Հին երկրի քաղաքը
«Ի տարբերություն Երկրի` լուսինը մթնոլորտ չունի: Այնտեղ չկա ջուր, նշանակում է` բացակայում են քամիները, փոթորիկները, անձրևն ու ձյունը, չեն լսվում ձայներ, այնտեղ կատարյալ խաղաղություն է»:
«Բնագիտություն», 5-րդ դաս. դասագիրք, «Էդիթ պրինտ»,
Երևան, 2007

Հետո կարելի է գրել,
որ անորոշությունը սպանում է,
իսկ ամենավերջում իջնում են
պղպջակները:
Բայց մինչ այդ
«Վաճառվում է Երազ 1998:
Զանգահարել
(098)92-04-45»:
Գույնը`
կաթի մեջ լուծված կակաոյի
կամ այլ:
«Երազը» մեքենա է:
Հասկացողներից ավելի
սիրում է ապրողներին.
լցվում են մեջը ու…
կյանքը գնում է այնպես,
ինչպես սովորաբար գնում են կյանքերը:
Մենակները`
տնական չորս պատի մեջ,
փողոցներում…
Շենքերը տարբեր են,
ու նույնն է միայն երկինքը:
Արևները կլոր են,
հետագծերը օդում ցնդում են:
Ահա լավ մարդ.
աստիճաններով բարձրանում է:
Փիղը կոշիկը թողնում է աչքիդ մեջ,
ու հայացքդ մի պահ սառչում է:
Բոլորը մի պահ Մասիսին են նայում.
«Երազի» լուսամուտներին` մարդկանց աչքեր:

Ճանապարհի շերտերը տեսա՞ր,
հարցրիր, ու կկուն կանչե՞ց,
հնչե՞ց չինական մեղեդի ինչ-որ տեղից,
պատուհանից հարսանիք տեսա՞ր.
ահա խաղալիք քաղաքը:

Ձայներ կան, որ լուծվում են օդում,
կան, որ կանգնում են:
Նրանք նաև հիմնավորում են իրենց
կարծիքները:

Երբ մենակ ես լինում,
սիրտդ սկսում է թակել:
Երազում դեռ կոշիկներդ արձակ`
զարթուցիչը զնգում է:

Ճանապարհների, քարերի, արևի,
հայելիների մեջ պառկած մարդկանց
տեսար,
քանդված եկեղեցիների խաղող:
Դու կահույքի դռներ կպատրաստես:

Մամուռը` սալիկների արանքում,
ու կռացած ծառերը:
Նրանք ընկած են լինում, նրանք,
ովքեր ամեն օր ճանապարհ են ընտրում:

Դու թափ կհավաքես ու կսկսես
պտտվել:
Զոլավոր ճանապարհներ կանցնես`
մոխրագույն, կանաչ, մոխրագույն,
կանաչ,
եթե տեսնեն, ծափ չեն տա:
Կնստես, մինչև կորանա ողնաշարդ:

Լսել, հավատալ, լույս դառնալ,
մտածել, թե քայլում ես:

Երբ երեխաները այլևս ֆուտբոլ
չխաղան,
կմտածես, որ երեկո է,
ու որ պետք է քաշել վարագույրները
ու հիշել:

Դու լավ պառավ կլինես`
հավանաբար առանց գլխաշորի,
հեքիաթներով:

Մատը բերանը դրեց ու քնեց`
«Երազի» լուսամուտով մեկ արևի մեջ,
հորինովի հանգստի համար,
վաղուց հորինված շնչառությամբ,
ամուր-ամուր արևի մեջ…

Այնտեղ կատարյալ խաղաղություն էր…

***
Միայն թե աստիճաններից չգլորվես,
երբ աչքերդ հեռուն նայելիս ցավում են:
Ինչ-որ տեղ ծառեր պիտի լինեն…

Այստեղ`
պսպղացող հատակն ու սրտերը,
որ ցավում ու ցավում են,
և ճռճռում են վերելակները:

Մարդիկ կհասնեն մի քանի վայրկյանից:
(Նույն մարդիկ են հորինել տարբեր
լեզուները
վերջին կանգառներում իջնելիս):

Նրանց գլուխը միշտ նույն ձեռքին է,
երբ ցուցափեղկից նայում են,
նրանք իրարից նեղանում են զեղչով,
նրանց բոլորի աչքաչափը նույնն է:

(Մի օր քաղաքում չի մնա ոչ մի նկարիչ,
որ դիմանկարներ անել կարողանա):

Գուցե իսկապես պետք է լույսը վառել:

Մատները բարձրանում են դեպի
ճակատ,
աչքերը կարծես հրեշտակի են,
միասին որոշում են չմտածել հին ձևով
ու իրարից անկախ
հայտնագործում են նույն նորերը:

Մարդիկ, որ ինչ-որ տեղ են գնում,
ուզո՞ւմ են գնալ, թե՞ ոչ:

Ետևում մնացած քաղաքը:
Աթոռի ուսերին գցված շալը:
Ծառերը, որ ինչ-որ տեղ պիտի լինեն:

Աչքերին ծիածան նկարեց:
Ստվերի տեսքով բարձրահասակ են
ու նրբիրան,
իրենց մեջ յուրահատուկ սխալ են
փնտրում,
որ մեծ մարդ լինեն,
ուզում են հասկանալ`
ինչ ընդհանուր բան կա
իրենց ու քարերի գույների միջև,
չգիտեն,
որ հետո լույսեր կվառեն ու կգոռան…

Նրանց դեմքերին գրված չէ,
որ քաղաքն այս կառուցել են
այս մարդիկ:

***
Սա քաղաքն է:
Երբ խոնավացանք,
բոլորի ոտքերն ամպոտվեցին:
Մարդիկ դեմքերը թաքցնում էին
խոտերի մեջ:

Եթե ասես`
որտեղ է իմ երազանքը…
Երազանքը հանկարծ
էլ երազանք չի լինում,
ու դու թափահարում ես
թևերդ, գլուխդ:
Դու հասկանում ես,
որ ուզում ես խոսել:
Շտապում ես երազել,
շտապում ես ուրախանալ,
շտապում ես երջանիկ լինել:
Երազանքը հետ ու առաջ է անում:

Հրեշտակը միշտ ասում էր,
որ զորակցում է ինձ,
հրեշտակը քաղաքով մեկ էր:
Նստում էր հոսանքալարի վրա,
թռչկոտում էր խոտերում,
երևում էր թռչունների վանդակներից:
(Հետո նա քեզ կօգնի
աննպատակ թափառումների ժամանակ.
առաջինը ես կսպասեմ,
երկրորդը` դու,
և կսովորես
չզարմանալ
հրեշտակների
առատությունից,
դու,
որին դրանք պետք են):

Քաղաքի բնությունը:
Այն, ինչ ծառ է
և ծառ չէ,
այն, ինչ կարող էր լինել ծառ:
Երկնքում ջազ են նվագում ինձ համար
(շատ բարձր չէ,
ծառերի կանաչի մեջ),
միանում-հեռանում,
ապա նորից միանում-հեռանում են:

Մերկ շների հետևից շուռ եկող երեխաները
նկարում տեսած ձիերի երազով:
Ծաղիկներն ու ձայները:
Ծառերը աղմուկների մեջ:
Աբստրակտ նկարներ:
Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին
ու Սիսը:
Եվ բարդիներ:
Ճերմակ աղյուսե լռություն:
Հեքիաթներ երազից առաջ:
Եվ օդի նույն համը
անձրևից հետո…

***
Ես ինքս եմ,
ոչ ոք էլ չէ`
ճանապարհը կորցրած,
քայլում եմ այնպես,
կարծես մրսում եմ:
Ճոճվի՛ր փողոցում
մինչև տուն հասնելդ…

Բոլոր կորած մարդիկ հավաքվում են
այնտեղ`
Հանրապետության հրապարակի
ժամացույցի տակ,
ու մտքում ձայն են տալիս իրար.
արի՛ այնտեղ ապրենք,
մինչև կգտնենք մեր տունը…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն