ԹԱՎՋՈՒԹԱԿ

Վիլյամ Սարոյանին էին լվանում: Մի գիրուկ կին ջրի շիթը պահել էր ուղիղ նրա դեմքին: Հետո հանգամանորեն իջավ մինչև կոշիկների ծայրը:
Նա կանգնած է դեմ դիմաց: Նա` արտասովոր քթով, տարօրինակ հին կոշիկներով ու դեմքի մի այնպիսի արտահայտությամբ, որ երեխաների ուշադրությունն է գրավում: Ուսին ամբողջ շուքով փռվել է տիրական թավջութակը: Այդ արքայական գործիքը ափսոսում է նվագել անցորդներից մուրալու համար: Կանգնել է… քայլում է… տուն… մի տուն լիքը երեխա ու թավջութակ… բազմոցին փռված հայր… մի բանակ բարեկամներ: Փակվում է սենյակում, ամբողջ կրքով համբուրում, շնչում ու արտաշնչում գործիքը.
-Փող բերե՞լ ես,- հայրն է:
-Չէ:
-Բա էդ փետի կտորը ինչի՞ էիր հետդ տարել…
Երեսունվեց ականջ ածելու պես սրված սպասում էր ու երեսունչորս աչք (հորեղբայրը կույր է) նայում էր սենյակի դռանը… հեծկլտոց… թավջութակի թագավորական նվվոց…
Ընկույզի փայտից պատրաստված գործիքը սեր էր բուրում ու արտասովոր քթով ստվերը խենթանում էր այդ սիրուց…
Բռնակն իջավ ու կոշիկները հանեցին նրան խցից:
Անատամ տատի` միս ուտելու ճպճպոցը ցրում էր հասուն թարախապալար հիշեցնող լռությունը:
Մեծ աչքերով փոքրիկ զարմիկը իջեցրեց ունքերը մինչև քթարմատը.
-Հիմար քեռի ես…

***
Նրա փեշը նազանքով վերցնում էր գետնից փոշին ու լցնում բաց ոտքերին: Մեջքը համաչափ շարժելով, հացի տոպրակն ուսին գնում էր: Արցունքը գլորվելով ընկավ քաղաքի փոշու վրա: Ոտքերը ցեխոտվեցին: Նրանից խակ ընկույզ էր բուրում:

***
Հիմար քեռին ամեն օր այգում պաշտում էր ամեն մի լարը, քիթը իջեցնում, որ անցորդները գումար չտային, ու երեսունվեց ականջ ամեն օր լսում էր`չէ:
-Գնա գործարան, կոշիկ կկարես:
-Թավջութակս…
-Գրողի ծոցը էդ փետի կտորը, կոշիկ կկարես:
-Հայրիկ, խնդրում եմ…
-Վերջացրինք..
Գիշերը ընկույզի հոտը արցունքի խոնավությունից խեղդելու չափ լցրել էր խուցը:
Դուռը բացվեց: Մեծ փոր, հետո միս կտրելու կացին… մի ալարկոտ հարված ու սիրելիի ճրթոցից վեր թռավ…
Կոշիկի գործարան… սոսինձի` ընկույզին հակառակ հոտ ու սևացած, երկար մատներ:
Մեծ բակում նրա քայլվածքի` առանց ռիթմի թրխկոցը բոլորը ճանաչում են: Սոսնձոտ մատներով ստվերը առաջ է գնում: Տագնապի հոտ է գալիս:
…Արքայական գործիքը ամբողջ շուքով փշուր-փշուր է եղել բակով մեկ: Փայտի կտորներից մեկի վրա` երեկվա հետքերը:

***
Ուսից կախ հացի տոպրակը ռիթմիկ խփելով մեջքից շատ լայն կոնքերին, փեշը համբերատար հավաքում է քաղաքի փոշին ու շաղ տալիս ոտքերին:
Խակ ընկույզի բույր… խոր ընկած աչքերը, իրենց հետ քարշ տալով երկար քիթը կարոտով ու քնքշությամբ թեքվեցին… թավջութակը` հացի տոպրակն ուսին ու երկար փեշով…

ՊԵԴՐՈՆ

Նա կարճահասակ էր, փոքրիկ գլուխ ուներ ու անհամեմատ մեծ ականջներ: Խոր բնիկների մեջ աչքերը անհանգիստ շարժվում էին ու վրայից միշտ ծանր երաժշտություն էր լսվում: Նրան Պեդրո էին ասում: Ես ինքս շատ հետո իմացա իսկական անունը` Արման:
Առավոտյան տանտիրուհու եփած ճաշի կենացաղային հոտից ջղայնացած կարճ ոտքերը կատաղորեն խփելով գետնին` դուրս թռավ տնից: Երբ բարկանում էր, ժանիքները դուրս էին ցցվում շրթունքների արանքից, իսկ ունքերը փոխանակ իջնելու ներքև, ինչպես բոլորի մոտ, բարձրանում էին:
Կապույտով լցված գարնանային երկինքը ոչինչ չասաց: Նա համառորեն հաճույք ստանալով լսում էր ինչ-որ մեկի ճղճղոցը ականջների մեջ, ու թվում էր, թե հաճույք է զգում:
Կատաղած չափեց ամբողջ քաղաքը գերմանական գոռգոռոցի տակ ու քայլեց դեպի համալսարան: Չէ, իհարկե, ոչ դասի: Մի տեղ կա այս ահռելի շենքում, որտեղ հիմնականում հավաքվում են տարօրինակ ուսանողներ, կարդում են, երաժշտություն լսում, տարօրինակ կատակում ու ամենաանսովոր ձևի ծիծաղում, հետո անմիջապես լրջանում ու խելոք դեմքերով շարունակում կարդալ:
Մի պահ երաժշտությունից կտրվելով` Պեդրոն դռան վրա կարդաց. «Հասարակական գիտությունների ընթերցասրահ»: Խցկվելով ներս` աչքերով գտավ ընկերներին: Բոլորի հայացքում էլի նույն կիսածաղրական արտահայտությունը` «ինչ լավ արիր, եկար» դիմակով:
Պեդրոն միգուցե սիրում էր մարդկանց, բայց համարյա վախենում էր նրանցից ու իր հասցեին ամեն կծու կատակի հետ ժպտում էր, չգիտես` սիրուց, թե քծնանքից: Ականջներում շարունակում էր գոռալ կատաղած երգիչը: Պեդրոն էլ չէր դիմանում: Ժանիքները երևացին: Ունքերն արդեն բարձրանում էին… մեկ էլ…
Նա կարճահասակ էր, երկար մազեր ուներ ու մեծ աչքեր, որոնք անընդհատ ճպճպացնում էր` մեծ բերանին խաղացնելով լայն ժպիտը:
Պեդրոն նրանից ամենաշատն էր վախենում ու ամենաշատն էր… սիրում:
Մինչ նա շրջվեց, բոլորը փռթկացրին: Երգչի ձայնալարերն էլ չէին դիմանում: Նա գլուխը կորցրած դուրս թռավ ընթերցասրահից ու ընթացքի մեջ հասցրեց զգալ երկար մազերի բույրը: Հետո դռան մոտ դանակի պես ցցվեց, որ ընդմիշտ չմոռանա:
Այդ օրերին ես հանձնում էի իմ վերջին քննությունները: Հանկարծ մեկը թրմփոցով նստեց կողքիս: Սեղանի վրա կարճ մատներ են, որ ջղային դողում են ու… լալիս:
— Գիտես, մենք շատ լավ ծանոթ չենք, բայց դու ինձ միշտ ժպտում ես, միգուցե մտքում մի ուրիշ բանի վրա ես ժպտում, բայց ինձ միշտ թվում է, թե ինձ… կներես մի քիչ կողքիդ կնստեմ:
Մինչև երեկո նստեց իմ հարևանությամբ ու երկար պատմում էր ճղճղացող երգչի մասին, նրա մասին, որ սիրում է երկար մազերի հոտը ու էլի ինչ-որ բաներ:
Երեկոյան արդեն ժպտում էր, հեռանալիս ասաց, որ վաղը բանակ է գնալու:
Առավոտյան հիշեցի փոքրիկ ժանիքներով իմ հերոսին: Երևի հիմա ինչ-որ տեղ հիշում է մազերի թարմ բույրն ու ափերից դուրս եկած երգչին:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն