ԷԼԻ ԵՐԿԻ՞ՆՔ
(Պերճի պատճառով կամ շնորհիվ…)
Տե՛ր, փախչելու տեղ չկա…
(Ամեն անգամ,
երբ անստվեր հանգուցյալներս բռնում են ոտքերիցս
ու քաշում դեպի մերձիմահ հարթություններ,
ամեն անգամ,
երբ ստորգետնյա մոլուցքներս աչքով են տալիս,
ամեն անգամ,
լիբիդոներիս բավարարման եզրակետին,
Կյանքը
հևալով,
ուժասպառ,
շնչակտուր տեղ է հասնում,
քաշում ականջներս,
հայրական ապտակ տալիս,
բռնում մազերս,
բարձրացնում վեր,
պտտում,
պտտում
ու էլի շպրտում… երկինք:
Աստված շփոթմունքից կուլ է տալիս լեզուն.
-Էլի դու՞:
Ու մենք մինչ լուսաբաց ջազ ենք լսում,
ժպտում,
լացում,
գոռում,
լռում,
խեղդվում ջազի մեջ,
խեղդում ջազի մեջ…
-Տե՛ր, գժվելը հետո. էս անգամ գործով եմ եկել)
-Ծիտ-թռչուն միջակայքում ես արդեն փորձել եմ
դրսևորման բոլոր հնարավոր ձևերը.
նոր հարթություններ վստահիր ինձ, Տե՛ր,
թույլ տուր խաղալ Քեզ հետ,
ու անմեղորեն հաղթել…
(Դու էլ ես փոքր եղել, չէ՞) :
Օգնիր ինձ հաղթահարել Քեզ,
կորցրու Քեզ իմ մեջ,
թուլացիր,
հանձնվիր
ու Քո կործանումը կլինի Քո ազատագրումը…
Թույլ տուր դարձյալ ծնել Քեզ իմ մեջ`
իմ կերպարով ու իմ նմանությամբ…
Ու մի ամաչիր Քո մերկությունից.
ես էլ եմ մերկ ծնվել:
Հետ եմ եկել, Տե՛ր:
Հա, փախչելու տեղ չկա…
Օ՜, ԼԻ ՊՈ…
Մուսայի փնտրտուքը
տանում է շոշափելիի ամենաբարձր կետը,
ցուցամատով ուրվագծում հեռուն,
աչքով տալիս
ու ծիծաղում քթի տակ:
Հեռուն` տաք, մերկ ու ցանկալի…
Ափերս քոր են գալիս բառի մոլուցքից:
Ես եղունգներով քերում եմ պատը`
ձեր իմացած պատերից ամենահաստը,
հետո կրծում եղունգներս,
մատներս,
մարմինս,
հոգիս,
հոգուն հաջորդող որջ ենթադրյալը…
(Քաոտիկ նևրոզ`
պոետիկ ախտանիշով):
Ճգնաժամի պայմաններում
դեպրեսիայից էլ կարելի է պոեզիա
քամել…
Ու առհասարակ` ամենից ու ամենքից,
ձեռքիդ տակ ընկած ցանկացած գոյից,
որ սովածի բնազդը չտանի ինքնակերության,
որ չքամվի մարմինդ,
հոգիդ,
հոգուդ հաջորդող որջ ենթադրյալը…
Տարածաչափության ամենաբարձր կետում
ես ու պոեզիան որոշում ենք ինքնասպան լինել.
հեռու տանող ամենակարճ ճանապարհը`
փափուկ ու ազատ, ուր, պոեզի՛ա,
ես կկորցնեմ ինձ ու կգտնեմ քեզ իմ մեջ,
դու կկորցնես քեզ ու կգտնես քեզ իմ մեջ…
Կարճ ասած.
Ես ու պոեզիան կկանգնենք այնքան,
մինչև կմնա միայն պոեզիան:
***
Ինչ լավ են նայվում պոետ աղջիկները
մերկ քաղաքի ֆոնին
փետրվարի վերջին
գարնան հոտը քթին
կես քուն — կես արթուն
փողոցում մթին…
Քաղաքում
ուր լինում են հեչ չապրվող ժամանակներ
հեչ չգրվող ժամանակներ
ու դատարկություն
սուր ատամներով
երկար պոզերով
սև եղունգներով
ու պոետ աղջիկներ
որ վազում են աշխարհի կապտած երակներով
դեկտեմբերից փետրվար
փետրվարից դեկտեմբեր
մեկի հայացքից
մեկի քայլվածքից
մի sms-ից
իրենք իրենցից
մի քրջոտ բանից
հազիվ բեղմնավորված
որ ընկնում են փողոցներում
ճանկռում ասֆալտը
գալարվում
ճչում
ու պատռվում երկունքի ցավից…
Իմ չծնված որբ
չունենամ զքեզ Պոեզիա
պորտալարի մեջ խեղդված որբ…
(Ես կկարոտեմ ձեզ իմ չունեցածներ
անմեր ու անհեր իմ չգրածներ)…
***
Պոետ աղջիկներ
Հաս, Ման, Ան ու էլի
գրելու տենդից
ձմեռվա ախտից
քամված ու հյուծված
ոսկոր ու հոգի
ամուր գրկեք նրան
ով կգա փետրվարի սկզբին
մեջտեղում
ու մանավանդ վերջին…