(Մեծ տատիս` Թագուհի Պողոսյան-Հովհաննիսյանի պատմած հեքիաթների մոտիվներով)

ԱԿՆԻՍ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՔԱՂԱՔԸ ԵՎ ԶՄՓԶՄՓ ԳԵՏԸ

Հեռո՜ւ հեռավոր ժամանակներից, երբ Արևն արևմուտքից էր դուրս գալիս ու արևելքում էլ մայր էր մտնում, կար մի չափազանց գեղեցիկ վայր` Ակնիս անտառային քաղաքը, որը երեք կողմից շրջապատված էր անտառապատ լեռներով և միայն չորրորդ կողմից` հսկայական գետով:
Այդ Ակնիս անտառային քաղաքում այն ժամանակներից շատ տարիներ հետո թագավորում էր Սիմու արքան` իր Մարի տիկնոջ հետ: Նրանք երկու որդի ունեին` Մեսուն և Միրուն: Երկուսն էլ շատ խելացի ու չարաճճի: Բայց Սիմու արքան շատ էր նեղվում իր անհամբեր ու զայրացկոտ տղայի` արքայազն Մեսուի ձեռքը, որը շուտով կդառնար տասներկու տարեկան: Եվ անընդհատ մտածում էր, թե ինչպես անի, որ նա ավելի համբերատար դառնա և կարողանա զայրույթը կառավարել:
Արքան կանչեց իր քաղաքի ամենաիմաստուններին և հարցրեց, թե ինչ խորհուրդ կտան` ինքն ինչպե՞ս վարվի փոքրիկ արքայազնի հետ: Իմաստուններից յուրաքանչյուրը մի խորհուրդ էր տալիս, և նրանցից ամենածերը` Վահրամ իմաստունը, որ լուռ էր, վերջում ասաց.
— Արքա՛, իրականում արքայազնը դեռ չի գտել իր տեղը. նա անընդհատ իրեն է փնտրում, իր ներսում բոցկլտացող լույսի շողը: Ու քանի դեռ չի գտել այդ լույսի շողը, նա չի կարող հանդարտվել:
Վահրամ իմաստունի խորհրդից հետո արքան որոշեց, որ Մեսուն արդեն կարող է մասնակցել արքայական որսորդություններին, թեպետ դեռ տասներկու տարեկան չկար: Արքան կանչեց իր թիկնապահներին և հանձնարարեց Մեսուի հետ միասին շաբաթը երկու օր որսորդության գնալ Արևելյան, երկու օր` Հարավային, և երեք օր` Արևմտյան լեռան վրա: Եվ այդպես, մինչև տասնվեց տարեկան դառնալը, արքայազն Մեսուն որսորդությամբ էր զբաղվում դիմացի երեք լեռներում:
Իսկ երբ դարձավ տասնվեց տարեկան, որոշեց, որ ժամանակն է Զմփզմփ գետի ուղղությամբ գնալու: Բայց այդ կողմ գնալը խստագույնս արգելված էր: Գետը հսկում էին արքայական թիկնազորի զինվորները: Նա սկսեց ամենուրեք փնտրել այն գաղտնուղին, որտեղով կարելի էր անցնել Զմզմփ գետից այն կողմ: Որոնումները ոչ մի արդյունք չտվեցին, նույնիսկ ինչ-որ հուշող բան չգտավ:
Մի օր էլ, պահմտոցի խաղալու ժամանակ, Մեսուն թաքուն անցավ Արքայական մառան և որոշեց թաքնվել գինու կարասներից մեկի մեջ, որն ամենավերջում էր գտնվում, և վրան կապտակարմիր եղնիկներ կային նկարված: Մեծ անակնկալ էր սպասվում Մեսուին. կարասի մեջ ցատկելով` նա իջնում էր, իջնում, բայց տեղ չէր հասնում… Շատ էր իջել թե քիչ, հանկարծ, այսուայնկողմ զարնվելով, սրընթաց սահելով` ընկավ գետը: Ու գետը նրան քշեց-տարավ:

ԱՆԱՆ ՏԻԿԻՆԸ
Գետի հոսանքն այնքան ուժեղ էր, որ անիմաստ էր հակառակվել: Արքայազնն ընդամենը փորձեց հոսանքին այնպես հարմարվել, որ ջրահեղձ չլինի և, որ շատ կարևոր էր, հանկարծ Մեծ պապից մնացած երկաթակոթ դանակը չկորցնի: Մի քանի ոլորապտույտներ անելուց հետո գետը միանգամից հանդարտվեց ու սկսեց դանդաղ հոսել: Միայն այդ ժամանակ Մեսուն կարողացավ դուրս գալ ափ: Հոգնած փռվեց խոտերի վրա ու այդպես էլ քնեց: Իսկ արթնացավ կարծես երազի միջից հնչող անուշ մի երգից: Պարզվեց, որ իրենից քիչ հեռու նստած մի կին էր երգում: Կինը, երբ տեսավ, որ Մեսուն արթնացավ, դադարեցրեց երգելն ու դիմեց նրան.
— Բարի գալուստ Այլաշխարհ, արքայա՛զն:
— Ողջո՛ւյն,- անակնկալի եկած պատասխանեց Մեսուն, քանի որ անծանոթ տիկինը գիտեր իր ով լինելը:
— Մի՛ զարմացիր, արքայա՛զն, ես ամենատես Անան տիկինն եմ, և արդեն մի ժամ կլինի, որ քեզ համար երգում եմ, որ հանգստանաս ինքդ քեզանից ու աշխարհից:
— Բայց ես տուն եմ ուզում վերադառնալ:
— Տուն վերադառնալն Այլաշխարհից այդքան էլ հեշտ չի լինի, արքայա՛զն: Իմ հիշելով` դեռ ոչ ոքի չի հաջողվել վերադառնալ:
— Բայց փորձել են, չէ՞:
— Անշուշտ, փորձել են: Եվ կարևորը` վերադառնալու միջոց կա:
— Եվ ո՞րն է այդ միջոցը:
— Այստեղից ոչ շատ հեռվում մի մեծ քարե բլուր կա` Ցից քարը, որտեղ էլ Հանելուկի քարափն է: Իսկ Հանելուկի քարափի մեջ էլ` Հրեղեն երկաթաթամբը: Միայն այդ թամբով կկարողանաս վերադառնալ: Բայց թամբին տիրելու համար դու պիտի մի հանելուկ լուծես: Եթե կարողանաս, թամբը քոնը կլինի, և այս աշխարհից կվերադառնաս քո հայրենիք:
— Իսկ ի՞նչ եմ անելու այդ թամբը:
— Այդ թամբին կհեծնես ու կբարձրանաս երկինք, իսկ հետո` դեպի քո երկիր:
— Ես էլ կարծում էի, թե ինչ-որ ձի թամբելու համար է:
— Դա կախարդական թամբ է, որը ձիուց էլ արագ է տանում մարդուն, արծվից էլ բարձր է հանում, բայց ամենադժվարը այն վարելն է: Եթե չկարողանաս վարել, վատ է, քանի որ չափազանց վտանգավոր կլինի դրանով վերուվար անելը. եթե հանկարծ սարսափելի բարձունքից ցած ընկնես…
— Լա՛վ, հասկացա, Անա՛ն տիկին, նախ պետք է այդ թամբին հասնեմ: Իսկ հետո ի՞նչ պետք է անեմ:
— Հենց հանելուկի լուծումը կգտնես, կմոտենաս այդ ժայռին և ձեռքով կշփես հանելուկը: Շփելու ժամանակ հանելուկի տառերը կտաքանան, և հենց այդ ժամանակ էլ դու պետք է պատասխանը շշնջաս տառերին: Ուշադի՛ր կլինես, կշշնջաս, հանկարծ բարձր չասես. դա կարևոր է:
— Լա՛վ, ուրեմն` կշշնջամ:
Բայց քանի որ արդեն շատ ուշ էր, Ցից քար գնալը հաջորդ օրվան մնաց:

ՀԱՆԵԼՈՒԿՆ ՈՒ ՀՐԵՂԵՆ ԹԱՄԲԸ
Ցից քարը գտնելը դժվար չէր, դժվարը Հանելուկի քարափը գտնելն էր, էլ չասած` հանելուկի լուծումը: Երկար չաչարվելուց հետո միայն Մեսուին հաջողվեց գտնել Հանելուկի քարափը, որը ծածկված էր մասուրի թփերով: Ձեռքերն արնոտելու չափ ծակծկելով` նա փշերից մաքրեց ժայռը, հետո նաև մաքրեց մամուռներից ու կարդաց հանելուկը.
«Կարմիր տախտակ, ճերմակ գամ,
Նեղ փողոցով գնամ ու գամ»:
Մեսուն անակնկալի եկավ հանելուկից, քանի որ ոչինչ չհասկացավ: Ի՞նչ է «կարմիր տախտակը» կամ ի՞նչ ասել է «ճերմակ գամ»… Ամենատարօրինակը նրա համար «տախտակն» ու «գամն» էին, բայց հատկապես` «գամը», և, հավանաբար, դա էլ պետք է հուշեր կամ օգներ կռահել լուծումը: Բայց հետո սկսեց մտածել արդեն գույների մասին. ինչո՞ւ կարմիր, կամ ինչո՞ւ սպիտակ, կամ ի՞նչ ասել է «գնալ-գալ»: Գնալ-գա՞լ… Նեղ փողո՞ց: Չէ՛, ոչ մի հույս չկա: Հետո կրկին կենտրոնացավ «գամի» վրա: Ինչո՞ւ է հանելուկի մեջ հատկապես «գամը» և ոչ թե «մեխը»: Մի՞թե գեղեցիկ հնչելու համար: Հիմի ո՞վ է «մեխի» փոխարեն «գամ» ասում: Ինչ տարօրինակ լեզու… Անհասկանալի լեզու… Լեզո՞ւ… «սպիտա՞կ գամ» ու նաև «կարմիր տախտա՜կ», «կարմի՜ր»… Մեսուին այդ ամենը շատ ծանոթ թվաց մի պահ: Կարծես թե գտնվել էր հանելուկի պատասխանը, կարծես լեզվի ծայրին լիներ… Լեզվի՜…
— Այո՜,- բացականչեց Մեսուն, բայց անմիջապես ձայնը կտրեց` հիշելով Անան տիկնոջ խորհուրդը, որ հանկարծ պատասխանը բարձր չկանչի:
Մեսուն մոտեցավ Հանելուկի քարափին, ձեռքով շփեց հանելուկի տառերն ու սպասեց: Շուտով այդ տառերը սկսեցին լուսարձակել և ներս շրջվեցին: Մեսուն շուրթերը զգուշությամբ մոտեցրեց շուռ եկած տառերին ու շշնջաց` Լեզո՜ւ…
Մի պահ Մեսուն միայն իր սրտի զարկերն էր լսում, բայց հանկարծ ժայռը սկսեց դանդաղ ճռնչոցով բացվել. ժայռի ներսում մուգ կապույտ լույսերի շողշողանքի միջից երևում էր ոչ պակաս կապույտ Հրեղեն թամբը: Քիչ անց արդեն այն Մեսուի ձեռքին էր: Մնում էր հեծնել թամբին և սլանալ դեպի գետափ: Բայց փորձերն անհաջողությամբ էին ավարտվում. Մեսուն միշտ վայր էր ընկնում թամբից: Այդպես փորձելով` հասավ Անան տիկնոջ տանը: Բայց արդեն հոգնած էր: Գետափի ծառերի մոտ էլ պառկեց հանգստանալու և չնկատեց, թե ինչպես աչքերը փակվեցին:

ՁԱՐ-ՄԱՃՈՒՃԸ ԳՈՂԱՆՈՒՄ Է ԹԱՄԲԸ
Շատ էր քնել թե քիչ, երբ հանկարծ զգաց, որ մրսում է: Արթնացավ ու սարսափած տեսավ, որ Հրեղեն թամբը չկա: Հենց այդ պահին էլ տեսավ նաև, թե ինչպես է մի երկարամորուս թիզուկես, իր մորուքին հեծած, թամբը ձեռքին, հեռանում անտառի ուղղությամբ: Հաստատ Անան տիկնոջ ասած Ձար-Մաճուճն էր: Մեսուն շնչակտուր վազեց նրա հետևից: Հրեղեն թամբը տուն վերադառնալու միակ հույսն էր:
Երբ մոտեցավ անտառեզրի մեծ քարին, նրա առջև միանգամից հայտնվեց չորս ճանապարհ, որոնք, սկիզբ առնելով մի մեծ ժայռակտորից, միմյանցից աստիճանաբար հեռանալով, կորչում էին անտառի խորքում: Բարեբախտաբար Մեսուն տեսել էր, թե որ ուղղությամբ գնաց Սպիտակամորուսը: Նա առանց մտածելու ևս ուղղություն վերցրեց դեպի աջ ճանապարհը: Դեռ մի քանի քայլ էլ չէր արել, երբ հանկարծ շուրջբոլորը մթնեց, ու նա հայտնվեց մի մութ բացատում: Հանկարծ լիալուսնի լույսն այնպես պայծառ լուսավորեց, որ կարծես լուսաբաց լիներ: Բացատի վերջում ինչ-որ շարժումներ նշմարվեցին: Ուշադիր նայելով` Մեսուն տեսավ, որ ինչ-որ մեկը երկու երկանաքարեր է վեր-վեր թռցնում, ծափ է տալիս ու վազում-բռնում մի եղնիկի, ու հետո նորից: Մեսուն զարմացած մոտեցավ նրան.
— Այս ի՞նչ զարմանալի ուժի տեր ես, որ կարողանում ես երկանաքարերը վեր-վեր նետել ու ծափ տալով վազել, եղնիկին բռնել:
— Զարմանալի ուժ ունեցողը արքայազն Մեսուն է, որ Հրեղեն թամբն ունի և ուր ուզի, կարող է վայրկյանների ընթացքում գնալ:
— Հրեղեն թամբի տերը ես եմ, բայց Ձար-Մաճուճը գողացել է այն, և գնում եմ թամբի հետևից:
— Որ այդպես է, ես էլ եմ գալիս քեզ հետ. որտեղ մեկը, թող որ լինի նաև երկուսը:
— Բայց միայն մի պայմանով,- ասաց Մեսուն,- բա՛ց թող այդ եղնիկին, մեղք է:
Երկանաքարեր նետողը բաց թողեց եղնիկին ու ճամփա ընկավ Մեսուի հետ` Ձար-Մաճուճին գտնելու:
Շատ էին գնացել թե քիչ, մի նոր բացատ դուրս եկան: Այստեղ էլ նրանք մեկ ուրիշ զարմանալի մարդու հանդիպեցին. սա էլ ժայռերն էր մի կողմից վերցնում, մյուս կողմը դնում, հետո միմյանց վրա էր շարում, ու այդպես շարունակ:
— Այս ի՜նչ զարմանալի ուժի տեր ես, որ կարողանում ես ժայռերը տեղից տեղ տանել և նույնիսկ միմյանց վրա շարել,- ասաց Մեսուն:
— Զարմանալի ուժ ունեցողն արքայազն Մեսուն է, որ Հրեղեն թամբն ունի և ուր ուզի, կարող է վայրկյանների ընթացքում գնալ:
— Հրեղեն թամբի տերը ես եմ, բայց Ձար-Մաճուճը գողացել է այն, և գնում եմ թամբի հետևից: Իմ հետ եկողն էլ Երկանաքարեր նետողն է:
— Որ այդպես է, ես էլ եմ գալիս ձեզ հետ. որտեղ երկուսը, թող որ լինի նաև երեքը:
Ժայռեր տեղափոխողն էլ միացավ Մեսուին ու Երկանաքարեր նետողին, և շարունակեցին ճամփան: Մի որոշ ժամանակ անց դուրս եկան մի աղբյուրի մոտ: Որոշեցին հենց այդտեղ էլ միառժամանակ կանգ առնել ու որոշել իրենց անելիքները: Նրանց պառկելն ու քնելը մեկ եղավ:

ՁԱՐ-ՄԱՃՈՒՃԻ ՈՒ ՄԵՍՈՒԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Եվ երբ բոլորը խոր քուն էին մտել, հանկարծ հայտնվեց Ձար-Մաճուճը: Նա զգուշաբար ձախ կողմում քնածին դրեց մորուքին ու տարավ: Ահագին հեռանալուց հետո ուժեղ թափահարեց քնածին, որ արթնանա: Քնածը Ժայռեր տեղափոխողն էր, որ քնահարամ արթնանալով` այս ու այն կողմ ընկավ` կանչելով «Մեսո՜ւ», «Երկանաքարեր նետո՜ղ»: Երբ Ձար-Մաճուճը հասկացավ, որ դա Մեսուն չէ, մի ապտակով նրան փռեց գետնին և այդպես ուշաթափ վերադարձրեց իր տեղը: Հաջորդն էլ, պարզվեց, Երկանաքարեր նետողն է. սրան էլ ապտակեց ու այդպես ուշաթափ վերադարձրեց իր տեղը: Արդեն հասկանալի էր, որ երրորդը հաստատ Մեսուն է: Եվ երբ Մեսուին սկսեց թափահարել, Մեսուն աչքերը բացելուն պես մի ուժեղ ապտակ տվեց Ձար-Մաճուճին: Վերջինս չհասկացավ էլ, թե ինչ կատարվեց իր հետ, և ուշաթափ ընկավ գետնին: Մեսուն սրան վերցրեց, պատահած մեծ, բարձր ծառից ամուր կապեց, վերադարձավ իր տեղն ու նորից քնեց, ասես ոչինչ էլ չէր եղել:
Առավոտյան, երբ երեքն էլ արթնացան, թե՛ Երկանաքարեր նետողը, թե՛ Ժայռեր տեղափոխողը մի տեսակ վախեցած էին, գույնները գցած, բայց ոչինչ չասացին գիշերվա պատահածից: Իսկ երբ Մեսուն առաջարկեց, որ ճանապարհը շարունակեն, նրանք ասացին, որ ուժեղ գլխացավ ունեն և մի քիչ էլ են ուզում հանգստանալ: Նրանց այդ լուրջ-լուրջ պատճառաբանության վրա Մեսուն սկսեց ծիծաղել: Սրանք զարմացած նայեցին Մեսուին, թե` իբր ինչ:
— Ձեր գլխացավի անունը կարո՞ղ է Ձար-Մաճուճ է,- հարցրեց Մեսուն ծիծաղելով:
Այդ ժամանակ Երկանաքարեր նետողն ու Ժայռեր տեղափոխողը հասկացան, որ Մեսուն տեղյակ է, թե ինչ է կատարվել գիշերը, և պատմեցին գլխներին եկածը:
— Իսկ եթե ձեզ ցույց տամ Ձար-Մաճուճին, կճանաչե՞ք,- հարցրեց Մեսուն:
— Միանշանակ,- միասին պատասխանեցին Երկանաքարեր նետողն ու Ժայռեր տեղափոխողը:
— Այդ դեպքում եկե՛ք իմ հետևից:
Մեսուն և իր ընկերները գնացին այնտեղ, որտեղ Մեսուն երեկոյան ծառից կապել էր Ձար-Մաճուճին: Բայց երբ տեղ հասան, պարզվեց` Ձար-Մաճուճը փախել է, չկա: Մեսուն շատ զարմացավ, քանի որ համոզված էր, որ Ձար-Մաճուճը չի կարողանա իր կապը քանդել առանց օգնության: Ու հենց այդ ժամանակ էլ նկատեց, որ իրականում Ձար-Մաճուճը ծառն է արմատահան արել ու հեռացել:
— Ոչինչ, տղանե՛ր,- ասաց Մեսուն,- ծառի հետքերը տանում են այնտեղ, որտեղ էլ մեզ պետք է: Այս անգամ Ձար-Մաճուճը մեր ձեռքից չի պրծնի:

ՁԱՐ-ՄԱՃՈՒՃԻ ՔԱՐԱՆՁԱՎԸ
Այդպես, ծառի հետքերով նրանք եկան-եկան ու հասան մի քարանձավի: Փաստորեն Սպիտակամորուս Ձար-Մաճուճը հենց այդ քարանձավում էր ապրում: Հետաքրքիր է, որ ծառը պինդ-պինդ կպել-մնացել էր քարանձավի դռանը, և Սպիտակամորուս Ձար-Մաճուճի մորուքն էլ դեռ կապված էր ծառից:
— Հավանաբար նա չի կարողացել ծառից պոկել իր մորուքն ու այդպես էլ մտել է քարանձավ,- ասաց Մեսուն:
— Կամ էլ արդեն քարանձավ հասնելով` կտրել է մորուքն ու փախել է,- ասաց:
— Կամ էլ չի փախել, այլ թաքնվել է մոտերքում և մեզ համար էլ թակարդ է լարել,- ասաց…
— Ավելի լավ է` ես ստուգեմ, թե ինչն ինչոց է, քան թե ենթադրեմ,- ասաց Մեսուն ու գաղտագողի մոտեցավ քարանձավին:
Ձար-Մաճուճի մորուքը դեռ ծառից կապված էր, բայց մորուքի մյուս մասն իջնում էր քարանձավի խորքերը: Մնում էր հասկանալ, թե արդյոք Ձար-Մաճուճն իր մորուքը ներքևում չի՞ կտրել ու ազատվել: Այդ ժամանակ քարանձավին մոտեցան նաև Երկանաքարեր նետողն ու Ժայռեր տեղափոխողը:
Որոշեցին պարան գցել և իջնել քարանձավ: Այս անգամ Երկանաքարեր նետողը համաձայնեց առաջինը մտնել: Դեռ հորի կեսը չհասած` նա սկսեց ձայնել.
— Մրսո՜ւմ եմ, դողո՜ւմ եմ, ինձ դո՜ւրս քաշեք:
Նրան արագ դուրս քաշեցին: Երբ Երկանաքարեր նետողը դուրս եկավ քարանձավից, նրա մազերը ծածկված էին հաստաշերտ եղյամով և մի քանի սառցալուլաներով: Երկանաքարեր նետողը դողալով սկսեց վազվզել և իր երկանաքարերը վեր-վեր նետել ու բռնել, որ տաքանա:
Հետո Ժայռեր տեղափոխողը փորձեց իջնել: Դեռ հորի կեսին չհասած` սկսեց բացականչել.
— Մրսո՜ւմ եմ, դողո՜ւմ եմ, ինձ դո՜ւրս քաշեք:
Սրան էլ վեր քաշեցին: Նույն իրավիճակը. Ժայռեր տեղափոխողի դեմքն ու մազերը ծածկված էին հաստաշերտ եղյամով ու մի քանի սառցալուլաներով: Նա ևս սկսեց վազվզել, ժայռերն այսուայնկողմ գլորել, որ տաքանա:
Հետո քարանձավ իջավ Մեսուն: Նա ընկերներին ասաց, որ ինչքան էլ ձայն տա, որ հանեն, չհանեն: Ու դեռ հորի կեսին չհասած` սկսեց բացականչել.
— Մրսո՜ւմ եմ, դողո՜ւմ եմ, ինձ դո՜ւրս քաշեք:
Բայց ընկերները, ինչպես պայմանավորվել էին, նրան դուրս չքաշեցին: Դրանից քիչ անց Մեսուն արդեն հասավ քարանձավի հատակին, որտեղ զարմանալիորեն զով էր: Նա սկսեց տեղում վազվզել, կքանստել, որ տաքանա, քանի որ լավ մրսում էր: Իսկ երբ տաքացել էր, փորձեց հասկանալ, թե ինչու էր կես ճանապարհին այդպես ցուրտ, իսկ ներքևում` զով: Բայց ոչինչ հնարավոր չեղավ պարզել:

ՀՈՀՈԼ ԲՈՒՆ
Սպիտակամորուս Ձար-Մաճուճի մորուքի հետևից դանդաղ գնաց քարանձավի խորքը: Քիչ անց արդեն հասավ Ձար-Մաճուճին, որը փռված էր քարանձավի հատակին: Մեսուն դանդաղ մոտենցավ նրան. կա՛մ մեռած էր, կա՛մ էլ՝ ուշագնաց: Հենց այդ պահին ձախ անկյունից ինչ-որ մեկը շարժվեց ու ծղրտաց.
— Արի՛, հեռացա՛ծ բախտ, դու բարով ես եկել:
— Դու ո՞վ ես կամ ի՞նչ ես,- զարմացած հարցրեց Մեսուն:
— Ես Հոհոլ բուն եմ, արքայա՛զն:
Մեսուն ավելի զարմացավ, քանի որ մթության մեջ, բացի վանդակի մեջ փակված բուից, ուրիշ ոչինչ չէր նշմարում:
— Հոհոլ բո՞ւն… Դու կարող ես խոսե՞լ:
— Իսկ քեզ ի՞նչ է թվում, միայն մարդի՞կ կարող են խոսել,- ծղրտաց բուն:
— Դե, գոնե մինչև այժմ®
— Լավ, այդ հարցը հետո կպարզենք, ժամանակ չկա, արագացրո՛ւ. մի հարվածով պետք է կտրես Ձար-Մաճուճի մորուքը: Եթե մեկից ավելի հարվածես, քո բանը բուրդ կլինի:
Արքայազնն անմիջապես հանեց սուրն ու կտրեց Սպիտակամորուս Ձար-Մաճուճի մորուքը: Կտրելուն պես Սպիտակամորուս Ձար-Մաճուճը հանկարծ ուշքի եկավ, ուզեց ճչալ, բայց չկարողացավ: Հետո այս ու այն կողմ զարնվեց ու հանկարծ հօդս ցնդեց, ասես չէր էլ եղել: Հոհոլ բուն ասաց.
— Արքայա՛զն, քո թամբը կարող ես գտնել ձախ կողմում, իսկ աջ կողմում Սպիտակամորուս Ձար-Մաճուճի գանձերն են: Հիմի դրանք բոլորը քոնն են:
Արքայազնը գանձերն ու Հրեղեն թամբը կապեց պարանից, որ ընկերները վեր քաշեն:
— Արքայա՛զն, գուցե սխալվում ես, որ Հրեղեն թամբն էլ գանձերի հետ վերև ես ուղարկում: Քո ընկերները կարող են քեզ այստեղ թողնել:
Արքայազնը ոչինչ չպատասխանեց և շարունակեց իր գործը: Իսկ երբ գանձերի վերջին պարկը վեր քաշեցին ընկերները, էլ պարանը ցած չգցեցին: Դրսում նրանք արդեն վիճում էին, թե Հրեղեն թամբն ում է բաժին հասնելու, գանձերը` ում: Արքայազն Մեսուն, չգիտես անակնկալի՞ց, թե՞ Հոհոլ բուի առջև ամոթով մնալուց, մտամոլոր կանգնել-մնացել էր: Հոհոլ բուն ասաց.
— Արքայա՛զն, մի՛ մտածիր, այստեղից դուրս գալու այլ տարբերակ էլ կա:
— Ի՞նչ տարբերակ, ինչպե՞ս:
— Աջ և ձախ քարանձավների մեջտեղում գաղտնի մի դուռ կա, դռան վերևում մի հանելուկ կա գրված: Եթե այդ հանելուկը կարողանաս գուշակել ու բարձրաձայն պատասխանել, դուռը կբացվի, ու կկարողանաս ներս մտնել:
— Է՜, արդեն հոգնեցի: Ձեր աշխարհում ամեն ի՞նչ է հանելուկով:
— Որոշ բաներ` այո, բայց ամեն ինչ չէ: Հակառակ դեպքում` ոչ մի տեղ էլ չես կարողանա գնալ և ոչ մի բանի էլ չես կարողանա հասնել: Միշտ էլ խելացի լինելը կարևոր է, բայց ոչ պակաս կարևոր են շրջահայացությունն ու հնարամտությունը:
— Ասենք թե ներս մտա, հետո՞ ինչ, Հոհո՛լ բու:
— Հետո այն, որ այդ քարանձավում երեք կենդանի կա` Սև եզը, Կարմիր խոյը և Սպիտակ այծը: Դու պիտի քեզ գցես Սև եզի վրա, հետո Սև եզը քեզ կգցի Կարմիր խոյի վրա, իսկ սա էլ` Սպիտակ այծի վրա, ու հենց այդ այծն էլ քեզ դուրս կբերի Մութ աշխարհից:
Երկու քարանձավների մեջտեղում Մեսուն շոշափելով գտավ այնտեղ գրված հանելուկ-գրությունը:
— Բայց ինչպե՞ս կարդամ, չէ՞ որ այնքան մութ է: Մոմ էլ չունեմ, որ վառեմ:
Հոհոլ բուն ասաց.
— Հարկավոր է ձեռքով շփել այդ գրությունը. ինքն իրեն կլուսավորվի:

ՆՈՐ ՀԱՆԵԼՈՒԿ
Արքայազն Մեսուն այդպես էլ արեց: Դեռ նոր-նոր էր ձեռքով շփել գրությունը, երբ հանկարծ այն լուսավորվեց ու դարձավ ընթեռնելի: Արքայազնը հստակ տեսավ քարանձավի փոքրիկ դուռն ու վրայի գրությունը.
«Երկար բարդի` շուք չունի,
Ինչքան կծկես` վերջ չունի»:
— Ու ես սա պետք է գուշակե՞մ:
— Ուրիշ տարբերակ չունես: Կա՛մ սա գուշակում ես, կա՛մ էլ կմնաս այստեղ հուր-հավիտյան:
— Իսկ եթե սխալ գուշակե՞մ:
— Չգիտեմ, թե ինչ կլինի, քանի որ դեռ ոչ ոք չի գուշակել: Ավելի շուտ` ոչ ոք չի հասել այդ փորձությանը,- խորհրդավոր ծղրտաց Հոհոլ բուն:
Արքայազն Մեսուն ընկավ մտքերի մեջ: Ո՛չ «երկար բարդին» էր մի բան ասում, ո՛չ էլ` «կծկելը», բայց հաստատ այդ երկուսի մեջ էլ թաքնված էր հանելուկի պատասխանը: Իսկ «շուք» սովորաբար կեսօրին չեն ունենում կամ էլ գիշերը, եթե աստղ ու լուսին չկա: Բայց հանելուկի մեջ դրանց մասին ոչ մի ակնարկ չկա: Իսկ «կծկելու» մասին հեքիաթներից գիտեր, որ գիշերն ու ցերեկը կարելի է կծկել, բայց հաստատ դրանց մասին չէր խոսքը: Մեսուն զգում էր, որ հանելուկը բավականին պարզ է, բայց հենց այդ պարզությամբ էլ` բարդ:
— Այս ինչ կրակն ընկա, Հոհո՛լ բու,- տրտնջաց Մեսուն,- մի՞թե ուրիշ ճամփա չկա, որ մեզ այստեղից դուրս կբերի:
Հոհոլ բուն անթարթ նայում էր Մեսուին ու գլուխը տմբտմբացնում:
— Ուրիշ ճամփա չկա՞,- գոռաց Մեսուն:
Ճամփա՞: «Այ քեզ հրաշք,- մտածեց Մեսուն,- կարող է` հենց էլ ճամփան է պատասխանը: Իրոք որ, ճամփան ոչ մի ստվեր էլ չունի, լինի գիշեր թե ցերեկ: Ճամփան ճամփա է ու վերջ: Իսկ ճամփի «կծկելը» որն է: Հա՛, բայց իրոք, եթե ճամփան հրաշքով սկսենք կծկել, այն երբեք չի ավարտվի»:
— Ես պատասխանը գտա, Հոհո՛լ բու,- բացականչեց Մեսուն: Խոսքը ճամփի մասին է:
Հանելուկն անհայտացել էր. լուսավորվածությունն այլևս չկար: Մեսուն նորից շոշափեց պատը, և հանելուկը կրկին փայլփլեց: Ու հենց այդ ժամանակ էլ Մեսուն բարձր գոչեց` «Ճամփա՜»: Ոչ մի արձագանք: Նա սրտատրոփ սպասում էր, թե ինչ կլինի, բայց ոչինչ էլ տեղի չունեցավ:
— Հոհո՛լ բու, դու համոզվա՞ծ ես, որ հանելուկը լուծելով` դուռը կբացեմ:
Չսպասելով պատասխանին` Մեսուն բարկացած մի անգամ էլ բարձր գոչեց «Ճամփա»: Ոչ մի փոփոխություն…
— Հիշեցի,- հանկարծ ծղրտաց բուն,- ախր պատասխանը պիտի երեք անգամ գոռաս, որ դուռը բացվի: Մնաց մեկը:
Մեսուն ևս մեկ անգամ գոռաց «Ճամփա»: Ու հանկարծ քարանձավի դռները դղրդոցով դանդաղ բացվեցին: Ներսից կապույտ-կապույտ լույս էր ճառագում: Պատի երկայնքով սուսիկ-փուսիկ կանգնած էին Սև եզը, Կարմիր խոյն ու Սպիտակ այծը: Սպիտակ այծի վերևում մի ոչ մեծ մոմալաթ կար կախված: Մեսուն մոտեցավ, որ այն վերցնի, ու հենց այն վերցնելիս էլ ոտքը սայթաքեց, և նա, փոխանակ իրեն Սև եզի վրա գցի, Սպիտակ այծի վրա ընկավ: Սպիտակ այծը նրան նետեց Կարմիր խոյի վրա, վերջինս էլ` Սև եզի վրա, և արքայազնը քարանձավից դուրս գալու փոխարեն հայտնվեց Մութ աշխարհում: Հոհոլ բուն մի կերպ կարողացավ հասնել Մեսուին և կառչել նրա ուսից:

ՄՈՒԹ ԱՇԽԱՐՀԸ
Դեռ աչքն էլ չէր թարթել Մեսուն, երբ հայտնվեց Մութ աշխարհում` մի ամայի ու սարսափելի լուռ տարածք: Այնքան մութ էր, որ մատը մտցնեին աչքը, չէր հասցնի տեսնել: Հոհոլ բուն սուս թառել էր նրա ուսին ու չէր էլ շարժվում: Տղան չգիտեր, թե ինչ անի, ուր գնա, ինչպես գնա…
— Հոհո՛լ բու, ես այս մթությունից այնքան չեմ վախենում, որքան լռությունից:
— Ամեն ինչ վարժվելու վրա է, Մեսո՛ւ: Լռությունը մարդու նման սիրտ ունի: Պիտի ուշադիր լսենք այս լռությունը, մինչև գտնենք նրա սիրտը:
— Եթե քեզ պես մտածեմ, ուրեմն` մթությունն էլ ի՞ր սիրտն ունի…
— Իհարկե, բայց մեզ հիմի լռության սիրտն է պետք գտնել կամ դեպի այն տանող ճամփան:
Ու հենց այդ ժամանակ էլ նրանք լսեցին մոտակայքից շատ թույլ լսվող ջրի գլգլոց: Երբ Մեսուն ուզեց քայլել, Հոհոլ բուն նրա ականջի տակ ծղրտաց.
— Սպասի՛ր, Մեսո՛ւ, մի՛ շտապիր: Այստեղի հողը շատ վտանգավոր է: Յոթ քայլից դու քար կդառնաս:
— Այդ դեպքում` ի՞նչ անեմ: Չքայլելն էլ քարանալու պես բան է:
— Դու հասցրի՞ր այն մոմալաթը վերցնել:
— Իհարկե, դրա պատճառով էլ այստեղ ենք:
— Հրաշալի է: Այն երկու մասի բաժանիր ու կապիր քո կոշիկներից: Միայն դրանից հետո արդեն կարող ես քայլել:
— Իրո՞ք: Մոմալաթը կպաշտպանի՞ քարանալուց:
— Դե իհարկե, հակառակ դեպքում` ինչո՞ւ էին այն կախ տվել հենց Սպիտակ խոյի մոտ: Վտանգի մեջ թե՛ փրկությունը կա, թե՛ կործանումը:
Մեսուն մոմալաթերը ամուր կապեց իր կոշիկներին ու քայլեց դեպի ջրի գլգլոցը: Նրան առաջնորդում էր Հոհոլ բուն, քանի որ մթության մեջ շատ լավ էր տեսնում: Առվակին հասնելով` Մեսուն որոշեց հենց այդ առվակի հունն էլ բռնել ու գնալ. ոնց էլ լինի` իրեն մի տեղ դուրս կբերեր: Այդպես նրանք հասան մի ծովի:
— Մի՛ անհանգստացիր, արքայա՛զն, սա դեռ վերջը չէ,- մտախոհ ասաց Հոհոլ բուն: — Մեզ կարող է օգնել Շարմաղ տիկինը:
— Եվ ինչպե՞ս:
— Նա կարող է մեզ օգնել, որ գոնե անցնենք ծովի հանդիպակաց ափը:

ՇԱՐՄԱՂ ՏԻԿԻՆՆ ՈՒ ԻՐ
ԱՆՎԵՐՋԱՎՈՐ ԳՈՐԳԸ
Քիչ թե շատ փնտրելուց հետո նրանք գտան Շարմաղ տիկնոջ ծովահայաց տունը: Շարմաղ տիկինը, դռանը նստած, գորգ էր գործում: Նրանք բարևեցին ու ասացին, թե ովքեր են, որտեղից են գալիս և ուր են ուզում գնալ: Շարմաղ տիկինը, գորգը գործելով, լսում էր նրանց:
— Մի խոսքով, մենք Ձեր օգնության կարիքն ունենք, Շարմա՛ղ տիկին: Ձեր նավակով կանցկացնե՞ք մեզ ծովի հանդիպակաց ափը:
— Արքայա՛զն, ես կարող եմ մարդկանց օգնել միայն մի դեպքում. եթե նրանք էլ ինձ են օգնում: Եթե մոտիդ մորուքի կեսն ինձ տաս:
— Բայց մորուքը Ձեր ինչի՞ն է պետք, Շարմա՛ղ տիկին,- զարմացավ Մեսուն:
— Ես մի գորգ եմ գործում, որի միջի սպիտակ թելը վերջացել է, ու ես ստիպված սև թելով եմ գործում: Բայց գորգն այդպես ո՛չ գեղեցիկ է լինում, ո՛չ էլ հնարավոր է լինում ավարտել: Այն գիշերվա պես անվերջ երկարում ու երկարում է և երբեք չի հասնի իր վերջին, եթե սպիտակ թել չօգտագործեմ: Դրա պատճառով բոլոր օրերը դարձել են նույնը, ամեն օր նույն օրն է:
— Շատ հետաքրքիր բան ասացիր, Շարմա՛ղ տիկին: Մութ աշխարհում, փաստորեն, սպիտակ թելն այդքան կարևո՞ր է:
— Պիտի իմանաս նաև, որ Սպիտակամորուս Ձար-Մաճուճի բոլոր չար գործերի դիմաց է նրա մորուքը երկարել, իսկ ինքն էլ` կարճացել: Իսկ հիմի նրա սպիտակ ու երկար մորուքն արդեն կծառայի միայն ու միայն բարի գործերի համար. դա էր նրա ճակատագիրը:
— Լավ, Շարմա՛ղ տիկին, հիմի ինձ ասա, թե ինչպես դուրս գամ այս Մութ աշխարհից:
— Նախ՝ Ձար-Մաճուճի մորուքի մյուս կեսը չկորցնես. քանի դեռ այն քեզ մոտ է, հույս կա, որ դուրս կգաս այս աշխարհից: Հետո, քո փրկության միակ ճանապարհը ծովի այն կողմում է. երբ ծովն անց կենաս, քո դիմաց կտեսնես Արաթուռ մեծ ծառը, իսկ ծառի կողքին` Չեչոտ մեծ քարանձավը: Դու պիտի այդ քարանձավի մեջ թաքնվես ու հանկարծ չերևաս ծառին կապված Կանդաղ հավքի աչքին:
— Իսկ Կանդաղ հավքն ինչո՞ւ է կապված ծառին,- հարցրեց Մեսուն:
— Շատ ժամանակ առաջ Սպիտակամորուս Ձար-Մաճուճն ուզել է Կանդաղ հավքին թակարդը գցել ու որսալ, բայց չի ստացվել: Կանդաղ հավքը կարողացել է փախչել նրանից, բայց, արի ու տես, որ այդպես էլ չի կարողացել փրկվել. նրան կապկպող պարանները, հենց այդ ծառի մոտ այստեղ-այնտեղ ընկնելով, խճճվել ու կապկպել են նրան ծառից: Այդ օրից Կանդաղ հավքն էլ չի կարողանում թռչել, և մանր-մունր թռչուններն ու կենդանիներն են նրան կերակրում: Իսկ դու պետք է նրան ազատես, որ հասնես քո նպատակին:
— Բայց որ ազատեմ, ինձ բզիկ-բզիկ չի՞ անի:
— Բզիկ-բզիկ կանի մինչև ազատելը, դրա համար էլ ասում եմ` կթաքնվես: Իսկ երբ ազատես, էլի անմիջապես թաքնվիր ու սպասիր, մինչև նա կզգա իր ազատվելը և կհարցնի, թե ո՛վ է իրեն ազատողը: Հենց այդ ժամանակ միայն դուրս կգաս ու կասես, որ դու ես ազատել: Նա քեզ կասի` «Լույս քեզ տեսնողին», դու էլ անպայման կասես` «Լույս է, լույս»: Չմոռանաս հանկարծ, դա քո անցաբառն է: Դրանից հետո միայն նա քեզ կհարցնի, թե ինչ կուզես դրա դիմաց, դու էլ արդեն կասես քո ցանկությունը:
Մեսուն շնորհակալություն հայտնեց Շարմաղ տիկնոջը և Հոհոլ բուի հետ նավակով ճամփա ընկավ դեպի հեռավոր ծառն ու քարանձավը: Անղեկ նավակն ընթանում էր հանդարտ ու անձայն: Մեծ ուշադրություն էր պետք` զգալու համար նավակի տեղաշարժը:

ԿԱՆԴԱՂ ՀԱՎՔԸ
Շուտով նրանք ափ դուրս եկան Արաթուռ մեծ ծառի մոտ: Դժվար չեղավ նաև Չեչոտ քարանձավը գտնելը: Մեսուն Հոհոլ բուի հետ թաքնվեց քարանձավում և սպասեց մինչև Կանդաղ հավքի քնելը: Իսկ Կանդաղ հավքն էլ հո հավք չէր. մի կեսն արծվի նման էր` գլուխն ու թևերը, իսկ մյուս կեսը` առյուծի: Իսկ երբ Կանդաղ հավքն արդեն քնած էր, և կարելի էր նրան ազատել կապանքներից, Մեսուն մի պահ նույնիսկ վարանեց: Բայց ուրիշ ճար չուներ: Նա արագ թրատեց բոլոր կապանքներն ու նույնքան արագ էլ թաքնվեց Չեչոտ քարանձավի մեջ:
Շուտով Կանդաղ հավքն արթնացավ և, ի զարմանս իրեն, տեսավ, որ բոլոր կապանքներից ազատված է: Իրեն ուժգին թափ տվեց ու սկսեց արագ-արագ այսուայնկողմ նայել.
— Հողածի՞ն ես, թե՞ հրածին: Դո՛ւրս արի տեսնեմ` ով ես և ինչու ես որոշել ինձ ազատել:
Մեսուն որոշեց դեռ չարձագանքել և լուռ մնաց իր թաքստոցում:
— Ով էլ որ լինես, դո՛ւրս արի, և ինչ ցանկանաս, կանեմ, թե կարողանամ,- տեսնելով, որ ոչ ոք չի արձագանքում, շարունակեց Կանդաղ հավքը:
— Ես էի, որ քեզ ազատեցի կապանքներից, և ընդամենը մի ցանկություն ունեմ,- թաքստոցից դուրս գալով և կիսահամարձակ ասաց Մեսուն:
— Լույս քեզ տեսնողին:
— Լույս է, լույս,- լարված պատասխանեց Մեսուն:
— Դե իհարկե, այլ կերպ ինչպես,- ծիծաղեց Կանդաղ հավքը:- Եվ ո՞րն է քո ցանկությունը:
— Ինձ դուրս բերես Մութ աշխարհից:
— Դե իհարկե, «ընդամենը մի ցանկություն ունեմ»:- Մեսուի տնազն անելով` պատասխանեց Կանդաղ հավքը:- Բայց մի խնդիր կա. դու էլ «ընդամենը պետք է ինձ յոթ գառան դմակ բերես», որ ուտեմ ու կարողանամ քեզ դուրս բերել Մութ աշխարհից,- նույն տնազով շարունակեց Կանդաղ հավքը:
— Իսկ որտեղի՞ց պետք է բերեմ յոթ գառան դմակը:
— Քարանձավի աջ կողքով գնացող ճամփով որ գնաս, կհանդիպես մի գյուղի. հենց այդտեղից էլ կկարողանաս բերել դմակները:
Մեսուն էլ սպասել չտվեց. այդ պահանջն էլ կատարեց և բեռնավորված վերադարձավ Կանդաղ հավքի մոտ:
— Իսկ հիմի, արքայա՛զն, բարձրացի՛ր իմ շալակը. պատրաստվում ենք թռիչքի:
Մեսուն բարձրացավ նրա շալակն ու հարմար տեղավորվեց:
— Արքայա՛զն, ուշադի՛ր կլինես, որ երբ ձայն տամ, ինձ գառան մի դմակով կերակրես, թե չէ վայր կընկնենք:
— Անհոգ եղիր, Կանդա՛ղ հավք, մենք արդեն պատրաստ ենք:
Այդ ընթացքում արդեն Հոհոլ բուն էլ էր տեղավորվել Մեսուի ծոցում: Վերջապես նրանք Մութ աշխարհից դուրս կպրծնեին:

ՎԵՐԱԴԱՐՁ ԵՎ ՄԵԿՆՈՒՄ
Երբ արքայազն Մեսուն դուրս եկավ Մութ աշխարհից Այլաշխարհ, որտեղ մութը համեմատաբար ավելի թափանցիկ էր, և կարելի էր մի որոշ հեռավորության վրա զանազանել իրերը, մի տարօրինակ բան էր կատարվել նրա հետ: Նրա մազերը ճերմակել էին, մարմինը` կնճռոտվել, թեպետ ուժը դեռ տեղն էր: Հոհոլ բուն անթարթ նայում էր Մեսուին ու գլուխը տմբտմբացնում:
— Միայն մի տարբերակ կա, որ կարողանաս վերականգնել քո նախկին տեսքը, վերադարձնես քո երիտասարդությունը:
— Եվ ինչպե՞ս,- կոշտ ձայնով հարցրեց Մեսուն` ինքն էլ իր ձայնից անակնկալի եկած:
— Քո եկած ճանապարհից ձախ գնացող ևս երեք ճանապարհներ կան, պիտի դրանք հերթով անցնես, հակառակ դեպքում կմնաս այնպիսին, ինչպիսին ես այժմ:
— Լավ, այդ հարցով դեռ կզբաղվենք: Հիմի պետք է վերադարձնել իմ Հրեղեն թամբը. ավելի քան անհրաժեշտ է այն այժմ:
Նրանք դանդաղ գնացին Ձար-Մաճուճի քարանձավի ուղղությամբ: Զարմանալիորեն Երկանաքարեր նետողն ու Ժայռեր տեղափոխողը դեռ այնտեղ էին ու բարձր-բարձր վիճում էին, թե ում պետք է հասնի Հրեղեն թամբը և ում` գանձերը: Բայց ոչ մի կերպ չէին կարողանում համաձայնության գալ, քանի որ յուրաքանչյուրն ուզում էր, որ Հրեղեն թամբն իրենը լինի: Ու հենց այդ ժամանակ էլ նրանց մոտեցան Մեսուն և Հոհոլ բուն:
— Բարի՛ մարդիկ, ինչ-որ բանով կարո՞ղ եմ ձեզ օգնել,- հարցրեց Մեսուն:
— Ընդամենն ուզում ենք մեր միջև բաժանել գանձերն ու այս թամբը և չենք կարողանում, պապի ջան,- խոսեց Ժայռեր տեղափոխողը:
— Տնաշեննե՛ր, դրանից էլ հեշտ բա՞ն,- ասաց Մեսուն և դանդաղ հեծավ թամբը:- Սա՝ ինձ, մնացածը՝ ձեզ:
Երկանաքարեր նետողն ու Ժայռեր տեղափոխողը շատ զարմացան, որ ծերունին կարողացավ նստել թամբին, և թամբը նրան վայր չնետեց, քանի որ մինչ այդ նրանք հեծնելու մի քանի անհաջող փորձեր էին արել և գետին էին գլորվել:
— Մի՞թե դու ես, Մեսո՛ւ… բայց այս տարիքի՞…- կմկմացին նրանք:
— Այո՛, ես եմ, բայց շատ ժամանակ չունեմ, պիտի գնամ: Այդ գանձերը ձեզ եմ թողնում, թեկուզ նամարդ դուրս եկաք: Ճիշտ են ասում, որ սևն ու սպիտակը գետն անցնելիս են երևում:
Եվ Մեսուն հետդարձի ճամփան բռնեց: Ի զարմանս նրա` թամբն արդեն հլու-հնազանդ գնում էր այն ուղղությամբ, որ ուղղությամբ որ նա էր ուզում: Մի քիչ էլ, և նրանք հայտնվեցին ճամփաբաժնի քարի մոտ, որտեղից սկիզբ էին առնում նաև մյուս ճանապարհները:
— Արքայա՛զն, ես այստեղից արդեն չեմ կարողանա քեզ հետ գալ: Քո նոր արկածների համար դու ուրիշ ընկերներ ձեռք կբերես: Միայն թե շատ զգույշ եղիր և ամենակարևորը` չշտապես, համբերատար մտածիր անելիքներդ: Զգուշացի՛ր Դեղնամորուսից և վստահիր Կոռափ ագռավին:
Արքայազնը հրաժեշտ տվեց Հոհոլ բուին և Հրեղեն թամբը քշեց ձախակողմյան ճանապարհով: Բայց սա արդեն ուրիշ հեքիաթ է: Թե ինչ եղավ արքայազն Մեսուի հետ` մեկ ուրիշ անգամ:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն