Եթե շտապօգնության մեքենայի հետ դեղին Նիվա է գալիս, ուրեմն՝ մեկը մահացել է։ Եվային դա ասաց հարևանի աղջիկ Լիլիթը։ Դիմացի շենքից մի կին՝ Գևորգի մաման, եկել, բարձրացել էր իրենց շենքի 14-րդ հարկ և ցած նետվել։ Եվան ապրում էր 14-րդ հարկում։ Կնոջը տեսավ պատուհանից, երբ նա արդեն պառկած էր գետնին։ Վրան սպիտակ սավան էր գցած։ Մազերը փարթամ էին ու սև։ Հեռվից նման էր Եվայի մայրիկին։ Այդ ժամանակ առաջին անգամ եկավ դեղին մեքենան: Կարճ մազերով գեր կանայք ասում էին, որ այդ կինը գիժ էր, ամուսինը դավաճանում էր, փող չէր բերում, սկեսուրը կյանքն ուտում էր…
Մի օր էլ իրեն ցած նետեց աքլորը։ Սերոժ ձյաձյան շենքի կտուրում հավեր էր պահում։ Ճտերի համար կտուրը վերանորոգել էր. ձյութ էր քսել։ Ամռանը ձյութը տաքությունից փափկում էր։ Երբ Սերոժ ձյաձյան հավերին կերակրում էր, Եվան ընկերների հետ բարձրանում էր կտուր։ Ոտաբոբիկ արագ-արագ քայլում էին ձյութի վրայով։ Ով երկար դիմացավ եռման սև գորգին, նա էլ չեմպիոնն է։ Պատմում էին, որ մի օր ճտերից մեկը մխրճվել-մնացել էր հալված ձյութի մեջ։ Սերոժ ձյաձյան փորձել էր դուրս բերել ճտին։ Ուժեղ էր քաշել։ Թռչունը մնացել էր ափի մեջ, ոտքերը՝ ձյութից տնկված։ Թե ինչու ցած նետվեց աքլորը, այդպես էլ ոչ ոք չհասկացավ։ Եվան ներքևում էր։ Աքլորն արծվի պես բացել էր թևերը. մի պահ անգամ թվաց՝ կթռնի, կգնա… Հետո Սերոժ ձյաձյան ճտերին վաճառեց։ Կեսին կերան։
Շենքի տակ սրճարան-խանութ բացվեց։ Եվան ընկերուհու հետ դասերից հետո այդտեղ խաչապուրի էր ուտում։ Հայրը դպրոցի բուֆետում ճաշելու համար փող էր տալիս։ Սոված էին մնում։ Այդ փողով սրճարան-խանութում լիմոնադ էին գնում։ Ամենահամովը տանձինն էր, բայց թարխունի էին վերցնում, որովհետև թարխունից լեզուն կանաչում է։ Սրճարանում ծխում էին տարբեր տարիքի տղամարդիկ։ Բողոքում էին՝ գործ չկա, եթե կա, փողը քիչ ա: Խմում էին միայն սուրճ։ Երբեմն քաշքշում էին Եվայի ու ընկերուհու թշերը. «Էրեխեքը շուտ են մեծանում»։ Ժոռա ձյաձյան մի անգամ հավաստիացնում էր՝ տո դու գիտե՞ս՝ Լուսինն ինչ հեռույա, արևից հեռույա։ Ծխում էին։ Ոչ-ոք չէր առարկում։ Այդպես Եվան առաջին անգամ մեծ մարդ տեսավ, ում ասածը չէր համընկնում գրքում գրվածի հետ։
Ընդհանրապես հարևանների ասածները դժվար էր ստուգել գրքերով։ Օրինակ՝ Կառա տոտան փչացած ա, Վիկայի մարդը գող ա, Արմենն արդեն երրորդ խանութն ա բացում, բայց մայրը լացում ա, թե հացի փող չունեն… Ուսուցչուհին դպրոցում պատմում էր տիեզերքում գտնվող Սև Խոռոչների մասին, որտեղ ձգողականության ուժն այնքան մեծ էր, որ անգամ լույսն էր քաշում իր մեջ։ Սուսան տոտան պատմում էր Խոպանի մասին։ Այն իր մեջ քաշում էր ամուսիններին ու պապաներին։ «Հետո էլ չես գտնի։ Կնանիք երեխեքի հետ մնում են որբ, բարձիթողի…»։
Ալինա տոտայի ամուսնուն էլ Խոպանը տարավ։ Իր փոխարեն միայն փողն էր տուն գալիս։ Ալինա տոտան Սուսան տոտայի հետ ամեն օր միջանցքում սուրճ էր խմում։
— Արևի լվացքը տեսե՞լ ես։
— Էն որ երեք հատ տղա ունի՞։
— Հա՛։
— Բա էտ կնիկա՞։ Էտ ի՞նչ փնթի լվացք ա։ Մեղք ըլնեն դրա էրէխեքը:
Մի օր Սուսան տոտան, Ալինա տոտայի մազերը քաշելով, աստիճաններից քիչ էր մնում ներքև գլորեր։
— Փչացած։ Ի՞նչ ա նշանակում՝ մարդս քեզ ձեռա քցել։ Դու ո՞վ դառար, որ մարդուս բան ես ասում։
Ալինան մարմնով գուցե ավելի թույլ էր, սակայն ավելի զրնգուն ձայնալարեր ուներ։
— Էդ ինչի՞։ Դե մի հատ հենց հիմա արի հանվենք, տեսնենք երկուսիցս մարդդ ում կընտրի։
Սուսան տոտայի ամուսինը ճաղատ էր։ Ականջները ժամանակին երևի եղել են կլոր, ինչպես արբանյակային անտենաները։ Հիմա արևից տաքացել, երկարել են։ Ուր որ է՝ կկաթան ուսերին։ Մեկ տարի անց Սուսան տոտայի ամուսնուն նույնպես Խոպանը տարավ։
…
Եվայենց թաղամասում ամռանը օդը թանձրանում էր։ Մարդիկ, իրար հրելով, խիտ-խիտ լցվում էին երթուղային տաքսիների մեջ։ Մեքենան նվվալով առաջ էր գնում։ Ճիշտ այդպես ամեն տեսակ աղմուկը, ծխախոտի ծուխը, գոլորշին ու քրտինքի հոտը լցվում էին երեկոյան օդի մեջ։ Թոքերը ճռռալով էին շնչում։ Աղմուկն ամենուր էր՝ մարդիկ, շները, նարդու զառը, սովետական վերելակները, որոնցից մեզի հոտ էր գալիս։ Եվան ընկերների հետ բակում գրազով պոչից բռնում ու պտտում էր վաղուց սատկած և որդերով պատված առնետներին։ Կանայք գորգ էին լվանում, բուրդ էին չփխում, մուրաբա ու չիր էին սարքում։ Տղամարդկանց համար գործ չկար, տանը տեղ չկար, փող չկար, հավես չկար…
Մի օր ոստիկանական դեղին մեքենան եկավ երկրորդ անգամ։ Պարզվեց՝ շենքում մալականներ են ապրում։ «Մի կվարտիրում հազար հոգի»։ Մալական տղամարդն իրեն ցած էր նետել 7-րդ հարկից։ «Դե դրանց ո՞վ ա հասկանում։ Ասում են՝ դրանք սաղ քուր ու ախպեր են»։ Սուսան տոտան Ալինային ասաց, որ մալականները շատ մաքրասեր են։
— Տենաս խի՞ էտ տղեն իրան քցեց։
— Երևի գիժ էր։
— Հաստատ։
Սուսան տոտան երբեք թաղամասից դուրս չէր եկել։ Չգիտեր, թե որտեղ է գտնվում Հանրապետության հրապարակը, և ինչ բան է կոնսերվատորիան։ Սուսան տոտան այդ մասին կրկնում էր հաճախ, հստակ և բարձրաձայն։ Նրա տղան Ջիպ էր քշում։ Ամուսինն էլ խոպան գնալուց առաջ վերանորոգել էր ավտոտնակի կտուրը։ Հիմա այդտեղ բուրդ չփխելն ու չորացնելը շատ հարմար էր։ Եվային տեսնելիս Սուսան տոտան անպայման հարցնում էր մայրիկից։ Ժպիտը ցուցադրում էր երկու ոսկեգույն ատամները։ Մազերն իր փակած կարմիր բիբարից էլ վառ, բոսորագույն էին։ Դնչի մեծ խալի կողքից ցցվում էին մալուխի պես ամուր մազերը։ Լիլիթը մի օր կատակեց՝ էտ անտենաները Բի-Բի-Սի են բռնում։ Եվան լռեց. «Բի-Բի-Սի-ն ի՞նչ ա»։
Լիլիթն արդեն մեծ էր։ Դպրոցն ավարտել էր։ Հարևան շենքի Արմենը «լուրջ նպատակներով» ուզեց խոսել նրա հետ։ Եկավ և խոսեց Լիլիթի եղբոր հետ։ Դրանից հետո ամեն երեկո Լիլիթը քայլում էր Արմենի կողքով։ Չէին խոսում։ Միայն քայլում էին։ Մոտ երեք մետր հեռավորության վրա քայլում էր Լիլիթի եղբայրը։ Երբեմն Լիլիթն ու Արմենը խանութ-սրճարանում թեյ ու սուրճ էին խմում։ Եվան լիմոնադի շշերի արանքից փորձում էր հաշվել Արմենի դեմքի պզուկները։ Այդ մանր սպիտակ գնդիկները իրեն տանում էին կենսաբանության կաբինետ։ Ասես կարմիր որդը ձվադրել էր Արմենի թշի մեջ։ Տղամարդիկ ծխում-ծիծաղում էին։ Արմենը չէր խոսում Լիլիթի հետ։ Խոսում էր տղամարդկանց հետ։ Լիլիթը թեյ էր խմում։
— Արմեն։
— Հա՛, Ժոռա ձյա:
— Գիտե՞ս խի ա մեր թաղի անունը Բանգլադեշ։
— Խի՞։
— Բանգլադեշ երկիրը որտեղ ա, գիտե՞ս…
Արմենը թափ է տալիս ուսերը։
— Եսիմ։ Ջանդամի գյոռն ա։
— Ըհըըըըըը… Ապրես… Ջոգիր…
Տղամարդիկ բարձր ծիծաղում են։ Լիլիթը ժպտում է թեյին։ Ու հանկարծ այդ ամբողջ աղմուկը ծակում, ճղում է կնոջ մի ճիչ։ Բոլորը լռում են։
Գալիս է դեղին մեքենան։ Արև տոտայի միջնեկ տղան՝ Սուրենը, իրեն ցած է նետել հարևան շենքի 9-րդ հարկից։ «Մուրազի վրա տղա էր, հարսնացու ուներ, թե խի՞…»։ Սուրենին գետնին Եվան չտեսավ։ «Հեռու գնացեք, էրեխեք»։ Գլուխը բարձրացրեց։ Երկու շենքերի բոլոր հարևանները կախվել էին պատուհաններից։ Հետո գրեթե բոլորը քայլեցին դագաղի ետևից։ Սուսան տոտան Ալինայի հետ միասին հարկում կանգնած հետևում էր թաղման արարողությանը։ Ալինա տոտան սաստեց իրենց կողքին խաղացող Եվային և ընկերուհուն՝ մի՛ աղմկեք, ամոթ է, մարդ է մահացել։ Սուսան տոտան ասաց.
— Ես չեմ զարմանում, որ էս տղեն վերջը իրան քցեց։
— Խի՞։
— Դու դրա մոր լվացքը հիշո՞ւմ ես։
— Լավ էլի, Սուսիկ։
Ալինան էլ ոչինչ չասաց։ Շրջվեց գնաց տուն։ Սուրճ չխմեցին։
Բանգլադեշում ամռանը օդ չկա: Արևը եռում է: Ասֆալտը` փափկում: Երեկոյան երկնքից անձրև չէ, քրտինք է թափում: Գիշերը կզգաս, որ կաշիդ շատ հաստ է: Չես քնի: Լուսաբացին վեր կթռչես աղմուկից: Առաջինը ճղճղում են լաչառ ծիծեռնակները:
Առավոտյան ժամը վեցին Ալինա տոտան իր որդու հետ դուրս է գալիս զբոսնելու: Մոտ 25 տարեկան տղան սայլակի մեջ է: Չի խոսում: Երբեմն տարօրինակ ձայներ են դուրս գալիս կոկորդից: Բակը դատարկ է: Եթե հարևաններից մեկը պատահաբար հանդիպի Ալինային, կբարևի, սովորականից շատ ավելի սիրալիր կլինի: Հայացքը` գամված ուղիղ Ալինայի աչքերի մեջ: Այդպես թպրտացող ձկանն են բռնում, որ չփախչի: Ժպիտը աղեղի լարի պես պինդ ձգած, մինչև ականջները:
— Բարև, Ջանա… Ո՞նց ես, ջիգյար… Տեսքդ լավ ա…
Ալինայի որդու անունը ոչ ոք չգիտի: