քանի որ հղի եմ
քիչ ա պատահում որ նույն օրը
համ նկարում
համ գրում եմ ոտանավոր
առավոտից գնացի
կտուրներով ֆռացի
ֆռացի
անձրևից լվացքս թացացավ
ներսում փռեցի
հետո էլ գրեցի ոտանավոր
իմուիմ մասին
գրեցի որ հարցնեմ
ոնց ա պատահում որ նույն օրվա մեջ
քեզ զգում ես էնքան երջանիկ
հետո ամեն ինչ դառնում ա քաքմեջ
ու չես կարող ոչ խմել
քանի որ հղի ես
ոչ լացել
քանի որ հղի ես
ոչ էլ գլուխդ պատերով տալ
քանի որ հղի ես
մենակ ուրախանում ես
կամ գոնե հույս տալիս
հիշելով
որ ներսումդ մեկն էլ կա
ու հավանաբար քեզ պես մեկը
ու որ դու մենակ չես
էդ մենակության զգացումը հիմա չունեմ
քանի որ հղի եմ…
ոնց ա պատահում
առավոտը զարթնում եմ
հագնվում երգում եմ
հետո գալիս եմ տուն
ու չեմ գոռում
չեմ լացում
ձեն ձուն չեմ հանում
ինձ անտեր շուն չեմ զգում
քանի որ հղի եմ
ոնց ա պատահում
որ նույն օրը նկարում եմ
ու գրում եմ
ոտանավոր
զանգում եմ մամայիս
պապայիս կարոտում եմ
չոբանիս ձագն ինչ եղավ
մոխոս ոնց ա
ալիսան քնած ա
վերջին նշվածները սաղ իմ շներն են եղել
հիմա ոնց ա պատահում
որ ուրիշ տերեր ունեն
ու ինձ չեն հիշում
երբ ես
տասը կիլոյանոց մոխոյին
օրը չորս անգամ
չորս հարկ
բարձրացնում իջեցնում էի
ման տալիս սիրում
անգամ ալիսայի վրա գոռում
որ մոխոյին չուտի
ու ասում
էրեխես հաչալով ա ծնվելու
ու էդպես ասում էի
քանի որ հղի եմ…
սրտխառնոց
սիրտս խառնում ա
եթե նախկինում կարոտից էր խառնում
հիմա խառնում ա
անընդհատ
ու ստիպված գրում եմ
անկապ ու անիմաստ տեքստեր
գրում եմ մանրամասն
ապրումներիս մասին
թե ինչպես ամեն օր
ինքս ինձ ու խաչին համոզում եմ
այսինքն փորձում եմ սովորեցնել
որ մայր ու հայր ենք դառնալու
մի լակոտի
ում պատճառով առավոտից իրիկուն
սրտխառնոց
մայրս ասում ա
առաջինը չես ու ոչ էլ վերջինը
թե իբր հետո ամեն ինչ կմոռանամ
էն որ փոքր ժամանակ խաբում էին
քարի մեջ արյուն կա
կամ թե
կմեծանաս կմոռանաս
հիմա էլի
նույն հեքիաթները
բայց ես մեծ մարդ եմ արդեն մա
ու իմ սրտխառնոցն ու դրա հետևանքներն
էնքան էլ ուրախ չեն
նոր տարվա
կանաչ փուչիկի պես
մանավանդ որ
չեմ զգում ներկայությունը նրա
ամեն օր մտածում եմ
ախր ես չբեր էի
էս ոնց հանկարծ հղիացա
ինքս ինձ համար որոշել էի
իմ չբեր լինելու հաստատ հեքիաթը
ու մեկ էլ բաբամ
որոշեցիր լույս աշխարհ գալ
գալդ բարի
միայն թե
մաման ուզում ա գործ անել
ֆոտո գրականություն
ճաշ
գնալ ու գալ
ու քեզ հիմիկվանից ասում եմ
ուզում ես
ընկերացիր
ու մեկ էլ հա
ես իմ էշը քշեմ դու քոնը
տեսնենք ով ա հաղթելու…
օրը սկսվում ա
օրը սկսվում ա
բարձիս վրայի չոբանի շան ձագի աչքերին նայելով
ամեն դեպքում էս շները լրիվ ուրիշ են
չոբանը մեկ ա ուրիշ ա
դեռ երեկոյան վրայից գոմի հոտ էր գալիս
փիս մի հոտ
որ մաքրեցի զեյթունի բնական օճառով
թույլ քացախաջրով թրջած ու պինդ մզած շորով
հետո գցեցի տեղաշորիս մեջ
ու միասին քնեցինք
օրս սկսվում ա
փորիս հետ խոսալով
բարև շունիկ ոնց ես
օրս սկսում ա
բարև ջիգար իմ սերն ես դու
սկսվում ա օրս առաջին հերթին մի հատ զուգարան վազելով
ջուրը բաղնիքից բերելով
պլաններս բարձրաձայն կրկնելով
օրս
սկսվում
ա
անպայման սկսվում ա
հայելու մեջ մի հատ
բերանիցս մեծ ժպիտ գծագրելով
շներին դուրս հանելով
նրանց քաքն ու շըռը մաքրելով
օրս սկսում ա մեյլս ստուգելով
սմայլիկ բան դնելով
նախաճաշի մասին մտածելով
մի բան բստրելով
ուտելով խմելով
հետո արդեն տեսնում եմ ժամը ախր չորսն ա
բայց աման չամանտունտեղ մնացել ա
տներն էլ չեմ ավլել
բայց օրը ճաշ ա դառել
վահանի համար նկարներ դեռ չեմ գտել
դեռ չեմ գրել գրանտի դիմում
չեմ նայել ինչ կա չկա աշխարհի մյուս ծայրերում
բայց օրս վաղուց
վաղուց
սկսվել ա…
Դիանա Գրիգորյան
***
Երեկ,
երբ անցյալն ինձ կատարյալ թվաց,
ներկան` չներշնչող,
իսկ ապագան` անորոշ,
ես որոշեցի բարձրանալ ճանապարհիս պատահած առաջին լեռն
ու այնտեղից ցած գլորվել:
(Արժե՞ դա ինքնասպանություն անվանել, թե՞ խելագարություն, կարևոր չէ):
Երբ հասա գագաթ,
անցյալն ու ներկան իրար էին ձուլվել:
Հանկարծ հիշեցի գլորվելու մասին:
Հանդարտ քայլերով իջա.
ապագան քայլերիս մեջ էր:
***
Որպես ներքնաշոր` հագա անցյալը
(Որը կարող էի և չհագնել):
Որպես ներկա` (որը և կա և չկա)
հագա մարմնիդ բույրը:
Որպես ապագա` հագա կոշիկները
(որոնք շատ մեծ էին):
Եվ դուրս եկա փողոց:
Ճանապարհը չուներ ներկա,
այն չուներ նաև անցյալ
և ոչ էլ ապագա:
Բայց կոշիկները սեղմվում էին ճանապարհին`
ստիպելով վերապրել ժամանակները:
Եվ հիշողությունը` ժամանակ դարձած,
ներխուժեց կոշիկներիս մեջ:
Հանելով կոշիկներս`
ես կջնջեմ բոլոր ժամանակները:
***
Այրիր բոլոր գույները
և ստեղծիր դրանք նորից:
Մոռացիր քաղաք-ուրվականի տեսիլքը
և արթնացրու քաղաքը նորից:
Մոխիրով ծածկիր քո ժպիտը
և փնտրիր ժպիտը նորածնի:
Կանգնեցրու վազքը անիվի
և անիվ դարձրու քո մարմինը:
Այրիր քաղաքականությունը,
անջատիր լույսը,
այրիր ամենը` թողնելով միայն լեռն ու անտառը:
Լսիր նորածնի քո ճիչն անտառում
և գտիր քո ընթացքը` իբրև լեռ:
***
Ես ուզում եմ գտնել իմ պատկերը:
Պարզվեց,
որ անհայտ ժամանակներից մինչ օրս ես
ապրել եմ 7777 կյանք:
7777 անգամ ես ծնվել եմ միևնույն դրդապատճառով`
ներդաշնակ սիրո դրսևորում:
7777 անգամ ես մահացել եմ նույն պատճառով`
մասնիկ աններդաշնակ ու բորբոսնած հասարակության:
Ես պատրաստվում եմ դուրս գալ ինքս ինձնից և
առաջին հերթին` բորբոսից…
Ես ինքս բորբոսն եմ, որ փորձում եմ գտնել
առաջին ու միակ ծնունդը տանող ճանապարհը: