Արբանյակ, երկնային մարմին, որը պտտվում է որոշակի հետագծով (ուղեծիր) մեկ այլ մարմնի շուրջը (օրինակ` մոլորակի) տիեզերական տարածությունում, ձգողության ուժի ազդեցության տակ։
— Եվա՞ :
— Հիմա կգամ, Արամ, գնա, ես կգամ։
Ես չէի գնալու, հաստատ նորից չէի գնալու։ Ձգողական ուժը, արբանյակացումը ինձ ուրիշ կողմ էր ձգում, ուրիշ կողմ էր տանում։ Ձգողական ուժը նորից տարավ դեպի Թիֆլիսի փողոցները։ Միշտ մտածել եմ, որ Թիֆլիսը սիրո ու գրականության, արվեստի քաղաք է։ Թիֆլիսում կատարվածը պիտի դառնա գրականություն, պիտի դառնա ապրված ամենագեղեցիկ պահը։
Ես հիշում եմ՝ փոքր էի։ Մայրս, ձեռքս բռնած, ինձ քայլեցնում էր։ Դեռ ուսումնասիրողի դերում էի, երևի մանկուց մնաց այդ սովորությունը` ուսումնասիրել, սպասել, հետևել։ Հիշում եմ մորս փոքր կրունկներով կոշիկները։ Կարմիր, փոքր կրունկով՝ վրան ոչ մի ավելորդ բան, դրանք արագ-արագ էին առաջ գնում, սկզբում չէի հասկանում, որ դրա պատճառը մորս արագ քայլելն է. ինձ թվում էր՝ կոշիկներն առանձին, բոլորովին այլ մարմիններ են, հետո մեծացա, հասկացա, որ ինձ ճիշտ էր թվում։ Կարելի է նայել մարդկանց միայն ոտքերին, կոշիկներին, հատկապես` քայլելիս, ու հասկանալ մարդու տրամադրությունն ու հոգեվիճակը։ Մորս երկար փեշը համարյա քսվում էր կարմիր կոշիկի վերնամասին։ Այնքան գեղեցիկ էր ռիթմի մեջ այդ նրբությունը։ Միշտ երազում էի դառնալ նկարիչ, որ նկարեմ հենց այդ պահը, կարմիր վրձինով ու սև ներկով։ Բայց դարձա համարյա ամեն ինչ, գրողը տանի, բացի նկարչից։
— Արագ քայլիր, Եվա, ուշանում ենք, դեռ պետք է ևս երեք տեղ մտնենք։
Եվան ո՛չ հասկանում էր՝ ուր է գնում, ո՛չ հասկանում էր՝ ինչի համար։ Վազում էր կոշիկների հետևից, մինչև որ տեղ կհասնեին։ Վազում էր ձգողականությամբ, ինչպես արբանյակներն են պտտվում մարմնի շուրջը, ուժեղ ձգողականությամբ` անհասկանալի պատճառներով։ Այդ ինչ մարմիններ են, գրողը տանի, որ մեզ պտտեցնում են իրենց շուրջը, բռնում մեր քիթբերանից ու քարշ տալիս, ասում՝ արի, քայլիր իմ հետևից, ապրիր իմ հետևից։ Եվ էս դեպքում հեչ կարևոր չէ՝ դրանք լավ, թե վատ մարմիններ են։ Կարևորն այն է, որ արբանյականալով՝ դու հասկանում ես, որ ազատ չես, ավելին, ինչքան ձգտում ես ազատության՝ ապրել անՏեր, անիշխան, ավելի ես խցկվում կալանքների մեջ։ Դու շրխկացրու գինու բաժակները, խմիր կենացները, գոռա ազատության մասին, միևնույն է, հոգուդ մեջ մի փոքր անկյունում մի սատանա գիտի, որ դու ամենաանազատ արարածն ես էս մոլորակի վրա՝ կապկված հազարավոր շղթաներով։
Մամայի կոշիկներն արդեն հասան ինչ-որ շուկա։ Օհո, այստեղ ավելի շատ կոշիկներ կան, ցածրակրունկ, սև, կանաչ, տղամարդու, ծակ, նորոգված, նոր ու հպարտ։ Նկատե՞լ եք՝ երբ մարդիկ հագնում են նոր կոշիկներ, հպարտ դեմքով են քայլում. այդպես չէ, օրինակ, երբ հագնում են նոր բաճկոն կամ կրում են նոր մատանի։ Կոշիկների դեպքում աչքերի բիբերը լայնանում են, հոնքերը բարձրանում, իսկ կզակը աջ կողմով մի փոքր վեր է ձգվում։ Իսկական հպարտություն` այ տես, է։
Մայրս կտկտացնելով քայլում էր, երբ ես տեսա տղուկի փոքրիկ կոշիկներ, կլոր քթերով, մեծ բանտիկացրած կապիչներով, ռետինե տակացուներով, հարմարավետ, գեղեցիկ կոշիկներ։ Չհասցրի աչքերս բարձրացնեմ, երբ հասկացա, որ ձեռքս անտեր է մնացել։ Պտտվեցի, դնչիկս բարձրացրի վեր, մայրս կողքերումս չէր, դիմացս տղուկի փոքրիկ կոշիկներն էին։ Փաստորեն ձգողականությամբ նորից արբանյակ էի դարձել, թողել մորս ձեռքն ու քայլել կոշիկների հետքերով։ Մի պահ այլայլվեցի, բայց որոշեցի չար գործս մինչև վերջ անեմ, գնացի կոշիկների հետևից։ Նկատեցի, որ տղուկն էլ էր մենակ։ Արագ-արագ գնացի, հավասարվեցի նրան ու ուշադիր նայում էի կոշիկներին։ Էդպիսի կոշիկներ ես մեկ էլ տեսել էի սիրելի ծաղրածուների հագին, մի՞թե նա էլ փոքրիկ ծաղրածու էր։ Տղուկը գնաց, գնաց ու հասավ մի տիկնոջ։ Այ քեզ բան, մորս հետ էր այդ տիկինը։
— Եվաաա՜, ո՞ւր ես կորել, շուկաներում ձեռքս ամուր բռնիր, կկորցնենք իրար ու չենք գտնի այլևս։
Մաման ինձ գրկեց, համբուրեց աչքերս ու ծանոթացրեց տիկնոջ հետ։ Նրանք անհասկանալի լեզվով էին խոսում, ես չէի հասկանում, թե այդ ինչ հայերեն բառեր են, որ ես դեռ չեմ լսել։ Հետո հասկացա, որ դա վրացերենն է, մենք Թիֆլիսում ենք։ Այդ տիկինը ինձ գրկեց, մաման ասաց, որ մնամ նրա մոտ, մինչև ինքը կգա։ Ես նրա մեծ գրկում էի ու հետ էի մնացել բոլոր կոշիկներից, մտքումս միայն տղուկի կոշիկներն էին։ Մեկ էլ տեսնեմ` տղուկը եկավ, գրկեց ինձ գրկած կնոջը.
— Դեդա…
Փաստորեն մայրն էր տղուկի։ Այ, տես, է, արբանյակացումս իրոք ուժեղ էր, էնպես էի պտտվել կոշիկների կողքերով, որ կապվեցինք իրար։ Մայրը մեզ տարավ մի խանութ, ուր հազարավոր կարմիր շշեր կային։ Մի տեսակ քիթդ խուտուտ տվող բույր էր լողում։ Մի փոքր այն կողմ գեղեցիկ, սպիտակ բաժակներ էին, որոնց մեջ կարմիր ինչ-որ բան էր լցված։ Չէէ, Եվա, արյուն չէ դա, ինչո՞ւ պիտի այս կինը այդքան արյուն հավաքի։
Տղուկի անունը Գուրիա էր, նրա մայրը մեզ նստեցրեց գորգի վրա, տվեց ինչ-որ խաղալիքներ, մի մեծ տիկնիկ՝ ինձ, որը ուներ մորս կարմիր կոշիկներից։ Գուրիան գեղեցիկ, մեծ աչուկներ ուներ, անընդհատ ժպտում էր, ուզում էր ինձ խաղի մեջ ներառել, բայց նա ինձ չէր հասկանում, ոչ էլ ես նրան, նա չափից դուրս շատ էր խոսում, բայց ես չէի հասկանում։ Անընդհատ ինչ-որ մարդիկ էին գալիս ու կարմիրներ տանում, մի կում խմում բաժակից, ժպտում, ինչ-որ կոպեկներ էին տալիս, վերցնում շիշն ու գնում։ Ես ուզում էի խմել այդ հեղուկից։ Գուրիային հասկացրի, որ թռցնի ինձ համար մի բաժակ։ Գուրիան ոգևորվեց, որ վերջապես կկարողանա ինչ-որ բան անել ինձ համար, գնաց, թաքուն մի բաժակ թռցրեց և եկավ։ Ես խնդրեցի, որ առաջին կումը ինքն անի, գուցե նրա մայրն իրոք արյուն է վաճառում, չգիտեմ։ Գուրիան խմեց, ճպճպացրեց ու տվեց ինձ բաժակը։
Ես խմեցի, սկզբում դեմքս ծռմռեցի, բայց գրավեց, խմեցի ամբողջ բաժակը։ Գուրիան ծիծաղեց, ես էլ ծիծաղեցի։ Հետո մենք փոխանակվեցինք կոշիկներով. ես հագա նրա ծաղրածուի կոշիկները և երբ հանում էի իմ կոշիկները, հասկացա, որ դրանց քիթն էլ է կլորիկ, ու իմոնք էլ նման են նրա կոշիկներին։ Ես դրանից շատ ուրախացա։ Նա հագավ իմ կոշիկներն ու խոստացավ, որ միշտ կպահի: Մենք խաղացինք շատ ու շատ։ Հետո մայրս եկավ, գրկեց ինձ, մենք պիտի գնայինք։ Ես լաց էի լինում, ուզում էի մնալ Գուրիայի հետ ու խմել նրա հետ էն համով կարմիր հեղուկից։ Գուրիան գրկեց ինձ ու թաքուն մի բաժակ էլ բերեց, բայց ես արդեն հազիվ մի կում արեցի։
Այդ օրից մինչև հիմա ես մտածում եմ Գուրիայի, նրա կոշիկների ու գինու մասին։
Զանգեցի մորս.
— Մա՞մ, կհիշե՞ս էն վրացի ընկերուհուդ, որ գինեվաճառ էր, ունե՞ս կոորդինատները։
— Եվա՞, Սալոմեին ինչի՞ ես հիշել։ Հա, ունեմ, հիմա կուղարկեմ:
Ես նստեցի մեքենաս ու նորից արբանյակի պես սկսեցի պտտվել Թիֆլիսով։
Գնացի գինու խանութը։ Բայց գտա մի տղամարդու, որն ասաց, որ Սալոմեն այլևս այդտեղ չի աշխատում, սակայն ունի նրա տան հասցեն։ Ես վերցրի մի շիշ գինի ու գնացի Սալոմեի տուն։
Դուռը թակեցի։ Սիրտս դողում էր, ձեռքերս դողում էին։ Դուռը բացվեց։ Տեսա մեծ, սև, կլոր ծայրերով, ռետինե տակացուներով կոշիկներ։ Աչքերս բարձրացրի։ Գիտեի՝ Գուրիան էր։ Նա մի քիչ զարմացած նայեց ինձ, հետո ներս հրավիրեց։ Արկղով կոշիկները տվեցի նրան։ Բացեց, նայեց, ուրախացավ։ Գնաց ու սենյակից ավելի մեծ արկղ բերեց, որտեղ իմ կոշիկներն էին ու մեր թռցրած գինու բաժակը։ Մենք ժպտացինք ու խմեցինք գինի, շատ գինի։ Խմեցինք մեր գողացած բաժակով։
Իսկ մտքումս նորից մորս կարմիր կոշիկներն են: