Անմոռուկ

Ինձ մոռանալն այնքան հեշտ է.
Ես չեմ քայլում հանդիպակաց փողոցներով,
սրճարանում պատահաբար ինձ չես գտնի:
Նեղ ու փոքրիկ այս քաղաքում
ինձ մոռանալն այնքան հեշտ է:

Որ գաս…

Մեր տանը թիթեռներ եմ պահում,
որ գաս, նստեն ուսիդ:
նրանց քույրիկս բերեց գնալուց առաջ`
իր հարսանիքին,
Ճերմակ թելերով կապեց առաստաղից:
Այդ օրվանից նրանք ապրում են իմ սենյակում:

Սպասելիս

Երկրորդ հարկի իմ պատուհանից
մարդիկ այնքան երջանիկ են երևում,
Անձրևի, արևի, ձյան տակ քայլող բոլոր մարդիկ նույն դեմքն ունեն…
Դու էլ անցիր մեր փողոցով…

Աշունը լցվեց սիրտս…

Պատուհանը փակելու համար ուշ էր:
Գուցե ճնճղուկներ փրկվեին…

Մինչև որ

Նավակները լողում են
Դանդաղ, կողք-կողքի…
Մոտիկ են
Մինչև որ ջուրը չբաժանի:

***
Մի օր արի, թեկուզ վաղը… Եվ լռությունը կփշրվի:
Բոլոր երջանիկ պատմությունները կկրկնվեն ու
եթե ընդհատվեն էլ, ապա միայն սովորության
համաձայն` նորից շարունակվելու համար:
Մի օր արի, թեկուզ վաղը, որ այս կրկնվող ամառը փշրվի:

***
Գիշերը նման է փետուրի:
Ճերմակ, քնքուշ ու նուրբ սահում է երկնքով:
Տխրությունն այս անգամ ինձ կների:
Այսօր գրկել եմ քեզ,
Ու գիշերս նմանվել է փետուրի…

Քամի

Տերևը տերևի վրա,
քամին` նրանց մեջ,
ամպը ամպի վրա,
քամին` նրանց մեջ…
Աշունը կապեմ աթոռիս ոտքին`
ամպը ամպին մնա,
տերևը` տերևին:

Հին կարոտ

Այս փոշոտ ու տոթ քաղաքի հետ
մի հին ու անհասկանալի կարոտ է կապում
բնիկներից չեմ, ոչ էլ պապերս են քայլել
այս ձանձրույթի միջով,
ե՞րբ և ի՞նչ եմ թողել այս քարերի մեջ…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն