Գուստավ Բ. – ն մտածեց, որ եթե ուրիշը դներ իր ցիլինդրը, գուցե մարդիկ չփռթկացնեին: Մթնաշաղին, փաթաթված սև, երկար վերարկուի մեջ, շտապում էր տուն` խուսափելով կողքերը նայելուց: Շքամուտքի մոտ խմբված երիտասարդներին տեսնելուց հետո թվաց, թե հղկաթղթով շփում են մարմինը: Երիտասարդները կտրուկ լռեցին, իսկ Գուստավը հանկարծ նկատեց, որ օդում օղակաձև դասավորությամբ հեգնական ժպիտներ են երևում, իսկ մարմինները` չկան: Միայն մի հոգի կար, ում սրտի և գլխի կեսն էր թափանցիկ-հալված, իսկ մնացած մարմնամասերը տեղում էին: Իր նախկին ընկերն էր, ով մնացել էր պատանեկան թերություններով ու անթռիչք մտքով:
— Բարի երեկո, — մեղավորի պես ասաց Գուստավը:
— Բարի… երե՛-կո՛, — առաջ ընկավ մի ժպտացող բերան` շատ ցցուն հարգանք ցույց տալով:
Քրքջոց պայթեց:
— Բայց լավ անեկդոտ էր պատմածդ, ախպե՛րս…, — շտապեց ասել ծուռ ատամներով բերանը: Միայն Գուստավի նախկին ընկերը նկատեց, որ օդի մեջ մի անմարմին վերարկու և ցիլինդր է բարձրանում սանդուղքներով: «Թվաց», — մտածեց նա և հարկադրված միացավ բոլորի ծիծաղին:
Գուստավը հայելու մեջ 1326-րդ անգամ զննեց ցիլինդրը և տեսավ` ոչ միայն ծիծաղելի ոչինչ չկա, այլ որ ինքն անգամ հիշեցնում է 19-րդ դարի ֆրանսիացի ազնվականի: Աչքերն առանց հայելուց կտրելու` հանեց ցիլինդրն ու վերարկուն, գցեց հատակին:
— Երևի անվանս պատճառով են հռհռում, — հոր վրա ներքուստ զայրանալով` մտածեց Գուստավը և ավելի մոտեցավ հայելուն: Իրեն սկսեց զննել այնպես, ինչպես ամենավտանգավոր սարդին: Հիշեց տասնութ տարեկանում չստացված առաջին սեքսը, խեղճ պոռնիկի հիասթափությունն ու վերապրեց ամոթը: Հիշեց հոր հայհոյանքները, և թե ինչպես նա օղի գնելու համար վաճառեց որդու մանկության միակ ուրախությունը` հեծանիվը: Հիշեց հոր ու շարունակ լացող մոր ձեռնակռիվը, հարևանների չարախինդ ու խղճահար հայացքները: Հանկարծ հիշեց, որ դասընկերուհին ցուցադրաբար հրաժարվեց իր հետ պարելուց:
— Դա ինչու՞ հիշեցի…
Բացեց պատուհանը, շուրջը նայեց` ծիկրակող չկա՞, թռչունների համար հացի փշրանքներ գցեց, ապա նստեց, գլուխը հենեց բազկաթոռի թիկնակին ու սկսեց “Secret Garden” լսել: Կրկին հիշեց Սառային, ով արդեն երեխա ուներ:
— Սառա՛, ո՞նց չէիր կռահում, թե ով է քեզ օրխիդեաներ ուղարկում: Մի՞թե չէիր զգում, որ մեկը հետևում է քեզ: Եթե մի անգամ մոտենայիր պատուհանին երկնքին նայելու, չէ՞ որ այնքան էլ ամոթ չէր աստղերը դիտել, կտեսնեիր, որ դիմացի մայթին մեկը տնկվել է ողջ գիշեր, ցրտահարվել, ընկել հիվանդանոց, որտեղից փախել է, որ գա քեզ տեսնելու: Մի անգամ էլ մոտեցա քեզ, որ տեսնես հայացքս, հասկանաս` ամենակարևոր բաները խոսքերով չեն արտահայտում, որ զգաս` սիրո համար հիացմունքից լացող կա, բայց…, — լռեց Գուստավը, — ոնց որ սենտիմենտալ կնիկ լինեմ…
Նա արագ փաթաթվեց բազկաթոռի ծածկոցի մեջ, փակեց այն ճեղքերը, որտեղից լույս է սողոսկում և սեղմվեց` հիշելով իր առաջին սիրո պատմության շարունակությունը: Տեսավ` Սառան գալիս է դիմացից: «Կչոքեմ ու կասեմ չորս կարևոր բառերը: Թող ծիծաղեն վրաս…»: Սառան մոտենում էր, սակայն հայացքն այլ տեղ էր: Գուստավին թվաց, որ հիմա կուշաթափվի, քրտնեց, լեզուն պոկվեց, ու… մարմինն սկսեց հալվել… Սառան մոտեցավ ու մի կրեմագույն ջրափոս տեսավ: Թվաց` ջուրը եռում է: Զարմացած շուրջը նայեց. արևոտ, չոր օր էր: Նման տարօրինակ ջրափոս կյանքում տեսած չկար: Ի՞նչ պատկերացներ, որ ջրափոսից իրեն նայող աչքերը լի են արտասուքով… Նայեց ջրի մեջ: Երբեք ինքն իր աչքին այդքա՜ն գեղեցիկ չէր երևացել… Նա քայլեց մոտ քսանհինգ մետր, հետ նայեց ու շվարած կանգնեց. ջրափոսն անհետացել էր: Իրե՞ն թվաց, թե՞… Ցանկացավ հետ դառնալ, բայց ակամա շարունակեց ճանապարհը.
— Թվա՛ց…, — երկմտեց Սառան` հազիվ խույս տալով մեքենայի տակ ընկնելուց:
Գուստավը չէր դադարում Սառային հետևելուց, սակայն մի օր էլ ինքնավստահ, հայացքով կռիվ փնտրող մի երիտասարդ նկատեց նրա կողքին…, և մոտ երեք տարի իրեն ստիպեց մոռանալ կանանց մասին: Նա վիրավորվեց աննրբանկատ աղջիկներից, բայց ինքնամեղադրանքն ու կրծող կիրքն ստիպեցին նոր սեր որոնել: Սառայի ամուսնության լուրը մոռանալու համար աշխատանքի անցավ մի գրասենյակում և ինչ-որ տեղ էլ սկսեց ջութակ նվագել:
Գործընկերների հետ խնջույքի ժամանակ Գուստավը զգաց, որ անտես ձեռքեր մանրասղոցով կտրում են կրծքավանդակը: Իսկ ինչու՞ հենց իրենը: Մղկտոցը մոռացության տալու համար մի փարթամ օրիորդի պարի հրավիրեց. մտքում խղճաց` հասկանալով, որ ոչ մի տղամարդ իրեն թույլ չէր տա նրան պարի հրավիրել` ներկա գեղեցկուհների ներկայությամբ: Օրիորդն անթաքույց տհաճությամբ մերժեց հրավերը` ժպտալով զարմացած Գուստավին, ով աննկատ նստեց աթոռին գցված ինչ-որ մեկի բաճկոնի վրա, երազեց չգոյություն, մաշկազերծվեց ու հալվեց… Ոչ ոք չնկատեց Գուստավի յոթ րոպեանոց բացակայությունը: Նա հանկարծ նկատեց, որ օրիորդն աֆրիկյան ռիթմերի տակ մենապարում է. «Բազմության մեջ գուցե չերևար վանքի սյուներ հիշեցնող բդերդ, սիրունի՛կս, ի՜նչ համեստություն պիտի ունենա մարդ, որ անճոռնի հետույքով մենապարի դուրս գա: Պարի թագուհիներն այդքան վստահություն չունեն…»:
Ինչ էլ որ խոսում էր գրասենյակում, գործընկերների աչքերում ծանակող ժպիտ էր որսում, տեսնում էր, որ քչփչում են` թաքուն իր կողմը նայելով: Այժմ միակ մխիթարանքն իր պատանեկության ընկեր ջութակն էր, որի միջոցով անգամ հաջողություն էր ունենում համերգների ժամանակ:
Որքան Գուստավը փորձում էր թաքցնել իր անվստահությունը, այնքան ավելի ցայտուն էր ընդգծվում դա: Նա ատում էր ինքն իրեն շիկնելու համար` դա համարելով կանանց դրական թերություններից:
Սկսեց հայելու առաջ վստահ ձայնով խոսելու վարժանքներ անել.
-Բարև ձեզ, — կոպիտ ձայնով ասում էր նա, — չէ՛, չեղավ, սա էլ շատ կտրուկ է, ոնց որ հայհոյելիս լինեմ… Բարև Ձեզ… Չէ՛, չէ՛, իսկ այսպե՞ս… Բարև Ձեզ…
Մի քանի օր հետո գործընկերներից մի քանիսը կոպտեցին Գուստավին կոպիտ դառնալու համար, իսկ նա ապուշի ժպիտով, կարկամած կատակի տալով, ներողություն էր խնդրում: Գրասեղանի մոտ նստած` զգաց, որ ինչ-որ մեկը փայտի ձողով փորձում է խեղդել իրեն ետևից և մերթընդմերթ հայացք էր ձգում իրար մոտեցող գործընկերների կողմը. «Երևի էլի իմ մասին են…»: Նա շարունակ ծաղրական հայացքների էր սպասում:
Իր աշխատանքն այնքան ճշգրտությամբ ու պատասխանատվությամբ էր անում, որ շարժում էր անփույթ գործընկերների նախանձն ու զայրույթը և զարմանալիորեն ազդում նրանց տրամադրության վրա: Գուստավի աչքերը լցվեցին, երբ իրեն անկեղծորեն գնահատանքի խոսքեր ասացին օտարերկյա մեծ երաժիշտները: Եթե չամաչեր, կուշտ լաց կլիներ…
Նրա վրա թանկ նստեցին գովեստներն ու շնորհավորանքները: Նվագախմբի մեծ մասն ատելությամբ լցվեց` փորձելով ժխտել նրա ձիրքի գոյությունը:
Արվեստակից ընկերներից մի քանիսն սկսեցին առանց պատճառի չբարևել: Նա երբեմն նվագելիս խորհրդածում էր, թե արդյո՞ք իր երաժիշտ դառնալու պատճառները ծնողները չէին… Գործընկերների քչփչոցների ու անզուսպ քրքջոցների պատճառով մի քանի անգամ սխալ նվագեց փորձերին և նկատողություն ստացավ: Գուստավին թվում էր, թե նվագախումբն իր հետևից ասում է. «Դու անտաղա՛նդ, վատ մարդ ես, ստո՛ր, եսասե՛ր, արժանի չես մեզ հետ լինելու: Ամո՜թ է քեզ հետ ընկերություն անելը, թո՛ւյլ մարդ»: Գուստավը տուն էր վերադառնում հալածյալի զգացողությամբ… Կանանց թունավոր ժպիտները, տղամարդկանց ծաղրը` կանանց ծիծաղեցնելու մարմաջով, նրան հասցնում էին նևրոզների: Թվում էր, թե սեղմում են կոկորդը կամ թքում վրան աղջիկների ներկայությամբ, ներսից աքցանի պես մի բան սեղմում էր սիրտը: Եվ որքան ուժեղ էր սեղվում սիրտը, այնքան շատ էր մտածում վերջի մասին:
— Իսկ ինչու՞ ծնվեցի այս գեղեցիկ աշխարհում…, — հաճախ ինքն իրեն հարցնում էր նա:
Գրասենյակի Աննան ընդմիջմանը միշտ առանձին էր ուտում: Նա այստեղ միակ մարդն էր, ով անբացատրելիորեն չէր ծաղրում գործընկերոջը:
Մինչ նվագախումբը կհավաքվեր, Գուստավը նախապես գալիս էր և սկսում սիրային մի գործի նախապատրաստվել, թեև Աննային սիրահարվելուց հետո տանը շարունակ փորձում էր իր ստեղծագործած երաժշտությունը մինչև լուսաբաց: Պատկերացնում էր, թե Աննայի աչքերն ինչպես կխոնավանան, կհամարձակվի նուրբ շրթունքները մոտեցնել իր շրթունքներին, իսկ բառերը կդառնան ավելորդ: Նրա հատուկ վերաբերմունքը Աննայի հանդեպ դարձրել էր գործընկերների քննարկման չորրորդ թեման:
Գուստավի շուրջն էին հավաքվում մի քանի երաժիշտներ և զարմացած, ներքուստ հիացած, արտաքուստ ծաղրահայաց ունկնդրում նրան, և երբ Գուստավը նրանց էր նայում, զգում էր մոտալուտ ասեկոսեների այրոցը: Մի օր նկատեցին, որ օդում ուս է երևում, վրան` ջութակ, իսկ մի ձեռք շարժում է աղեղը: Բոլորն այս ու այն կողմ վազեցին` պատմելու տեսածի մասին, սակայն երբ հետաքրքրասերների հետ վերադարձան, տեսան` Գուստավը բացում է դուռը, որ երկու դույլերով հավաքարարը դուրս գա…
Ամեն անգամ նա Աննային տուն էր ուղեկցում` հայտնելով, որ անակնկալ է սպասվում: Աննան ժպտում էր, ցտեսություն ասում ու տուն մտնում: Նա տարակուսած կանգ էր առնում, ապա շտապում տուն` կրկին փորձելու Աննային նվիրած ստեղծագործությունը:
-Մութ աղջիկ, — շշնջաց Գուստավը և վերցրեց ջութակը: Նրան սթափեցրեց դռան ուժգին թակոցը:
-Գուստա՛վ, Աստծո սիրուն, աղաչում ենք, գիշերվա ժամը երեքն է…, — ասաց գիշերազգեստի վրայից խալաթ հագած հարևանուհին և իր ասելիքը դիտմամբ կիսատ թողնելով` հեռացավ: — Կներե՛ք, …կներե՜ք, — ասաց Գուստավը, մեջքի վրա չեչաքարի շոշափ զգաց և ամբողջ գիշեր չքնեց` մտածելով, թե ինչպես կխոսեն դրկիցներն իր մասին:
Գուստավը համարձակություն էր ստանում Աննայի հետ քայլելիս, սակայն անընդհատ կողքերն էր նայում` չե՞ն փսփսում իր մասին, ինքն արժանի՞ է նրան և ինչ լավ է` ոչ ոք չգիտե իր չստացված առաջին սեքսի մասին:
— Մի քանի րոպեից կգամ, Գո՛ւս, — ասաց Աննան և շքամուտք մտավ:
Գուստավը չէր կարողանում զգալ` Աննան իրեն սիրու՞մ է, թե՞ ոչ: Անցավ մեկ ժամ տասնինը վայրկյան, երբ Աննան հայտնվեց:
— Մի փոքր ուշացա, կներե՛ս:
— Չէ՛, ոչի՛նչ, ոչի՛նչ, — ժպտաց Գուստավը, ու շարունակեցին զբոսանքը:
…Ինչպես անցավ վեց ամիս, ինչպես Աննայի հետ մտերմացավ և ինչպես ջութակի կոնցերտով մեծ հաջողություն ունեցավ, թերթերը գրեցին, ինքն էլ չհասկացավ, — ժամադրավայրում մտածում էր Գուստավը և նկատեց, որ իր հասակն աճում է աստիճանաբար, և վայրկյաններ հետո գլուխը հայտնվեց ամպերի մեջ, զգաց ջութակահարի իր մեծությունն ու սկսեց նայել մարդուկներին. հը՞, չե՞ք նկատում ինձ: Մարդիկ անցան նրա կողքով, սակայն ուշադրության ոչ մի նշույլ: Հանկարծ Գուստավը շրմփաց գետնին` ընդունելով նախկին հասակը: Երկու ժամ է` Աննան ուշանում է ժամադրությունից: Հեռախոսազանգ:
— Կներե՛ս, գործեր պատահեցին, չկարողացա գալ:
— Ոչի՛նչ, կյա՛նքս, թող երկարաձգվի քեզ սպասելու տոնը, — պատասխանեց Գուստավը, — Աննա, քեզ համար հատուկ ծաղիկներ եմ բերել:
— Ի՞նչ ծաղիկներ:
— Քեզ նման անուշ օրխիդեաներ, — կրքոտ ասաց Գուստավը, — «այսպիսիք չկան մեզ մոտ…», — ուզում էր ասել նա, բայց արմունկով սրբեց քրտինքը:
— Գո՛ւս, չգիտե՞ս, որ օրխիդեաներ չեմ սիրում: Դե վաղը կհանդիպենք, կգա՞ս, չէ՞:
— Իհարկե…, — ասաց Գուստավը և զգաց, որ արյան փոխարեն իր երակներում կրեմագույն հեղուկն է հոսում. «Ավելի լավ էր վարդեր գնեի: Ինչու՞ ամբողջ փողը տվեցի այս անպիտան ծաղիկներին…»:
Գուստավը յուրաքանչյուր ելույթից հետո, ծափերից ոգևորված, ավելի թերվստահ էր դառնում.
— Ո՛չ, դեռ այն չէ: Ավելին կարող եմ…
Գործընկերները հաճախ էին նկատում Գուստավի թերվստահությունը, և դա առիթ էր նրան միջակից ցածր երաժիշտ համարելու:
— Գրասենյակային աշխատողից ի՞նչ ջութակահար, — վիրավորվածի պես հաճախ կրկնում էր գործընկեր ջութակահարը:
Երբ նա գլուխ էր տալիս ու գնում կուլիսներ, նկատում էր ժանգոտ ժպիտներ, լսում քչփչոց ու ծիծաղ: Մինչ շենքից դուրս գալը մի քանի անգամ հալվում էր, կամ դառնում ավազահատիկի չափ, ապա կրկին վերադառնում իր երբեմնի կազմվածքին` հիշելով հանդիսականի ծափերը:
— Ինչու՞, — ինքն իրեն հարցնում էր Գուստավը և չգիտեր` աշխարհում ում տար այդ հարցը, որպեսզի վերջնական պատասխան ստանար:
Զբաղված Աննան երբեք չկարողացավ ներկա գտնվել նրա ոչ մի համերգի: Եկավ երանելի օրը: Գուստավն այնպիսի սեղան գցեց, որ երբեք ոչ մի տեղ չէր տեսել: Անգամ անուշահոտ յուղեր այրեց, որոնց բույրն սփռվել էր` ինչպես արևելյան արքաների արքունիքներում: Վերջին անգամ փորձեց իր ստեղծագործությունը և աջ ու ձախ քայլելիս զգաց, որ սրտի վրա ինչ-որ մեկը կոշիկի մեխով խազեր է անում:
— Երբ ինձ համբուրի, կասեմ` դարձի՛ր իմ կինը: Ես քեզ սիրում եմ…
Վեցն անց էր տասնութ րոպե: Աննան չկար:
— Ինչպես միշտ, կես ժամ կուշանա…
Վեցն անց քառասունհինգ Գուստավը զանգահարեց.
— Սիրելի՛ս, դեռ տա՞նն ես…
— Այո՛, — վրդոված պատասխանեց Աննան և լռեց…
— …Իսկ չե՞ս պատրաստվում գալ, կյա՛նքս: Չէ՞ որ երեկ պայմանավորվեցինք:
— Չէ՛, Գո՛ւս, այսօր չեմ կարող…
Խոսելու ընթացքում քրտինքից հալվեց Գուստավի ճակատը, արմունկով սրբեց քունքից ծորող կրեմագույն հեղուկը և փորձեց ժպտալ.
— Բա՞ն է պատահել:
— Ո՛չ…
— Սիրու՛նս, սա երրորդ ագամն է, որ խոստանում ես ու…
— Կներե՛ս, չկարծես թե անպատասխանատու մարդ եմ: Կգամ, բայց ոչ հիմա…
— Լավ, վաղը գնա՞նք այգի, քեզ համար անակնկալ ունեմ:
Գուստավը գիշերն այս ու այն կողմ էր շրջվում, բայց ականջներում դժժում էր իր հորինած մեղեդին և տեսնում Աննայի ժպտացող աչքերը:
Անցորդներին թվում էր, թե Գուստավը մուրացիկ երաժիշտ է, քանի որ ջութակը ձեռքին, շփոթված դեմքով կանգնած էր շատրվանի մոտ:
Թվաց, թե սիրտը ցանկանում է փախչել մարմնից:
— Բա՛րև:
Գուստավը համբուրեց Աննային:
— Սա ու՞մ ջութակն է:
— Իմն է, — շատ-շատ զարմացավ Գուստավը:
— Ի՞նչ անակնկալ ունես:
Մի քանի հետաքրքրասերներ հեռվում կանգ առան և սկսեցին հաճույքով լսել Գուստավի երաժշտությունը: Աննայի շրթունքները ժպտում էին, հայացքն անտարբեր էր, իսկ հետո աչքերը հառեց լպիրշ հայացքով մի գեղեցիկ պատանու վրա: Մի աղջիկ վազելով մոտեցավ Գուստավին և ինքնագիր խնդրեց:
— Երևի… վատ չէր, բայց չգիտե՞ս, որ զզվում եմ ջութակից, — հանգիստ ասաց Աննան:
Գուստավը չի հիշում` ինչպես հասավ տուն, ինչպես սեղանի վրա գտավ ջարդուփշուր եղած ջութակի կտորները, ինչպես սպասքեղենի մի մասը փշրված տեսավ… Միայն հիշում էր, որ ճակատագրական խոսքերից հետո Աննան ճչաց ու վազեց, որովհետև Գուստավի մարմինն անէացավ, իսկ օդում նկատվեց մի ուս` վրան ջութակ, ու դողացող ձեռք` ջութակափայտ բռնած: Աննան հասցրեց նկատել, որ ձեռքը երբեմն օդի մեջ հորիզոնական շարժում է անում, կարծես ինչ-որ բան սրբելով:
— Եթե նա ջութակդ չի սիրում, ուրեմն քեզ էլ…
Գուստավը գլուխը բարձին դրեց և երազեց մի կյանքաչափ քուն… Քնե՜լ ու չարթնանա՛լ:
Գուստավ Բ.-ն, նախավերջին անգամ գրասենյակ մտնելիս, բոլոր կանանց վարդեր նվիրեց:
— Քո նվերը վաղը կբերեմ, Աննա…
— Բա՞ն է պատահել, Գո՛ւս: Մի տեսակ ես երևում, — իմիջիայլոց շպրտեց Աննան և պատասխանի չսպասեց, — այսօր կրկին իմ ձեռքն էին խնդրում: Հոգնել եմ այսքան թեկնածուներից: Այնքան խեղճ աղջիկներ կան, որ կարոտ են տղաների ուշադրության…
Գուստավը հաջորդ օրը գրասենյակ մտնելիս լսեց, որ իր մասին են խոսում, հռհռում:
— Իրենից ի՞նչ է ներկայացնում, որ ինքնագիր են ուզում, — ժպտալով ասաց մինուս ինը համարի ակնոց կրող բարակ-բոյով կինը:
— Դեռ կարգին երաժիշտ չեն տեսել էս չտեսները: Հետո նա թեմա չի, որ քննարկենք — ասաց արական սեռի միակ ներկայացուցիչը:
— Ես էլ որ մանկուց ջութակ նվագեի, հիմա Բախից հետո իմ անունը կտային, — ասաց երեսունիննամյա օրիորդը և ակամա միացավ քրքջոցներին:
Գուստավն զգաց, որ տգեղ է ականջ դնելը, իսկ ներս մտնելով կընդհատի նրանց: Բոլորը միանգամից լռեցին: Գուստավը հերթով հատու նայեց երեքին և խղճահարություն զգաց. տեսավ, որ առաջին գրասեղանի հետևում ընդամենը հաստ ապակիներով ակնոց է երևում օդում, երկրորդի առաջ` չսափրված դեմք, իսկ մյուսի մոտ` փոքրիկ քիթ, երկար վարսեր և առատ աղվամազիկներ… Նա մտավ Աննայի դատարկ աշխատասենյակ, նայեց աթոռին, ապա ալ կավիճով պատին արագ գրեց. «Կին-կարուսել: Սիրտս մնաց հեռացած գնացքում: Թույլ չեմ տա, որ արցունքներս փոքրացնեն վիշտս: Միակ հուշը, որ կկրեմ հավիտյան, քո վրայից եկող պանրի հոտն է: Առաջ չէի զգում…»:
Երբ նա դուրս եկավ Աննայի սենյակից, ակնոցով կինը կիսատ թողեց նախադասությունը, շիկնեց, ապա դեմքը հետզհետե սկսեց հալվել և օդում մի բարակ-կծու ժպիտ գծագրվեց:
— Պարկեշտությունն իրեն փորձում է հումորով պոռնիկի պես պահել, որ հասարակության ատելի՞ն չդառնա այսօր: Հետաքրքիր է, չէ՞, — ասաց Գուստավն ու անհաջող ծիծաղեց:
Ակնոցավոր կինը մանր աչքերն ուղղեց մորուքավոր պարոնին և կծու ժպիտը փորձեց թաքցնել: Գուստավը որսաց ակնոցավորի ժպիտը և նրան նմանեցրեց սպիտակ ճիճվի: Քանի՜-քանի՜ անգամ է տուն ուղեկցել գիշերով կամ օգնել կենցաղային հարցերում, բայց նա այդ պահին ատեց ինքն իրեն լավությունները հիշելու համար:
…Գուստավը մերկացրեց գրասենյակի գործընկերներին, կապեց իրար և արագընթաց մեքենային ամրացնելով պարանը` քարշ տվեց ավազոտ ու փշածածկ խճուղով: Գործընկերները ոռնում էին ու ներողություն բղավում: Գուստավը չհանգստացավ. մեքենայից դուրս թռավ, հանեց մեխերով գոտին և սկսեց դաղել նրանց մերկ մարմիններն ու երեսները.
— Ի՞նչ եք ուզում ինձնից, հը՞: Դիմակ հագնեմ, ձեր գիրկը կընդունեք, չէ՞: Ախր անտաղանդ եմ էդ հարցում: Սիրու՛ն ճիճվիկ, քե՛զ ի՞նչ եմ արել. ամեն օր փորձել եմ որևէ բանով ուրախացնել` գիտենալով, որ կյանքդ չի ստացվել… Տղամարդիկ խուսափում են քեզնից, ձեռ առնում, իսկ դու էսօր ի՞նձ վրա ես խնդում: Ողորմելի՜, դե ա՛ռ քեզ, ա՛ռ քեզ, — գոռաց Գուստավը և կոկորդը սեղմվեց, հիշեց մորը, — մամ ջան, երկնքից նայի՛ր ու… Ասում էիր` լավություն արա, դեմդ կգա… Տե՛ս` ինչքա՜ն են ինձ հանդուրժում ու սիրում: Ա՛յ հիմա շատ բան կփոխվի…
Հանկարծ Գուստավը սթափվեց, երբ ոտքն ընկավ ջրափոսի մեջ և գուլպաները թրջվեցին: Ամաչեց մտքում ծնված պատկերների համար:
Շքամուտքի մոտ նկատեց, որ տարեց հարևանուհին ծանր պայուսակներով գալիս է: Վազեց ընդառաջ, վերցրեց պայուսակները: Բակում խմբված երիտասարդների մեջ աշխուժություն ընկավ:
— Շնորհակալ եմ, տղա՛ս, դու որ չլինեիր, արդեն շունչս կկտրվեր: Սրանց մտքով չի անցնում օգնել… Հենց ծանր իրերով մոտենում եմ, հեռու երկրներից զանգում են, բայց հնարավո՞ր է միաժամանակ բոլորի ծանոթները զանգեն…
Դեռ առաջին հարկը չէին բարձրացել, երբ ուժեղ թրմփոց եկավ: Բակի տղաները վազեցին դեպի շքամուտքը և այնպիսի հռհռոց բարձրացավ, որ բնակիչները պատշգամբներից կախվեցին: Գուստավը փռվել էր սանդուղքների վրա` իր վրա թափելով քսանմեկ կիլոգրամ կարտոֆիլը.
-Կներե՛ք, հիմա հավաքեմ:
— Բա դա անելու բա՞ն էր, ա՛յ Գուստավ: Հո սառույցի վրա չե՞ս: Ծնգծնգոցդ գցելու փոխարեն հաց կեր… Պետությունս պետություն չի: Հարևանների գլուխը հարդուկելու համար քեզ փող է տալիս: Ա՛յ լակոտներ, դուք ի՞նչ եք բերաններդ բացել, փոխանակ օգնեք: Էս ի՛նչ հանգած սերունդ է: Գուստա՞վ, Գուստա՜վ… Էս ու՞ր կորավ… Ես մեջք չունեմ, ոնց թափել ես, էնպես էլ արի հավաքի: …Սա ի՞նչ ջուր է, կրեմագույն ջու՜ր, թո՜ւ, էս ինչի՞ մեջ լցրեց ձմեռվա ապրուստս: Գուստա՜վ: Էս գլխարկն ու վերարկուն ինչի՞ գցեց էստեղ: Ու՞ր գնաց էդ կտուրը թռածը:
Պառավը հայհոյեց ու անիծեց նրան և հանկարծ ծղրտաց…
Մոտ երեք ամիս քսանմեկ օր թաղամասը քննարկում էր ջութակահարի թրմփոցի, 46կգ կարտոֆիլը գլխին թափվելու թեման, պառավի` նևրոզ ստանալու, աչքին քայլող վերարկու երևալու և իբր Գուստավին ծեծելու մասին:
Երբ Գուստավը պատշգամբ դուրս եկավ, թարմ օդն ու արևը թրթիռներ առաջացրին նրա մեջ. կարծես ուզում էր գոռալ` ի՜նչ գեղեցիկ է աշխարհը, բայց…
Շքամուտքի առջև կանգնած երկու երիտասարդները կտրուկ ընդհատեցին զրույցը, երբ նա հայտնվեց: Գլխի շարժումով բարևեցին: Գուստավն, ինչպես սնունդ, անմիջապես ընդունեց հեգնական հայացքներն ու երբ մի քանի քայլ հետո շրջվեց, նկատեց նրանց ցինիկ ժպիտն ու նախահարձակ հայացքը: Վերարկուն ու ցիլինդրը կրկին սկսեցին քայլել օդի մեջ: Երիտասարդներից մեկի խուլ բղավոցը լսվեց, իսկ վերարկուն և ցիլինդրն արագ վազեցին դեպի պուրակ: Թեև Գուստավը ծառերի մեջ թաքնված, աշխարհի աչքից հեռու նստարան էր փնտրում, բայց իրեն թվաց, որ արժանի վրեժ լուծեց երիտասարդներից, որովհետև մկրատով խփե՛ց մեկի դեմքին ու այն կոխեց աչքերի մեջ, մյուսին էլ հարվածեց կոշկակարի բզով, չհանգստացավ: Ոտքով խփելուց հետո կրակեց բերաններին.
— Առանձին լավ մարդ եք թվում, ինչու՞ եք բորենի դառնում, երբ խմբվում եք, հը՞…
Գուստավը սթափվեց: Շուրջը նայեց` արդյոք որևէ մեկը չլսե՞ց իրեն: Նստեց և սկսեց հայացքով աղջիկ փնտրել: «Ինչու՞ իմ հայրենիքում պետք է այսպես լիներ… Ինչու՞ են բոլորն ուրիշ տեսակի մարդիկ, իսկ ես… Ամաչե՛ք գեղեցիկ ապրելուց, — մտածում էր Գուստավը, — մի անգամ ասացի, որ սիրում եմ աստղերին նայել, ծիծաղեցին վրաս: Ասացի` ատում եմ կռիվը, էլի խնդացին: …Ո՞վ է նկատելու բարի մարդուն: Ե՜րբ: Տեսնեմ ինչքան պետք է ծիծաղեք: Եվ ովքե՜ր են ծիծաղողները…», — նա կրճտացրեց ատամները: Թվաց` զույգերն իրեն են նայում, հեգնաբար քչփչում, կամ թե ծառը, որի տակ նստած է, ժպտում է ծաղրաբար, տերևները փսփսում են և թունաժպիտ նայում: Կանգնեց: Շշուկներ լսվեցին, բայց մոտակայքում մարդ չկար…
Հաջորդ օրը, երբ Գուստավն արթնացավ, մոտեցավ հայելուն` զննելու` ծիծաղելի բան ունի՞ դեմքի վրա, հանկարծ նկատեց, որ դեմքը երկաթյա է դարձել` նմանվելով պողպատաձույլ դիմաքանդակի: Անգամ դեմքին ձեռք տալիս սառնություն էր զգացվում: Կարծես թե իրականանում էր նրա երազանքը, թեև դեռ չգիտեր, որ հասարակությունը պիտի իրեն այսուհետ կոչեր չոր ու սառը մարդ, ով զուրկ է զգացմունքներից, բարությունից ու արժանիքներից:
Գուստավը տնից դուրս գալիս հիշեց, որ նախորդ օրն իրեն մոտեցավ մեծ կրծքերով մի կին և ափսոսանքով հարցրեց, թե ինչու՞ թողեց ջութակ նվագելը: «Ամեն ինչ քաղցր սուտ է», — մտածեց Գուստավն ու քայլելիս զգաց, որ հասակը կրկին մեծանում է, գլուխը` քսվում ամպերին: Նա քայլում էր մայթերով, իսկ ոչ ոք չէր նկատում նախկին մեծ ջութակահարին: Միայն մի պատանի կիթառիստ նկատեց նրան, մորն ասաց, սակայն վերջինս անտարբեր մնաց:
Արդեն քիչ էին ծիծաղում Գուստավի վրա, սակայն այժմ նրա հետևից կոչում էին աշխարհի ամենաչոր մարդը:
— Եկա՜վ չոր մարդը, — քչփչում էր թաղամասը:
Փողոցներում գույնզգույն լույսեր էին վառվում: Գուստավը, վերարկուի մեջ փաթաթված, անարցունք լալիս էր, իսկ մարմինը` ցնցվում: Նա գայլի պես նայեց երկնքին, ու թունաժպիտ կիսալուսինը կորամեջք թվաց: Գուստավը քայլերն ուղղեց դեպի ամենաբարձր կամուրջը: Լուռ կանգ առավ կամուրջի մեջտեղում.
— Ապրե՛լ է պետք…