Ժամանակի թափանցիկ միջավայրում անհետ չքանում էին մարդկանց բերանների լուսաբացները: Երկրի մռայլ տարածության մեջ արևի ճառագայթները կարոտում էին իրենց փոքր բնակատեղիները՝ մարդկանց բերանների փոքրիկ թագավորությունը: Երբեմնի հաղթական «ուռան» չքացել էր անհեթեթ, տխուր բույրերի մեջ:
5076 թվականին մարդկությունը գտավ Տիեզերքի եզերքը:
5078 թվականին մարդկությունը, հաշվի առնելով երկրագնդի վրա անտանելի պայմանները, որոշում կայացրեց ոչ միայն հեռանալ երկրագնդից, այլև Տիեզերքից: Սակայն Տիեզերքը լքելու որոշմանը դեմ էին մարդկության 40 տոկոսը:
Երկրի մթնոլորտում ածխաթթու գազի բարձր տոկոսները դանդաղ իջեցրել էին Համաշխարհային օվկիանոսի pH հավասարակշռությունը և ջրերը դարձել է թթվային: Օքսիդացումը հասել էր կրիտիկական կետի, որն իր հետ բերել էր զանգվածային մահացություններ: Այժմյան օքիդացումը 10 անգամ ավելի արագ էր ընթանում, քան 252 միլիոն տարի առաջ, երբ պերմի զանգվածային ոչնչացման հետևանքով երկիր մոլորակի կյանքի մեծը մասը ոչնչացավ: Բացի այդ, մեր երկրից 8000 լուսային տարվա հեռավորությամբ գտնվող Վոլֆա Ռայե WR 104 աստղը 5072 թվականին պայթել էր և տարածել էր գամմա ճառագայթներ՝ ուղղված դեպի Երկիր: Դրա հետևանքով ավելացել էր ուլտրամանուշակագույն ճառագայթումը: Ակնթարթային աղետ չէր տեղի ունեցել Երկրի վրա, բայց դա առաջ էր բերել մթնոլորտի մեջ քիմիական ռեակցիաների առաջացում, որոնց արդյունքում առաջացել էին ազոտի օքսիդներ և ածխաթթու գազ: Ազոտի այդ օքսիդը սկսել էր քայքայել օզոնային շերտը և առաջացել էր ֆոտոքիմիական սմոգ և ազոտային թթվի անձրևներ: Բացի այդ տեխնոլոգիաները զարգանալու հետ միասին դրանք դուրս էին եկել վերահսկողությունից և առաջացել էր գորշ լորձ: Գորշ լորձը ինքնավերարտադրվող մոլեկուլային նանոտեխնոլոգիա էր, որը չէր ենթարկվում մարդուն:
Վեցերորդ հազարամյակի մարդկանց աչքերը կարմիր էին ու մեծ: Մեծ աչքերը համարվում էին գեղեցկության չափանիշ: Մթնոլորտի միջին ջերմաստիճանը ամբողջ տարին տատանվում էր 55-73 աստիճան սնդիկի սյունի սահմաններում: Գլոբալ տաքացման հետևանքով մարդկանց աչքերը մգացել էին: Գործարաններում մարդկանց փոխարինել էին ռոբոտները: Մարդկանց տեսողությունը վատացել էր և շատերը կրում էին բիոնիկ ոսպնյակներ: Մարդկանց մեծ մասն ուներ մարմնի բիոնիկ ժամացույցներ, որոնք տեղադրված էին այն օրգանների վրա, որոնք տվյալ մարդուն հաճախակի էին դավաճանում: Բժշկության մեջ լայնորեն կիրառվում էին Նանոբոտները: Նանոբոտները միկրոսկոպիկ ինքնագնաց ռոբոտներ էին՝ նախատեսված հիվանդությունների՝ հատկապես քաղցկեղի դեմ պայքարելու համար: Բժշկությանը հաջողվել էր փոփոխություն կատարել մարդու սաղմի գենում: Նախօրոք երեխայի արտաքինը և ունակությունները հնարավոր էր դարձել կարգավորել: Ծնողներն իրենք էին որոշում, թե որ սպերմատոզոիդը որ ձվաբջջի հետ պետք է հանդիպի: Իհարկե, ընտրությունը պայմանավորված էր կատարյալ երեխա ունենալու ցանկությամբ: Այս բացահայտումը կարարվել էր 4066 թվականին: Եվ արդեն հասարակության մեջ տեղի էր ունեցել խոր ճեղքում՝ բարձրագույն դասի (գերակայող բնակչության) և ցածր դասի (ճնշված բնակչության) միջև: Այդ բժշկության նորագույն տեխնոլոգիաներից բացառապես օգտվում էր միայն գերակայող բնակչությունը: Մարդիկ դարձել էին ավելի բարձրահասակ: Բարձրահասակ մարդիկ ավելի հեշտ էին տանում արտաքին ջերմության ավելցուկը գետնատարած, թաղանթապատված աշխարհում: Արդեն 70 տարուց ավելի էր, ինչ համայն մարդկության համար ստեղծվել և գործում էր մեկ ընդհանրական լեզուն ու գիրը: Այդ գիրը ստեղծելիս ուսումնասիրման և գիտական գործընթացում ընդգրկվել էին աշխարհի բոլոր լեզվաբաննները: Արդյունքում ստեղծվել էր մեկ լեզու ու գիր, որն ընդգրկում էր աշխարհի բոլոր լեզուները և բոլոր գրատեսակները: Քաղաքներում բացառապես միայն գործում էին առանց վարորդի մեքենաներ: Բարձրագույն դասի մարդիկ իդեալական էին թե՛ իրենց մարմնաձևերով, թե՛ մտային և ստեղծագործական ունակություններով: Իսկ ցածր դասի մարդկանց մաշկը պիգմետացված էր, որի շնորհիվ փոքրացել էր վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը մարդու մաշկի վրա: Ցածր դասի մարդիկ ունեին հաստ հոնքեր և ավելի ընդգծված ծնոտ, որը կոմպենսացնում էր երկրի թույլ գրավիտացիան: Արեգակնային համակարգի մեծացման հետ մեծացել էին նաև ցածր դասի մարդկանց աչքերը: Այժմ մարդիկ ապրում էին ավելի անվտանգ, գետնափոր միջավայրերում՝ հեռու արեգակից: Մարդիկ դուրս էին եկել համակարգչային կոլապսից, քանզի ինտերնետային տիրույթը գրեթե լիովին սկսել էին վերահսկել գորշ լորձերը: Նման տարատեսակ, հակասություններով, բախումներով լի Երկիրը դարձել էր մարդկության համար մի անտանելի թունավոր տեղանք, որտեղ ամեն ինչ կարող էր սկսվել և ավարտվել ակնթարթորեն: Հենց ցածր դասը կազմում էր Երկրի բնակչության 40 տոկոսը և նրանք հնարավորություն չունեին հեռանալ վտանգներով լի մեր Երկրից ու Տիեզերքից: Տիեզերքը նույնպես դարձել էր խիստ վտանգավոր, քանզի Աղեղնավոր Ա սև խոռոչը երբևէ, քան հիմա, սպառնում էր կուլ տալ ողջ Տիեզերքը: Բարձր դասի յուրաքանչյուր ընտանիք, ստեղծելով իր տեխնիկապես գերզարգացած, մտքի ուժով ղեկավարվող թռչող սարքերը՝ միաժամանակ զուգահեռ Տիեզերքում արդեն գտել էր բնակության համար պիտանի մոլորակ և պատրաստվում էր հեռանալ՝ ցածր դասին թողնելով անհուսության վտանգի ճիրաններում: Ճնշված բնակչության սրտերը երբեմն քաղցրացնում էին լուսաօդային ճառագայթներով շաքարի պարզագույն մոլեկուլները, որոնք լողում էին աստղերի շուրջ կուտակված գազերում: Ճնշված հասարակությունն անբաժանելիորեն կապված էր այն ամենի հետ, ինչը մարդկային էր: Վերջիններս բնական էին և ստեղծված չէին ինչ-որ թռչունների զուգակցումից և նրանց մարմինը չէր բուրում, ինչպես անձրևի թացությունից առաջացած սոճու ծառը: Նախաստեղծ մարդու մաշկի հոտ էր գալիս նրանց վրայից: Նրանք բարձր դասի նման ներփակված չէին իրենց էգոյով: Ցածրերի մարմնի ռիթմիկ տրոփյունն աբստրակտ մտքեր էր ցրում կենդանի իմաստության մասին: Նրանք իրենց հոգիները չէին ինտեգրել սահմանված արհեստական թաղանթի մեջ և բարձրերի նման քայլելու ընթացքում գոռոզությամբ լցված՝ չէին խայթում իրենց իսկ անցած մարմնի հետագիծը: Բարձր դասը դարձել էր մի յուրօրինակ քիմիական նյութ, որին ձեռք տալու դեպքում ցածրերը հնարավորություն չէին ունենա մտնել փոխշփման մեջ, այլ միայն շարունակական նևրոզները փոխազդեցության մեջ կմտնեին: Բարձր դասի իդեալական աչքերը՝ համալրված բարձրագույն համակարգչային, ինտերնետային մոդուլով, ընդունակ չէին տեսնելու իրենց մեռնող խիղճը: Կենդանիներից բարձր դասի կողմից փրկվել էին միայն նրանք, որոնք կարող էին օգուտ տալ. շներ, կատուներ մանր ու խոշոր եղջերավոր կենդանիներ, ձկներ, դելֆիններ, թռչուններ, արծիվներ, կաչաղակներ, հավեր, բադեր, սագեր…
Հաշվարկված տարածությունում, գլուխը կախ, այգում աշխատում էր Աբան: Նա ցածր դասից էր: Աշխատելու ընթացքում Աբան աչքաչափով բանջարեղենը թթու էր դնում ստորգետնյա թագավորության՝ Սինդոզոյի, խոնավ օդում: Նրա կինը՝ Ագապին, խաղում էր իր երկու մանկահասակ որդիների՝ Հարմայի ու Արայի հետ: Ագապին այնպես էր ուրախ-զվարթ խաղում, սիրում երեխաներին, կարծես թե աշխարհի ու Տիեզերքի կործանումը հետաձգվել էր անորոշ ժամանակով: Հանկարծ Աբայի ձեռքերում աշխատանքային գործիքները պրկվեցին, ինչպես վառարանն է լցվում կարճատև կրակի շեղջով: Նա գործիքները նյարդային շպրտեց լոլիկների մարգի մեջ և սկսեց զայրացած խոսել.
«Թո՛ղ հույսեր չկապեն մեր մեռնելու հետ էդ բոզի տղա բարձրագույն դասի ապուշները: Ինչ գնով էլ լինի՝ փրկելու եմ ընտանիքս»,- հուսահատ լացելով ՝ասաց Աբան և գլորվելով ընկավ հողին: Այդ ժամանակ Աբայի հարևանների ենթակա հայացքները բախվեցին Ագապիի կծկված մարմնին: Ագապին դադարեցնելով երեխաների խաղը՝ ոտքերն իրար կիպ քսելով (կարծես ցանկանալով ճանապարհը նեղացնել, կենտրոնացնել իր ոտքերի շուրջ) մոտեցավ ամուսնուն: Նա կիսածնկեց, գրկեց Աբայի գլուխն ու սկսեց ականջի տակ մեղմ շնշնջալ. «Եթե մենք լքենք այս Երկիրն ու Տիեզերքը, դրանով իսկ կլքենք Աստծուն ու Քրիստոսին և մնացած սուրբ հոգիներին: Իմացիր, եթե մեզ նույնիսկ հաջողվի փրկվել ու տեղափոխվել ուրիշ Տիեզերք, մենք կզրկվենք ոչ միայն Աստծուց, այլև այստեղ կթողնենք մեր հոգիները: Անհոգի մարմնով ապրելով՝ մենք կվերածվենք անխիղճ գիշատիչների: Եվ այլևս չենք նկատի միմյանց: Հավատա, մենք կնվաճենք մեր երկրագնդի ամեն մի թանկ մետրն ու նորից վճիտ օդը կոտորակվող շրշոցով կզբոսնի մեր այգիներում: Իմացի՛ր, Նա երբեք մեզ չի մոռանա և չի լքի մեզ: Նրանք՝ Աստված ու Քրիստոսը, այստեղ են, մեզ հետ, մեր շուրջը: Պիտի միայն զգաս ու սովորես խոսել նրանց հետ»,- շշնջում էր ականջին Ագապին և իր աչքերում մարմրող շառագույնը պայծառանում էր՝ հնարավորություն տալով ըմբռնելու, նմանակելու ամուսնուն և փոքր-ինչ հեռվում խաղացող երեխաներին իր աչքերի ողջ հնչերանգային ռիթմը: Ամուսինները ոտքի կանգնեցին, մի պահ խոժոռեցին հոնքերը, կարծես փորձելով չափել ժամանակի արագությունը, և քայլեցին դեպի մեկհարկանի տունը:
Բարձր դասն անհանգստացած էր: Նրանց վախեցնում էին գորշ լորձերի անկանխատեսելի գործողությունները: Հնագույն նախապաշարմունքներն առաձգական գնդերի պես ծռվել, ձգվել, տափակել էին կատարելագույն ժամացույցներով որոշված ժամանակից: Բարձր դասի բոլոր ընտանիքներն իրենց մտքի ուժով ղեկավարվող թռչող սարքերի մեջ նստած, իրենց հետ ամեն տեսակի պաշար վերցրած՝ պատրաստվում էին թռիչքի: Գորշ լորձերն արագ գալիս էին նրանց ուղղությամբ՝ ցանկանալով հեռանալ նրանց հետ միասին: Բարձր դասի մարդկացից մեկը մեկնարկային գոռաց և նրանք իրենց սարքերով հապճեպորեն հեռացան Երկրից ու Տիեզերքից՝ ցածր դասին թողնելով մեռնող երկրագնդում և գորշ լորձերի քմահաճությանը: Գորշ լորձերը, գտնվելով Երկրի մակերեսին՝ ձգտում էին գտնել դեպի ցածր դասը տանող ստորգետնյա թագավորությունը: Սակայն մի անտես ուժ նրանց անընդհատ շեղում էր, երբ նրանք արդեն գտնելու նպատակակետին շատ մոտ էին լինում: Գնալով թթվածնի շերտը նոսրանում էր և մարդիկ ամեն անգամ թախիծով և մտովի միլիմիկրոններով չափում էին հեռավոր բնակելի գալատկիկաների տարածությունները: Քնելուց առաջ մարդկանց մարմինների բջիջները հրաժարվելում էին քնից և ծերացած ատոմներին թամբած՝ գնում էին այդ բնակելի մոլորակներում վայելելու տարածության ազատ սպեկտրի տեղաշարժը, որտեղ պատկերացում էլ չկար, որ ջրածինը կարող է վերածվել հելիումի: Արհեստական լույսն իսկական տառապանք էր դարձել մարդկանց համար: Առավոտներն այլևս արևի լույսը չէր ազդարարում լուսաբացի մասին: Արևի լույսը հիմա դարձել էր խիստ վտանգավոր: Աբան լեղապատառ գոռաց հանկարծ: Իր որդին՝ Արան, չկար ո՛չ բնակարանում և ո՛չ էլ տան բակում: Ագապին իր մյուս որդուն՝ Հարմային, թողնելով դիմացի հարևանի տանը, Աբայի հետ գնաց փնտրելու իրենց երեխային: Աբան անընդհատ անհանգիստ մռմռթում էր. «Շատ փոքր է նրա ողջ մնալու հույսը: Նրան հաստատ կամ գորշ լորձերն են առևանգել կամ էլ նա է գտել ստորգետնյա թագավորությունից դուրս գալու ելքը»:
Ագապին նրան հանգստացնում էր՝ հավատացնելով, որ իրենց որդին ողջ է և ապահովության մեջ: Որքան նրանք առաջ էին գնում, այնքան տխրությունը ավելի էր խորանում ապրելու բնազդի մեջ: Աբայի տրամաբանությունը տեղի էր տալիս հուսահատությանը, և նա սարսռում էր իր որդու անհետ մեռնելու մտքից: Անգութ դաժանություն կար այդ պահի մեջ, որ նույնիսկ թևաթափ էր անում հավատով լեցուն Ագապին:
«Հերի՛ք է, մենք արդեն հինգ ժամից ավելի է՝ փնտրում ենք նրան: Անիմաստ է: Միևնույն է՝ մենք նրան չենք գտնի»,- հուսահատ ասաց Ագապին՝ նստելով թաց խոտին:
Աբան փորձեց նրան համոզել, որպեսզի շարունակեն փնտրտուքը, բայց կինը մնաց անդրդվելի և տեղից չշարժվեց: Աբան հուսահատ նստեց նրա կողքին և գլուխն առավ ձեռքերի մեջ: Որքան երկար էին նրանք նստում, այնքան տխրությունն ավելի էր արմատավորվում նրանց ներսում: Որպես տխրության խորհրդանիշ՝ մեկընդմեջ լսվում էր ցածրահաս քամու կաղկանձը, որը որսալով թաց խոտի ջրաշիթերը՝ ներթափանցում էր ամուսիների աչքերի մեջ և այնտեղից դուրս գալիս որպես աղի արցունք: Երկու ֆիգուրները, խավարում նստած, մտովի շարժվում էին իրենց սրտի խուլ զարկերին համընթաց: Աբան ու Ագապին մոտ մեկ ժամ նստելուց հետո, վեր կացան տեղից և շարունակեցին փնտրտուքը: Նրանք Արային փնտրում էին ամենուր: Նույնիսկ այնտեղ էին փնտրում, որտեղ խելամիտ չէր, որ նա գտնվի: Երկար, տանջալից փնտրտուքն ավարտվեց նրանով, որ նրանք մի կերպ ուժասպառ հասան տուն, իրենց մյուս որդուն վերցրին հարևանի տնից և պառկելով անկողնում՝ քնեցին: Այդ նյարդային հապշտապ քունը, որ իրենց պատեց, ավելի շուտ ոչ թե հոգնածության արդյունք էր, այլ իրականությունից կարճատև փախուստի միջոց: Այդ գիշեր նրանք տեսան միևնույն երազը: Երազում նրանք տեսան Արային, ումից ծակող, սուր քնքշություն էր ճառագում: Արան կանգնած էր մանկահասակ երեխաների մի մեծ խմբի մեջ: Նա տարածում էր թևերը և երեխաներն ուրախ խժխժոցով գալիս, գրկախառնվում էին իրեն: Միաժամանակ, Արան աչքի պոչի խորհրդավոր ժպիտով նայում էր ծնողներին: Նրանք երազում վազեցին Արայի կողմը, բայց նույն պահին խոնավ, ցուրտ օդը դիպավ նրանց գլխին՝ աղալով նրանց մազերը: Աղացած մազերը չթափվեցին գետնին: Ամուսինների աղացած մազերի մեջ տեսան մի ընդարձակ երկար ճանապարհ, որը տանում էր դեպի լաբիրինթոս: Նրանք, իրենց տեսադաշտից կորցնելով Արային ու երեխաներին՝ մտածեցին, որ նրանք հավանաբար այնտեղ են: Նրանք վազեցին ընդարձակ, երկար ճանապարհով և մտան լաբիրինթոս և դեռ այնտեղ մի քանի քայլ էլ չէին արել, երբ կատաղի արագությամբ նրանց մազերը վերդարձան իրենց և ամեն ինչ չքացավ՝ նախորդ դարաշրջանների բուրավնավետ լանջերի նման: Այդ ժամանակ երազը ճաք տվեց և երևաց իրականության հախճապատ ստվերը: Թախիծն այրեց նրանց սիրտը և նրանք արթնացան իրենց քրտինքի մեջ մոլորված: Այդ օրն այնպես ստացվեց, որ ամբողջ ստորգետնյա թագավորության՝ Սինդոզոյի բնակչությունը, տեսել էր այդ նույն երազը: Եվ այդ երազը նրանց սրտերում սեր ու կարոտ էր արթնացրել Արայի նկատմամբ: Եվ եթե սկզբում նրանք այնքան էլ չէին մտահոգված նրա կորստով, հիմա նույնիսկ ավելի անհանգստացած էին, քան նրա ծնողները: Սինդոզոյի բնակիչները որոշեցին խմբերի բաժանվել և փնտրել Արային: Այդ երազից հետո Աբայի, Ագապիի, Հարմայի և թագավորության մնացած բնակչության ներսում օրեցօր Արայի նկատմամբ կարոտն ավելի ու ավելի էր ուժեղանում: Ամբողջ բնակչությունն ամենուր թափառելով՝ փնտրում էր նրան: Նրանք չէին գտնում ո՛չ այդ ընդարձակ, երկար ճանապարհը, ո՛չ էլ ճանապարհի վերջում երևացող լաբիրինթոսը: Սինդոզոյում մնացած շները, կատուները և մնացած կենդանիները, որոնք բարձր դասը որպես ողորմություն թողել էր ցածր դասին, նույնպես փնտրում էին Արային: Կարոտը պատել էր Սինդոզոյի բնակչության ամեն մի շնչավոր էակի: Այդ փնտրտուքի ընթացքում նրանք զգացին, որ բնության բոլոր մրգերի, բանջարեղենների, ծաղիկների, բոլոր հոտերը շրջապատել իրենց և անընդհատ ուղեկցում են: Այդ հոտերը մշտապես սնում էին սինդոզցիներին և նրանք օրերով, շաբաթներով քաղց չէին զգում: Ամեն ինչի միատեղումը մի նպատակի՝ Արայի գտնելու մեջ, աղճատում էր երկրագնդի մակերեսին տիրող քաոսի ուրվագծերը՝ խեղճացած պատկերներին լուսածրային իմաստավորում տալով: Այդ լուսաուժը ջարդում էր մարդկանց մտքերի խզբզանքները՝ նրանց ուղեղին մատակարարելով բոհեմական խառնուրդում մաքրված մի ապշեցուցիչ գեղեցիկ անթարթ աչքերի պատկեր: Եվ նրանք խելագարության նոպան հաղթահարած՝ կարոտով և փութկոտ ժրաջանությամբ փնտրում էին Արային՝ մեկընդմեջ հետևելով անթարթ գեղեցիկ աչքերին: Երեք ամսվա փնտրտուքից հետո աղավնիները լուր հասցրին, որ Արայի ծնողները գտել են լաբիրինթոս տանող ճանապարհը և միաժամանակ այդ խմբերին ուղեկցեցին այնտեղ: Հասնելով Արայի ծնողներին, սինդոզոցիները ոչինչ չտեսան, բացի ընդարձակ մութ տափաստանից: Նրանք զայրացած ուզում էին հարձակվել Աբայի և Ագապիի վրա, բայց փոքրիկ Հարման նրանց կագնեցրեց՝ ասելով. «Այդ ես եմ նրանց այստեղ բերել: Ինձ անընդհատ երևում էին աբստրակտ անհասկանալի նկարներ, որոնք իրենց գունային, ալիքային տատանումներով՝ անընդհատ քաշում էին իրենց կողմը: Մեզ այդ նկարների գունային ալիքները բերեցին այստեղ: Եվ երբ հասանք այստեղ, գունային ալիքները նկարների հետ միասին չքացան իմ տեսադաշտից: Հիմա խնդրում եմ՝ կագնենք, սպասենք, թե ինչ է հետո լինելու»:
Բոլորը մի պահ լռեցին՝ աստղերի լույսերի տակ լողացող ձորակների նման, ապա փակեցին իրենց աչքերը և սկսեցին սպասել: Նրանց ուղեկցող բոլոր կենդանիները, թռչունները, իրենց համար ջրաճանապարհ բացած ջրային կենդանիները, բոլորը նույնպես փակեցին աչքերը: Եվ նրանց թվաց, որ իրենց ուղեկցող բնության բույրերը նույնպես փակեցին աչքերը: Նրանք բոլորն աչքերը փակ ինչ- որ անհասկանալի լեզվով աղոթք էին մրմնջում: Այդ բառերը, լեզուն ու ձայնը ծանոթ չէին իրենց և սոսկ միայն իրենց ներսի պատուհանի միջոցով էին դուրս գալիս: Գիշերային եղյամը փայլեց նրանց աչքերին և քամին դուրս սողոսկեց մշուշից մեջից ու սկսեց հարվածել նրանց գլխին: Քամին անխնա խառնում էր նրանց մազերը: Քամին քամել էր ամբողջը օդը և քամու տեսքով կենտրոնացել նրանց գլխավերևներում: Ինչպես դահուկների ճռռոցով մարդն է հաղթահարում սահադաշտը, այնպես էլ նրանց մազերը ճռնչոցով պոկվեցին գլխներից և փշրվելով՝ սկսեցին լողալ օդում: Նրանք այդ ժամանակ բացեցին աչքերը՝ սկսելով զարմացական բացականչություններ հնչեցնել: Բայց նրանց այդ բացականչությունները ծխի բարակ շերտի տեսքով կախվում էին օդում և ապակու զնգոցով թափվում գետնին: Ինքնաեռի մեջ հայտնված մարդկանց մազերն աստիճանաբար ուրվագծում, ձևավորում էին լաբիրինթոս տանող ճանապարհը: Հանկարծ շուրջն ամեն ինչ շողշողաց և երևաց լաբիրինթոս տանող ճանապարհը: Բոլորն ուրախ, իրենց ճաղատ գլուխները պսպղացնելով շողշողանքի մեջ՝ արագ վազելով, քայլելով գնացին լաբիրինթոսի ուղղությամբ: Ջրային կենդանիներն իրենց ջրի հունը փոխելով դեպի ճանապարհը՝ մյուս կենդանիների, թռչունների հետ հետևեցին մարդկանց: Մարդկանց և կենդանիների ձայները միախառնվելով դատարկության մեջ՝ երևում էին որպես հսկայական օդի գուրձեր: Նրանք մոտ 41 րոպե վազելուց, քայլելուց հետո, հասան տեղ և կագնեցին լաբիրինթոսի մուտքի մոտ: Նրանց բոլորին կաշկանդում, սարսափեցնում էր, որ իրենց երազը կկրկնվի և դեռ քայլ չարած՝ ամեն ինչ նորից կչքանա: Զարմանալի էր, բայց կենդանիներն իրենց բնազդային վախերը մոռացած՝ մեկը մյուսի ետևից, անկաշկանդ մտնում էին լաբիրինթոսից ներս: Այդ տեսարանն այնքան տպավորիչ էր, որ տպավորություն էր ստեղծում, թե իրենց մանկության տարիների սիրած նկարազարդ գրքերի պատկերներն են շրշյունով ողջունում իրենց: Նրանք տեսնում էին, թե ինչպես են կոնֆետի թղթերը մանկական ուրախ ձայնով պարում լաբիրինթոսի ներսում: Այդ ամբողջ հմայանքին չդիմանալով՝ Ագապիի, Աբայի և Հարմայի ետևից բոլորն սկսեցին ներս մտնել: Ագապին լացակումաց շնշնջաց. «Հուսով եմ, որ կոնֆետի թղթերը մեզ կբերեն քեզ մոտ, տղա՜ս»:
Տառապանքից նվաստացած աշխարհը կորավ նրանց տեսադաշտից և նրանք հայտնվեցին լաբիրինթոսի ոլոր-մոլոր, զիգզագաձև աշխարհում: Նրանք նորից բաժանվեցին առանձին խմբերի և գնացին տարբեր ուղղություներով: Երազը, փշրելով կյանքի շղթաները՝ դարձել էր իրականություն: Լաբիրինթոսն Արայի ծնողների հուսահատությունից ու հավատից առաջացած աշխարհն էր, որտեղ ժամանակը և ճակատագիրը նահանջում էին անսահման կարոտի և սիրո առջև: Լաբիրինթոսի կապտակարմրագույնի մեջ սինդոզոցիների երկրային կյանքը փշրվում էր և լաբիրինթոսի միջտարածքներում կապույտ-կարմիրը հնամաշ վերմակի նման տնքում էր: Ագապին և Աբան իրենց որդու հետ անորոշության մեջ առաջ էին շարժվում: Հանկարծ նրանց առջև բացվեցին դարչնագույն կլոր զանգվածներ, որոնք աղմկում էին՝ ամպրոպից առաջ բողբողջների պայթյունի նման: Դարչնագույն կլոր զանգվածների քանակը տեսանելի չէր: Զանգվածները կարծես ձուլված լինեին միմյանց: Երբ Ագապին, ամուսնու և որդու հետ փորձեց ինչ-որ ձևով շրջանցել նրանց, դարչնագույն զանգվածներն անմիջապես մխրճվեցին նրանց մեջ: Ընտանիքի անդամները կարծես կուրացան: Կարծես դարչնագույն զանգվածները նրանց հայացքները շրջեցին դեպի իրենց ներսը: Նրանք ոչինչ չէին տեսնում իրենց դիմաց, միայն իրենց ներսն էին նայում՝ որպես ներաշխարհի աստվածներ: Երբ նրանք փորձեցին իրենց ներաշխարհի պատկերներն ավելի հստակ տեսնել, հանկարծ նրանց ներաշխարհները սկիպիդարի սուր նոտայի հնչյունով միավորվեցին: Նրանց հայացքները նույնպես միավորվեցին, և սկսեցին դիտել՝ որպես գեղարվեստական ֆիլմ, իրենց ներսի հետևյալ պատմությունը:
Քարերի արանքում կախված սարդը տուն էր գործում ջրի վրա, իսկ ջուրը, կաշկանդված իր ազատության սահմանափակումից՝ անընդհատ վրեժ էր լուծում սարդից՝ մշտապես քանդելով նրա՝ քարերից կառչած, ճարճատուն սարդոստայնը: Ագապին, Աբան և Հարման մեկ ես դարձած նստած էին այդ երկու քարի դիմաց՝ սարդի տան մոտ և պիտի վճիռ կայացնեին, թե ով է ճիշտ այս վեճում: Նրանց լեզուներն անտառային փարթամ օդի շերտից սահեցնում էին ջրի վրայով ու գետի ջուրը մերսման վայելքից տնքում էր: Սարդը կատաղած փորձում էր անտառային հաստ օդի շերտից պաշտպանել իր տան վերջին ծվենները: Միասնական եսը օդի հաստ շերտը վերադարձնում էր անտառին և ներողություն խնդրում սարդից: Ջրի մեջ շրմփաց ձուկը գիհենու հոտից և մամուռը ցողի կաթիլները թափ տալով՝ արթնացավ մանուշակագույն կիսախավարից ձուլված օդում: Միասնական մոլորված մտքերը արթնացնում էին բնության բոլոր մասնիկներին և նրանք անմարդկային խղճահարությամբ լցված նրանց նկատմամբ՝ նույնպես փորձում էին ելք գտնել իրավիճակից՝ փորձելով ամեն կերպ փոխզիջումային տարբերակ գտնել սարդի և ջրի վեճում: Միասնական եսի մտքերը, բնության հետ մի ամբողջություն դարձած, մտածում էին՝ հիպնոսող ուժով ազդելով վիճող կողմերի վրա: Այդ միասնական լռության մեջ՝ անշշուկ սահում էր պարզորոշ մի կարգապահություն. այս պահն այնքան կձգվի, քանի դեռ գիշերային տեսիլիքից վախեցած ծառերի արանքների լուսաբիծը համարձակություն ձեռք չի բերել՝ հանգիստ նստել ճախրող բազեների թևերին: Ժամանակը մեխվել էր երկու քարի արանքում և միասնական եսը չէր կարողանում հասկանալ, թե ինչու է այդ փոքր վեճին այդքան մեծ նշանակություն տրվում: Երբ քամին սկսեց շարժել բնության բոլոր մասնիկներին և խոտերը, ծառերը, ծաղիկները, բոլոր-բոլորը սկսեցին սահել դեպի միասնական եսը և անցան նրա թևի տակ: Բնության մասնիկների մանր, արագ շարժից միասնական եսի թևատակերն սկսեցին քոր գալ և նա սկսեց քորից հաճելի գրգռված՝ հռհռալ: Այդ անկուշտ ծիծաղից զարմացած բնությունը՝ ոգևորված ձայնակցեց նրանց հետզհետե ծավալվող ուրախ ծիծաղին: Ծիծաղի առատությունից եսը և թևատակերի բնությունը սկսեց ուռչել և փոքր բազմաոտնանի գույնզգույն օդատեսք սողուն դարձած՝ սողալով գնաց և լռվեց սարդոստյանի և ջրի արանքում: Օդատեսք սողունը սեթևեթանքով շարժվում էր՝ իր մեջ հավաքելով միասնական եսի հոգու և բնության ոգիների փոքր մասնիկներ: Այդ պահին միասնական եսին թվում էր, թե ամեն ինչ փրկված է, և իրենց գողունի սողացող ենթագիտակցությունն արդեն փնտրում է իրենց խորհրդավոր, մշուշոտ արահետներում: Հաջորդիվ մի անբացատրելի, հոգի կլանող ձայնաշեշտ կլանեց նրանց: Եվ միասնական եսն սկսեց առանձնանալ դարչնագույն կլոր զանգվածներից՝ խավար պատկերներին հանդիման: Ագապին, Աբան և Հարմանն իրենց տեսադաշտից կորցնելով այդ զանգվածներին՝չռված աչքերով, բաց բերանով՝ հրաժեշտ էին տալիս նրանց: Նրանք, փոքր-ինչ ուշքի գալով՝ շարունակեցին ճանապարհը ծանր լռությունից առաջացած հուշիկ թակոցի ներքո: Եվ կարծես վայրկյանները, րոպեները, ժամերն իջնում էին այդ հուշիկ թակոցի ներքո: Որոշ ժամանակ հետո հուշիկ թակոցը վերածվեց խժժոցի՝ կարծես հոգնելով միևնույն ձայնարկման պարանոյայից:
«Կոնֆետի թղթերը»,- ուրախ բացականչեց Ագապին և սկսեց վազել: Աբան և Հարմանը վազեցին նրա հետևեցին՝ գոռալով միևնույն բառերը. «Արային հիմա կգտնե՜նք, կգտնե՜նք»: Նրանք վազում էին, գոռում, ծղրտում հեքիաթի էջերում խաղացոց գիժ երեխաների պես: Բայց ոչինչ չէին տեսնում: Լսվում էին միևնույն կոնֆետի թղթերի խշխշոցները: Նրանց դյուրահավատությունը դարձել էր եռացող շիլա, որտեղ տապից տանջված բնազդն ու սերը միմյանց հետ հապճեպ դաշինք էին կնքում: Նրանց ոտքերի ծանրության տակ հողից ծլած խոտերը, հպանցիկ կառչելով նրանց ոտքերից՝ ավելի էին արագացնում նրանց վազքը: Արագ վազքի մեջ նրանց ծանր մտքեը թեթևացան անկշռության աստիճան: Զառանցական վազքը դոփեց տեղում և պայթեց օդում և մշուշի, փոշու մեջից երևացին սինդոզոցիների կքանստած, մտահոգ հայացքները: Արայի ընտանիքը հայտնվեց մի տեղանքում, որտեղ Արան լուսամփոփով ծածկված սեղանի առջև նստած՝ օդի գույների մեջ մատերն էր շարժում: Սինդոզոցիները ուշադիր նայում էին օդի մեջ խաղացող նրա մատներին, որտեղ Արան գրում էր. «Կգա ժամանակ, երբ դուք պատրաստ կլինեք ընկալելու և ընդունելու իմ ձայնը: Ես Հիսուս Քրիստոսն եմ: Դուք Արային սիրելով՝ սիրեցիք նաև Քրիստոսին: Դուք՝ Ագապի, Աբա, Հարման, հաշտություն հաստատելով սարդի և ջրի միջև՝ լուծեցիք ոչ միայն նրանց միջև եղած վեճը, այլև լռեցրեցիք ձեր ներսի աղմուկը: Քանի դեռ սարդն ու ջուրը ապրում են հաշտության մեջ, դուք կմնաք ինձ հետ, մինչև երկրագնդի հաջորդ վերամարմնավորումը: Դուք հիմա ձեզ հետ եկած կենդանիներով հանդերձ՝ կթաթախվեք իմ լույսի գերխիտ ճառագայթների մեջ, որպեսզի ապրեք լիակատար անհոգության մեջ: Ես թույլատրում եմ իմ ենթակայության տակ գտնվող բարձր դասի հոգիների հետ ժամանակ առ ժամանակ խաղալ: Այսուհետ դուք միշտ հիացմունք կզգաք առ ձեր իսկ սեփական բացառիկությունը: Դուք՝ սինդոզոցիներդ, անցաք հոգու մաքրման բոլոր փորձությունների միջով: Սիրեք միմյանց և սպասեք»,- ասաց Քրիստոսը՝ դուրս գալով Արայի կերպարանքից, և անկերպար լուսաշերտերի վերածված՝ հեռացավ դեպի փոքրիկ ոտքերով փոշի անող ոչխարների մոտ: Սինդոզոցիները մեկը մյուսի ետևից սկսեցին գոռալ Քրիստոսի ետևից, բայց Նա մարմին ստացած՝ նստած էր սպիտակ ոչխարների մոտ և ուրախ ծիծաղով խաղում էր նրանց հետ: Ոչինչ չէր լսում: Արայի ծնողները հետաքրքրված՝ հարցեր տվեցին սինդոզոցիներին նրանց փորձությունների մասին: Բայց ոչ ոք ոչինչ չէր հիշում: Կարծես Քրիտոսն իր հետ տարավ այդ փորձությունների մասին ողջ հիշողությունը: Շուտով դատարկ տարածությունից հոսող բլուրները դուրս վռնդեցին լամպապատ սեղանը, և սինդոզոցիներն անորոշ ժամանակով ընկղմվեցին կաթնանման փոշու մեջ: Այնտեղ կաթնագույնի և երկնագույնի գունահեղեղն ասես հնագույն, ազնիվ բնության ստեղծագործություն լիներ, որ ջրին ու սարդին պատմում էր սինդոզոցիների հոգու փափուկ, ալիքվող գծերի մասին:
Շվեյցարիա, Բեռշվիլ
06.08.2017