ԱՆԱԲԱՍԻՍ

*
Ու կրկին
սրտիդ վրա ծանրացած
հուշն ինքն իր մեջ խորասույզ
աչքերիդ միջով կանցնի
ու կրկին
սպասումը
կկրծի փականքները
ինքնամփոփ ու անզուսպ հորիզոնի …

բանալու զրնգոցից
կարթնանա փողոցը,
քաղաքը` անվերջ բարձրացող,
ժամանակի շյուղը կտուցից առկախ
կփռվի քո մթնշաղը…

ու էլ չեն տարբերվի միմյանցից
բանալու զրնգոցն ու ոտնաձայները քո.
երկու դեպքում էլ մեծ է անորոշությունը,
քանի որ չգիտես, թե ինչ անուն է քեզ կանչելու…

*
Նեոնային լույսերի ներքո
կգունաթափվի երեկոն մի օր
ու կհապաղի սրտիդ միջից երևացող ժամանակը,

քանի որ մի քանի փողոցը բավական չի լինի
միասին քայլել սովորելու համար…

ստիպված կլինես բաց թողնել ստվերդ`
զբոսանքի դուրս գալու համար,
ու կհասկանաս, որ լռությունը
արդեն անցել է տարիքի հակառակ կողմը…

և արթնանալով` քո մեջ կգտնես
փակագծերից թափվող մի անցյալ,
իսկ հիշողության վրա կանգ առած մի ապրում
կշարունակի փնտրել ԵՐԱԶԸ,
որի միջով ոչ մի գույն դեռ չի անցել…

ապրումներ կան, որ գույն չունեն,
քանի որ լռության մեջ չեն մակարդվում…

ԱՌԱՎՈՏՅԱՆ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ

Մարիամ Կարապետյանին
*
Սկզբում քո անունը,
հետո ինչ-որ մեկի արթնացող հետքերը…

հետո քո անունը կանձրևի խաղաղ,
սրտի մեջ, ինչպես նարինջ,
կհասունանա ապրումը
և կտեսնես, թե ինչպես է բաժակը
ձեռքերից նարնջի հյութ քամում…

և կսկսվի օրը,
երբ ձյան փաթիլներին արված գրառումներդ
լուսաբացի երակներից կհոսեն հանկարծ
և ճամփաները կսպառեն իրենց հարցերը.
ՏԱՆ պատասխանն այլևս սրտի ձայն ունի…

մոմի լույսերի միջից նայիր ինձ…

MARIS STELLA

*
Դիմակից դիմակ
լողում է դեմքս անավարտ…

շոշափում եմ ճակատս
ցամաք հուներն են
ինձ լքած Ճակատագրերի…

*
Քո բոլոր քայլերի մեջ
աշնան վերջին օրն էր
ինքն իրեն փնտրում,
այն ինչ դեկտեմբերն էր
ամոթխած դիմաշրջվել.
ժամացույցներից արդեն
կարելի է ընդամենը ջուր խմել…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն