Նվիրվում է Լիլիթին` համակուրսեցուս, ով մի երեկո որոշեց վերջ տալ իր կյանքին:
Աչքերը կկոցել է ու պառկած նայում է պատին: Վիզը փոքր-ինչ պոկեց անկողնուց: Պատի ճերմակությունը փչացնում են մի քանի մանր սև կետիկներ. ճանճը իր հետքերն է թողել:
Ոտքերը ծալում է, հենում է օրագիրը ծնկներին, պատմում է:
Այսօր բացօթյա սրճարանում նստած` ուզում էի գոռալ` օգնեեեե՛ք, օգնեք, որ գոնե ձայն հանեմ, օգնեք հասկանալ, հասկանալ, թե ի՞նչն եմ ուզում հասկանալ, չէ՜, օգնեք իմանալ` ինչո՞ւ եմ ուզում գոռալ…
Զգում եմ, որ ներդաշնակության պակասը ինձ խելագարեցնում է: Թեև, եթե այդքանն էլ դեռ գիտակցում եմ, ուրեմն խելագարության շեմից հեռու եմ:
Հոգին հալել ու կպել է մարմնի պատերին:
Զգացմունքները խորթ են էությանը:
Ցանկությունները դառնում են երազանք:
Երևակայությունը ընկալումից դուրս է:
Մտքերը խանգարում են դատողություններին:
Համոզմունքները զուրկ են հիմնավորումներից:
Կարծիքը լողում է:
Գիտակցությունը ուշաթափ է:
Հակասությունը հակասական է:
Ներդաշնակությունը մեռած է:
Անորոշությունը նորմալ է:
Վախը անհիմն է:
Գիտելիքը մեծամիտ է:
Անկեղծությունը ստում է:
Հույսը դառձել է անճար:
Հավատը վիճված է աղոթքի հետ:
Սերը ծորում է մեղրի պես:
Սիրտը միայն օրգան է:
Բարդ է… կեղտոտ… անդուր…անհասկանալի: Հոգնել եմ անորոշությունից ու սեփական կասկածամտությունից: Հոգնել եմ …հոգնել եմ…հոգնել եմ…
Խոնավ շոր է բերում, որ պատը սրբի: Ծերտը զզվելի տեսք չունի, բայց` պիտի որ: Պատը, կարծես, որդեգրել է այդ միայնակ, լքված , փոքր, թշվառ ու որբացած քաքերին: Ձվեր են հիշեցնում: Սև ձվեր, որ իրենց խղճուկ չափսերում կյանք են պարունակում:
Ձեռքերին կպավ խոնավ կտորի հոտը: Մատերը մոտեցնում է քթին, հոտ քաշում: Կնճռոտած քթով նայում է ծեր-տին:
Մտքում հայտնվեց` օրագրում դեռ չծնված մի տող:
Ճանճը ուրիշի սպիտակ, մաքուր պատի վրա է քաքում, իսկ սեփական ձվերը` թողնում սրա-նրա քաքի մեջ…
Սիրում եմ գռեհիկ արտահայտվել, մի տեսակ թարմանում եմ…
Ի վերջո ծերտն արդեն կտորի վրա է: Մինչ խոնավությունը կթափանցի նոր սուբյեկտի մեջ, աչքերով ուրիշ բան է փնտրում պատի վրա. ինքն էլ չգիտի` կոնկրետ ինչ: Պատն իհարկե կատարյալ սպիտակ չէ, նույնիսկ հիմա, երբ որբա-նոցը տեղափոխվեց կլիմայական ավելի խոնավ պայմաններով մի կացարան: Ավելի է նյարդայնանում պատի անկա-տար տեսքից: Հազիվ նշմարվող բարակ ճաքը աչքն է ծակում: Իսկ աչքը շարունակում է իր հետախուզական աշխա-տանքը: Դուրս եկավ` թողնելով պատը դռան հետևում` միայնակ, լքված, որբացած:
Այն կարող է անվերջ փոխվել` ճաքճքել, կեղտոտվել, դեղնել` ապրել սեփական կյանքով: Դուռը չի վերացնի նրա կյան-քը, նրա ոչնչությունը: Ոչ էլ` ես:
Մեկ այլ կյանք` միգուցե պարզապես ուրիշի կյանքը, շարունակվում է կողքի սենյակում:
Կոկա-կոլայով բաժակը, երևի` կիսով չափ կիսադատարկ, դրված է սեղանին. ճաշում են: Բաժակի մեջ` թշշացող պղպջակների ներքո, լող է տալիս ճանճի մի պոկված թև, կամ էլ, միգուցե, հացի փշրանք:
Ինձ ինչ-որ բան հետապնդում է. մի միտք, մի դժգոհություն, մի անբավարարվածություն թե մի վախ. կոնկրետ դժվար է ասել:
Ափսեն կլոր է, բայց ծայրը`թռած: Կլոր չէ…մի տեսակ այն չէ: Կարտոֆիլի մեջ ոչ մի բան, ոչ մի թերություն, ոչ մի արտասովոր համ կամ հոտ չի գտնում. դա էլ է նյարդայնացնող:
Մի մազ անընդհատ քսվում է քթին: Քորվում է: Քորը ինքնաբերաբար տարածվում է նաև ականջի վրա. թվում է` ճանճն է ելումուտ անում:
Ինքնասպանության հիմար բայց համոզիչ միտքը գլխիցս դուրս չի գալիս: Չէ՜, ես չեմ ուզում մեռնել, պարզապես մտածում եմ մեռնելու մասին: Դրանք տարբեր բաներ են: Դա նույնն է, եթե խելագարը մտածի հոգեբույժ դառնալու մասին, պարզապես մտածի… Ինչո՞ւ չենք կարողանում չմտածել:
Փակ բերանում լեզվով պատառաքաղի հետ է խաղում: Չանչերի արանքներում լեզուն ծալծլվում է, փաթաթվում … -Լինդը ճղեց: Արյան համը միաձուլվեց մետաղի համի հետ: Տհաճ, բայց կյանքի համ է:
Կոկա-կոլան լվաց այդ դառնահամը:
Մի նոր պատմվածք եմ գրելու: Վերնագիրը` Ժանգոտ արյուն կամ …Սև ձվեր…չէ՜, գիտե՜մ, երեևի գիտե՜մ …` Ծեր-տոտ սիրտը: