Քանի որ օրը հաճելի էր, տիկին Վալմոնդը ուղևորվեց Լը Աբրի` տեսակցելու Դեզիրեին և նրա փոքրիկին: Ծիծաղ էր առաջացնում այն միտքը, որ Դեզիրեն փոքրիկ ունի: Չէ՞ որ կարծես երեկ լիներ, երբ նա շատ ավելի փոքրիկ էր, քան իր երեխան, երբ Վալմոնդների դարպասի մոտով ձիավարող մի պարոն գտել էր նրան մեծ, քարե սյան ստվերի տակ քնած:
Փոքրիկն արթնացել է նրա ձեռքերի վրա և կանչել` պապա: Միակ բանը, որ կարողացել էր անել կամ ասել: Որոշ մարդիկ կարծում էին, որ մոլորված է եղել, քանի որ փոքրիկ էր: Տարածված կարծիք էլ կար, որ նրան դիտավորյալ թողել էր տեխասական մի ընկերություն, որի՝ կտավով բեռնված վագոնները ուշ ժամի անցել էին Կոտոն Մայիսի առագաստի մոտով՝ պլանտացիաներից անմիջապես ներքև: Միևնույն ժամանակ տիկին Վալմոնդը հրաժարվում էր բոլոր ենթադրություններից, բացի այն մեկից, որ մեծ նախախնամությունը Դեզիրեին ուղարկել էր, որ դառնա իր փոքրիկ բալիկը, քանի որ ինքը չէր կարող երեխա ունենալ: Աղջիկը մեծանալով՝ դարձավ նուրբ, գեղեցիկ, քնքուշ ու բացսիրտ, իսկ Վալմոնդները պաշտում էին նրան:
Զարմանալի չէր, որ Արմանդ Աուբիգնին սիրահարվում է նրան, երբ մի օր տեսնում է կանգնած այն նույն քարե սյան մոտ, որի մոտով տասնութ տարի առաջ ձիավարելիս տեսել էր նրան՝ ստվերի տակ քնած: Աուբիգնին սիրահարվում է այնպիսի արագությամբ, ինչպես ատրճանակից կրակոցն է դուրս գալիս: Հետաքրքիրն այն էր, որ նախկինում նրան չէր սիրել, որովհետև գիտեր դեռ այն ժամանակվանից, երբ ութ տարեկան էր, և հայրը մոր մահից հետո բերել էր Փարիզից տուն: Կիրքը, որ արթնանում է նրա մեջ, երբ տեսնում է դարպասի մոտ կանգնած, թափ է առնում ձնակույտի նման կամ նման այն բանի, ինչը գլխիվայր շուռ է տալիս ցանկացած խոչընդոտ իր ճանապարհին:
Պարոն Վալմոնդը գործնական մարդ էր և սիրում էր ամեն ինչ լավ կշռադատել, այդ թվում և աղջկա անհայտ ծագումը: Նրա աչքերի մեջ նայելիս Արմանդին այլևս ոչինչ չէր հուզում: Նրան ասում են, որ աղջիկն անուն չունի: Բայց հոգ չէր, չէ՞ որ ինքը կարող էր Լուիզիանայի ամենահին և ամենավսեմ անունով կոչել նրան: Նա զամբյուղ է պատվիրում Փարիզից և համբերությամբ սպասում այնքան, մինչև տեղ է հասնում, ու նրանք ամուսնանում են:
Տիկին Վալմոնդը մոտ չորս շաբաթ չէր տեսել Դեզիրեին ու փոքրիկին: Երբ հասավ Լը Աբրի, սովորության համաձայն առաջին հայացքից սարսռաց: Տխուր տեսք ուներ այդ վայրը, որը տարիներ շարունակ չէր զգացել տանտիրուհու ամոքիչ ներկայություն, ծեր պարոն Աուբիգնին Ֆրանսիայում էր ամուսնացել և հենց այնտեղ էլ թաղել էր կնոջը, որ մինչ հեռանալը չափազանց սիրել էր իր հայրենի հողը: Վերնահարկը կտրուկ իջել էր ու սևացել` հասնելով լայն պատշգամբներին, որ շրջապատել էին դեղին գույնով ներկված տունը: Վեհաշուք ահռելի կաղնիները մեծացել և վեր խոյացող ճյուղերով ու խիտ տերևներով վարագույրի պես ստվերել էին տունը: Երիտասարդ Աուբիգնին չափազանց խստապահանջ էր, ինչի պատճառով սևամորթները մոռացել էին ուրախ լինելու մասին, ինչպիսին եղել էին նախկին ներողամիտ տանտիրոջ անհոգ տարիներին:
Երիտասարդ մայրը դանդաղ վերականգնվում էր և սպիտակ փափուկ միտկալն ու ժանյակը հագին՝ երկարությամբ մեկնվել էր բազմոցին: Փոքրիկը քնած էր կրծքին: Դեղնած դայակը, պատուհանի մոտ նստած, հովհարում էր իրեն:
Տիկին Վալմոնդը իր խոշոր մարմնով կռացավ և համբուրեց Դեզիրեին` մի ակնթարթ գրկում ամուր պահելով: Հետո շրջվեց փոքրիկի կողմը.
— Այս ի՞նչ երեխա է,- զարմացած բացականչեց նա: Այդ օրերին Վալմոնդները ֆրանսերեն էին խոսում:
— Այդպե՜ս էլ գիտեի, որ կզարմանաս,- ծիծաղեց Դեզիրեն,- երբ տեսնես, թե ինչքան է մեծացել փոքրիկ կաթնակեր խոզուկը: Նայի՛ր ոտքերին, մա՛մ, ձեռքերին ու եղունգներին, իսկական եղունգներ են: Զադրինեն այսօր ստիպված էր կտրել դրանք, այնպես չէ՞, Զադրինե:
Կինը վեհապանծ խոնարհեց գլխաշորով փաթաթված գլուխը.
— Այդպես է, տիկի՛ն:
— Միայն լսես, թե ինչպես է լաց լինում,- շարունակեց Դեզիրեն,- կխլանաս: Երեկ Արմանդը Լա Բլանշենց տնից լսել էր նրա լացի ձայնը:
Տիկին Վալմոնդը ոչ մի ակնթարթ հայացքը չէր հեռացնում փոքրիկից: Նա գրկեց փոքրիկին և տարավ պատուհանի մոտ, որտեղ ավելի լուսավոր էր: Ուշադիր զննեց նրան, ապա որոնողական հայացք գցեց Զադրինեի վրա, որ դեմքով շրջվել էր դեպի դաշտերը:
— Այո՛, փոքրիկը մեծացել է և փոխվել,- շշնջաց տիկին Վալմոնդը՝ փոքրիկին հանձնելով մորը,- Արմանդն ի՞նչ է ասում:
Դեզիրեի դեմքը փայլեց երջանկությունից.
— Օ՜հ, Արմանդը իրենց տոհմի ամենահպարտ հայրն է, հավատացած եմ, որ հատկապես տղա լինելու և իր անունը շարունակելու համար, չնայած՝ ինքը ժխտում է՝ ասելով, որ աղջիկ լինելու դեպքում էլ նույնչափ կսիրեր: Բայց ես գիտեմ` դա ճիշտ չէ: Նա այդպես է ասում հաճոյանալու համար: Եվ, մամ,- գլուխը մոտեցնելով տիկին Վալմոնդին՝ շշուկով ավելացրեց,- նա չի պատժել նրանցից ոչ մեկին երեխայի ծնվելուց հետո: Նույնիսկ, երբ Նեգրիլոն ձևացրեց՝ իբր այրել է ոտքը, որ չաշխատի, նա միայն ծիծաղեց և ասաց, որ Նեգրիլոն մեծ սուտասան է: Օ՜հ, մա՛մ, ես այնքան երջանիկ եմ, որ վախենում եմ դրանից:
Այն, ինչ ասում էր Դեզիրեն, ճշմարիտ էր: Ամուսնությունը, իսկ ավելի ուշ՝ փոքրիկի ծնունդը, զգալի մեղմացրել էին Արմանդ Աուբիգնիի տիրական և խիստ բնավորությունը: Դրա համար էլ քնքուշ Դեզիրեն, որ խելագարի պես սիրում էր նրան, այդքան երջանիկ էր: Երբ նա խոժոռվում էր, Դեզիրեն դողում էր, բայց էլի սիրում էր նրան: Նրա ժպիտը Դեզիրեի համար Աստծուց ստացած ամենամեծ պարգևն էր: Արմանդի մուգ, գեղեցիկ դեմքը էլ հաճախակի չէր մռայլվում նրան սիրահարվելու օրվանից:
Մի օր, երբ փոքրիկը մոտ երեք ամսական էր, Դեզիրեն արթնացավ տագնապի զգացումով. օդում կախված ինչ-որ բան սպառնում էր իր հանգստությանը: Սկզբում ամեն ինչ չափազանց խճճված էր ըմբռնելու համար: Նրան անհանգստացնում էին սևամորթների մեջ տիրող խորհրդավոր մթնոլորտը, անսպասելի այցելությունները հեռավոր հարևանների, որոնք շատ քիչ էին եկել իրենց տուն, նաև տարօրինակ, սարսափելի փոփոխությունները ամուսնու վարքի մեջ, որի պատճառը չէր էլ համարձակվում հարցնել: Դեզիրեի հետ խոսելիս նա խուսափում էր նայել աչքերի մեջ, որտեղ հին սիրո լույսը թվում էր մարած: Նա հիմնականում բացակայում էր տնից, իսկ երբ տանն էր, առանց պատճառի խուսափում էր իր և փոքրիկի հետ հանդիպումից: Թվում էր` սատանայական ոգի էր մտնում նրա մեջ հատկապես սևամորթների հետ գործ ունենալու ժամանակ: Դեզիրեն մահու չափ դժբախտ էր զգում իրեն:
Շոգ կեսօր էր. նա, խալաթը հագին, սենյակում նստած, մատների ծայրերով անզգուշորեն ձգում էր երկար, մետաքսանման շագանակագույն մազերը, որ փռված էին ուսերին: Փոքրիկը կիսամերկ պառկած էր կարմիր փայտից մահճակալին, որն իր ատլասե հովհարով նման էր շքեղ գահի: Լա Բլանշի քառակուսի փոքրիկ տղաներից մեկը՝ նորից կիսամերկ, սիրամարգի փետուրներով դանդաղ հովհարում էր փոքրիկին: Մինչ ձգտում էր թափանցել սոսկալի մշուշի մեջ, որով շրջապատված էր, Դեզիրեն աչքերը բացակա ու տխուր սևեռել էր փոքրիկին: Փոքրիկից հայացքը փոխում էր դեպի կողքին կանգնած տղան, ապա նորից հետ, նորից ու նորից:
— Ա՜հ,- ինքնաբերաբար արտաբերեց և չկարողացավ այլևս զսպել լացը: Արյունը կարծես սառչում էր երակներում, իսկ դեմքն արցունքներով էր պատվել:
Նա փորձեց խոսել քառակուսի փոքրիկ տղայի հետ, բայց սկզբում ոչ մի հնչյուն չարտաբերվեց: Երբ տղան լսեց՝ իր անունն են տալիս, նայեց տանտիրուհուն, որ ցույց տվեց դուռը: Նա մի կողմ դրեց մեծ, փափուկ հովհարը և հնազանդվելով, հղկված հատակի վրայով, ոտքի թաթերին կանգնած՝ աննկատ անհետացավ:
Դեզիրեն երկյուղած դեմքով անշարժացավ` հայացքը գամված երեխային:
Քիչ անց ամուսինը ներս մտավ և առանց նկատելու նրան՝ մոտեցավ սեղանին ու սկսեց ինչ-որ բան փնտրել թղթերի մեջ:
— Արմա՛նդ,- կանչեց նա այնպիսի ձայնով, որ կսթափեցներ ցանկացած մարդկային արարածի: Բայց Արմանդը չէր լսում:- Արմա՛նդ,- նորից ասաց նա: Հետո կանգնեց դեմ-դիմաց.- Արմա՛նդ,- ևս մեկ անգամ շնչակտուր ասաց նա` բռնելով ձեռքը,- նայի՛ր մեր երեխային: Ի՞նչ է սա նշանակում: Ասա՛ ինձ:
Արմանդը սառնասրտորեն, բայց զգուշությամբ հեռացրեց մատները իր թևից և հրեց ձեռքը մի կողմ:
— Ասա՛ ինձ, ի՞նչ է սա նշանակում,- հուսահատված գոռաց նա:
— Նշանակում է,- առանց մտածելու պատասխանեց նա,- որ երեխան սպիտակ չէ. նշանակում է, որ դու էլ սպիտակ չես:
Անցանկալի մեղադրանքների արագ հոսքից կորցրեց ինքնատիրապետումը և համարձակվեց հերքել դրանք:
— Սու՛տ է. ես սպիտակ եմ: Տե՛ս, իմ մազերը շագանակագույն են, աչքերս` մոխրագույն, Արմա՛նդ, դու գիտես, որ մոխրագույն են: Իմ մաշկը բաց գույնի է,- ճանկեց նրա դաստակը,- նայի՛ր իմ ձեռքին, ավելի սպիտակ է, քան քոնը, Արմա՛նդ,- հիստերիկ ծիծաղեց:
— Այնքան սպիտակ, ինչքան Լա Բլանշենք են,- դաժանորեն շրջվեց և հեռացավ` թողնելով նրան երեխայի հետ մենակ:
Երբ կարողացավ գրիչը պահել ձեռքում, մի հուսահատ նամակ ուղարկեց տիկին Վալմոնդին:
«Մայրի՛կս, ինձ ասում են, որ ես սպիտակ չեմ: Արմանդն ասում է, որ ես սպիտակ չեմ: Ի սեր Աստծո, ասա՛ նրանց, որ այդպես չէ: Դու գիտես, որ այդպես չէ: Ես կմահանամ: Ես չեմ կարող այսքան դժբախտ լինել և ապրել»:
Պատասխանը հակիրճ էր.
«Իմ Դեզիրե, արի՛ Վալմոնդների տուն, հե՛տ արի քո մայրիկի մոտ, որը սիրում է քեզ: Ե՛կ փոքրիկիդ հետ»:
Երբ նամակը հասավ, Դեզիրեն վերցրեց այն և գնաց ամուսնու մոտ` նրան փորձելու, և դրեց սեղանի վրա, որի մոտ նստած էր: Սեղանին դնելուց հետո Դեզիրեն կարծես քարացած պատկեր լիներ` լուռ, գունատ, անշարժացած:
Արմանդը լռին, սառը աչքերը գցեց թղթի վրա:
Ոչինչ չասաց:
— Ես պետք է գնա՞մ, Արմա՛նդ,- անորոշությամբ տառապողի ընդգծված տոնով հարցրեց նա:
— Այո՛, գնա՛:
— Դու ուզում ես, որ ես գնա՞մ:
— Այո՛, ես ուզում եմ:
Արմանդը մտածում էր, որ ամենակարող Տերը դաժան և անարդար է վարվել իր հետ, և զգում էր, որ ինչ-որ տեղ բարությամբ է պատասխանում Տիրոջը, երբ վիրավորում է իր կնոջ հոգին: Բացի դրանից, նա չէր գիտակցում, բայց արդեն չէր էլ սիրում կնոջը իր ընտանիքին և անվանը հասցրած վիրավորանքի պատճառով:
Այդ հարվածից ցնցված՝ Դեզիրեն շրջվեց և դանդաղ շարժվեց դեպի դուռը` հուսալով, որ հետ կկանչի:
— Հաջողությո՜ւն, Արմա՛նդ,- հառաչեց նա:
Արմանդը չպատասխանեց: Ճակատագրի վերջին հարվածն էր նրան:
Դեզիրեն գնաց փոքրիկի հետևից: Զադրինեն նրա հետ ճեմում էր միջանցքում: Նա, առանց մի խոսք ասելու, վերցրեց փոքրիկին դայակի գրկից և աստիճաններով իջնելով` անհետացավ կաղնիների ճյուղերի հետևում:
Հոկտեմբեր ամիսն էր՝ կեսօր. արևը հենց նոր թեքվում էր: Սևամորթները դեռ բամբակ էին հավաքում դաշտերում:
Դեզիրեն չէր փոխել հագի բարակ սպիտակ զգեստը, ոչ էլ` հողաթափերը: Մազերը հավաքած չէին, և արևի շողերը, ընկնելով դրանց վրա, շագանակագույնին ոսկե փայլ էին հաղորդել: Նա չէր գնում այն լայն, հարթ ճանապարհով, որ տանում էր դեպի Վալմոնդների պլանտացիաները: Քայլում էր ամայի դաշտերի միջով, ուր նոր հնձած խոտից նրբանկատորեն կապտել էին նրա նուրբ ոտքերը, իսկ բարակ զգեստը վերածվել էր լաթի:
Նա անհետացավ եղեգների և ուռենիների մեջ, որ խիտ տեղակայվել էին լճի մակերևույթի երկայնքով, և այլևս չերևաց:
Մի քանի շաբաթ անց Լը Աբրիում հետաքրքիր տեսարան էր ի հայտ եկել: Մանրակրկիտ մաքրված հետևի բակի կենտրոնում մեծ խարույկ էր: Արմանդ Աուբիգնին նստել էր մեծ նախասրահում, որտեղից կառավարում էր այդ տեսարանը, և հենց նա էր, որ մատակարարում էր կես տասնյակ սևամորթներին իրերով, որոնցով կրակը բոցավառվում էր:
Նրբաճաշակ զարդանախշերով ուռենուց օրորոցը դրված էր պիրայի վրա, որն արդեն սնունդ էր դարձել անգին հարստությանը: Հաջորդիվ երևացին մետաքսյա, թավշյա և ատլասից զգեստներ, նաև ժապավեններ ու ասեղնագործություններ, գլխարկներ ու ձեռնոցներ, ապա զամբյուղը՝ թանկարժեք նյութից:
Վերջին իրը, որ պետք է վառվեր, նամակների փոքրիկ կապոցն էր. կարճ, անմեղ խզբզոցներ, որ Դեզիրեն ուղարկել էր նրան, երբ նշանված էին եղել: Նամակների մի մասը, որ մնացել էր դարակի հետնամասում, Արմանդը հանեց, բայց դրանք Դեզիրեինը չէին. իր մայրիկի գրած նամակների մի մասն էր` ուղղված հորը: Կարդաց: Մայրը շնորհակալություն էր հայտնում Աստծուն, որ օրհնել է իրեն ամուսնու մեծ սիրով:
«Բայց ամենից առավել,- գրել էր նա,- գիշեր ու զօր ես շնորհակալ եմ Աստծուն, որ մեր կյանքը ապրել ենք այնպես, որ մեր սիրելի Արմանդը երբեք չիմանա իրեն պաշտող մոր ծագումը մի դասից, որին անիծել են ստրկության պիտակով»:

Թարգմանությունը անգլերենից` Գոհար Ղասաբյանի

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն