Ծղոտե գլխարկով ծերունին, որ Կարիբյան ծովի ծովահենի դեմք ուներ` սպիներով ծածկված, Մամիկոնն էր: Օդանավակայանում ոչ մեկը չէր եկել նրան դիմավորելու: Երբեք ամուսնացած չէր եղել: Վերջին 27 տարիներին ապրում էր Խաղաղ օվկիանոսի ափին` Անտոֆագաստա քաղաքում, կարողացել էր ձեռք բերել գլխարկից մի քիչ ամուր նյութից տուն` հենց օվկիանոսի ափին, ձկնորսական պիտույք և մակույկ, և կուբայական սիգարների հավաքածու: Ու չնայած, հատկապես ուրբաթ օրերին Մամիկոնը կանանց ու գինու պակաս երբեք չէր զգում, բայց նա այն տղամարդկանցից էր, որոնց համար կինն ու գինին երբեք ձեռքբերումների շարքին չեն դասվում:
Մամիկոնը օվկիանոսի ափ տեղափոխվեց արցախյան առաջին պատերազմից անմիջապես հետո: Երբ վերադարձավ պատերազմից ու տեսավ, հասկացավ, զգաց, թե ինչ է անում հաղթանակը մարդկանց ու հետևաբար երկրի հետ, ինչ են անում ու փաստորեն, ինչերի են ընդունակ իր իսկ մարտական ընկերները, որոշեց, որ խաղաղվելու ժամանակն է, ու նայեց քարտեզին` հասկանալու, թե որտեղ է հնարավոր այդ խաղաղվելը: Տատանվում էր Մեքսիկայի և Չիլիի միջև, բայց ընտրեց Չիլին, որովհետև Անտոֆագաստա քաղաքի անունը նրան հրապուրիչ թվաց: Բացի այդ Չիլիի աշխարհագրական դիրքը նրան հիշեցրեց իր վաղեմի վստահությունը` երկար երկրներում մարդիկ երկար են ապրում: Հեռացավ առանց աչքը թարթելու: Երկու օրից նա արդեն վայելում էր Խաղաղ օվկիանոսի մայրամուտը և զարմանում, թե ինչպես է օվկիանոսն ազդում մարդկանց հոգեբանության վրա: Ամեն դեպքում Մամիկոնը չէր պատկերացնում, թե օվկիանոսի ափին ծնված ու ապրող այդ ո՞ր մարդը կարող է պատերազմել կամ որևէ իմաստ տեսնել պատերազմի մեջ:
Մամիկոնն իսկապես խաղաղություն գտավ: Օվկիանոսից բացի, որը ազատամարտիկի հոգու պես մշտապես աղմկում է, նույնիսկ գիշերներին, երբ բոլորը քնած են ու հատկապես գիշերներին, ձկները սովորեցրին նրան լռել, նույնիսկ երբ սեփական միջավայրից դուրս ես: Մամիկոնը խաղաղ և լուռ ապրում էր` լսելով, որ իր ընկերները մեծ-մեծ պաշտոններ են ստացել հայրենիքում, տեսնելով, որ հաղթանակը կուրացրել է մի ամբողջ երկիր, կուրացրել է այնքան, որ այդ երկիրն այլևս չի մտածում հաջորդ պատերազմի մասին, ամենևին էլ չհանձնված թշնամու մասին, որն օրնիբուն զինվում է, որն արդեն մանկապարտեզից ատում է: Ամեն անգամ, երբ լուր էր ստանում, որ իր ընկերներից մեկը ուսադիրին հերթական աստղն է ավելացրել ու տան հերթական հարկը, Մամիկոնը քշտում էր թևերն ու դուրս գալիս օվկիանոս: Նրա ուսերին ոչ մի աստղ չկար. բոլորը երկնքում էին:
Երբ լուր ստացավ, որ թշնամին լայնամասշտաբ պատերազմ է սկսել, չզարմացավ: Երբ լսեց, որ Արցախի հարավից նահանջել ենք, չզարմացավ, երբ տեղեկացավ, որ Շուշին պաշարված է, չզարմացավ, երբ տեսավ, որ Շուշիում թշնամու դրոշն է, չզարմացավ…Միայն այսքանից հետո որոշեց, որ վերադառնալու ժամանակն է: Օվկիանոսը նրան սովորեցրել էր, որ չկա ավելի մեծ ուսուցիչ, քան պարտությունն է, գոյություն չունի առաջ նետվելու ավելի մեծ գործոն, քան պարտությունն է և հակառակը, հեշտ ճանապարհներն ու հաղթանակները բթացնում են:
Մամիկոնն անշտապ քայլերով դուրս եկավ Երևանի օդանավակայանից: Նա հայրենիքից հեռացել էր, քանի որ գիտեր, որ հաղթանակը փչացնելու է երկիրը ու հիմա եկել էր, որ բացատրի, թե ինչ է պետք անել պարտության հետ: Վստահ էր, որ կարող էր. արդեն 27 տարի և վերջին անգամ` երեկ, նա աշխարհի ամենամեծ օվկիանոսի միջից ձկներ էր որսում…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն