Ինչ էլ գրեմ,
Ստացվում ա փեջից հանած կարտոֆիլ
Որտեղ էլ գնամ,
Հայտնվում եմ մետրոյում։
………………………………….
Իմ ներսում լռություն ա
և դա զոհաբերություն չի,
չխոսելու ցանկություն չի,
հիսթերիա չի,
մենակության նշան էլ չի,
ոչ էլ սոցիոպատիայի.
կտրտված թղթերը հավաքել եմ,
ծալել՝ կպցնել չեմ փորձում,
քառակուսիներ և կլորներ գտնել և
դրանցում թաքնվել
չեմ փորձում,
ես փազլները վաղուց եմ հավաքել,
բայց չգիտեմ ինչ անել
այդ պատկերի հետ.
սիրուն
էսթետիկ
ճկուն
միանվագ
բազմագույն
կլոր
կեղևով
մաշված ու տաք
տարերային
անկատարյալ
ուժեղ
անկայուն
ապրող
ապրող
ապրող։
Բայց ես չգիտեմ՝ ոնց լսել այդ պատկերի ձայնը,
որ ինձ հուշի,
թե ինչպես չպայթել ուրախությունից, որ
դու էլ ես այն տեսնում.
սիրուն
էսթետիկ
ճկուն
միանվագ
բազմագույն
կլոր
կեղևով
մաշված ու տաք
տարերային
անկատարյալ
ուժեղ
անկայուն
ողջ
ողջ
ողջ։
Թեթև եմ
Կայարանից եկող գնացքներում
Օդ կա,
Նրանք գետնից են դուրս գալիս,
Անցնում այդ հատվածը
արևի տակ փայլող փոշու միջով,
Կատուների հեգնական քայլվածքի կողքով,
Անցնում են իմ դրսի ու ներսի մթնոլորտից
հարյուր քսանմեկ անգամ այն կողմ,
Հյուսիսային լայնության 20,
արևմուտքից՝ 43 աստիճան շեղումով։
Ու արդեն կապ՝ չունի գնացքն ա շեղված, թե ես,
Մեկ ա՝ դրան էլ չեմ հասնի, թող գնա՝
ծանրութեթև անելով,
Աշխույժ ու ժպտերես,
կանաչ ու դեղին,
տրամադրված և ոգևորված,
միշտ ժամանակին և չսպասող։
Թող անցնի՝ չիմանալով,
որ հագիս բոթասները թեթև են,
հագիս շորը թեթև ա,
մազերս նոր եմ կտրել՝ թեթև են,
ոտքերս ծալվում են մի չորս տեղ՝ թեթև են,
ստամոքսումս համարյա բան չկա՝ թեթև ա,
սրտումս լիքը բան կա,
խառն ա,
Ապշած ու փլուզվող ա,
ցանկացող ա,
կտոր-կտոր լինող ա,
ոգևորվող՝ ժպտող ա,
պարուրված ա 26 տեղ՝
երեք մետր չստացվածների թելով,
բայց մեկ ա՝ թեթև ա,
շնչելս արագ ու թեթև ա,
գլուխս պարզ ու թեթև ա,
Աչքերս բաց ու թեթև են,
Դուք եք ծանր։
***
Այնուամենայնիվ, բոթասները ծանր են,
Քայլվածքն էլ՝ ահագին ծանրացած,
Աստիճանները ներքև են տանում
Առանց կոմպրոմիսի,
պետք ա քայլես, թե չէ շենքից դուրս չես գա,
իսկ եթե շենքից դուրս չես գա,
կարող ես մոռանալ
կրպակից մի բաժակ տաք թեյի մասին։
Ամեն դեպքում ես հնարում եմ դեղին լամպ բակում,
Քեզ՝ գույնզգույն,
Ուռուցիկ,
Եվ որքան ավելի կատարյալ ես ստացվում,
այդքան ավելի ա սիրտս խառնում։
Լուսատտիկներով լի գրպան
Թան սարքելը դարձել ա պատճառ։
Տանգոյի համար տեղը քիչ ա։
Աշունը տանում ա դեպի դեպրեսիա,
Ոչ թե տարերք,
Քայլերը տանում են դեպի ջրափոսը,
Փոխանակ տանեին դեպի լիճ,
Փոխանակ ինձ ծանրացնելը,
Տային թեթևություն՝
Աթոռից պոկվող բարակ սաղմերի պես,
որ թռնում են տարբեր կողմեր,
Որ այդ կողմերում անցնելիս
գլխումս մի լամպ միանա, և հիշեմ.
ձայնը
մեղեդին
մյուզիքը
համով կոմպոտը
հեքիաթը
պատուհանի գույնը
պղտոր լույսը
թևերը
Ժպիտը
մանրը
կանաչը
սալաթը
կաշտանների հոտը ձմռան
Աստիճանների՝ չգիտեմ ուր տանելը,
մութը
հպումը
սեղմելը
կլանված լինելը
թողնել ու կրծելը
Ու անտարբերությունը
Ու անտարբեր ձևանալը՝
Սեղանի մյուս կողմից նայող ստվարաթղթե նյարդերի ճղճղան ձայնը լսելով ու մի կետից նավ դառնալով՝ բառերի դանդաղ ծամելը՝
Մանթո լինելուց։
Առավոտից երեկո կամազուրկ ճանապարհի մութ ու լույս գցող լամպերի
վստահությունը կլանում եմ,
Գրպանս մանր քարեր լցնում ու պատկերացնում, որ դրանք լուսատտիկներ են, ում պետք ա բաց թողնել մոտակա կիրճը՝
Առանց պատկերացնելու, թե ինչ են իրենք էնտեղ անելու, բացի շնչելուց։
Աջից պատուհան, ձախից՝ դուռ
Աջում պատուհանն ա,
Ձախից՝ դուռը,
Նեպտունը մոտեցել ա մի փոքր Սատուրնին,
Այնպես որ՝ միջտիեզերական
ճամփորդությունները նորից ակտուալ են,
Հինգ միլիոն լուսային տարիներ այն կողմ
լապտերավառը մի անկայուն մոլորակում
սպասում ա իր պետք գալուն
ու տեղից չի շարժվում,
Չնայած՝ նա կարա ճամփորդի անարգել վեց
հազար մոլորակով,
որից մեկը ունի օվկիանոսներ,
Որից մեկը ստանում ա ուղղություն՝ միշտ գնալու նոր տրաեկտորիայով և միշտ մնալու տեղում,
Որից մեկը ունի թուլություն՝
ապրելու մարդկանց հետ,
Ապրելու՝ ցամաքելով և տալով ջուր,
Կապելով մոլորակները շարժման հետ,
Որից մեկի վրա ստեղծագործում են
մաթեմատիկոսները, և հայաթով թափառում են ձմռան առաջին ձյունն
ու դրանից ուրախացող շները,
Որից մեկում իմ աջ կողմում պատուհանն ա,
ձախից՝ դուռը,
Որտեղ ջրերը խփում են ափին,
Որից հարյուր քսան տարի այն կողմ
լապտերավառը իջել ա տիեզերանավից ու գտել տունը, որի աջ կողմում ճոճանակն ա ու նոր սարքած ճաշը, ձախից՝ դուռը,
Որտեղ Ուրսուլան փռել ա նոր լվացած հագուստը ու դարձել ա թեթև, թափանցիկ
բայց դեռ գետնից չի պոկվել, թռել գնացել,
Որտեղ ես էլ ոչ մեկին չեմ սպասում,
քանի որ գիտեմ տեղը բոլորի,
ով ինձ երբևէ ժպտացել ա,
Ում հետևից երբևէ ուզեցել եմ գոռալ,
Ում կանչել եմ նախանձելի համառությամբ ամեն առավոտ ուղիղ հինգ քառասուներեքին,
Մտքում ու բերանի ծայրից դուրս թռչող ձայնով
Ու թղթի վրա
Ու մատի շարժումով, երբ գիշերը եղել ա
հատկապես աստղային, սարսափելի ու լուռ։
Երբ ներքին իմ իշխանավորը զավթում էր նոր տարածքներ՝ նախանձելի համառությամբ, ու ես համարյա կորչում էի, քանի որ կորչում էր քո անվան մի քանի տառը, ու պատկերը կորցնում էր անհամաչափությունն ու կոնտուրների գեղեցկությունը։
Երբ ես, էլի հիվանդ, խմում էի տաք թեյ ու նորից տառ առ տառ վերականգնում բառերն ու բոլոր տեղերը, որտեղ կանչելը դառնում էր հանդիպում՝ գլխիս վրա ընկած, չհիվանդ ու աննկարագրելի սիրուն։