Իմ սենյակում ենք: Դրսում ամպերը շատ ցածր են: Լույսը շատ ա: Հիշում եմ` ճիշտ սեղանի աջ կողմում հատակը պլաստիլինի նման փափուկ ա. ոտքս այդտեղ չեմ դնում: Լուսամուտի դիմաց հատակի ծածկը մասնատված ա, կարերի տեղում մեխերի հետքեր են: Լինոլիումը քշտում եմ հետ ու հեռախոսս տեղավորում ամենախորքում, որտեղ հատակը խորություն ունի:
Ինքը ինչ որ բան ա ասում: Չեմ հասկանում: Ձայն չկա: Լեզուն ատամների արանքում ա, հետո շրթունքները իրար են սեղմվում, բերանը կլորանում ա: Գիտեմ` ասում ա «սպանենք» ու մատը մոտեցնում ա պատուհանին: Ինչ-որ բան անընդհատ ապակունա հարվածում նորից ու նորից: Ափի մեծության կորիզավոր մեղու ա: Չգիտեմ` ինչի եմ տենց մտածում, բայց համոզված եմ, որ մեղու ա: Ձայն չեմ լսում ու պատկերացնում եմ մեղվի արձակած դզզոցը:
Ինքը դարակներից մեկում ներարկիչ ա գտել: Ասեղը ամրացրել ա վրան: Մի ուրիշ դարակից` լուծիչ: Լուծիչը անձայն լցվում ա առանց բռնակի բաժակը, այնտեղից էլ` ներարկիչի մեջ: Ինքը մի աչքը փակել ա, լուծիչով լցված ներարկիչը պահել իր և պատուհանի միջև` ասեղը դեպի վեր: Անգույն լուծույթի միջով ցածր ու արագաշարժ ամպեր են թափանցում ու երկինքը` դրանց արանքում: Ներարկիչը սեղանին ա`գրքերի և բաժակների կողքը:
Ես մի ձեռքով տեղ եմ ազատում սեղանի վրա, մյուսով` փորձում բռնել կորիզավոր մեղվի թրթռացող թևը: Ինքը հաջողացնում ա գցել մեղվին ներքև ու բռնել վերջույթներից: Ես ձգում եմ կոշտ, արծաթագույն թևերը, բութ մատս դնում եմ խայթի ամենախորքում այնպես, որ չկարողանա մեզ ու իրեն վնասել: Մեղվի ամբողջ թեփուկապատ մարմինը շարժվում ա սեղանի վրա, ու բաժակները զրնգում են: Վախենում եմ: Ինքը ներարկիչը մոտեցնում ա ու ասեղը դանդաղ խրում մեղվի մեջ: Ոսկեգույն ու սև շերտերի սահմանին` խայթից քիչ վերև: Ասեղը անցնում ա փափուկ մեղվամսի միջով ու հասնում կորիզին: Ինքը ներարկիչը մինչև վերջ դատարկում ա ու դուրս հանում:
Մեղուն մի քանի րոպե ցնցվում ա: Ձեռքերս հոգնում են: Երբ մեղուն անշարժանում ա, խայթի կողքից ու ասեղի բացած ծակից կպչուն հեղուկ ա ծորում: Մեղր ա: Ինքը էլի ինչ որ բան ա ասում, բայց էս անգամ չեմ հասկանում: Դրսում ամպերը ավելի են արագանում:
Արթնանում եմ հեռախոսիս ձայնից: Երևի Աննան ա, գրել ա, որ կարոտում ա, որ ամեն ինչ լավ կլինի ու որ չտխրեմ: Առաջին բանը, որ ուզում եմ իմանալ` ինչքան երկար եմ քնել: Թեքվում եմ առաջ, վերնաշապիկս քրտնել-կպել ա մեջքիս: Ոտքս դրել եմ շարժասայլակի վրա, արյունը հետ ա հոսել, ոտքս` թմրել: Չեմ շտապում հեռախոսիս նայել, գիտեմ` մթության մեջ աչքերս լույսից կցավան: Հայացքս ուղղում եմ դուրս, աչքերս լայն բացում, որ կաթնագույն ու սպիտակ մեքենաների վրայի տատանվող լույսը լցվի աչքերիս մեջ: Ինչ որ ժամանակ չեմ թարթում, աչքերս սովորում են շենքի`վերևից դեպի ներքև իջնող նեոնային մեղմ լույսին: Շենքի ճակատային մասում` ամենավերջին հարկի պատուհանների վերևում, խոշոր նեոնային տառերով գրված է. «ՀԻՎԱՆԴԱՆՈՑ»:
Մոտենում եմ սենյակին: Համոզվելու համար նայում եմ դռանը: Համար երկու: Քնած չես: Միջատների ցանցի միջով ներս թափանցող վարդագույն լույսը կոպերիդ տակ աջուձախ անող աչքերդ լուսավորում ա: Նստում եմ անկողնուդ եզրին` երկարությամբ ձգվող երկաթի վրա: Մտածում եմ` փոխվել ես, երեսդ ծածկվել ա մանր մազերով, վաղը քեզ կարգի կբերեմ, պապ ջան: Օճառը կփրփրեմ ամանի մեջ, փուզայով լավ կհարեմ ու երկար ու շատ ուշադիր երեսդ փրփուրով կծածկեմ: Հետո քեզ շատ զգույշ կսափրեմ` մազերի աճի հակառակ ուղղությամբ, երեսդ գոլ ջրով կլվանամ ու տաք սրբիչով կչորացնեմ: Ու անպայման ադեկալոնը, որ քեզնից լավ հոտ գա, պապ ջան, որ բուժքույրերը քեզ ուզեն:
Պա, ընգերուհի ունեմ: Սիրում եմ իրան: Պա, ուզում եմ բերեմ` տենաս: Դու էլ իրան կհավանես: Շատ քաշվող ա, ամոթխած ա ու ամեն տեղ չի խոսում, կարող ա քո մոտ էլ ամաչի ու աչքերը չբարձրացնի: Պա, հեռախոսիս էկրանին իրա նկարն ա: Նայի` ինչ լավն ա: Նկարվելուց աչքերը կկոցում ա, պռոշներն էլ կիսաբաց պահում, մտածում ա` տենց ավելի սիրուն ա դուրս գալիս: Ինքը շատ անսովոր ա, ոչ մեկի նման չի, էս մոլորակից չի, ախր, ու ստեղ հեչ իրա տեղը չի, պա: Առանց կաբլուկների ուսիցս մի քիչ բարձր ա, բայց դնչիս չի հասնում: Եթե իրար դիմաց կանգնենք, պռոշներս ճակատի մակարդակին կլինեն, կպաչեմ:
Պա, ինքը նոր ա ընդունվում: Ապագա նկարչուհի ա: Եթե իրար հետ չենք, ուրեմն իրա սենյակում կավիճներով նկարում ա: Օրը մի ալբոմ նկարում ա: Էլ տեղ չունեն պահելու: Մի քանիսը բերել եմ տուն: Ծնունդին ջրաներկ եմ նվիրելու, պլաստմասի տուփով ու կլոր, երկար վրձին: Արդեն պատկերացնում եմ ինչ ծիծաղելի տեսք կունենա` տենց խոշոր վրձինով կտավի դիմաց կանգնած: Հա՛, քիչ էր մնում մոռանայի, Աննայ ա անունը: Տատիի անունից, պա:
Երբ դուրս եմ գալիս միջանցք, պոպկոռնի հոտը լցվում ա ռունգերս: Հեռվում ճտճտացող եգիպտացորենի ձայնն ա լսվում ու արդեն զգում եմ սպիտակ, թեթև աղահամը լեզվիս վրա: Ճտճտ: Շարժվում եմ դեպի վերելակը` դրսից ներս թափվող նեոնային վարդագույն տատանումների միջով: Մտքովս անցավ, որ եթե լուսաբացը չխանգարեր, նեոնային տատանումները պոպկոռնի հոտը կլուսավորեին, ոնց որ լուսամուտից ներս եկող արևի լույսը սենյակի փոշեհատիկներն ա լուսավորում:
Վերելակում նկատում եմ, որ առաջին հարկի կոճակի փոխարեն չորրորդն ա: Երևի ինչ-որ մեկը սիգարետով վառել-ծակել ա թվանշանը, հերթապահն էլ իրենց շենքի վերելակից բանալիով պոկել հանել ա առաջին պատահած կոճակը, բերել մտցրել դատարկ տեղը: Էդ ամեն ինչը մտածելով` ժպտում եմ ու ձեռքս մեխանիկորեն բարձրանում ա բերանիս մոտ:
Վերելակի դռները աղմուկով բացվում են: Առաջին հարկը ավելի լուսավոր ա թվում, երևի այն ընթացքում, որ իջնում էի լուսաբացը ավելիա հասունացել: Վարդագույն տատանումները արդեն աննկատ են դառնում: Մուտքի դռների դիմաց` վերելակի դռների երկու կողմերում բազմագույն կրպակներ են: Հայացքս գցում եմ առաջին երկուսի վրա, դեղինում լույս ա վառվում ու պատուհանի հարկերում դասավորած առարկաների չափերից կռահում եմ, որ սիգարետ էդտեղ կվաճառեն:
Սիգարետ չկար: Կրպակում բնական հյութեր էին ու տարբեր չափերի, համի ու հնության բուլկիներ ու խաչապուրիներ: Փոխարենը, կողքի մանուշակագույն կրպակում գրություն ա` «տասնութ րոպեից կգամ»: Քսերոքսի թղթի վրա տպած սովորական տեքստ ա, դրա ետևում` սիգարետի դեղնող տուփեր` համապատասխան գնանշումներով: Մեջներից տարբերում եմ «Վինսթոնը» ու նայում միջանցքի ժամացույցին: Վեցն անց տասնհինգ:
Հիվանդասենյակ վերադառնալիս հիշում եմ, որ հեռախոսիս մեջ չկարդացված նամակ ունեմ: Դանդաղ քայլերով անցնում եմ պոպկոռնահոտի ու արդեն մարող վարդագույն տատանումների միջով, մտնում ներս: Դեռ արթուն ես: Կոյկայի կողքի դարակների վրա խաչբառեր են, դրանց վրա` ակնոց ու մետաղական բաժակ: Կռանում եմ երեսիդ, այնպես, որ շնչառությունս զգաս:
Պա, աշխատում եմ: Ամերիկյան ֆիրմայա: Հրապարակից հեռու չի: Օրվա մեծ մասը օֆիսում եմ լինում, մի քանի անգամ դուրս եմ գալիս պատվեր տանելու: Առաքիչ եմ: Մեր մոտ դրսից խոհանոցային պարագաներ, մասաժոռներ ու տենց բաներ են բերում: Հեռուստացույցով գովազդում ենք, ու գովազդի ընթացում արդեն հեռախոսը պայթումա: Մի վայրկյան չի լռում: Մի քանի առաքիչ ենք, ամեն մեկս քաղաքի իրա պատասխանատու մասն ունի: Իմը կենտրոնն ա, պա: Ժողովուրդը լավը չի, բայց մեկ-մեկ մեծ փողեր էն թողնում: Եթե իմանան, որ վերցնում եմ, գործից կհանեն, բայց ես միշտ չեմ վերցնում: Երբեմն մնում եմ կոֆե խմելու, եթե շատ համոզեն:
Ամսվա վերջին օրը աշխատավարձը նստում ա հաշիվներիս վրա: Բանկոմատից քարտով ստանում ենք, պա: Եթե ինձ լավ դրսևորեմ, ավելի լավ գործի վրա կդնեն, ասենք` պահեստի վրա: Հեռանկար կա: Տեխնիկների հետ եմ մոտ, շատ լավ տղերք են: Իրար մեջ լոտո են խաղում: Ամեն ամիս մարդա տասը հազար մեկին են տալիս իրանց աշխատավարձից: Ստացվում ա վեց-յոթ ամիսը մեկ յուրաքանչյուրը կրկնակի շատ փող ա դնում ջեբը, դրա տեղը նախորդող ամիսների ընթացքում տասը հազար տալիս ա ամեն անգամ:
Հիշում եմ կրպակի ապակուն կպցրած գրությունը` տասնութ րոպեից կլինեմ: Գրությունը հիմա ինձ տարօրինակ ա թվում: Վաճառողը էդ գրությունը տպել էր A4-ի վրա ու, հավանաբար, ամեն գիշեր` դուրս գնալիս, ամրացնում էր նույն տեղում, բայց ամեն անգամ ճիշտ տասնութ րոպեով բացակայելը անհեթեթ ա թվում: Երևի իրենց տունը կողքի փողոցի վրա ա: Ինքն էլ գիշերները գնում ա տուն, երեխեքին ու կնոջը պաչում ու վերադառնում:
Հիվանդասենյակների համարակալած դռների կողքով անցնելիս` նկատում եմ, որ պոպկոռնի ճտճտոցը էլ չի լսվում, հոտն էլ վերածվել ա դեղերի ու հիվանդության հոտի: Նեոնային տառերը լուսաբացի հետ անջատվել են: Միջանցքի վերջում ցածրահասակ կնոջ մարմին ա ուրվագծվում: Իրա կողմից անհասկանալի մետաղական ճռռոց ա հասնում: Երբ մոտենում ա, տեսնում եմ, որ առջևում շարժական սեղանիկ ա: Սեղանիկի վրա դեղնավուն բամբակներ են, վիրակապեր, ներարկիչներ, կոլայի շիշ, քսուկներ ու նման բաներ: Կինը երկու ձեռքով հենվելա սեղանիկի բռնակներին: Հագին կապույտ անթև շապիկ ա: Դեմքի վրա ժպիտի նման ինչ-որ բան կա. հասկանում եմ, որ դա ինձ ա ուղղված:
Երբ կինը խոսաց, հասկացա, որ ինքը երկար տարիներ ծխում ա: Ճշտեց, թե որ հիվանդի մոտ եմ եկել: Հետո երկար խոսաց հիվանդության ու բոլոր դժվարությունների մասին, որ պետք ա հաղթահարել: Ասաց, որ ինքը շատ ուշադիր ա հետևում հիվանդի առողջացմանը, որ անհանգստացած ա ու նման բաներ: Երևի պետքա գումար թողնեի, բայց գրպաններս դատարկ էին:
Կրպակը դեռ փակ էր: «Վինսթոնի» տուփը դեռ իր տեղում էր: Մի քանի րոպե սպասեցի մուտքի մոտ ու աստիճաններով բարձրացա: Բարձրանալիս մտաբերեցի բոլոր հիվանդությունները, որոնց բացիլները կարող են լինել կողափայտի վրա, որին չեմ դիպչում: Ձեռքս տարա գրպանս ու թվաց, թե չկարդացած նամակը ծակծկոցներով հասկացնել ա տալիս իր մասին:
Հիվանդասենյակը ավելի էր լուսավորվել ու տաքացել: Ծածկոցդ ետ եմ քաշում ու հեռախոսս դնում փորիդ: Չկարդացված նամակի լուսավորությունը թափանցում ա ծածկոցիդ միջով: Դու մատդ էլ չես շարժում, բայց համոզված եմ, որ արթուն ես: