Օրերս քայլում էի մայրաքաղաքի մարդաշատ և, սակայն, միաժամանակ «անմարդաբնակ» փողոցներից մեկով. Տերյանն էր, եթե չեմ սխալվում: Մտածում էի ժամանակակից մարդկանց, մասնավորապես երիտասարդների մասին ու դառնությամբ խոր շնչում ու արտաշնչում: Չնայած ես նույնպես, այսպես ասած, պատկանում եմ երիտասարդների խմբին, բայց դա ինձ չէր խանգարում պառավ տատիկի նման քթիս տակ փնթփնթալ փողոցում նրանց բարձրաձայն ծիծաղելու և խոսելու վրա. անիմաստ ու տհաճ զբաղմունք է, գիտեմ:
Այդ ընթացքում չնկատեցի անգամ, թե ինչպես վրա հասավ երեկոն: Տեղի տալով ոտքերիս ցավին, որ առաջացել էր երկար քայլելու հետևանքով, նստեցի նստարաններից մեկին ու սկսեցի աչքիս տակով զննել անցող-դարձող մարդկանց: Ի զարմանս ինձ ոչ ոքի ոչ մի կերպ չստացվեց բնութագրել. հավանաբար արևից ուղեղս մթագնել էր: Բայց դա ինձ չխանգարեց նկատել մի ձեռք, որ սրտիս թաքուն ու խոր անկյունում մի լույս վառեց, լույս, որ վաղուց է` հանգել էր, լույս, որ մտքեր էր սնուցում երևակայությանս ստեղծագործելու համար, իսկ օրգանիզմս պարուրում էր անբացատրելի զգացմունքներով ու ապրումներով…
Ոգեշնչումն էր իմ…
Աչքերս դանդաղ, ձեռքի յուրաքանչյուր միլիմետրը զննելով վեր բարձրացրի: Հայացքս հանդիպեց շա՜տ ծանոթ աչքերի, որոնք անկասկած միանգամից տեղը կբերեի, եթե արտահայտությունը «փոխված» չլիներ: Այդ մարդը ժպտում էր ինչպես նա՞: Չգիտեմ, երբեք նրան ժպտալիս չեմ պատկերացրել: Բայց, ախր, մազերը… Միայն նրա մազերը կարող են այսքան շիկակարմիր լինել, իսկ մորուքը` շիկակարմրանարնջագույն: «Ո՛չ, ո՛չ… Նա չի կարող Վինսենթ Վան Գոգը լինել»,- մեխանիկորեն ասացի ինքս ինձ: Նկատեցի, որ նա էլ ինձ էր նայում: Փորձեցի փախցնել հայացքս` «ինքնապաշտպանական» ռեֆլեքսով միացնելով ծխախոտս: Անհագ ներքաշում էի ծուխը, երբ մի քանի վայրկյան անց նա մոտեցավ ինձ և ասաց. “Hello”: Սիրտս թպրտաց անասելի ծանրությամբ: «Գրո՛ղը տանի, անգլերեն է: Իսկ եթե սա իրոք նա է…»: “Hello”,- պատասխանեցի: Նա ներկայացավ որպես Վինսենթ Վան Գոգ, մի տառապյալ մարդ ու չնկատվող նկարիչ, ով այսօր իրեն շա՜տ երջանիկ է զգում: Ասացի, որ ճանաչում եմ նրան ու որ երազս չեմ ուզում ավարտվի, թեկուզ դրա մեջ ապրելով` դադարեմ գոյություն ունենալ կամ մահանալ: Նա դրան ի պատասխան ոչինչ չասաց, այլ սկսեց հիացած պատմել այն ամենի մասին, ինչ տեսել է մեր ժամանակներում.
— Գիտե՞ք, պարզապես հիանում եմ, իսկ այդ հիացմունքս աստիճանաբար վերածվում է հպարտության: Այստեղ մարդիկ այնքան լավն են, բարի և օգնող… Նրանք սիրում են միմյանց, չեն վախենում ցույց տալ այդ սերը, նրանք հոգատար են ու ժպտերես, սրտաբաց ու ծայրահեղ ուշադիր յուրաքանչյուր անցորդի նկատմամբ. հավանաբար նրա համար, որ անհրաժեշտության դեպքում օգնեն:
— Ուշադի՞ր:
— Այո: Դուք այդպես չե՞ք կարծում: Ախր ես տեսել եմ:
— Ի՞նչ եք տեսել:
Նա նստեց իմ կողքին, բռնեց ձեռքս, ուշադիր նայեց աչքերիս մեջ, և ես վերջապես գտա նրա աչքերի մշտապես ինձ հարազատ արտահայտությունը: Միայն իրեն բնորոշ տխրությամբ նայելով դողացող ձեռքերիս` հարցրեց.
— Ինչու՞ են աչքերդ այսքան թախծոտ, հոգնած ու ծերացած:
— Երևի շատ կարդալուց է,- ժպտալով ասացի ես:
— Ես էլ եմ այդպես պատասխանում այդ հարցին:
— Մարդիկ շատ սառնասիրտ են: Որտեղի՞ց եք ենթադրել, որ նրանք սիրում են իրար այդ ցույց տալիս, և որ հոգատար են:
— Ես տեսա, որ ծերերին բոլորը ճանապարհ են տալիս և օգնում են, վերջիններս էլ սիրով նայում են երիտասարդների կամակորություններին և անգամ համբուրվելուն: Կան նաև բացառություններ, սակայն դրանց մեջ էլ ամենևին չարություն չեմ տեսնում: Գիտե՞ք, իմ ժամանակներում այդպես չէ:
— Չգիտեմ,- ես գլուխս կախեցի հիշելով, որ միշտ ուզել եմ նրա ժամանակներում ապրել:
— Իսկ ամենակարևորը, հետաքրքիրն ու հուզիչը նրանց յուրահատուկ վերաբերմունքն է հաշմանդամների նկատմամբ: Այն յուրահատուկ է այնքանով, որ նրանց վերաբերվում են սովորական մարդկանց նման, բայց նաև հարկ եղած ժամանակ օգնում են: Իսկ որ ամենաուշագրավն է, հաճախ նաև դիմում են նրանց օգնությանը: Աստվա՜ծ իմ, անգամ ամուսնանում են հաշմանդամի հետ: Նրանք մեծ հաջողություների են հասնում…
Ես լուռ լսում էի ու կարծես հենց նոր գիտակցում, որ ապրում եմ հենց նրա ասած մարդկանց շրջապատում: Մի՞թե իմ երեք տարվա ստեղծագործական ճգնաժամի հետևանքով ես վերածվել եմ միայն կյանքի «գարշությունները» նկատող խրտվիլակի… Ախր չէ՞ որ, եթե չլինեին գեղեցկությունները, գարշությունները նույնպես չէին լինի… Վան Գոգը բաց թողեց իմ ձեռքերը, շոյեց այտս, մազերս ու ասաց.
— Անպայման գնա այդ լույսի ետևից:
Ու ես համոզվեցի. արվեստագետն արվեստագետին օգնում է յուրովի, սակայն բացառապես հոգով իրար զգացող ու հարազատ արվեստագետները, որ բացի ձիրքից, ունեն նաև յոթերորդ զգայարան…