* * *
Միշտ մի ճերմակ թուղթ
Հեռու է մնում նույնիսկ հանճարեղ բանաստեղծությունից,
Ինչպես կույսը երկչոտ կամ տիրամայրը լուսե,
որ կատարյալ է…
Եվ, ահա, դու այդպես հեռու պահիր
քո մարմինը ճերմակ
Իմ գրերից ձեռակերտ…
* * *
Դու ավելին ես, քան… քո անունը..
Եվ ավելին ես դու, քան քո մասին
Ձևակերպումը զիլ, որ պոետն անում է,
Կամ վրձնումը կուսական խասի:
Դու ավելին ես, քան բաղդատումը նաիվ,
Որ մեկ ուրիշ բառով հերքվում է իսկույն,
Ավելին ես դու, քան իգականը, նաև
Ավելին ես, քան թե Դու ես, Դու…
* * *
Թոքախտավոր քաղաք, թոքախտավոր քաղաք,
Դու հազում ես անվերջ, անաստղ ու ծույլ,
Եվ հազում ես դու ինձ`մահամերձ ու խաղաղ`
Որպես վերջին հրաշք, որպես… բանաստեղծություն…
Քո սփրթնած դեմքին, քո ծխայրված շուրթին,
Ես կբերե՞մ, ասես, անջատումի կազդույր,
Ես կմնա՞մ մինչև ավարտն այս աճուրդի`
Գրպանով ու հոգով իմ` դատարկ, անազդու…
Թե՞, ասում են, իրա՛վ երջանիկ են նրանք,
Որոնք դատարկ են հոգով`տանելով երանի:
…Թոքախտավոր քաղաք, եկ միասին նռանք,
Ու թե մեռնենք անգամ`չխառնվենք
նրանց ձիգ երամին…
Կիթառի վրա…
Ես սիրում եմ, երբ կինը ծխում է`
Նայելով հեռուն, ավետյաց ափին,
Մարդ ուզում է իր մատը շոշափի,
Հոտոտի շուրթը, երբ նա տխուր է:
Ծիսական այնպես ու խնկատարած,
Ախ, մտաթափառ ծխելը կնոջ,
Հանց նոյեմբերյան մի դրվագ կինո,
Սիրում եմ այնքան, օ, երես առած…
Եվ սիրում եմ, որ ծխող անմեղը
Իր ներսի անշեջ կրակն է թեժում,
Երբ դեմքն է կորչում այդ խաժամուժում,
Սիրում եմ նորից… շուրթերը պեղել…
Եվ այն, որ երկար նա ծիծաղում է
Իմ խենթ արարքից, հույզերի թափից…
Ախ, սիրում եմ, երբ կինը ծխում է`
Հայացքը հեռու` ավետյաց ափին…
* * *
Ես ուզում եմ լուսամփոփիդ լույսը դառնալ,
Որ այլ լույսի ներքո նայես դու իրերին,
Որ քո սիրտը չցավեցնի սիրելիին,
Թեկուզ հաճախ ցավեցրել է` հոգիդ խառնած…
Գիտեմ, որ ես դառնությամբ եմ սիրտդ լիել,
Որ խավարում աստղ եղա ու քեզ օտար,
Բայց ուզում եմ լուսամփոփիդ լույսը լինել-
Չջերմացրի՜, գոնե…ցրեմ մութը քո տան…
* * *
Ճերմակ թղթերին զգույշ մոտեցեք,
Նրանք արտաքին կեղևն են հոգու,
Նրանց ծառերից ցավով են պոկում,
Հեռու եղեք, թե հոգին խորթ է ձեզ:
Մի անցեք նրանց սահմանը նրբին,
Մի կուսազանցեք, թե չի ծնվում Խոսք,
Որպես թե մանուկ, մանուկ բարեխոս`
Հոգու սուրհանդակ երկնային Սրբի:
Սիրով մոտեցեք Ճերմակ թղթերին,
Թող ձեռքը լինի Հանճարի լեզու,
Որ միայն, միայն Սե՛ր է քարոզում,
Որպես ճերմակին սև անխախտելի…
Աշուն-Հիվանդանոց
Հիվանդասենյակ: Ինձ մոտ իջած քույր:
Թափթփված իրեր, դեղաբույր, ամա:
Նկարներ` կախված դեղին միջանցքում`
Հիվանդի ցավը մեղմելու համար:
— Այս դեղն էլ պիտի ընդունեք այսօր-
Մատներն ավելի բուժիչ են նրա,
Բայց ակնթարթը ցնդում է հազով,
Որ ստիպում է ցավատանջ նռալ:
Եվ աշնանային հիվանդանոցում
Լոկ քամին է ինձ տեսակցում հաճախ,
Գնացին ամենքն ու զուր եմ կոծում,
Ի՞նչ է ծաղիկն էլ արցունքից աճած:
Նրանք չեն լքել. սենյակում խաղաղ
Մանգաղավորին սպասում են դեռ,
Քանզի հիվանդ է, մրսում է քաղաքն,
Ուր մարմինն է լոկ թագավոր ու տեր…
* * *
Քաղաք,
Քեզ հազար անգամ դիմավորել եմ
Առավոտ կանուխ,
Երբ ոչ ոք չի սիրել քեզ ու սպասել,
Երբ քնահարամ,
Քրտնաբույր կանայք
Ավելներով քստքստացրել են մաշկիդ վրա`
Իրենց տնաբույս դժբախտությունը
Պարպելով քարեղեն, բայց գերզգայուն մարմնիդ…
Ես դիմավորել եմ քեզ վաղորդյան խումհարով,
Ու գթացել քո սառնությունն ու
Տաքությունն աշնան արևի,
Ում երկինքն ընդունում է` որպես լույսի աղբյուր,
Ոչ` ջերմության,
…Աշնան արևը, որ սեփական անճարությունն ու վիշտը քողարկող
Գործազուրկ տղամարդու նման
Սափրվում է միայն ու դուրս գալիս փողոց…
Քաղաք, քեզ հազար անգամ դիմավորել եմ,
Ինձ ճանապարհիր հիմա,
Քանզի մարմինների աճուրդում ոտնատակ արեցին,
Եվ հոգիս մերձիմահ
Քո անունն է տալիս`
Հնամյա իմ Քաղա՛ք, հնամյա՛…
Ժամանակացույց
Ժամանակավազքի մեջ
Հասցնում եմ հայելու դեմ փրկել սանրվածքս,
Խոհանոցում` ստամոքսս,
Փողոցներում` քայլվածքս… սովահարի…
Քաղցած լինելիս… երևակայությունս սիրահարի.
(Համարակալված մարմնամասեր,
Որոնց վրայով հավասարաչափ
սովյալությամբ անցել են
իմ հայացքը, մատներս ու համբույրներս…)
Օրվա գունախտացումից մինչև գունաթափում
(ասել է թե` գիշերվանից մինչև այգաբաց),
Ճերմակի մեջ հասցնում եմ փրկել գրալի
բացակայությունդ,
Եվ հասցնում աշխարհիկացնել մարմինս,
Քանի ներկա չէ Փրկիչը…
Եվ այդպես, ահա, հաստատում եմ
իմ ու քո ժամանակը`
Որպես Մեր նամակագրությունից հետո,
ասենք, չորրորդ Դար-
Իսկ երջանիկ են նրանք, որոնց համար
ժամանակն է… նամակատար…
Ոչ թե` հակառակը…
Նամակ` Աստծուն…
Ես չգիտեմ, Աստված,
Գուցե այլևս քեզ չեն հասնում նամակներս,
Որ դողացող… լռությամբ գրում եմ… իմ ներսում:
Ես չգիտեմ, գուցե, ձեռագիրս է փոխվել,
Որ չես պատասխանում:
…Ես հիշում եմ
քո ուղարկած ամենավերջին նամակը…
որ դուստրն է իմ…
…Ախ, չգիտեմ, Աստված,
Գուցե, սպառել եմ թանաքն ու թուղթը քո փոխարեն
Եվ… լռությունդ եմ վատնել արարչական:
Կամ էլ փոխել եմ բնակությանս հասցեն:
…Իսկ պատասխան չկա, չկա՜…
Դու իմն ես…
Դու իմն ես և դրանով նման չես ոչ- մեկի,
Եվ նման չես նույնիսկ քեզ,
քանզի արդեն մենակ չես դու…
Դու իմն ես ու ես նման եմ խելագարի,
Որ նման է բոլոր, բոլոր նրանց,
Ովքեր ինքնահրկիզման ճանապարհն են ընտրել
Եվ ընտրել են որոնք ուղին մահապարտի…
Կուզես սիրիր, գնա,
Լռիր կուզես, դատապարտիր,
Միևնույն է` իմն ես
Ու ես նմանվում եմ բոլորին,
Որպեսզի չլինի գեթ մեկն այս աշխարհում,
ում դու…նմանվես….
* * *
Ախ, աշուն է հիմա, դեղինների շրջան,
ս չգիտեմ` տերև արցունքս ում է պետք,
Ես չգիտեմ ինչու, ինչպես և ինչ զղջալ
Եվ հանում եմ թախիծն`արդեն մաշված մեբել:
Ախ, աշուն է հիմա, անձրևների աղոթք,
Պատարագ է հուշի և խնկարկում սիրո,
Հեռաստան է անկին, անմխիթար, աղոտ,
Ախ, աշուն է հիմա, ախ աշուն է իրոք…
* * *
Մորեմերկացար, մարմինդ` սափոր,
Մատներս եմ հպում նրբորեն այնքա՛ն,
Որ քեզ չփշրեմ` հետո սարսափով
Հառաչեմ, սակայն ոչ վերջին անգամ…
Քո թանկությունն ու արժեքն անանցիկ
Չի սահմանելու և ոչ մի աճուրդ,
Կատարելությամբ դու քո կանացի
Մարդկային կյանքերն ես իրար խաչում:
Եվ, ինչ իմանաս, քեզ համար, անգին,
Կարող է սկսվել Երրորդն ահավոր,
Ինչպես պատճառով թագաժառանգի
Աշխարհամարտը բռնկեց մի օր…
Եվ դու, որ հաճախ մարտի ես նետում,
Կարող ես նաև խաղաղել մեկեն,
Քո ներշնչումով վերցնում են փետուր
Նրանք, որ նույնիսկ չգիտեն երգել:
Դու իմ անցյալն ես`լքված, խուսափող,
Եվ նույնքան դաժան, ըղձալի ներկան
…Մորեմերկացար, մարմնիդ` սափոր,
Մատներս եմ հպում նրբորեն այնքա՛ն…
* * *
Նա զբոսնում էր իր շնիկի հետ,
Շնիկն էլ իր պես պաճուճված էր հույժ,
Եվ տարածվել էր այգով մեղմանուշ
Օծանելիքի բույրը սեթևեթ:
Նա տիրական էր, իշխում էր հանուր
Դեմքով, քայլածքով, նույնիսկ իր շանը,
Որ ընկերն էր իր ու անբաժան էր
Անորձ մենության ձիգ տարիներում:
— Դուք գեղեցիկ եք,-ասացի նրան,
Հայացքը նրա, օ, ի՜նչ, դաժան էր,
— Ես դիմում էի, օրիորդ, Ձեր շանը,
Եվ շունն հաստատեց ինձ միաբերան…
* * *
Աշուն, կհագնեմ քեզ այսօր` ինչպես
Հին ու սիրելի, մաշված մի կոստյում,
Կհիշեմ նորից դրժանք և խոստում,
Մի ժամադրությամբ կմաշեմ ես քեզ:
Աշուն, կհանեմ քեզ իմ դարակից,
Իմ շորերի մեջ քո հոտն եմ սիրում,
Դու հիշողություն ու կյանք ես բուրում`
Թեև մորմոքուն, անընկերակից:
Աշուն, կհագնեմ քեզ այսօր նորից,
Որ չխունանաս ու ես չմրսեմ,
Թեև մի անդարձ աշուն է ներսս,
Աշուն, ամենաթանկը շորերից…