Ժամանակն ունի իր գիրը, ինչու ոչ՝ նաև ստեղծագործական երևակայության չափանիշները, որոնք հաճախ դառնում են նույն ժամանակի իրականությունն ուրվագծողը կամ հիշողություն ստեղծողը գրականության էջերում: Պատահում է՝ գրական դաշտ են մտնում այնպիսի դեմքեր, որոնք կրկնում են հարյուր մարդու կողմից գրված տողը, իսկ երբեմն էլ նոր շունչ են բերում՝ վերաձևակերպելով պոեզիան ժամանակի մեջ: Միշտ չէ, որ հաջողվում է, քանզի գրելը դժվար է, և բառն ու տողը պետք է կշիռ ունենան՝ բնականի, տարակերպի ու իրականի զուգահեռներում պահպանելով մի շարք սկզբունքներ, որը գրողն ինքն է ստեղծում:
Պոեզիան նաև ինքնատիպ բնավորություն է պահանջում: Սակայն ցավալի է, որ այսօր մենք ականատեսն ենք մի իրականության, որտեղ մակերեսային պատկերացումները գերազանցում են խորը ընկալման բարդ գործին: Հիշեցի Հենրիկ Իբսենի «Ժողովրդի թշնամի (Դոկտոր Սթոքման)» պիեսի վերջաբանը, երբ դոկտոր Սթոքմանն ասում է. «Ամենազորեղ մարդն աշխարհիս երեսին նա է, ով ամենից ավելի միայնակ է»: Իհարկե, կլինեն վիճողներ այս խոսքի շուրջ՝ այն որակելով խիստ ծայրահեղական կամ սահմանափակ, բայց պետք է պնդեմ, որ սա ինքնամեկուսացման, աշխարհից կտրվելու մասին չէ, այլ՝ ինքնադիտման, ինքդ քեզ ճանաչելու: Սա նաև կարող եմ կապել երիտասարդ հեղինակների ստեղծագործական գրչի հետ, որոնք ներկայացնում են պոեզիա՝ ինքնադիտման արդյունքում, բայց թե ինչքանով է այն հաջողվում, և ինչ թեմատիկ և ժանրային պատկեր ունենք այսօր, կփորձեմ դիտարկել երիտասարդ հեղինակներ Նարեկ Կոսմոսի, Երկարի, Վի լոյի ստեղծագործությունները:
Նարեկ Կոսմոս. իրականության հետ «լեզու» գտնելու ճանապարհը
Նարեկ Կոսմոսը գրական տպագիր մամուլում հաճախ հանդիպող անուններից է: Երկար դիտարկումների արդյունքում եկա այն մտքին, որ ժամանակակից աշխարհի երևույթները Նարեկը տեսնելու և բառավորելու նոր դիրք է ընտրել՝ տողի կառուցման և բառի ընկալման որոշակիություն և պատկերաստեղծում:
մեկ կիտրոնի թթվությամբ//սիրում եմ աչքերդ//ու կոպերդ,//որ վերմակում են դրանք…//սև թեյի//լեղվությամբ//կարոտում եմ քեզ…//ու գրում նորը,//որ չես էլ կարդա…
Սիրո տողերը մերօրյա իրականության մեջ շատ ենք հանդիպում պաթետիկ ձևակերպումներով հագեցած, որոնք սովորական են դարձել, և, ինչպես վերևում նշեցի, կրկնվել ու կրկնվում են հարյուրավորների կողմից: Իսկ ահա Նարեկի սիրո տողերը՝ համաչափ կառուցվածքով, բովանդակային նոր եզրեր որոնելու համարձակությամբ: Վերջին գրածս բառը գուցե Նարեկի պոեզիան ընթերցողների համար բանալի բառ հանդիսանա, որովհետև երիտասարդ հեղինակը պոեզիայի համարձակությունն է երևելի դարձնում:
իմ թեյի բաժակը//խուտուտ չեկավ//ոչ մի գդալից,//ու թափրտված շաքարավազը//չփոխեց թեյիս լեղվությունը…//ես կարոտում եմ քեզ էնպես,//ինչպես մանուկն է//անգիտակցաբար//կարոտում աստծուն//(ծնվելուց հետո)//մեկ աշխարհ հետո,//գուցե դեռ դրակոնին չհասած,//մենք գրկվենք//(գոնե չմրսելու չափ)//թեկուզ մեկ ժամից//կամ մեկ դար հետո//գոնե մեկ անգամ//կտա՞ս իմ անունը…//կտա՞ս իմ անունը ինձ…//կամ թե չես տա,//գոնե տուր ուրիշին,//բայց մի պահիր քեզ…//մեկ կիտրոնի թթվությամբ//դեռ սիրում եմ աչքերդ,//ու բանաստեղծությունս//ոչինչ չի փոխում իմ մեջ…
Նարեկի ապրումներին ներդաշնակված տողերի ընթացքը ձգում է այն աշխարհ, որտեղ երիտասարդը ստեղծում է այնպիսի պատկերներ, որոնց հետևում ես մտադրություններին բախման սպասումով: Գուցե ակամայից դժվար բան եմ ասում, բայց երբ ծանոթանում ես բանաստեղծության ամբողջական կառույցին, հավաք ու անխամրելի տրամադրությանը, պարզ է դառնում, որ մարդն անտարբեր չի անցնում այս աշխարհի կողքով, և աչքերը չէ միայն, որ տեսնում են իրականություն: Հոգին լավագույնս է ներկայացնում այսօրվա պատկերը:
Երիտասարդ հեղինակը, կարծես, իրականության հետ «լեզու» գտնելու ճանապարհին է: Այս պատկերը հաճախ տարբեր ձևերով է դրսևորվում, ու միշտ չէ, որ հեղինակը կարողանում է պահել տողի ինքնուրույն հստակությունը: Դժվար է կյանքի ներքին շարժմանն ու շնչառությանը միշտ հետևելը…
երբ քո մասին պատմեցին,//ուշադիր լսում էի//իսկ երբ պատմեցին քեզ//քնեցի…//քեզ վրիպել են իմ բանաստեղծության մեջ,//իսկ ես սովորաբար//թողնում եմ դրանք էնպես,//ինչպես կան…//դու նման ես հացիս,//որ թաթախել եմ աղի մեջ,//ու դիմավորել մենակությանս…//ի վերջո//ես փորում եմ ինձ,//գտնելու համար քեզ,//ինչո՞ւ են քեզ իմ մեջ թաղել,//ինչո՞ւ իմ մեջ մեռար…
Հեղինակը փորձում է նորարարության ճանապարհը հարթել՝ հիմնական շեշտը դնելով բանաստեղծության շարժման վրա, դրա համար էլ նրա յուրաքանչյուր, թեկուզ շատ ժամանակ սիրո երևույթի նույնակերպ կրկնությունը տպավորվում է՝ հարց առաջացնելով, թե ինչո՞ւ սերը այսկերպ է ազդում մարդկային հոգեբանության վրա: Եվ պարզ է, որ հեղինակը ինքնարտահայտման այս տարբերակն է ընտրել, որը խոստովանության համատեքստում կարելի է տեղավորել, որովհետև նրա ստեղծագործական կյանքում ստեպ-ստեպ երևում են հետաքրքիր բացահայտումներ՝ անցյալ ու ներկա ժամանակների խտացման արդյունքում նոր՝ կոսմոսյան ժամանակի ստեղծելով և լուսավորելով այդ ուղին:
Ավարտելով Նարեկի բանաստեղծական շարժման մասին դիտարկումներս՝ ստորև ներկայացնում եմ ընդգրկուն համապատկեր՝ երիտասարդի սիրային բազմազանությունը ներկայացնող լավագույն ստեղծագործություններից մեկը:
ես բաց թողնված հեռախոսազանգ եմ,//չհասցրիր ինձ վերցնել,//միևնույն ժամանակ վերցրիր ինձնից…//իմ հուսահատությունն անցավ//քո գծած զեբրաներով,//քո լուսացույցը դարձավ//երկրիս եռագույնը…//բայց արի ու տես,//սերերն, ինչպես և նախագահները,//նախկին չեն լինում…//լինում են պատահած։//ու ի՞նչ կուզենամ ասել քեզ,//չգիտեեմ…//գուցե այն,//որ//ի վերջո//մենակությունդ//մենակությանս հետ//մնում է մենակ…
Վի լո. Մարդու և աշխարհի շվաքը ժամանակից ներսուդուրս
Բանաստեղծական նոր մոտեցումներ ենք տեսնում երիտասարդ հեղինակ Վի լոյի ստեղծագործություններում: Նկատել եմ, որ նա ամեն ինչում ճշմարտությունն է որոնում, որը շատ կարևոր նախապայման է պոեզիայի համար: Վի լոյի պոեզիան թեմատիկ լայն ընդգրկում ունի և չի սահմանափակվում սիրային ստեղծագործություններով: Հաճախ թվում է, թե այդ նույն սերը երիտասարդին տանում է փիլիսոփայության ճանապարհով, և բառը համակերպվում է այդ փիլիսոփայությանը:
Ամենավերջին քայլերը //սկսվում են հետքայլից//իսկ քանի դեռ դրանք չեն վերջացել դու առաջ ես գնում////պարզապես ուղեծիրն է փոխվել//իսկ մառախուղն էլ չկա//ոչինչ//ոչինչ չկա//մենակ ստվերիդ շշուկն է դառնում//ընկերդ,//կողակիցդ,//պաշտպանդ։//Ու ես հավատում եմ ինձ,//ու ես դառնում եմ ես,//ու ոչ ոք չկա։////ամպերը սկսում են սովորել գոյությանդ՝//ստիպված//իսկ ստվերդ կորչում է//մառախուղի մեջ//հետքայլի դեպքում //ստվերդ վազում է առաջ։
Գոյի մասին մեր ժամանակակից երիտասարդական պոեզիայում հանդիպում ենք բազմաթիվ իմաստասիրական խտացումներ: Բայց գոյի նախահիմքն ու միջավայրը պոեզիայում ստեղծելը դժվար է: Նրա մոտ մասամբ հաջողվում է սիրային ազդակների օգնությամբ: Այստեղ մի կարևոր շեշտադրում կուզեմ անել: Տողը ազատ թռչնակ պետք է լինի, ոչ թե բանտարկված սեփականություն: Սա խոսում է սահմանափակումների մասին, որը նաև շնչահեղձ է անում այն, ինչ ուզում ես մատուցել: Եվ այստեղ գոյի բացահայտ ազատության մասին խոսք գնալ չի կարող:
իսկ դու ճանապարհին թողնում ես ամենաթանկերը//Ընտանիք,//ընկերներ,//ընկերներ,//ընկերներ։////ճիշտ ճանապարհը//էդ անդուր մայթերից մարդկանց հավաքելն է,//ու ճիշտ ճանապարհը հետ գնալն է,//գնալ//ու վերցնել բոլորին//ու պատռել բոլոր բանաստեղծությունները//նրանց մասին,//նրանց մասին,//նրանց մասին…
Վի լոյի պոեզիան պատ է, որը կանվանեի «կյանքի պատ»: Նա նոր երևակայական խաղով է հանդես գալիս: Իրականության երևակայությամբ պատը ներկում է սիրո և համակերպվածության գույներով՝ կենսականությամբ լցնելով տողի տարածությունը:
Դիտարկենք մեկ այլ ստեղծագործություն, որը ցավի ամփոփ ու մտածված պատկեր է, հատկապես մեր երկրի քաղաքացու համար:
ամեն բանի վերջում//կտրվում է արծվի թևերը//և ձագերը չեն թռչում,//և ծվվում են ավելի ուժեղ։//Ասում են՝//մորս թևերը արծվական են//իսկ ձագուկներ չկան//իսկ մայրս գնաց պատերազմ//իսկ նրան ստիպեցին։
Շատ ստեղծագործողների մտապատկերում, կարծես, արմատավորված է լացուկոծով սրտաճմլիկ բառերի շքերթ կազմակերպելու սովորությունը, բայց ո՛չ, պոեզիան ցավի մասին խոսելու լեզու ունի, որը պետք է լինի կոփված ու հակադարձող:
Երբ մայր-հայրենիքի իմաստասիրությունը դառնում է պոեզիայի նախահիմք, այն ամբողջանում է ոչ պարտադրված իրական մոտիվներով և ձգվում է նոր սահմանագծերով՝ գաղափարական նոր շերտեր ձևավորելուն պատրաստ:
մայրս կուլ տվեց պատերազմը//նա չմեռավ//պարզապես կտրեցին մազերը՝//մորս մազերը։//կներես,//կներես //մա՛մ//կեստող,//մեկ բառ//կներես//մա՛մ //հայրենիք։//Ագռավները հանեցին //մորս աչքերը//ու ձագերն ընկան ավելի արագ,//ու ծվացին,//ու ծվացին//սատկեցին (մեռան)//ու սովորեցին թռչել…
Կենսականորեն ավելի կարևոր երևույթները երևելի են դառնում բանաստեղծության մեջ: Եվ անգամ մի փոքրիկ ակնթարթը պետք է հիմնավոր ու տարողունակ լինի, ոչ թե պարզապես բառաշարքային սովորության համաձայն: Այս դեպքում Վի լոն կարողացել է իր մտածածը հասցնել թղթին այնպես, որ ժամանակի մեջ չանհետանա իր ստեղծած տողը, և այն հագեցրել է իրական պատկերներով:
Շատ կարևոր մի հանգամանք կա. պոեզիան պետք է ունենա հիշողություն, և կարծես մեկ-մեկ թվում է, որ Վի լոյի որոշ բանաստեղծությունների սկզբնամասն ու ավարտը միշտ չէ, որ կարողանում են կայուն պահել այդ հիշողությունը: Ամեն դեպքում, երիտասարդ հեղինակը կարողանում է ստեղծագործել նորովի և կյանքին դիտել այլ տեսանկյունից:
Երկար. ճանապարհորդություն ներկայում
Երկարի ստեղծագործությունները որոշ երիտասարդ շրջանակներում մեծ սեր են վայելում: Սա ես կապում եմ առկա իրողությունների հետ՝ կենցաղային, զգացական, հասարակական վարվեցողության: Իր ձևի մեջ ինքնատիպ է Երկարի պոեզիան, որը, սակայն, բազում հարցականներ է պարունակում: Սա ստեղծագործական բացթողո՞ւմ է, թե՞ ընթերցողի թերընկալում՝ դժվար կլինի միանգամից պնդել:
Երկարը բնավորություն է ձևավորում իր պոեզիայում՝ հետ ու առաջ անելով ժամանակը, զգացմունքը, պատմությունը: Սա նաև երևույթը ժամանակին որսալու և ճիշտ ներկայացնելու հետ է առնչվում: Միայն այդ դեպքում են երևելի դառնում կրքերը, մտածմունքներն ու վերջնարդյունքը՝ որտեղից ուր է հասնում:
մի սեր կա,//որ միշտ գալիս է՝//երբ տեսքդ անտանելի է, //երբ ոչ մարդկությանն ես //պիտանի, ոչ բնությանը, //գալիս է՝ //երբ փողոցում //հարևան կանայք//կամ մատների բացվածքով //թաղում են բոյդ//ու գետինը մտցնում քեզ, //չիմանալով, //որ արդեն գետնի տակ ես,//էդ սերը գալիս է՝ //երբ բոլոր//խաղերը խաղացել ես,//երբ բոլոր խաղերը //խաղացել են քեզ, ////մի սեր կա, //որ միշտ գալիս է,//էդ սերը՝ //սովորության համաձայն //արագ է անցնում, //բայց անցնելուց հետո //հստակ իմանում ես, //թե ինչ հրաշալի էր//հրաշալի լինելը:
Երկարին հատուկ է այսկերպ կառուցված պոեզիան՝ իբրև առօրեական մտորում: Եվ հաճախ այն չի հիացնում, ինչքան էլ պնդվի, որ դա այդպես չէ: Իհարկե, նոր համատեքստ որոնելը դյուրին չէ, և յուրաքանչյուր ստեղծագործող ինքն է որոշում իր ասելիքին ինչքան խորություն հաղորդի: Երկարի դեպքում ժամանակակից մարդուն բնորոշ ինքնադիտարկումներ են: Հեղինակը ոչ բոլորի նման է նայում աշխարհին, սիրուն, սեփական երկրին, քաղաքի փողոցներին և այլ բազում երևույթների, առարկաների, գործողությունների:
Նորություն ասած չեմ լինի, որ գրականությունը պետք է արտացոլի քո ժամանակը: Եվ հենց ժամանակի ճամփաբաժանում Երկարի տողը լույս է փնտրում՝ անընդհատ հագեցնելով կյանքի ընդունելի և անընդունելի երևույթներով:
մարդը, //որ դնում է //մարդու մեջ մարդ,//և մարդը, //որ դուրս է հանում //մարդու միջից մարդուն,////այս ամենը այլևս //անդառնալի բնավորություն է, //պարզապես փնտրվում է գիրկ,//որտեղից նետվելիս //կհայտնվենք նույն գրկի մեջ, մամ:
Երիտասարդ հեղինակի պոեզիան նաև արձագանքներով է հարուստ: Այն հաճախ մենակության հաղթահարման ուղիներ է որոնում և բարդ ու հակասական վերաբերմունքների համատեքստում եզրակացություններ անում:
Մարդկային գոյությունը խոչընդոտների ճանապարհին շատ է ընդդիմանում, որը, կարծես, որոշ դեպքերում վնասում է: Հենց այդ վնասների մասին է նաև Երկարը բարձրաձայնում:
մեզ կծեցին՝ //առանց արտաքին վերքերի, //մեզ կծեցին՝ //վարկերը, //մոծակները, //գրքերը //(գրքերը 2 անգամ)//ու մենք սկսեցինք աղոթել իրար //մեր կարդացած //ամենակոպիտ աղոթքներով, //մի ժամանակ հարմար էինք, //տեղ էինք, որտեղ //նստում ու հենվում էին, երբ լույս էր,//մեր լույսերը անջատեցին//ոչ թե պարտքի,//այլ պարտքի բացակայության պատճառով, ////մեզ ցանել են որտեղ ասես,//ջրել ինչով պատահի, //մեզ պատվաստել են //ու խաբել,//որ լավ բերք ենք տալիս:
Ենթատեքստերը ժամանակին հաղորդել. սա է Երկարի պոեզիային բնորոշ գիծը, և հետաքրքիրն այն է, որ այն գնալով ավելի է ընդլայնվում՝ նոր տարածքներ մտնելով:
Հայդեգերյան մի պնդում կա. «Լեզուն տուն է: Մարդը բնակվում է լեզվի տնակում: Մտածողներն ու բանաստեղծները այդ տան խնամակալներն են…»: Պետք է առաջին տեղում լինի լեզուն, քանի որ աղմկոտ աշխարհի ու կյանքի վայրիվերումներում հաղթահարելու շատ բան կա, անգամ գրականության օգնությամբ:
Գրականությունն ուժ է, որի պահանջը մեկն է՝ անկեղծություն: Եվ անհրաժեշտ է այսուհետ ամեն ինչ ստեղծել ու փնտրել անկեղծության մեջ, որ չսխալվենք ու գործենք ի շահ գրականության: Գրականության մեջ սխալվելը լավ պտուղներ չի տալիս: