Ճակատագիրը սառչում էր գլխիս վերևում` ջրով լի ալյումինե թասի մեջ: Մոմը դեռ հոսում էր, թե ձեռքերս էին հոգնել` թասը ծանրանում էր: Թիթեղյա վառարանի վրա թափված մոմը ծխում էր, կիսամութ սենյակը մոմի խեղդող ծխով էր լցվել: Ծխի մեջ պատկերներ էի տեսնում: Շան` ծխից քանդակված գլուխն էի տեսնում, դուրս ընկած թրթռացող, ալիքվող լեզուն, ճպռոտ աչքերը, ցից ականջները: Մի ամիս է` ինչ ամենուր նրա պատկերն էի տեսնում` ամպերի ծվենների մեջ, անջատված հեռուստացույցի էկրանին, փակ կոպերիս վրա: Գիշերները, քրտինքի մեջ կորած, վեր էի թռչում, օգնություն էի կանչում, լույս վառում ու ամբողջ գիշեր վառված լույսի տակ նստում էի, «Նոր կտակարանը» և «Հազար ու մի գիշերն» էի կարդում: Շաբաթը երեք անգամ մորաքրոջս ծանոթ հոգեբույժի մոտ էի գնում` չէր օգնում: Թեև կծած տեղը վաղուց բուժվել էր, վերքը պոկվել, ընկել էր, նրա խելագար աչքերի փայլը, ազդրիցս մի հարյուր գրամ պոկելու ճիգը, օգնության եկածների աղմուկ-աղաղակը, նրա ոռնոցը, նրա ջախջախված գլուխը, լճացած արյան մեջ ընկած սուր ծայրով երկաթյա ձողը դեռ ինձ հետ էին և ինձ հետ էր վախը, որ սեփականաշնորհել էր ստամոքսս և այնտեղ էր բնակվում: Մարսողությանս համակարգը լրիվ քայքայվել էր, անընդհատ պայթունավտանգ, թունավոր գազեր էի բաց թողնում, գրեթե չէի ուտում, բայց լուծողական խմածի պես օրը տասն անգամ վազում էի զուգարան: Օրերս զուգարանների պատերը և հատակի սալիկները ուսումնասիրելով էին անցնում:
Հորս Թամար տատը հորանջելով, աղոթք մրմնջալով` դանդաղ պտտվում էր շուրջս, ամեն պտույտից հետո իմ, իր, թասի վրա խաչ էր հանում և ասում էր. «Հիսոս Քրիստոս, Հիսոս Քրիստոս, Հիսոս Քրիստոս»: Ես նրա ձայնը չէի լսում, բայց շրթունքների շարժվելու ձևից, դեպի վեր ուղղված փակ աչքերից հասկանում էի ասածը և զգում էի, թե ինչպես է դարաչափ կյանքի ընթացքում կոփված հավատից հալածական վախը սարսափահար փախչում իմ միջից: Ստամոքսիս ցավերը մեղմանում էին, իսկ ծխակերտ շան գլուխը, աստիճանաբար իր չափուձևը կորցնելով, երկարում ու լայնանում էր, մինչև որ նրանից անջատվեցին ականջները, քիթը, լեզուն և քիչ վերև բարձրանալով` լուծվեցին օդի մեջ: Վերջում մնացել էին աչքերը. շան խելագար աչքերի փայլը դեռ ինձ հետ էր, բայց երբ Թամար տատը վերջին յոթերորդ շրջանը գործեց, երեք անգամ խաչ հանեց վրաս ու երեք անգամ «Հիսոս Քրիստոս» ասաց, աչքերը նույնպես լուծվեցին:
Ես ու մեծ տատս նստել էինք թախտին և սպասում էինք իմ բախտին, սպասում էինք մինչև այն կջրքամվի և պատրաստ կլինի ընթերցմանը: Մոմաքանդակ ճակատագիրս նրա ձեռքերի մեջ էր և ջրքամվելու գործընթացը արագացնելու համար նա ջուրը դեմքիս ցողելով թափահարում էր մոմապատկերը: Ես ձեռքի ափով դեմքս սրբեցի, ասացի. «Տատ, զգուշ չփշրես»: Նա իր կապույտ, խաղաղ աչքերն ուղղեց վրաս, իր չոր, երկար մատներով ականջս բռնեց, իբր ոլորեց, ասաց` «Զգույշ դու չփշրես»: Ձայնը թույլ էր, մատների մեջ ուժ չկար, դեմքը երկարել, կզակն ու քիթը սրվել էին, կնճիռները խորացել էին, ոչ այն է կապույտ, ոչ այն է մոխրագույն աչքերը հոգնությունից կուլ էին գնացել, կոս արած լրիվ ճերմակ մազերը ցրիվ էին եկել և նրան վհուկի կերպարանք էին տվել: Ստամոքսիս ցավերը անցել էին, աչքերս փակելիս կոպերիս վրա շան մռութը չէի տեսնում, բայց օդի մեջ լուծված վախ կար և հավանաբար այդ պատճառով էի նրան վհուկի նմանեցնում:
Թամար տատը մոմաքանդակ ճակատագիրս դրել էր թղթի վրա, թուղթը դրել էր գոգին և երկար ժամանակ նայում էր նրան: «Աստված իմ, բան չեմ տեսնում, լույսը վառիր»,- երկար լռելուց հետո շշնջաց նա: Հոսանք չկար և ես լամպը բերեցի, վառեցի: Սենյակը նորից ծխով լցվեց: Արևելյան հեքիաթների ազդեցության տակ լինելով` ակնապիշ նայում էի լամպից բարձրացող ծխին, բայց ջինը չկար. թանձր, սև ծուխը լամպի ապակին մրելով բարձրանում էր առաստաղը մրելու: Մեծ տատս նայում էր մոմին և միաժամանակ մազերն էր կոս հավաքում: Ես էլ էի նայում, բայց ոչինչ չէի տեսնում. թվերի, պատկերների, նշանների աշխարհը հասու չէր ինձ: «Աչքերս լավ չեն տեսնում»,- ասաց մեծ տատս ու, աչքերը փակելով, սկսեց մատներով մանրամասն շոշափել մոմապատկերը. ճակատագիրս փաստորեն մատներով պիտի կարդար: Կարդաց, կարդաց, ասաց. «Շանից վախեցել ես»: Ես ծիծաղս զսպեցի, որոշեցի տատին չբարկացնել ու լուռ զվարճանալ: «Մի աղջկա կհավանես,-ասաց տատս,-բայց մահը կբաժանի ձեզ և նա կգնա քյալամագույն փողի երկիրը»: «Ինչ անեմ` չգնա»,- հարցրեցի ես: «Մի տարի առաջ եկավ, ժամանակ խնդրեցի, բայց հիմա հոգնել եմ, աղոթում եմ` ժամանակս ավարտվի. ես քեզ չեմ կարող օգնել, բայց դու հավատա ու ամեն ինչ լավ կլինի»: Թամար տատը մոմը փաթաթեց թղթի մեջ, փաթեթը տվեց ինձ և պատվիրեց, որ երեք օր բարձի տակ դնեմ, վրան քնեմ, հետո մեր հողամասում մի փոս փորեմ, այն թաղեմ փոսի մեջ և չմոռանամ դրանից հետո իմ ու փոսի վրա երեք անգամ խաչ հանել:
Դպրոցի դասերը ավարտվել էին, ամառային արձակուրդներ էին, և երբ ինձանից տասը տարով մեծ ընկերս` Կարենն ասաց, որ աշխատանք կա ու առաջարկեց միասին աշխատել, ես անմիջապես համաձայնեցի: Մենք երկաթյա ժանգոտ դարպասներից ներս մտանք, հղի կատուների ու ոտքի տակ ընկնող կատվաձագերի ուղեկցությամբ քայլեցինք մինչև տան դուռը, և ես մի քանի անգամ թակեցի այն: Քարանձավային մթության միջից նախ ծաղիկների և նոր լոգանք ընդունած մարմնի թարմության հոտը հասավ մեզ, իսկ երբ միջանցքի լույսը վառվեց ու նրան տեսա, սիրտս ցամաք նետված ձկան պես շնչակտուր թպրտաց: Մազերը դեռ թաց էին, արև խմած թուխ մաշկը դեռ թաց էր, մարմնին կպած շապիկի վրա գծագրված շրջանակները կրծքերի պտուկների չափսերն էին մատնում, կարճ, վերջում քանդված թելերով ջինսե շորտը լայն կոնքերին նեղ էր գալիս, պորտը շնչել արտաշնչելու հետ լուսավորվում ու շապիկի տակ թաքնվում էր, աչքերը կատվի աչքերի փայլով էին փայլում: Բարևեց, մեր չտես աչքերի մեջ հիացմունք տեսնելով` խորամանկ ժպտաց, ներս հրավիրեց: Հյուրասենյակից դուրս եկավ նրա մայրը: Մազերը հարդարված, դեմքը նուրբ շպարված էր, բարձրակրունկ կոշիկներ, երևակայություն բորբոքող սև զուգագուլպաներ, մինչև ծնկները հասնող յուբկայով էլեգանտ կոստյում էր հագել: Դեմքին թույլ արտահայտված կնճիռներ կային, բայց կատվի աչքերի փայլը աչքերում դեռ չէր մարել:
Նրանք նման չէին մեր ճանաչած կանանց, նման չէին մեր խոժոռադեմ հարևանուհիներին և նրանց փակի տակ պահվող, մշտապես պատուհաններից կախված աղջիկներին: Նրանց մեջ մի բան կար, որ իմ մեջ հակասական բնազդներ, տիրանալու ու հնազանդվելու, բռնանալու ու պաշտպանվելու ցանկություն էր առաջացնում:
Մեր անելիք աշխատանքի մասին զրուցելով` Կարենն ու մայրը առջևից էին քայլում, ես ու Մարգարիտան նրանց ետևից էինք գնում: Միջանցքի դուռը երկուսիս համար նեղ էր, կանգնել, ես` իրեն, ինքը ինձ էր զիջում, իսկ հետո կողքի շրջված, իրար աչքերի մեջ նայելով միաժամանակ անցանք: Կրծքերը կպան ինձ, սիրտս շալախոյի ռիթմով զարկեց և զգացի, որ ստամոքսումս գազեր են կուտակվում:
Հյուրասենյակում, սև կաշվե բազմոցին անշարժ նստած Մարգարիտայի տատը աչքերը բացել-փակելով բարևեց մեզ: Տատի մազերը ներկված ու հարդարված էին, բարակ հոնքերը սև մատիտով, թարթիչները տուշով ներկված էին, դեմքը շպարված էր, երկար, մինչև ոտքերը հասնող ծաղկավոր զգեստ էր հագել: Մարմինը անշարժ էր, միայն գլուխն էր անընդհատ տարուբերվում և լռության պահերին լսվում էր նրա ականջներից կախված երկար հյուսքերով արծաթյա ականջօղերի ղողանջը: Ինքնուրույն տեղաշարժվելու, խոսելու անընդունակ այդ կնոջ արդուզարդը ավելի էր սրում նրա թշվառ վիճակը և դառը ծաղր էր թվում նրա հիվանդ ու ծեր մարմնի հանդեպ: Նրան այդպես տեսնելով` հասկացա, թե որքան անողոք ու ավերիչ կարող է գործել ժամանակը:
Նա լվանում էր իր ոտքերը կարմիր, գունաթափ տաշտի մեջ և արտասվում էր կորցրած սիրո համար, իսկ ես, նրա սուրճի բաժակի մեջ նայելով, հեքիաթներ էի հորինում, որտեղ կար և՛ բոյբուսաթով արքայազնը, և՛ նոր, մեծ սերը, որ կփշրի ամեն արգելք, և՛ «Մերսեդես 600», և եռահարկ, շքեղ առանձնատունը` լողավազանով ու մնացած հարմարություններով: Բայց ես նաև նշում էի, որ նրանց հանդիպման ժամանակ արքայազնը աղքատ կլինի և ժամանակ է պետք մինչև հարուստ ու հռչակավոր դառնա: Նա հարցեր էր տալիս արքայազնի մասին և ես մեծ տատիցս ժառանգած արհեստը բանեցնելով` խորամուխ էի լինում սուրճի մրուրի մեջ և նոր մանրամասներ էի դուրս բերում բաժակի հատակից: Նրա ներկված աչքերից հոսող սև առվակները ցամաքել էին, նա լսում էր ինձ և ժպտալով ոտքերն էր տրորում: Ես հիացմունքս չկարողանալով զսպել, բռնեցի նրա ձեռքը, ասեցի. «Սիրուն ձեռքեր ունես»: Այդ պահին Կարենը կողքի սենյակից ձայն տվեց ինձ: «Գնա, գնա գործ արա»,- ասաց Մարգարիտան:
Մի ամսվա գործ էր, բայց այնքան շատ էր նրանց կողքին լինելու ցանկությունը, որ գործը երեք ամսում ավարտեցինք: Երկու շաբաթ է, ինչ գործը ավարտել էինք, երկու շաբաթ է նրան չէի տեսել: Զանգեց, ասաց, որ տանն է: Ծաղիկներ, էժանագին գինի վերցրեցի, գնացի նրանց տուն:
Տատին հյուրասենյակում թողնելով` գնացինք, խոհանոցում նստեցինք: Գինու շիշը բացեցի, ինքը կում-կում, ես ծարավը հագեցնողի պես գինի խմեցինք: Հարմար պահի էի սպասում, որ սեր խոստովանեմ: Սիգարետը սիգարետի հետևից վառելով ծխում էի, սիրտս աֆրիկյան թմբուկների ռիթմով էր զարկում:
Երբ սուրճ խմեցինք, իր բաժակը շրջեց, ասաց. «Մի տես էդ տղեն ինչ եղավ»: «Էդ տղեն ես եմ,-ասի,- երկու շաբաթ է տանջվում եմ, դպրոց ձեր տան մոտով եմ գնում, գալիս, բայց քեզ չեմ տեսնում»: Մարգարիտան ինքնագոհ ծիծաղեց, ասաց, որ սիրուն չի հավատում, ասաց, որ նոր հարաբերություններ սկսելու համար ինքը պատրաստ չի, ասաց. «Համ էլ մենք Ամերիկա ենք գնում, հենց որ տատին…»: Ես հրաժեշտ տվեցի նրան և քայլեցի դեպի դուռը, և երբ արդեն դուռը բացել, դուրս էի գալիս, Մարգարիտան խոհանոցից դուրս եկավ, ասաց. «Կներես փնթի վիճակի համար, էսօր մաման տանը չի, վաղը նոր գալու ա ու տան մաքրությամբ ես եմ զբաղվում»:
Տեղաշորի մեջ շուռումուռ էի գալիս, քունս չէր տանում: Պահարանի բարի մեջ կես շիշ գինի կար: Գինին վերցրեցի, դուրս եկա փողոց, պպզեցի ու ծխախոտ վառեցի: Գինին խմեցի, և ոտքերս քայլեցին նրանց տուն տանող ծանոթ ճանապարհով: Հասա նրանց փողոց և տեսա, որ նրա սենյակի կապույտ լույսը վառ է, ու ինքն էլ գիշերանոցով պատուհանի մոտ կանգնել, երկնքին է նայում: Դարպասը բաց էր, տան դուռը բաց էր և չհասկացա` դուռը բացել ու սենյակ է վերադարձել, թե՞ մինչև այդ ժամը բաց է թողել: Հյուրասենյակում նստած տատի աչքերը փակ էին: Անաղմուկ անցա նրա կողքով, Մարգարիտայի սենյակը մտա, բայց հենց նրան տեսա, խմիչքի հաղորդած համարձակությունը ցնդեց և ապուշացա: Մարգարիտան պատուհանից դուրս էր նայում և սպասում էր, իսկ ես դռան մոտ կանգնել, ոչ առաջ էի գնում, ոչ փախչում էի: Նա պատուհանը վարագույրով ծածկեց, լույսն անջատեց, ու կատարյալ մթություն եղավ: Խարխափելով քայլեցի, մինչև ձեռքերս նրա մարմնին դիպան:
Հանկարծ, այն ժամանակ, երբ կիրքը լրիվությամբ տիրել էր մեզ, լսվեց նրա շնչահեղձ լինող տատի խռխռոցը: Դժվար էր կանգնելը, անտանելի էր բաժանվելը, բայց պառավը այնպիսի ձայներ էր հանում, որ շարունակելը անհնար էր: Մարգարիտան վազեց տատի մոտ, իսկ ես սկսեցի արագ հագնվել: Երբ հյուրասենյակ մտա, տատը էլ չէր խռխռում, իսկ Մարգարիտան բազմոցին նստած արտասվում էր:
Պառավի թաղումից ինը օր հետո նրանք գնացին Ամերիկա: Այդ ինը օրերի ընթացքում ոչ մի անգամ չհանդիպեցինք և միայն թռիչքի օրը հեռվից տեսա նրան: Մինչև վերջին պահը չէի ուզում հավատալ նրանց գնալուն, մինչև վերջին պահը հրաշքի էի սպասում:
Օդանավակայանից հետ գալիս կանգնել, երկար նայում էի ինչ-որ գործարանի շշաձև խողովակից բարձրացող ծխին, բայց ծխի մեջ պատկերներ տեսնելու ունակությունս կորցրել էի և Թամար տատն էլ չկար, որ հուսադրող խոսքեր ասեր: Մեջս ոչ հավատ էր մնացել, ոչ վախ, ոչ կյանք: Մահը հավատարիմ շան նման քարշ էր գալիս հետևիցս:
Մութ սենյակիս մեջ փակվել ու օրերով տանից դուրս չէի գալիս: Մարդու երես չէի ուզում տեսնել, և արևի լույսը հոգուս մեջ որդեր էր բուծում: Ուզում էի երկու գրքերն էլ վառել, ու ասել. «Ծուխ էիք, ծուխ դարձեք»: