Մարիամ Շահինյանը Հանրապետական Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ կին տաղավարային լուսանկարիչն է, առաջին կինը, ով միանձնյա ղեկավարել է իր Foto Galatasaray անունով լուսանկարչատունը շուրջ կես դար՝
1935-ից մինչև 1985 թվականը։
Անահիտ, ինչո՞ւ որոշեցիր փնտրել Մարիամ Շահինյանին։
2016-ին Ստամբուլում էի բնակվում մի քանի ամսով ու շատ պատահաբար ներկա գտնվեցի «Հիշողության քայլերթ-զբոսանքի», որի ժամանակ զբոսավարը պատմում էր Բեյօղլու թաղամասի սեռական ու մշակութային փոքրամասնությունների մասին, որոնք հիմնական պատմվող պատմության մեջ բացակա են եղել ու լուսանցքային կերպով են մեզ ավանդվել: Եվ ի թիվս այլոց, կային նաև ստամբուլահայ կանայք՝ Զաբել Եսայանը և Մարիամ Շահինյանը։ Եթե Զաբել Եսայանին քաջ ծանոթ էի, ապա Մարիամ Շահինյանը միանգամայն նոր անուն էր ինձ համար։ Թուրք կինը Մարիամին ներկայացնելիս ձեռքին ուներ երկար մազերով փոքրիկ աղջնակի մի լուսանկար։ Պատմելուն զուգահեռ զբոսավարը ցույց տվեց Իսթիքլալ փողոցի այն շենքը, որում եղել է Մարիամ Շահինյանի լուսանկարչատունը։ Ինձ համար դա մեծ բացահայտում էր և զարմանք՝ ինչո՞ւ մենք չգիտենք նրա մասին։ Ես, ունենալով միայն այդ տեղեկությունը, նրա գոյության մասին փաստող այդ միակ նախադասությունը, սկսեցի որոնել, ոչ շատ գիտակցված, ոչ շատ պլանավորված ու ծրագրված, բայց որոնել։ Կարելի է ասել, Մարիամն ինքը իր այդ նկարով գտավ ինձ, որովհետև ես իրեն չէի փնտրում, ես չգիտեի իր գոյության մասին։ Եվ ինձ համար՝ որպես հայ կին, որպես լուսանկարչությամբ տարված մարդ, կարևոր էր գտնել ինձանից մոտ մեկ դար առաջ ապրած կին լուսանկարչի, ով հսկայական արխիվ է թողել, մեծ ժառանգություն, որտեղ ոչ միայն հայ համայնքի կյանքն էր իր ողջ բազմազանությամբ, այլև հույների, հրեաների, թուրքերի, սևամորթների համայնքի, սեռական փոքրամասնությունների, քրիստոնյաների կյանքի պատմությունները, իր ապրած ժամանակի ստամբուլյան կյանքի վավերագրությունը, որի լինելը հնարավորություն է տալիս վերստեղծելու այդ ժամանակը։
Կայի՞ն արդյոք նմանություններ քո ու Մարիամի միջև։
Այս հարցի մասին մտածել եմ, երկար… Դեռ անցած տարի, երբ ֆրանսիացի կինոռեժիսոր Samuel Aubin-ի հետ աշխատում էինք Մարիամի մասին դոկումենտալ ֆիլմի սցենարի վրա, Սամուելն ինձ անդադար հարցեր էր տալիս, այնպիսի հարցեր, որոնց պատասխանները դժվար էր հասկանալ։ Հարցերից մեկն այն էր, թե ի՞նչն իրավամբ ստիպեց, ի՞նչն ազդակ հանդիսացավ, որ ես ոտքով-գլխով ընկնեմ Մարիամի պատմության մեջ։ Երկար ժամանակ ինքս էլ չունեի այդ հարցի պատասխանը, մինչև մի օր հանկարծ մի տեղից եկավ զգացողությունների նմանությունը. մամաս։ Մամաս երիտասարդ ժամանակ լուսանկարել է, ես շատ լավ հիշում եմ իր Զենիթ ապարատը: Այն ժամանակ, երբ լուսանկարվելը ճոխություն էր, մամաս մեզ նկարում էր, հետո ինքն էլ երևակում էր ժապավենը։ Տարօրինակն այն է, որ ես մամայիս խնդրեցի իր ապարատը Ստամբուլ գնալուց անմիջապես առաջ։
Մամայիս-իմ-Մարիամի մեջտեղում է մեր նմանությունը։ Կապ կա, որ մեր միջով է անցնում։
Ամենատպավորիչ բարդությունը, որ հանդիպեցիր հետազոտության ճանապարհին։
Ճանապարհը տարօրինակ էր, սկզբում շատ չէի հասկանում, թե ինչ ուղղությամբ պետք է շարժվեմ, անդադար բախվում էի խոչընդոտների, մոլորված էի, բայց ունեի մեծ, շատ մեծ սեր դեպի Մարիամի ստեղծած լուսանկարները, դեպի նրա կերպարը։ Հետազոտական նյութը հետազոտողին պարգևատրելու սովորություն ունի։ Փառահեղորեն պլանավորված պատահականությունների շղթայի արդյունքում ես Դետրոյթում հանդիպեցի մի մարդու, ով լուսանկարվել էր Մարիամի լուսանկարչատանը։ Այ այդտեղից էլ միտք հղացավ, որ եթե կա մեկը, ապա կլինեն նաև շատ ուրիշներ, ովքեր կունենան հիշողություններ ու նկարներ Մարիամից։ Այս հանդիպումից մի քանի ամիս հետո վերադարձա Պոլիս՝ չորս ամիս տարբեր անկյուններում որոնելու Շահինյանի հետ որևէ կապ ունեցող մարդկանց՝ «Ակոս» թերթ, «Ժամանակ» օրաթերթ, Պատրիարքարաններ, սրճարաններ, հնավաճառանոցներ, հայտարարություններ հնարավոր ամեն տեղում, որին մարդիկ սկսեցին արձագանքել, գտնել ինձ և գրել։ Ամենադժվարը դա էր, հասկանալը, որ եթե ես չունեմ նեգատիվների արխիվը, չունեմ հասանելիություն, ես պետք է ստեղծեմ Մարիամի կյանքի ու գործունեության իմ այլընտրանքային արխիվը։
Հետազոտության ընթացքում բազում լուսանկարների փնտրտուքներում եղե՞լ է դեպք կամ գայթակղություն, որ բացվել է որպես ուրիշ արահետ, և մտածել ես, որ այդ ուղղությամբ հետագայում կարող ես աշխատել կամ այդ ճանապարհը հետազոտել։
Հետազոտությունը սկսելիս առաջին բանը, որ ուզեցի անել, Մարիամ Շահինյանի գերեզմանը փնտրելն էր։ Երբ առաջին անգամ Ստամբուլի Շիշլիի հայկական գերեզմանատանն էի, շատ տարօրինակ մի զգացում համակեց, մի տեսակ գիտակցություն ունեցա, որ սա է այն միակ տարածքը, ուր արտոնված էին հայերեն տառերը։ Լեզվից, հայերեն տառերից նույնատիպ հուզումներ ապրեցի նաև թուրքական հնավաճառների մոտ Մարիամի լուսանկարչատան կնիքը փնտրելիս. նկարների այդ հաստլիկ տրցակների մեջ կային բազում լուսանկարներ, որոնց հետևում հայերեն մակագրություն-տեքստեր էին։ Ու այդ անսպասելի, չծրագրված հանդիպումը շատ ազդեցիկ էր մի այլ իրականության, մի ուրիշ լեզվի կենդանության մեջ։ Այդ տառիկները, որոնք ինձ էին հասկանալի, տեքստեր, որոնք ես կարող էի կարդալ, մի տեսակ մոգության նման էր, ու երբեմն թուրք հնավաճառները խանդով էին լցվում, որ իրենց պատկանում են իրենց ոչ հասանելի, ոչ հասկանալի գրություններ։ Ու երբեմն մտածում էի ուղղակի հավաքել այդ պատկերները, բացիկները, հիշողության պատառիկներն ու ուսումնասիրել։
Ի՞նչ ես անելու քո ստեղծած արխիվի հետ, որտե՞ղ է այն ապրելու։
Պատրաստվում եմ իմ այլընտրանքային արխիվն ամբողջացնել, հարստացնել, և եթե գան Հայաստանի համար լավ ժամանակներ, և Հայաստանում բացվի Լուսանկարչության թանգարան, սիրով հանձնել թանգարանին, ուր իր պատվավոր ու արժանի տեղը կզբաղեցնի մեր հայրենակիցը, որի լուսանկարները ոչ մի բանով չեն զիջում համաշխարհային հայտնի կին արվեստագետներ Վիվիան Մայերի, Դիանա Արբուսի և այլ լուսանկարիչների գործերին։
Հարց, որ կուզեիր անձամբ տալ Մարիամին։ Զրույց, որ տեղի կունենար ձեր միջև։
Հետազոտության ընթացքում այնքան վեճեր եմ ունեցել Մարիամի հետ, մտքիս մեջ կռվել եմ, որ ինչի՞ է իր արխիվը թողել, գնացել, այնքան հիացմունք, այնքան հարցեր, որոնք երկար ժամանակ անպատասխան են մնացել… Ու երբ վերջապես հանդիպեցի իր քրոջ աղջկան, ինչ-որ տարօրինակ հարցեր սկսեցի տալ, օրինակ՝ ի՞նչ էր սիրում կարդալ Մարիամը (իրականում այնքան էին աչքերը հոգնում իր աշխատանքի բնույթից, որ կարդալու առողջություն չի ունեցել), ի՞նչ ուտել, ի՞նչ երաժշտություն լսել և այլն, մի տեսակ շատ ժամանակակից մարդու մտքի մեջ եղած հարցեր, որոնց ոչ բոլորին էր տիկին Արփին կարողանում պատասխանել… Ես հետո հասկացա, որ իրականում շատ նմանատիպ հարցերը կարևոր չեն… Կարևորը իր թողած վիզուալ նամակներն են, որոնք ամենալավն են պատմում ու վկայում իր ներքին աշխարհի լայնության մասին…