* * *
Դու նորից կրծում ես ձեռքերս, ոտքերս,
սիրո ու ատելության ամենավերջին կետում գժվել ես նորից
ու ամենաուժեղ սիրով ու ատելությամբ
հոշոտում ես մարմինս, հոգիս, երազներս. ոչինչ չմնաց…
Ես մերկությունից չեմ ամաչում.
մի ժամանակ դու էլ ես մարդ եղել,
Ու ես տեսել եմ քո բոլոր զգայարանները,
անցել եմ մատներով նրանց վրայով
ու հիմա ներում եմ գժվելդ…
Գժվի՛ր, հոշոտի՛ր ու հետո լիզի՛ր
արյունոտ մարմինս ուշաթափության աստիճան,
սնվի՛ր ինձնով, ոռնա՛ անիծված աղոթքներդ,
ատի՛ր ու իմ նման հավատա ինձ,
քո տիրուհին ես եմ:
* * *
Իմ մոլորակը հակառակ է պտտվում, ես կանոններ չեմ սիրում ու
խեղդվում եմ քո մոլորակում, դու քայլում ես, իսկ ես թռչել եմ ուզում,
քո երակներում արյունը հոսում է,
իսկ իմը` գլխիս է խփում:
Հիմա աչքերս փակ են,
փետուրներս հերթով եմ պոկում, ու ցավը սովորական է դառնում:
Տե՛ս, պատրաստ եմ մեռնել քո մոլորակում,
բայց զգուշացնում եմ` նրանք աճելու են`
ես թևերով եմ ծնվել ու թռչելու եմ սովոր: