այստեղ, որտեղ տունն է

դե արի ու ապրիր սովորական ծեսերը
շարունակելով.
լվացքն առավոտյան,
սուրճը վեցից հետո՝
չխմած այդպես էլ,
անպայման մի քանի էջ՝
նախքան քնելը,
զբոսանքները երեկոյան ու տխրությունը
սովորաբար անհիմն այնքան
(գիտեմ հիմա)
շարունակիր խոսակցությունները այս ու այնի մասին,
եթե կարող ես, շարունակիր,
մարդկանց հետ և կողքին, որոնք կորցրել են,- ապրել

ծանր չէր իրականում, փաստորեն, բաժանվելը սիրած տղաներից
տեղափոխվելը տնից, որ հարազատ էր դարձել արդեն,
էլ երբեք չգնալը համերգի այն մարդու հետ,
փաստորեն ցավի սանդղակում ցածր միավոր ուներ՝
օդանավակայանում հրաժեշտ տալը սիրելիներին,
ձախողելը հերթական քննություն, փորձ, խոսակցություն,
չգտնելը պետքականը՝ ցավի մասին չէր, պարզվում է։

բայց ծանր է։ սոսկալի ծանր բան է հողը սիրելն այսչափ
ու այսքան անգամ մեռնելը
-քո ի՞նչ տարիքն էր
առհասարակ

այնքան դժվար էր — փնտրեցի-փնտրեցի
մի կերպ նոթատետրս գտա գրքերի միջից,
բացել, նայում էի նկարիդ, երկուսս 16 տարեկան էինք՝ երեխա,
մի խումբ մարդ կար, բայց քեզ համար էի տպել-պահել,
հաջորդ էջում գրել էի՝ ինչ կանաչ են աչքերդ, սիրելիս,
գրել էի՝ սպիտակ ես ուրվական լինելու չափ,
և պատմվածքս քո աչքերի գույնն ունի,
կնվիրեմ մի օր — գրել էի
հետո շոյում էի հազիվ երևացող դեմքդ, հետո բառերը նշաններ դարձան զուտ
եվ չեմ կարողանում, դեռ չեմ կարողանում ոչ ոքի հետ խոսել քո մասին`
խաղաղ իմ,
իմ թափանցիկ,
իմ հոգի, իմ լույս, իմ թեթև տոն,
որ ինձ հետ է — միշտ

ի՞նչ պիտի և ի՞նչ կարող եմ ասել քեզ —
ներիր, ներիր ցավս,
որ խիզախել եմ պահել հեռու բոլորի աչքից,
որ մեկ-մեկ կոտրվում եմ (քեզ դուր չէր գա),
ներիր, որ ունեցածը մեր հիմա բուռուկես մի երկիր է,
որ աղմուկը շատ է այսքան, երբ պիտի լռություն լիներ,
եվ շնորհակալություն
քեզ

ավելի ու ավելի շատ, քան այլ ինչ —
ես
շնորհակալ եմ
քեզ

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն