Ես գիտեմ, որ այն,
ինչ Նիցշեն ասել է, ճիշտ է,
բայց և այնպես,
ես տեսա փոքրիկ երեխայի դեմքը փողոցում, և այն գեղեցիկ էր:
Է. Փ.


Չգիտեմ


Երազիս մեջ
քույր և եղբայր ունեի.
քույրս բերան չուներ,
բայց սկսեց մորս ձայնով երգել,
կորցրի հավասարակշռությունս,
խաղաղվեցի,
ինչպես հանգուցյալի գլուխը՝
փոռերով բարձի վրա:

Նա գալիս էր՝ սև արկղը ձեռքին,
գալիս էր նախամուտքի զգուշավորությամբ,
գալիս էր՝ շալի քուղերը արմունկից կախ գցած,
մի քանի ամրակ
զգեստի երկու մատնաչափ գոտուն ամրացրած,
մազերը կոկիկ հավաքած,
պարանոցից վեր՝ թռչունի շուռ տված բույն,
ամուսնու ազգանունը կրող կնոջ քայլվածք ուներ,
թատերաբեմի հայելի էր հիշեցնում.
անունը մայր էր մորիցս հետո:

Գնում եմ, գնում եմ դեպի նա:
Մի ուրիշ ոտնահետք:
Նախկինում հողը չէր զգում ինձ,
ես չէի լսում իրեն.
հողը ջուր էր,
ես` ժապավեն:

Վրայից մարմինը կորցրած զգեստի հոտ էր գալիս,
երբ քամի էր,
մլակի պես խաղում էր լամպի դիմաց,
անկանոն շարժումներով
իր չափսերից մեծ ստվերներ գցում շուրջը,
փորձում լինել լույսին ամենամոտը,
ձեռքի մատների արանքի տաքություն էի զգում,
թռչունի ոտքերի պես բարակ,
կարմիր ստվերներ գցեց վրաս,
հետո ճակատիս ընկած մազափունջը
ականջի հետև տարավ,
բվի փետուրի պես
փշաքաղեցնող էր:
Ասաց. «Գիշերները չեմ քնում,
ծառերից սերմեր են թափվում,
հավաքում եմ և լիճը լցնում:
Ես անգույն
ջրերի մեջ եմ ծնվում»:

Եղբայրս,
նա էլ, ինձ նման,
հորիցս ժառանգած
բաց շագանակագույն աչքեր ուներ,
չբոված սուրճի հատիկներ,
բուրում էր, ինչպես դարբնի գոգնոց,
այնքա՜ն սիրելի:
Տունն արդեն մի քանի կտուր ուներ,
շարունակություն, որ իմը չէ միայն,
երբ դեռ հեռու էի,
կապույտ էր այն, ինչը մոտ պիտի լիներ հետո,
հիմա ներսից եմ տեսնում,
հիմա քայլում եմ,
և կարմիր կա։

Երազիս մեջ եղբայր և քույր ունեի,
ծիծաղում էի,
վազում,
ընկնում,
ցուցամատով թաց վերքիս մեջտեղով
գիծ քաշում,
ինչպես մայրս՝
բալի մուրաբան
մատով ստուգելիս,
լիզում եմ,
ցավ չեմ զգում:
Նրանք այնքան նման են ինձ,
աչքերս ջուրը քաշած ավազ դարձան,
երկար նայեցի,
հետո կոպերս միացան իրար.
շրջված լուսնի մեջք,
վերևի և ներքևի թաց թարթիչներս՝
եղևնու ճյուղեր:

Ննջասենյակիս
առաջին լուսաբացը.
մահճակալից կախ ընկած
փոքրիկ ոտքերի ստվերներ,
չեմ կարողանում նայել.
ձկան պես լողում եմ,
ձկան պես՝ տեսնում,
առջևումս ոչ ոք չկա:
Երազիս մեջ քույր և եղբայր ունեի
և չգիտեի՝ ինչպես դիմել նրանց:

Ծանոթագրություն.

որպես բնաբան՝ Էզրա Փաունդի «Արտացոլում» բանաստեղծությունը:
Թարգմանությունն անգլերենից՝
Աիդա Հարությունյանի:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն