Չորսին տասն է պակաս: Քամոտ գիշեր է. ամենածանր օրվա ավարտը կամ նոր օրվա սկիզբը: Ազատը կիսախավար սենյակում խռմփացնում է առանց դադարի: Այդ ձայնից հոգնել է լուսամուտը, որ միշտ գիշերվա ու ցերեկվա արանքում պահակ է կանգնում:
Գիշերը կարծես աղյուսե ցանկապատով շրջափակված լիներ, իսկ լուսինը կամաց-կամաց մորթում էր աստղերին: Մութը համբուրում էր Ազատի ճաքճքած շուրթերը, բայց նա չէր զգում: Իսկ մի քանի ժամ առաջ խմած գինու մնացած կաթիլները չորանում էին բաժակի պատերին, որ հաճախ էին դավաճանություն տեսնում: Ու սա պարզապես կյանքի շարունակությունը չէր, որ հոսում էր մաշկի տակով կամ լռության վրայով: Սա ընտրած ճանապարհ էր, և չգիտեր, որ ինչ-որ փողոց այլևս նրան որպես անմահ գիտի, որովհետև խմած ժամանակ բարձրաձայն ասում էր՝ ես գիտեմ միակ մեռյալին: Ու բոլորը հավատում էին կուրորեն, որովհետև նրա գեղեցկությունն ու ինքնավստահությունը խաբուսիկ էին շատ ժամանակ:
Կամաց-կամաց հողը ոտքերի տակ խաբվում էր որդեգրած ջերմությանը, բայց նա շարունակում էր քայլել… երազում: Դուռը չի բացվում, որովհետև ծեծող չկա, իսկ եթե անկեղծ՝ հիշող չկա: Չկան հիշողներ: Դրա համար էլ նա իր մեծ քթով փսփսացնում ու խելագարվում էր այդ սպասումից: Մեջքը կորացել էր, ու կնճռոտվել էր կարոտը:
Բոլորը նրա համար կուչ եկած ու չլինելու աստիճան ստվերներ էին թվում:
— Մեռած են, էլի, մեռած…
Իսկ նա պնդում էր, որ գիտի միակ մեռյալին, բայց նկատի չուներ կնոջը, որ երեք տարի առաջ մահացավ՝ եռամսյա հղիությամբ, երբ երկրում նոր հիվանդության պատճառով ծննդկաններ էին վախճանվում՝ իրար հերթ չտալով: Եվ անգամ վախ կար, որ տղամարդիկ էլ կարող են վարակվել, դրա պատճառով էլ Ազատը երկար ժամանակ տանը փակված էր մնացել, ու արդեն մենակությունը խոսում էր շնչառության հետ, երբ ուրիշ ճար չէր լինում, վերցնում էր կնոջ նկարն ու սկսում զրուցել առօրյայից, իրենց երազած վերանորոգված բաղնիք-զուգարանից, որի սալիկի ընտրության հարցում միշտ իրար միս էին ուտում: Իսկ երբ հոգնում էր, պառկում էր երկտեղանոց անկողնու աջ կողմում և ծնկները գրկած՝ նայում գետնին, հետո՝ առաստաղին, չնայած մութ էր, ու գրեթե ոչինչ չէր երևում: Նա ոչինչ չէր ճանաչում, ու սովորական էր ամեն ինչ, չնայած, որ դեռ վախը չէր անցնում, ու հայացքում գիշերն ավելի խորն էր ու հանդիպումների պատրաստ:
Գիշերը ծանրաթաթ իջել էր բարձրահարկ շենքի տանիքին, բայց նա քնած էր մնացել դեռ առավոտից: Միշտ մտածում էր՝ եթե առավոտյան քնի, ամբողջ գիշեր սավանի հետ պատերազմելու է ու նա իր խենթ ընկերուհին է դառնալու: Աստղազարդ երկնքի անհունության մեջ մոռանում էր ցավերն ու ինքն իրեն: Մոռանում էր սեփական աչքերը՝ ներսում Ռայայի պատկերը, որ իր «բարի գիշերն» էր: Լեփ-լեցուն էին գույները, երեկվա ցրտից էին փրկվել, ու ուրվականները հեռանում էին կարկամած: Նա մոռացկոտի նման դեռ մնում էր ստվերներ փնտրելու իր գիտակցությանը: Անտանելի է, ինչ խոսք: Իսկ երբ անհետացավ մութն, ու հասկացավ, որ առավոտ կանուխ է, և դեռ չի քնել, սկսեց եղունգները կրծել ու բարձի հետ պահմտոցի խաղալ՝ ննջելու պատրաստ հասուն աչքերով, որ ամեն պահ որոնումների մեջ էին:
— Ինչքա՜ն երկար է գիշերը,- ինքն իրեն սկսում է համոզել, որ կարող է քնել ու երազում նորից տեսնել ճակատագրով առաջինին ու վերջինին, որ անդավաճան էր բոլոր պարագաներում:
Ռայայի ծաղկաթերթ աչքերը, խիտ թարթիչները, բարակ ու ժպտացող շուրթերը դեռ Ազատի աչքերի մեջ կենդանի էին: Եվ պատահական չէ, որ նրա դիմագծերը ստվերների մեջ չէր փնտրում տղամարդը, որովհետև դրանք ուրվագծվել էին երազների մեջ, որ մեկ-մեկ չէր էլ հասնցում կարոտել ու գուցե և երազի մեջ էր կարոտն առնում:
Գիշերը կուլ էր տալիս ամեն ինչ: Արտասովոր ու ճեպընթաց քամին խլում էր երևակայելի ամեն ինչ ու տանում, ինչ-որ տեղ թաքցնում, որտեղ հասնելու համար գնացքներում ազատ տեղ չէր լինում, ու մարդաշատ կայարանում բոլորը կարճաժամկետ գոյություն են ապահովում՝ հետընթաց խոսքերով սփոփվելով: Ազատը նրանցից մեկն էր:
— Էս ի՞նչ մարդիկ են… մարդի՞կ են…,- բարձր երկինքն իր երազից էլ ավելի բարձր էր, ու չէր հասկանում՝ ո՞ւմ հետ է խոսում, չնայած, որ այդ խոսելու իմաստը չէր էլ կորցրել ու ճակատագրի զրկումների տակ կամաց-կամաց գլուխը կախ քայլում էր… ինքն իր մտքում, կայարաններից դուրս, գնացքներից հեռու, վախենալու չափ հեռու:
Եթե մարդիկ հասարակ են, ապա նրա համար ամենա-ամենան են: Եթե հասարակ են… նա երբեք չէր տարբերում: Բոլորն իր համար հասարակ էին: Ու նա մեկ-մեկ մտածում էր, որ այս աշխարհում չպիտի վախենաս մարդուն զրոյից ճանաչելուց, որովհետև աշխարհում տեղ չկա, որ մարդիկ չխաբեն ու խոսքով չգայթակղեն տղամարդուն: Նա հասկանում էր մի բան՝ ջրով ու կրակով երկիր կործանելը ոչ սովորական է, ինչպես իր պատկերացրած մարդիկ: Ժամանակի ընթացքում դա էլ մոռացավ, քամուն տվեց, գնաց փնտրելու երկրի հակառակ կողմը, որտեղ ցուրտն ու սովը նստած էին պատի տակ, ու ինքը լրիվությամբ անտեսված էր:
Ազատը պառկած էր անկողնում, առանց վերմակի: Ճակատին ջուր էր կաթում, իսկ ծակ նասկիների արանքով արագորեն ներխուժում էր ցուրտը՝ ամուր բռնելով նրա մարմինը: Անկողնուց կապված շլորի ծառի ճյուղը ծռվել էր անհանգստությունից, ու թեև նա տեղից չէր շարժվում, շլորները հատ-հատ գետնին էին թափվում՝ փոխելով իրենց կարմրաթուշ տեսքը: Տասը րոպե հետո Ազատը վերջապես արթնացավ ու նստեց անկողնում՝ փշաքաղվելով:
— Որտե՞ղ եմ թողել նամակներս,- զարմացած նայեց ձեռքերին, հետո սկսեց հաշվել մատները՝ կամաց շշնջալով.
— Մեկ, երկու, երեք…,- ապա աչքերը պինդ փակեց ու բացեց՝ շարունակելով,- չորս, հինգ, հա, բոլորը տեղն են, բայց որտե՞ղ եմ թողել նամակներս,- սկսեց գլուխը քորել ու մտասուզվել: Մոռացել էր, որ երազը դեռ իրականություն չէ, ու այդ երկար գիշերվա անպտույտ իրականությունն էր մարսում, կաթիլ-կաթիլ խմում սպասումը և ուզում եղևնի դառնալ՝ նույն տեսքով միշտ ինչ-որ մեկին սպասելու մտքով տարված: Դե, բայց, բնական է, որ նա ներսուդուրսը թաղել էր կյանքի հյուծվող ձեռքերի մեջ՝ մեռնելու պատրաստ արագությամբ, որովհետև առանց Ռայայի ամեն ինչ խառնվում էր ու գլխիվայր շրջվում: Եվ երբ արդեն կեսօր էր, ու ճաշելու ժամն էր, նա նստում էր այնպես, ինչպես երկու տարի առաջ՝ Ռայայի դեմ-դիմաց: Դարակից հանում էր վարդագույն ափսեներն ու դնում ճիշտ այնպես, ինչպես կինն էր դասավորում սեղանին: Եվ երբ բաժակը զարկելու պահն էր գալիս, շրջվում և հայելու մեջ իրեն էր նայում՝ գզգզված մազերին ու ճմռթված վերնաշապիկին, որ երկու շաբաթ է՝ արդեն հագած է: Ինքն իր հանդեպ հիասթափությունը շարունակվում էր ձևավորվել որպես համրություն, ծամծմում էր ներկան՝ սպիտակ նամակներ նետելով նրա աչքերից ներս:
— Արի ու ինձ տես վերջին անգամ,- երևի սա էր այն նամակի վերջին նախադասությունը, որը կարդալուց հետո Ազատը մոռացավ արթնանալու մասին և երկար մաքառումներից հետո մտացածին քայլերով ընդառաջ գնաց նրան, որ երևույթ չէր, այլ՝ պահ՝ երամի գրկում, որ արդեն գնում էր, տանում էին…
Ազատն իր հայացքը շրջեց դեպի Ռայայի նկարը, որ իր ափերի մեջ էր, իսկ ցավն արդեն սահում էր քամու հետ…