Վերջերս ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների չորրորդ համաժողովի առիթով Հայաստան այցելած Իլդար Աբուզյարովին համարում են Ռուսաստանի ամենատաղանդավոր երիտասարդ արձակագիրներից մեկը, տասը տարի առաջ գրված նրա առաջին` «Ջիների աշունը» վեպը սպառվեց հաշված օրերի ընթացքում, նրա պատմվածքները հրատարակում են համարյա բոլոր գրական հանդեսները, նա բազմաթիվ գրական մրցանակների դափնեկիր է, Հայաստան առաջին անգամ է այցելում, թեև վաղուց երազել է լինել այս երկրում:

 

– Երևանը շատ դուրս եկավ, քաղաքը ոտի տակ տվի ծայրից ծայր: Ձեր քաղաքը պաշտամունքային այն քաղաքների շարքին եմ դասում, որոնցում հաջողվել է լինել: Փարիզը ճերմակ քաղաք է, Հռոմը` վարդագույն, Կահիրեն` դեղին, Երևանը` մուգ վարդագույն: Այս հնամենի քաղաքն ունի ճարտարապետական իր ուրույն, անկրկնելի ոճը, նրանում զգացվում է դարավոր իմաստնականության ներկայությունը, նույնիսկ
գերժամանակակից ճարտարապետական լուծումները ներդաշնակում են հնին: Ուրախացրեց ջազային բարերի առատությունը: Քաղաքում ստեղծագործական թեթև մթնոլորտ է տիրում` նկարիչներ,
երաժիշտներ… Երևում է, որ այս քաղաքը մարդկանց համար է, այլ ոչ` մեքենաների, ինչպես, ասենք, Մոսկվան: Ես ինձ զգում էի այնպես, ինչպես եվրոպական հայտնի մշակութային կենտրոններում, Երևանի մթնոլորտն ինձ համար շատ ոգեշնչող էր: Հայաստանյան ամեն ինչում ներկա է Ոգին:

– Հատկապես ի՞նչը շատ տպավորեց:

– Եղա Օշականում, խոնարհվեցի հայոց գրերը ստեղծողի առաջ. հենց նման մարդկանց առաջ է պետք խոնարհվել: Ի սկզբանե Բանն էր, և ուրեմն մեծագույն հարգանքի են արժանի այն մարդիկ, ովքեր հնարավորություն են տվել այդ Բանը փոխանցել գրավոր: Ինձ համար շատ կարևոր էր լինել Օշականում, այդպիսի վայրերում ապրում ես զգացումներ, որ ենթագիտակցության խորքային լարերին են դիպչում. գրային ներարկում անել մի ամբողջ ժողովրդի` անչափելի երախտիք է: Բյուրականի աստղադիտարանում եղա, Գեղարդի վանքում, Էջմիածնում, Զվարթնոցում… Հոյակապ էր:

– Ի՞նչն է ձեզ հուզում, որպես երիտասարդ գրողի:

– Հիմնականում` գեղագիտական և սոցիալական կողմը: Զգացողություն ունեմ, թե մարդկությունը մտնում է փակուղի, գրականությունը` նույնպես: Կարծում եմ` սա զգում են մեր ժամանակի մեջ ապրող բոլոր մարդիկ: Այս թեման ինձ սկսեց հուզել, երբ դիմեցի վեպի ժանրին, մինչ այդ գրում էի պատմվածքներ, որոնք առավել մեդիտացիոն-գեղագիտական ուղղվածություն ունեին: Մեր ոչ հերոսական ժամանակներում, երբ անհատը ապակողմնորոշված է, մասնատված-ցրված, հնարավոր է` չհայտնվեն նոր Տոլստոյներ և Դոստոևսկիներ, սակայն ձգտել դրան հարկավոր է: Վաթսունականների, յոթանասունականների սերունդներն այսպես թե այնպես իրենց խոսքն ասացին, իսկ մեր վիճակը շատ դժվարին է, դաշտն ամբողջապես տրորված է, յուրաքանչյուրս մենակ է կանգնած չընթերցող հասարակության առաջ, համաշխարհային մշակույթի ահռելի գանձարանի և ամենակուլ զանգվածային մշակույթի առաջ: Այնուամենայնիվ, արեգակի տակ տեղ գտնելու մեր պայքարը շարունակվում է:

– Հայ գրականությունը մեկուսացված է. դուք ծանո՞թ եք հայ ժամանակակից գրողների ստեղծագործություններին:

– Դա, անշուշտ, ցավ է: Հիշում եմ` «Դրուժբա նարոդով» ամսագիրը հայ գրականությանը նվիրված համար հրատարակեց, որը կարդացի մեծ հաճույքով: Իհարկե, կուզեի ավելին կարդալ ու ճանաչել, որովհետև համոզված եմ` դարավոր մշակույթ ունեցող ձեր ժողովուրդը այսօր էլ շատ բան կարող է տալ աշխարհին: Ցավոք, գրքեր քիչ են թարգմանվում: Այսպիսի համաժողովներն անհրաժեշտություն են, որովհետև գրականությունը նախ և առաջ հաղորդակցություն է: Հարկավոր է թարգմանել, հարաբերություններ ստեղծել, ճանաչել մեկմեկու և փոխադարձաբար հարստանալ:

 

զրուցեց Ելենա Շուվաևա-Պետրոսյանը

 

ՕՐԱԿԱՆ ՄԵԿ ԷՋ

Ամեն անգամ, երբ Գաբրիելը սկսում էր գրել, երբ ավարտում էր մեկ էջը, կատարվում էր ինչ-որ բան, որ խանգարում էր նրա այդ զբաղմունքին: Մերթ լույսն էին անջատում, և մարում էր համակարգիչը, մերթ ֆուտբոլն էր սկսվում հեռուստատեսությամբ, մերթ էլ Լուսիտան էր գալիս` բերելով տաք կարկանդակը: Եվ ահա այսպես, դանդաղորեն, օրական մեկ էջով, նա առաջանում էր իր մտահղացման ճանապարհով: Ի վերջո, կես տարի անց նա ավարտեց իր վեպի սևագիրը. ոչ բարդ թվաբանական գործողությունները պարզեցին, որ վեպը բավական փոքրածավալ է: Հետո նա մեկ օր հանգիստ տվեց իրեն` առավոտից երեկո, ինչպես նախկինում, թափառեց ընկերների հետ փողոցներով ու զբոսայգիներով` հաճախակի մտնելով այս կամ այն սրճարանը: Հաջորդ կես տարին Գաբրիելը նույնությամբ` անշտապ, օրական մեկ էջ, խմբագրում էր իր վեպը:

«Պարզվում է, ես մի տարում վեպ գրեցի»` ժպտաց իր մտքերին Գաբրիելը, որովհետև խմբագրումը համոզեց նրան` վեպը ստացվել է, և վատ չի ստացվել:

Հաջորդ առավոտյան նա կարծես թե ոչինչ չուներ անելու,- երկրորդ վեպը սկսել, այսպես միանգամից, դեռ չէր ուզում,- այնժամ Գաբրիելը վճռեց ինքն իրեն երես տալ` ձու եփեց նախաճաշին, ինչն անսովոր էր, և հետը լուծվող սուրճ խմեց մեծ գավաթով, ինչը սովորական էր, այնուհետև պառկեց բազմոցին` ձեռքերը գլխի տակ դնելով, և սկսեց մտածել, թե ինչով է զբաղված եղել ինքն այս ամբողջ տարի: Արագ գիտակցեց, որ վեպին այս առումով հարկ չկա առանձնապես ուշադրություն դարձնել, քանի որ օրական մեկ էջը մեծ բան չէ: Ֆուտբո՞լը… Այո, իհարկե, վատ չէր լինի երկրպագել իր կուռքին մարզադաշտում, հիստերիկ ամբոխի հետ, սակայն Գաբրիելը միշտ գերադասում էր դեմքը միայնակ ծռմռել հրճվանքից կամ հիասթափությունից, հեռուստաէկրանի առջև: Այս տարում անց են կացվել տարբեր մակարդակի մի քանի առաջնություններ, և ինքը դիտել է համարյա բոլոր մրցամարտերը: Աչքերի առաջ հայտնվեցին համարակալած մարզահագուստները, գիսախռիվ գլուխները, գնդակին խփող ոտքերը, և ինքը կարող էր ուզածդ խաղացողի անունը տալ, նույնիսկ առանց դեմքը տեսնելու` Զիդանը, Ռաուլը, Ֆիգուն, Ռոնալդոն, Էլգերան, Ռոբերտո Կարլոսը, Մակելելեն,  Օ՛ Շինը… Հարյուրավոր մրցամարտեր… Սակայն բոլորը ձուլվել-մեկտեղվել էին, Գաբրիելը չէր հիշում ոչ մի մրցահաշիվ, չէր հիշում, թե ով ում հետ էր խաղում, նույնիսկ` ամենագեղեցիկ գոլերը չէր հիշում: «Իզուր չեմ գրառել տպավորություններս… Կարող էր հետաքրքիր վեպ ստացվել ֆուտբոլի մասին…»:

Ընկերնե՞րը… Իսկ մնացե՞լ են արդյոք ընկերներ հիմա, երբ այնքան հազվադեպ են տեսնվում. Ռամոնան և Ալոնսոն, Ուրսոլան և Ալվարեսը, Բերնալը և Ինեսը… Բերնալը և Ինեսն արդեն տասն ամիս է, ինչ ամուսնացած են: Ասում են, նրանք վերանորոգել են իրենց տունը և, չգիտես ինչու, ոչ ոքի չեն հրավիրել նորամուտի: Իսկ Ուրսոլան և Ալվարեսը Իտալիա են մեկնել հանգստանալու, և այնտեղ էլ մնացել են, գուցե` որոշ ժամանակով, գուցե` ընդմիշտ: Եվ հիմա այլևս չես լսի նրանց պայծառ դատողությունները այս կամ այն առիթով: Իսկ Ալոնսոն և Ռամոնան հակառակը` բաժանվել են, և ըստ երևույթին` Ռամոնան այլևս երբեք խեղդվելու չափ չի քրքջա իր Ալոնսոյի անճարպիկ շարժուձևի վրա: Բոլորն իրենց խնդիրներն ունեն, իրենց ծրագրերը:

Լուսիտա՞ն… Այստեղ կարծես ոչինչ չի փոխվել, նա գալիս էր, կերակրում էր նրան իր կարկանդակներով, երբեմն ինչ-որ էկզոտիկ ապուր էր եփում, օրինակ` Ուկրաինական բորշ, նրանք զրուցում էին, զբաղվում սիրով, զբոսնում գետափին, ֆիլմեր դիտում… Եվ ամեն բան հրաշալիորեն միապաղաղ էր: Լուսիտան չէր հոգնեցնում նրան մոնիտորի տեքստերի մասին հարցուփորձերով, որոնք, անշուշտ, տեսնում էր, բայց չէր կարդում, իսկ ինքը, չգիտես ինչու, չէր էլ առաջարկում, չէր խնդրում, չէր պնդում… Վեպն ապրում էր մի տեսակ առանձնացած, ոչ խանգարում էր իրենց, ոչ օգնում:

 

***

Պալոման մարմնատարած պառկած էր, մտքում գեղեցիկ անուններ էր որոնում, որոնք սկսել էր հավաքել դեռևս դպրոցում` գրառելով աշակերտական բարալիկ, մանիշակագույն տետրում:

Ռամոնա, Ուրսոլա, Ալոնսո, Ալվարես, Բերնալ, Ինես… Ու հանկարծ, անհասկանալի է` որտեղից, խեղդամահ եղածի դիակի պես ուղեղից դուրս լողաց երկարաշունչ անունը` Գաբրիել Գարսիա Օրասիո… Օհո` մտածեց նա, վատ անուն չէ հերոսի համար` Գաբրիել:

– Խորխե,- կանչեց նա:- Խորխե, ես տղամարդու անունը գտա, դու կնոջը գտիր:

– Պալոմա,- ասաց Խորխեն: Պալոմա` որովհետև այդ անունը նրան միշտ դուր էր գալիս:

– Ոչ,- ասաց Պալոման,- անհամեստություն կլինի սեփական անունը տալ հերոսուհուն: Եվ հետո, շատ հասարակ է մի տեսակ…

– Ուրեմն` Լուսիտա,- չկտրվելով ֆուտբոլից` ասաց նա: Որովհետև երեկ նրանք ամբողջ խմբով, ինչպես նախկինում, գնացել էին կինոբար, ուր նայել էին «Լուսիան և սեքսը» ֆիլմը, հետո միասին` Ռոբերտոյի, Իվանի, Կլոդի, Արամի, Զինադինի և Լուշի հետ, խմբովի արշավեցին գետափնյա պողոտայով, ինչպես երբեմնի, և ժամանակ առ ժամանակ, դիտավորյալ բարձրաձայն քրքջալով, մտան այս ու այն սրճարանը, որոնցից մեկում Լուսելիա անունով մատուցողուհին,- անունը գրված էր կրծքին,- ցածր խոնարհվեց` Խորխեի քթի առաջ դնելով շքեղ, սակայն բացարձակապես անհամ կարկանդակը:

– Այո, գեղեցիկ անուն է,- համաձայնվեց Պալոման` ընդհատելով Խորխեի քաղցր հիշողությունները, և սկսեց գրել թղթի վրա` ժամանակ առ ժամանակ կրծելով գրիչի փակիչը. գրում էր այն մասին, թե ոնց էր բերում պերգամենտով փաթաթած կարկանդակը, այն մասին, թե որքան հաճախ էր մենակ քնում, քանի դեռ Խորխեն նայում էր իր ֆուտբոլը կամ զբոսնում ընկերների հետ, գրում էր իրար ետևից այն ամենը, ինչ եղել է իրենց հետ:

Եվ ասես զգալով դա, Խորխեն մի պահ անջատվեց հեռուստաէկրանից, որպեսզի համբուրի Պալոմայի այտը և բարի գիշեր ցանկանա:

– Օ, դու կարծես ինչ-որ բա՞ն ես գրում,- ասաց նա` նկատելով կնոջ հապշտապ  թաքցրած էջը:

– Այո,- ամաչելով պատասխանեց Պալոման:

– Նամակ մայրիկի՞ն:

– Ուրիշ բան:

– Կարդա՞մ,- ձեռքը պարզեց Խորխեն:

– Ոչ,- ձեռնափերով իր վեպի գրերը ծածկեց Պալոման,- դու կծիծաղես:

– Խոստանում եմ, որ չեմ ծիծաղի: Թեև արդեն ծիծաղս գալիս է, որ դու վեպ ես գրում, այլ ոչ կարկանդակ թխում:

– Ստիպված ես լինելու ինքդ թխել այսուհետ,- տարօրինակ ժպիտը ձեռնափով ծածկեց Պալոման:

Չիմանալով ինչ ասել` Խորխեն շարունակեց դիտել ֆուտբոլը: Իսկ Պալոման դեռ մի քիչ էլ գրեց, այնուհետև պահեց թուղթը կիսաթափանցիկ թղթապանակի մեջ, ուր պահում էր մոր և տատիկի նամակները, օրացույցեր, թատերական տեղեկատուներ, աֆիշներ ու էլի Աստված գիտի ինչ: Քնելու ժամանակն էր: Իսկ քնելուց առաջ դեռ պետք էր որոշել` ո՞ր կարկանդակը թխել վաղը, խնձորի, թե՞ նարնջի, էլի ինչ էր պետք դրա համար խանութից գնել: Եվ այդ մտքերն ապրում էին վեպի մասին մտքերից առանձին, չհանդիպելով և չազդելով միմյանց վրա:

 

***

Այսպիսին էին Գաբրիելի նոր վեպի առաջին էջի վերջին բառերը, վեպի, որը Գաբրիելը, չդիմանալով տարօրինակ միայնությանը, սկսել էր գրել: Կարդալով այդ բառերը` նա, համարյա երջանկությանը նմանվող անբացատրելի բավարարությամբ լցված, հանգցրեց համակարգիչի թրթռացող էկրանը և գնաց գրկելու  իր Լուսիտային: Նախկին ֆուտբոլիստ Խորխեի և ապագա արձակագրուհի Պալոմայի սիրո մասին վեպը, ըստ Գաբրիելի մտահղացման, չպետք է նմանվեր իր նախորդ ստեղծագործություններին, այն ոչ միայն պիտի ստացվեր, այլ պիտի ստացվեր անկախ ու կատարյալ: Եվ «Ռեալի» ու «Բարսելոնի» կամ Խորխեի և Պալոմայի ոչ մի դերբի չէին կարողանալու խանգարել նրան այս գործում, գուցե` մի թեթև միայն:

 

 

Թարգմանությունը ռուսերենից Գ. Խանջյանի

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն