Պատերազմ է՝ նորածիլ
Պատերազմում աղոթարանը մթնշաղն է նույն,
Արևացայտն ինքն է քնել ուզում
Միթե աշուն է նորից,
Եվ միթե եղել է աղավնին պատերազմից առաջ
Թխակապույտ աղավնին,
Սիրահարը մեռյալի…

Լեռներում տատրակներ են ծնվում,
Եվ միթե տատրակը դաշտինն էր այնժամ
Եվ միթե…
Պատերազմում ծաղիկները ողջերինն են
Մատղաշներն՝ արքայությանը…

Պատերազմ է՝ նորածիլ
Աղոթարանը մթնշաղն է նույն,
Արևացայտն ինքն է քնել ուզում
Միթե աշուն է նորից,
Եվ միթե մատղաշները մերկասերմ ալ-կապույտինն են
Պատերազմ է,
Պատերազմում՝ աշուն…

***

Այսօր այլ է,
Մտադիր եմ սիրել
Սիրուց հորինված մեռնել սիրելով
Մեռնել մինչ արշալույս,
Արշալույսի բողբոջը թաց…
Այսօր վճռել եմ գիրկս առած քո քամին,
և քամիները ողջ գրկիս թողնել
Ու փարվել քեզ
Ու երազներ անգամ չթողնել
Երկուսիս ճեղքում…

Այսօր վճռել եմ համբուրել
Մինչ բողոքը շրթունքիդ,
Մինչ նեղանան շուրթերս ինձնից…
Այժմ համբույրիս տակ Լոնդոններ չկան
Դավանանք չկա ձեռքիս շոյանքում
Եվ Աստվածներ՝ մարմնիդ երանգում
Չկան և ցաներ արտերիս վրա
Ու երազներ անգամ չկան…

Այսօր այլ է,
Մտադիր եմ սիրել՝ բողոքող շուրթերիդ
Եվ երդվում եմ խինդ ցողել միայն
Իմ խռոված շուրթերով կաթ տալ
Եվ արշալույսի կոկոնը թաց
քաղել արտերիս համար
Այսօր այլ է,
Մտադիր եմ սիրել…

***

և աչքերիս փոխարեն բաց պահիր
պատուհանդ,
ես այնտեղ եմ
ձայնիս համար անհոգ մնա
կերգի՝ անապատային կաքավը
անապատ պատուհանիդ դիմաց՝ իմ
սերն է,
հոգնությունդ՝ կաքավին սիրելը

հոգեվարքի կանխումը մեր՝
թուլության ժամն է
ի՛մ և քո՝ ժամն է սրճել հարազատս
նայիր օդում խաղացող մշուշին, ուր
որ է կշոյի քիթդ
և կաքավը անապատից մինչև քեզ
նոր պատուհան կբացի
ես այնտեղ եմ
հավերժ է բույրս համբուրիր ձեռքերդ
հոգնությունդ կաքավին սիրելը կմնա

չփախչե՛ս
չվազե՛ս
և անգամ չդանդաղես
քայլի՛ր, քայլիր՝ ինչպես թռչում եմ ես
հարազատս քայլիր տուն ու աչքերիս
փոխարեն բաց պահիր պատուհանդ
ես այստեղ եմ
հոգնությունդ կաքավին սիրելը կմնա

***

ծիծեռնակներ մեռան
մարմնիս ցաներում

ծիծեռնակնե՛ր

ու շուրթերիս արանքում
կարոտ լցոնեցին

ու կապույտ հավատք
ու կապույտ սերմեր մարմնիս
ցաներում աճեցին

ծիծեռնակնե՛ր

իմ ցողունի մեռելը թռավ
ու կարմիրիս ետևից քարշ եկավ

օ՛հ սուրբ կարմիր

ու թռավ
ու ցողունիդ մեռելազարդ կնոջ մարմնում
ծերունյաց կաթ լցոնեցին

մի քիչ կարոտ շուրթերում
մի սուրբ արյուն ձեռքում պահած
թռա՛վ

կապույտ հավատք
կապույտ սերմեր ցաներում աճեցին

ու քայլեցին՝ ծիծեռնակներ
ու քարշ եկան ծիծեռնակներ՝
քարափին

ու թռա՛ն

իմ ցողունը ծիծեռնակ
ժայռային
քո ցողունը ծիծեռնակ
առափնյա մեռան

ծիծեռնակներ մեռան արևին
ցողունը թրջվեց…

***

Տղամարդիկ ծխում են,
կանայք շարունակում
սիրունանալ

Շարունակ մեռնում են
տղամարդիկ,
թիկունքում կանայք են
ծխում
Գույնն է՝ պատերազմի…

***

փետուր նվիրիր ինձ
ու սովորեցրու ինչպես Չթռչել

հետո գրկիր
ու ոչինչ
ոչինչ

մնում եմ

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն