Ստեփանակերտի գերեզմանատանը փոսերը նախապես են փորում: Փոսերը, որոնց մեջ զավակներիդ ես դնելու: Իմ յոթգլխանի հրեշ, իմ անկուշտ հրեշտակ: Դու ի՞նչ խղճով ես այսքան թանկանում, իմ անգին երկիր, իմ անկուշտ երկիր: Քո թանկությունը տապանաքար է, որ մեր ձեռքով քաշում ենք մեր կյանքերի վրա: Իմ թանկ երկիր, իմ ծանր երկիր: Քաշում ենք ու անձայն պառկում՝ նախապես փորված այդ փոսերի մեջ, որ տեղ չմնա մյուս զավակներիդ, բայց հենց մեր կողքին նորերն են փորվում՝ պուճուր տղերքի, սուրբ մանուկների կյանքերի համար: Իմ թանկ երկիր, իմ սուրբ երկիր:
Ու քեզ հանկարծ բոլորն են սիրում, անգամ նրանք, որ չեն էլ տեսել, անգամ նրանք, որ գնալու են ու հեռվից սիրեն՝ հեռվից ու բարձր, հեռվից, գոռալով, որովհետև դու չափազանց ծանր ես, իմ պուճուր երկիր, իմ հսկա երկիր, իմ ծանր ժայռ: Ու քեզ հանկարծ բոլորն են սիրում, որովհետև միշտ էլ բոլորը մահամերձի շուրջն են հավաքվում՝ ոմանք խղճալով, մյուսները ժառանգությունը մտքում կիսելով: Գնա մեռի, արի սիրեմ, իմ մեռնող երկիր, իմ հառնող երկիր: Գնան մեռնեն, որ գան, սիրես, նրանք, որ քեզ ողջ-ողջ էին սիրում: Իմ պուճուր տղերք, իմ սուրբ մանուկներ:
Ու քեզ կիսում են հրապարակում, իմ դեռ չընկած եզ, իմ թոկից փախած, արնաշաղախ եզ: Սուր դանակները վզիդ են քաշել, որ քեզ մորթելուց հետո էլ սգան, ողբան, կոտորվեն, որ ապացուցեն, որ հենց իրենք են ամենից շատ ու անվերապահ քեզ սիրողները: Սուր դանակները վզիդ են քաշել, որ սգավոր դառնան, որովհետև սգավորներին բոլորն են սիրում: Իմ խեղճուկրակ, իմ քացի տվող, իմ չընկնող եզ:
Իսկ դու հանկարծ էլ չես սիրում մեզ, իմ ուրացող մայր, իմ խելագար մայր, ինչպես չեն սիրում զոհված զավակի հոգեհանգստին սփոփանքի խոսքեր ասող ողջերին: Ու դու հանկարծ էլ չես սիրում մեզ, որովհետև նախապես փորված փոսն ես իջեցրել բոլոր նրանց, ում ամենից շատն էիր սիրում: Պուճուր տղերքին, սուրբ մանուկներին: Իսկ մեր լինելը չափազանց ծանր է, ծայրահեղ անիմաստ: Իսկ դու դեռ պետք է ներես մեզ: Իմ հանդուրժող երկիր, իմ ներող երկիր:
Եռաբլուրում ճիշտ իրար կողքի ավելանում են նոր-նոր թմբերը՝ պուճուր տղերքի, թաքուն յարերի, ջահել մայրերի ու այլևս երբեք չծնվող երեխաների: Հողդ թեթև է մեռնողի վրա ու այնքան ծանր մեր ոտքերի տակ: Իմ չքնաղ երկիր, իմ պուճուր երկիր: Ու ծանրությունն այդ մեզ կուլ է տալիս, ու հետ չի թքում՝ հավերժ պահելով իր էության մեջ: Իմ բացարձակ սեր, իմ կործանող սեր: Զոհեր պահանջող ու զոհի վրա ողբացող երկիր: Մի կողմից թաղող, մի կողմից ծնող խելագար երկիր: Մեր պարտության մեջ աղմկող երկիր, քո հաղթության մեջ բացարձակ երկիր: