Գյուղում նրան քչերն էին սիրում: Նույնիսկ բակի շներն էին շատ բուռն արձագանքում նրա հայտնվելուն: Հայկուհի էր անունը, բայց բոլորը նրան Հայկ էին ասում. երևի նրա կոպիտ բնավորությանը տղամարդու անունն ավելի էր սազում: Միշտ բարձր էր խոսում, նույնիսկ ինքն իրեն խոսելիս: Իսկ դա հաճախ էր լինում: Միշտ շտապում էր. հազար գործ ուներ: Փնթի էր հագնվում: Մի քանի շերտ էր հագնում: Եթե կանացի կիսաշրջազգեստ էր հագին, վրայից անպայման տղամարդու վերնաշապիկ կամ պիջակ էր հագնում կամ զգեստի տակից կարող էր վարդագույն անդրավարտիք երևալ:
Ոտնամանները միշտ մի քանի համար մեծ էին լինում, և դրանից ոտքերն ավելի ծուռ էին թվում: Ոմանք ասում էին, որ ի ծնե այդպիսի ոտքեր է ունեցել, իսկ մնացածը պնդում էին, որ աշխատանքից են ոտքերը ծռվել: Ամբողջ ամառը սարերն էր լինում, ոտքով հսկայական բարձունքներ էր հաղթահարում, վառելիք էր հայթայթում, տարբեր ուտելի բույսեր էր բերում և վաճառում:
60-ին մոտ կլիներ: Ամուսնուն տասը տարի առաջ էր կորցրել, բայց դարդ չէր անում: Մեկ է, ամբողջ աշխատածը խմիչքին էր տալիս և ոչ մի բանով չէր օգնում: Անպիտանի մեկն էր: Բայց տղայի կորուստը ծանր էր տանում: Չնայած նա էլ հոր նման հարբեցող էր, բայց երեխաները որբ էին մնացել: Ջահել հարսի մասին չէր մտածում, միայն երեխաներին էր խղճում: Պարտք մնալ չէր սիրում: Եթե մեկից ինչ-որ բան էր վերցնում, անպայման վերադարձնում էր խոստացած օրը, խոստացած ժամին: Երեխաների հետ սիրում էր շփվել: Անհամար հեքիաթներ գիտեր: Անգիր հիշում էր ծավալուն բազում ստեղծագործություններ: Արագ էր խոսում, այնքան արագ, որ երեխաները բերանները բաց էին լսում նրան: Իսկ երեխաները սիրում էին նրան լսել: Հայկ տատի տգեղ արտաքինը երբեմն շատ ծիծաղելի էր դառնում, երբեմն խղճալի տեսք էր ստանում: Բայց չէր բողոքում, երբեք: «Հացի օրերը» շատ ուրախ էր լինում: Պարծենում էր. «201 հատ հաց եմ թխել»: Երբ ծիծաղում էին մեկը շեշտելու համար, ասում էր.
— Մեկ լավաշը մի ամբողջ նախաճաշ է:
Աշխարհի բեռն ուսերին առած` քայլում էր, քայլում էր արագ, որ հետ չընկնի: Եթե ընկրկեր, հանկարծ կթուլանար, հանկարծ կհիշեր, որ ինքն, այնուամենայնիվ, թույլ սեռի ներկայացուցիչ է համարվում, որ իրեն ամուր թիկունք է պետք կամ, գոնե, ուս, որին կարելի է հենվել, երբ ահավոր հոգնած ես: Չկար ո՛չ թիկունք, ո՛չ ուս, ուստի՝ ո՛չ էլ հոգնելու հնարավորություն: Աշխարհը մի տեսակ սառն ու անհաղորդ էր Հայկ տատի նկատմամբ: Թե առաջ գյուղում կգտնվեր մեկը, որ դժվար պահին օգնության ձեռք կմեկներ, հիմա դա էլ չկար: Գյուղի տղաներն էլ մի տեսակ նազուկ էին դարձել: Ծանրությունից մեկի մեջքը կարող էր ցավել, մյուսի ուսերը հանկարծ կբռնվեին, և ստացվում էր այնպես, որ հաճախ հենց Հայկուհին էր հասնում օգնության և ջահելներին ցույց տալիս իր բազուկների ուժն ու մեջքի ամրությունը: Թվում էր` երիտասարդները պետք է ամաչեին, բայց հեգնական թե քամահրական ժպիտից բացի, ոչինչ չէին արտացոլում նրանց անհաղորդ հայացքները: Անհաղորդ էր աշխարհը, անհաղորդ էր գյուղը, որը մի տեսակ մեծացել էր, ընդլայնվել ու օտարացել: Համացանցը գյուղացուն էլ էր պոկել իր հայրենի եզերքից ու տարել մի նոր վիրտուալ իրականություն, որտեղ չկային բիզ-բիզ մազերով տատիկներ, որտեղ ամեն ինչ գունավոր ու փայլուն էր: Իսկ փայլի մեջ օտարություն ու սառնություն կար: Այնտեղ չկար հավատ, չկար սեր, չկար գյուղին բնորոշ անդորրն ու ներդաշնակությունը: Միայն խլացնող աղմուկ էր: Աղմուկ, որի մեջ լսելի չէր օգնություն աղերսողի ձայնը, լսելի չէին աստծուն ուղղված աղոթքները:
Աստվածավախ էր Հայկուհին: Որտեղ խաչ կամ սրբապատկեր տեսներ, անպայման կհամբուրեր, նոր կանցներ: Հաճախ էր աղոթում: Աղոթում էր բոլորի համար, նույնիսկ այն երիտասարդների, որոնք, իր կարծիքով, մոլորվել էին վիրտուալ լաբիրինթներում: Երկար աղոթել չէր սիրում: Նույնիսկ «Հայր մերն» էր կրճատել, որ շուտ վերջին հասնի: Ինչպես արագ խոսում էր, այնպես արագ էլ ուտում էր: Միշտ շտապում էր: Միայն որդու շիրմաքարի մոտ կարող էր մի փոքր երկար մնալ: Չգիտեմ՝ մոռանո՞ւմ էր ժամանակի մասին, թե՞ պարզապես չէր ուզում հեռանալ: Երկար նստում էր շիրմաքարի մոտ: Հիշում էր իր անցյալը, որը ևս անուրախ էր եղել, բայց որին երանի էր տալիս: Երանի էր տալիս, որովհետև անցյալում գոնե երկինքն ու երկիրը համերաշխ էին, ինչ-որ ներդաշնակություն կար լուսաբացների ու մայրամուտների միջև, իսկ մոլորակն ավելի դանդաղ էր պտտվում, ուստի՝ շտապելու կարիք էլ չկար: Իսկ հիմա եթե չշտապեր, կմոլորվեր, կկորչեր ժամանակի ոլորապտույտում, որբերը կրկնակի կորբանային: Դրա համար էլ միշտ շտապում էր: Միայն որդու շիրմաքարի մոտ կարող էր մի փոքր երկար մնալ:

 

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն