«Շունը պատահական էր հայտնվել երթուղայինում»,- նովելի դեռ առաջին տողերն էր ընթերցում քառասունն անց մի կին, երբ հեռախոսին զանգ եկավ:
— Զառա, բարև, չվերթդ քանիսի՞ն է,- մտերմիկ տոնով հարցրեց զրուցակիցը:- Լավ, որ հասնես` կզանգես ինձ, որ դիմավորեմ: Դե, հաջողություն, քեզ բարի թռիչք:
Զանգը, որ ընդհատեց ընթերցանությունը, նախկին ամուսնուց էր, ամուսիններից մեկից: Տարբեր տղամարդկանց հետ համատեղ կենցաղ վարելով` Զառայից շարունակում էր հեռու մնալ երեխա ունենալու բերկրանքը, որին Զառան շատ էր տենչում, սակայն չէր կարողանում հասնել:
«Բոլորը հանկարծակիի եկան` տեսնելով շանը իրենց առաջ: Ուղևորներից ոմանք սկսեցին գոռալ, նրանցից շատերը սկսեցին տարբեր իրեր նետել շան ուղղությամբ: Վարորդը փորձում էր դուռը բացել, սակայն բոլոր փորձերը ապարդյուն էին»:
Զառան, ով որոշել էր մեկնելուց առաջ ընթերցել վերջերս նվեր ստացած գիրքը, ստիպված էր ևս մեկ անգամ ընդհատել ընթերցանությունը. շան` շարունակ ուժգնացող հաչոցները նրան տարան խոհանոց, ուր, առջևի թաթերը պարզած, Բեկին կաղկանձալից նայում էր դռանը:
— Կներես, լրիվ մոռացել էի քո մասին, կյանքս,- դատարկելով կերը ափսեի մեջ` ասաց Զառան, այնուհետև գրկելով Բեկիին` սկսեց շոյել նրան,- հա, ուզում ես ուտել, գնա:
Բեկին կլանված դատարկում էր ամանը, երբ Զառան, շարժվելով դեպի սենյակ, նկատեց բաժակը, որ նվեր էր ստացել ընկերներից մեկից: Ընկերներ և առհասարակ ծանոթներ Զառան շատ ուներ: Նրանցից ոմանք իր կողակիցներն էին, ում հետ նա շարունակում էր կապը պահել, ոմանց ձեռք էր բերել հեծանվային ուղևորությունների ժամանակ, մի մասին ճանաչում էր դասընթացներից, որոնց մասնակցում էր օտար լեզու ուսանելու նպատակով:
«- Լսեք, սա ի՞նչ է, էս շանը հո այստեղ չե՞նք թողնելու,- բացականչեց ուղևորներից մեկը:- Հա՛, ճիշտ է, մենք մա՞րդ ենք, թե՞ չէ, վերջիվերջո:- Բոլոր ուղևորները շարունակում էին տարբեր մեթոդներ մտածել շնից ձերբազատվելու համար, իսկ չորքոտանին շարունակ հաչում էր` ավելի նյարդայնացնելով ուղևորներին»:
— Հա՛, ճիշտ ա, իրերս դեռ չեմ հավաքել, հիշեմ` համակարգիչս դնեմ, վաղը անալիզի պատասխաններն են գալու,- հայացքը նետելով ճամպրուկին` հանկարծ մտաբերեց Զառան: Զբաղվելով մարդկանց նյարդային խանգարումների խնդիրներով` Զառան հաճախ էր համակարգչից օգտվում` հետազոտությունների արդյունքները մշակելու համար:
Զառայի զգեստապահարանը հարուստ էր ապորտային կոշիկներով, ջինսե տաբատներով, որոնց թիվը հատում էր տասի սահմանը: Ճաշակ Զառան հասցրել էր ձեռք բերել, ինչպես նաև ծխելու սովորություն, որի մասին հիշեց ճամպրուկը հավաքելուց հետո:
Պատուհանագոգին հենված` Զառան թափում էր մոխիրը մոխրամանի մեջ, երբ հեռախոսին կրկին զանգ եկավ: Չհասցրեց պատասխանել: Նախկին զուգընկերներից մեկն էր, ով, տեսնելով, որ Զառան չի պատասխանում, որոշեց հաղորդագրություն գրել: «Ե՞րբ կլինես տանը, որ գամ Բեկիին վերցնեմ»,- գրել էր նա:
— Ո՞նց ես,- հարցրեց Զառան` հետ զանգելով:
— Լավ: Ի՞նչ ես անում, ճամպրուկդ ես հավաքո՞ւմ:
— Արդեն հավաքել եմ,- հայացքը նետելով ճամպրուկին` ասաց Զառան, այնուհետև հարցրեց©- Հետո, ասում ես, ինչպե՞ս ա անցնում կյանքդ նոր ընկերուհուդ հետ:
— Սո՛ւս, դեռ գլուխ գովալու բան չունեմ: Ահավոր շատ եմ ուզում, բայց դեռ մոտիկ չի թողնում, ասում ա` մի քիչ էլ սպասենք,- տխուր ու հուսահատ ձայնով ասաց նախկին զուգընկերը:
— Պարզ ա, շոկոլադ կեր, լարվածությունդ կհանի: Էդ քեզ որպես նևրապաթոլոգ եմ ասում:
— Հումորդ, ոնց տեսնում եմ, նույնն ա մնացել,- չթաքցնելով ծիծաղը` ասաց նախկին զուգընկերը:
— Լսի՛ր, ձեզ մոտ իրո՞ք ամեն ինչ լուրջ ա, կարող ա` երեխա էլ ունենաք,- կարծես իսկապես մտահոգվելով նրանց հարաբերությունների ճակատագրով` հարցրեց Զառան:
— Չէ… դեռ չգիտեմ,- շփոթվելու աստիճան կցկտուր պատասխանեց նախկին զուգընկերը:
— Հա, լավ, պարզ ա, մենակ զգույշ եղիր` պատահաբար չունենաս,- տեղավորվելով բազմոցին` ասաց Զառան:- Դե, մի օր ինքը կարող ա խմած լինի, դու էլ չհասցնես® Հետո էլ ստիպված կասեք` դե, մենք երկար էինք սպասում երեխայի, շատ էինք ուզում ունենալ:
— Բայց դու նույն ցինիկն ես մնացել,- բավականին կենսախինդ տոնով նշեց նախկին զուգընկերը,- քեզ չճանաչեի, կմտածեի` վիրավորված ես մեր բաժանումից:
— Ինչի՞ց վիրավորվեմ, լսի՛ր, ես հո գիտեմ, որ դու կյանքում երկու անգամ ես զգացել սիրո բերկրանքը` մեկ` երբ մոտդ առաջին անգամ էրեկցիա էր, ու չգիտեիր` ինչ անել, մեկ էլ` երբ ինձ հանդիպեցիր:
— Լավ, Զառ, դե ես վաղը առավոտյան կգամ, Բեկիին կվերցնեմ, հիմա գնամ, դե քեզ բարի թռիչք, տեղ հասնես` կգրես,- ասաց նախկին զուգընկերը` շտապելով պատասխանել ընկերուհու նամակին:
— Լավ, եղավ: Հա՛, քիչ էր մնում մոռանայի, քեզ համար նվեր ունեմ, սեղանին եմ դրել, կվերցնես,- գնալով խոհանոց` ասաց Զառան` ստուգելու նվերի առկայությունը:
«Աղջիկը ջազ է սիրում, հաստատ կհավանի»,- համերգի տոմսերը դնելով ծրարի մեջ` մտածեց Զառան, իսկ աղջիկը նախկին զուգընկերոջ նորահայտ ընկերուհին էր, ում մասին խոսում էր Զառան: «Գոնե համերգը մի բանով օգնի»,- թեթև քմծիծաղը երեսին` շշնջաց Զառան:
«- Չէ, այսպես չի լինի, այս շունը մեր կյանքը փչացնում է,- ցասումնալից պոռթկաց ուղևորներից մեկը, սակայն երթուղայինում շատերն արդեն հաշտվել էին շան գոյության հետ, գրեթե բոլորը վարժվել էին նրա ներկայությանը, նա շարունակում էր պարզապես նստած մնալ իր տեղում ու երբեմն հաչալ»:
«Էս շան նման եմ ուզում լինել, իրոք: Չէ՛, ես հաստատ երեխա կորդեգրեմ, վերջնականապես որոշեցի»,- թերթելով նովելի վերջին էջը` մտահանգեց Զառան` փորձելով հանգուցալուծել մի հարց, որ տանջում էր իրեն արդեն տևական ժամանակ:
Շատ առումներով ի ծնե օժտված` Զառան կարծես նետված լիներ այս կյանք, ուր շարունակ էական ինչ-որ բանի պակաս էր զգում: Ոչինչ Զառային չէր տալիս կյանքից լիարժեք բավարարված լինելու զգացում: Կարծես բնությունը միտումնավոր Զառային տվել էր ամեն ինչ, բացի երջանիկ լինելու ունակությունից: Իսկ Զառան որքան շատ էր փորձում լրացնել պակասը, այնքան երջանկության ակնթարթը նրանից ավելի էր հեռանում:
«Չէ՛, էս շան բախտից ես էլ պետք ա ունենամ»,- մտածեց նա` շարժվելով դեպի մահճակալ, երեխա որդեգրելու միտքը ուղեղում պահած: