Դպրոցից տուն վերադարձա։ Մայրս, օջախի մոտ պանիր էր քաշում։
-Հաց կեր, հորդ ջուր տար, էսօր ջուր չի վերցրել։ Անձրևանոցն էլ վերցրա, ամպում ա, անձրև կգա։
Հանեցի դպրոցական հագուստս։ Հագա մաշված շալվարս ու հին վերնաշապիկս, որը գրեթե ամբողջովին պատված էր սնձի կաթի լաքաներով։ Քույրս սեղան դրեց, հաց, պանիր, կանաչի, տապակած կարտոֆիլ և մածուն։ Մայրս բերեց ուսապարկը, սառնարանից հանեց շշով ջուրը, դրեց ուսապարկի մեջ։ Մի երկու լավաշ, պոմիդոր, մի կտոր էլ պանիր դրեց ուսապարկիս մեջ։ Վեր կացա, ուսապարկը գցեցի ուսիս, լավաշի մեջ փաթաթեցի պանիրը և ճամփա ընկա։ Չալոն վազում էր ետևիցս, շոգից դուրս էր գցել լեզուն և շարունակ հևում էր։ Ճանապարհին, երբ շները հաչում ու վրա էին տալիս, նա վազում էր ինձ մոտ և պտտվում շուրջս։
Ցածի աղբյուրի մոտ կանգնած էր Վազգեն պապին։ Նա դրել էր դույլը և ձեռնափայտին հենված ծխում էր.
-Բարև Վազգեն պապի, ո՞նց ես։
-Բաև, բարև տղես, ո՞նց պտի լինի մենակ մարդը։
-Տղետ զանգել ա՞, ո՞նց ա։
-Հա, զանգել էր երեկ, ասում ա թող արի էստեղ ապրենք։
-Ի՞նչ ասեցիր։
-Ասեցի չէ։ Ես էստեղից գնացողը չեմ։ Բա մարդ էլ իր երկրից գնա՞։ Ո՞ւր ես գնում։
-Դաշտ, պապային ջուր եմ տանում։
-Մեր արտերի մոտով գնա, տես հո երեկվա կարկուտը վնաս չի տվել։ էսօր ուզում էի գնայի, ճնշումս հելավ, ճամփի կեսից ետ դարձա։
-Հա, կնայեմ։
Հողե նեղ ճանապարհի երկու կողմերում ձգվում էին կարկտահարված արտերը։ Ձորում Չալոն լողացավ, ցատկեց, կանգնեց քարին և թափ տվեց իրեն։ Սարը բարձրանալիս կանգ առա, նստեցի խոտին, բացեցի ուսապարկը, ջուր խմեցի։ Լավաշի մի կտոր տվեցի Չալոյին, նա կերավ և կողքիս մեծ քարի տակ պառկեց։ Լավաշի մեջ պանիր փաթաթեցի ու կերա պոմիդորի հետ։ Պառկեցի, ուսապարկը գցեցի գլխիս արևից պաշտպանվելու համար։ Քիչ անց վեր կացա, նայեցի սարին, դեռ կեսը չէի բարձրացել։ Հոգնել էի, թմրել արևից։ Վերցրեցի ուսապարկը և բռնեցի տան ճամփան։
Մայրս պահեստում մաքրում էր ցորենի ամբարը։ Տատին ծառի տակ նստած կարկատում էր պարկերը։ Քույրս հաց էր պատրաստում։ Մոտեցա մորս, նրան ասացի, թե իբր օձ եմ տեսել և վախեցել եմ շարունակել ճամփաս։
-Քոռանամ ես,- նա գրկեց ինձ, համբուրեց ճակատս։ Ուսապարկը և անձրևանոցը թողեցի պահեստում։ Մտա տուն, հանեցի կոշիկներս ու պառկեցի։
Արթնացա ամպի գոռոցից։ Օրը մթնել էր։ Կիսաբաց պատուհանից ներս էր թափանցում սառը քամին։ Մեկ անգամ էլ ամպը գոռաց։ Կարկուտը ուժգին հարվածեց ապակիներին։ Դուրս նայեցի պատուհանից։ Փողոցով առվակներ էին վազում։ Ապակիները կոտրելուց մի քանի րոպե հետո կարկուտը դադարեց։ Դուրս եկա բացելու ջրի ճամփան, այն արդեն լցվում էր ներս։ Ջրի հետ վազում էին ցեխակոլոլ ծիրանը, խնձորը, տերևներն ու ծաղիկները։ Պատուհանի տակ կուչ եկած կատուն նետվեց ծառից ընկած վիրավոր թռչնի ուղղությամբ, բռնեց նրան ու վազեց մարագ։
Բնից դուրս եկավ ու իրեն թափ տվեց շունը։ Պատուհանի ետևում կանգնած պապը լուռ դուրս էր նայում կոտրված ապակու անցքից, կուլ տալով ծխախոտի ծուխը։ Նայում էի նրան և փորձում հասկանալ, նրա այտերից ներքև սահողը անձրևաջո՞ւր էր, թե՞ արտասուք։ Երբեք չէի տեսել պապին արտասվելիս։ Ամբարը մաքրող մայրս վերադարձավ։ Այլևս ոչինչ մաքրելու հարկ չկար։ Տատին գոգնոցի մեջ փաթաթած ներս բերեց ճտերին, որոնք մնացել էին կարկուտի տակ և գրեթե անկենդան էին։
Երեկոյան հայրիկը տուն եկավ։ Նա թրջվել էր և ողջ օրը ծարավ մնացել։
-Ինչո՞ւ ջուրն ու անձևանոցը չուղարկեցիր,- բարկացավ մայրիկի վրա։
Մայրս պատմեց եղելությունը, հայրիկը ոչինչ չասաց։ Սեղանի մոտ նստած՝ ես բացել էի գիրքը, ձևացնելով, թե իբր կարդում եմ։ Հայրս մոտեցավ ինձ.
-Էսօր ի՞նչ ես ստացել։
-Ոչ մի բան։
-Տղա ջան, դու ամեն օր ասում ես ոչ մի բան, քեզ ոչ մի օր դաս չե՞ն հարցնում։ Վաղը կգամ դաս լսելու։
Հայրիկը ծխախոտ վառեց, նստեց թախտին։ Քույրս սեղան էր գցում։ Մայրս փայտ գցեց վառարանը։ Ներս մտավ տատս, դույլով կաթը մեկնելով մորս ասաց.
-Էս կաթը քամի, մածուն մերենք։
Դուրս եկա։ Ստախոսությունս ստիպեց ինձ ամաչել։ Օձի մասին հնարածս պատմությունը կենդանացել և խայթում էր ինձ։ Քույրս ձայն տվեց։ Ներս մտա։ Բոլորը նստել էին հացի։ Հրաժարվեցի հաց ուտելուց։ Գնացի իմ սենյակ, մտա անկողին։
-Երեխես էսօր վախեցել ա,-կիսաբաց դռնից լսեցի մորս ձայնը։
-Դա՞շտն էլ շատ եկավ,-հարցրեց տատին։
-Հա, լրիվ ավերեց,-հորս պատասխանը անմխիթար էր։
Սենյակիս կիսաբաց դռնից նայում էի նրանց։ Նրանցից յուրաքանչյուրը արել էր իր գործը, և հիմա հաց էր ուտում։ Քույրս սուրճը դրեց սեղանին։ Սուրճի տաք գոլորշին խառնվում էր հայրիկի ծխախոտի ծխին ու բարձրանում էր, վե՛ր, վե՛ր։ Հետո նրանք էլ վեր կացան։ Գնացին քնելու։ Բոլոր լույսերը մարեցին։