնի հրճվագին
րոպեներին»:
Եվ հիմա ինքը կիսաթաղ՝
ավազի մեջ,
քար կտրած, կիսախաղ նայում է
թե ինչպես է կամակոր մանչուկը,
խույս տալիս մեծերի
որսացող ձեռքերից
ու փնտրող, անհագուրդ
հետաքրքրությամբ
նետում իրեն փողոցի անծանոթ
ոլորտների մեջ,
որ տնտղի-շոշափի, ուսումնասիրի,
թեքի-պտտի, շուռ տա-ոլորի-ընկնի,
ծայրերի վրայով ցատկի ու սայրերի
երկայնքով սահի,
քերծի սրունքներն ու շոշափի
խտղտուն վերքի
ապաքինվող կճեպը,
որ տուն տանի վիրավոր աղավնուն
ու նրա հետ մեռնի ննջասենյակի
պահարանի մեջ
և հետո ամբողջ կյանքում
ապարդյուն մոռանա
սև ու չհալվող ձյունը փակ
դարակների,
որ փշրված տերևների ու փոշու
անձրև սարքի իր գլխին
որ ջրափոսերի մեջ գինի քամի
ամպերից ու երկնքից,
որ մաշի իր եղունգները անծանոթ
քարերի երեսին,
կոտրի փշրի մանրացնի ու բերանը
տանի ամեն ինչ,
նոր համեր և հոտեր առնի,
կանաչների մեջ թաղի իր կարմիր
երեսն ու
խոտի համ տեսնի,
իսկ հետո հերթով լքի սրանց էլ ու
անցնի մյուսներին…
«դավաճան մանչուկ»…
Բայց մայթեզրին մեծերը որսալու
էին նրան,
ջղագրգիռ գրկելու էին ու փոքրիկ բռունցքների,
փամփլիկ աքացիների
տարափը զսպելով՝
վերադարձնելու էին նրա
թրթռուն ու քրտնած մարմինը
այնտեղ ուր
երեսնիվայր ավազի մեջ
ընկած էին խաղալիքները
և այն մեկը նրանցից,
որն ամենավերջում էր մատնվել
անուշադրության,
ու որը դեռ ավազին էր տալիս
մանչուկի ափերի
ջերմությունն ու բուրմունքը…
— Դու պիտի այստեղ խաղաս
թանկագին բալիկ,
այն փողոցում վտանգավոր է,
այնտեղ տարբեր
արագությամբ սլացող
ճակատագրեր կան…

ԳԵՐՈՒԹՅՈՒՆ
Նորից նույն պատմությունը,
ու քեզ մնում է միայն լուռ
համակերպվել.
Ոչ մեկ, ոչ երկու,
մի ինչ-որ պնդաճակատ
մեղեդի բռնում է քեզ
ու ինքնագլուխ դժժում քո գլխում`
առանց քեզ հարցնելու
և անգամ քո կամքին հակառակ:
Այն աստիճան, որ ատամներիդ
կրճտոց-տկտկոցից արթնանում ես
ու գտնում քեզ կոկորդով
սերտաճած երգեհոնին,
իսկ վաղուց անմահացած
մոտիվը, հիասքանչ,
մինչև անհամանալու
աստիճան ծամված, ատամիդ տակ:
Բայց ամեն անգամ, երբ
այսպիսի պատմության
մեջ ես ընկնում,
թվում է, թե քեզ գերի են տարել
ինչ-որ հեռավոր երկրներ,
իսկ հետո բաց են թողել առանց
փրկագնի, առանց քեզ
հարցնելու,
և անգամ քո կամքին հակառակ,
դեռ հետն էլ գրպաններդ
քաղցրավենիք,
հաց ու ջուր խցկած…

***
Շքեղ հարսանիք,
շքեղ մատանի,
շքեղ հյուրեր,
զարմանք…
ու քառասուն տարին ինչպես եկել էր
այնպես էլ պոչը քաշեց ու գնաց
թողնելով գոլ հիշողություններ
ու ճանկրտուք հատակին,
պատերին,
այստեղ-այնտեղ…
Եվ երբ մի սովորական օր
նրանք մտան խոհանոց,
ձանձրույթի փոշի բարձրացավ
ու նստեց ճաշերին:
Մտածեց թե ասաց,
չգիտեմ.
— Դե հե՛րիք է էլի այ մարդ,
քառասուն տարի է ուտում ես,
չկշտացա՞ր…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն