Ժամանակը հնարավորություն ունի սահմանել գեղարվեստական մի շարք նպատակներ։ Այդ նպատակները մեկտեղել է «Գրեթերթի» չորս եղանակը՝ նոր անուններով, ստեղծագործություններով ու գեղագիտական չափանիշներով։
Ժամանակակից գրականության ընթացքը միագիծ չէ։ Արձակ ու չափածո ստեղծագործությունները ներկայանում են հարակից ժանրերին բնորոշ շատ ու շատ տարրերով, նորաբանություններով, կոմպոզիցիոն ու կառուցվածքային լուծումներով։ Իհարկե, սա ունի իր դրական ու բացասական հետևանքները և միշտ չէ, որ ճիշտ է դրսևորվում։ Փորձենք հասկանալ, թե «Գրեթերթի» այս տարվա չորս համարներում տեղ գտած հեղինակների ստեղծագործություններն ինչ կենսական ընթացք ունեն գեղարվեստի՝ բնավ չպարտադրվող միջավայրում։
«Գրեթերթի» գարնանային համարը բացվում է 44-օրյա պատերազմի հերոսաբար զոհված Նարեկ Սերոբյանի «Գոբլինը և ընկերները» հեքիաթից հատվածով։ Սա արկածային ու հետաքրքրություններով լի հեքիաթ է, որտեղ մարդուկը, սեփական կյանքը վտանգելով, կյանքեր է փրկում։ Այս հեքիաթը ժամանակակից մանկապատանեկան գրականության հետաքրքիր նմուշներից է և ունի մի շարք առաջնային ուղերձներ։ Լիլիթ Բաղդասարյանի «Մտա պատրանքը» այսօրվա իրականության պատկերն է՝ լի գործողություններով, շարժուն պատկերներով։ Խաչիկ Գրիգորյանի «Օրապահի չգրված օրագրից» էսսեի առանձին հատվածներ ու տողեր հաջողված են ենթատեքստի առումով։ Ամբողջ ստեղծագործությունը կառուցված է մենախոսության սկզբունքով, և Խաչիկի անկեղծությունն ակնհայտ է. նա թաքուն է կարոտում, հմուտ օրապահ է։ Այս էսսեն կարդալուց հետո գրել եմ մի բանաստեղծություն, որը լույս է տեսել «Գրեթերթի» աշնանային համարում, որտեղ հղում եմ արել Խաչիկի էսսեին. «Ստվերից հետ ենք ընկնում՝//հայելու մեջ տեսնելով վախը՝//շպրտված մեր երեսին,//ու անհետանում է տունը՝ մեզ թողնելով//ձգվող ու ճկվող անորոշությունում,//թաքուն կարոտող օրապահ ընկերոջս պահած օրվա մեջ»։ Այս համարում տեղ է գտել նաև Գոհար Ղասաբյանի թարգմանությամբ ամերիկացի հեղինակ Քեյթ Շոպենի «Դեզիրեի փոքրիկը» ստեղծագործությունը՝ ինքնատիպ անցումներով, պատկերավոր նկարագրություններով։ Շատ կարևոր է, որ գրական երիտասարդական թերթը միշտ կարևոր տեղ է հատկացնում թարգմանություններին։ Վարդան Սմբատյանի «Դեժավյու կամ կրկնության աստված» պատմվածքը կառուցվածքային առումով ունի որոշ տարրեր, որոնք ընթերցողին սպասումի մեջ են պահում։ Հայկ Սիրունյանի «Երևան. պեպենոտ աղջիկ» պատմվածքը սովորականը իրականությանը միաձուլելու փորձ է։ Հեղինակի գրիչն իրապաշտ է, որը երբեմն իրականություն-փիլիսոփայություն զուգահեռների խմորումների արդյունքում իր առաջ նոր խնդիրներ է դնում և հնարավորություն բացում՝ հստակ բանաձևն ընտրելով սեփական արձակի համար: Մերիի շարքը, որը սկսվում է Աշոտ Խաչատրյանի տողերով, ուրվագծված է հեղինակի ստեղծած խոհական եւ իրական պատկերներով։
Իսկ Կարինե Նահապետյանի «էս իմ ու քո Երևանը չի» և «հեշտ է հրաժարվել սիրելի բաներից» գործերում կան գեղարվեստական և ելակետային դատողություններ։ Դիանա Անդրոմեդայի, Նելլի Տոնոյանի, Արփի Սահակյանի ու Թագուհի Սարգսյանի ստեղծագործությունների առանձին հատվածներում կան հետաքրքիր «հետապնդող» տողեր, որոնք հնարավորություն են տալիս ստեղծագործական նոր շերտերով դրսևորվելու։ Համարում տեղ է գտել նաև իմ հոդվածը, որում խոսում եմ երեք երիտասարդ ստեղծագործողների պոեզիայի թեմատիկ ու կառուցվածքային պատկերի ու դրանց ներսում առաջացած խնդիրների մասին։
«Գրեթերթի» ամառային համարը բացվում է Անահիտ Հայրապետյանի բանաստեղծական շարքով։ Զարմանալի է, որ անգամ ողբերգի մեջ արցախյան բարբառը իր քաղցրությունը չի կորցնում և գեղարվեստական երանգ է հաղորդում։ Արփի Ստեփանյանի, Լիլիթ Կարապետյանի, Ռազմիկ Գրիգորյանի, Դիանա Անդրոմեդայի արձակ ստեղծագործությունները ժամանակի ու տարածության ձևի ու չափման միջանկյալ օղակում են. մարդը՝ տարբեր դիտանկյուններից ու տարբեր իրավիճակներում։ Էվելինա Դամիանի թարգմանությամբ Ռուփի Քաուրի բանաստեղծությունները, Շուշանիկ Արամի շարքը հարուստ են ինքնատիպ պատկերներով։ Հերմինե Ավագյանի եռամաս շարքը նույնպես առանձնանում է պատկերայնությամբ, բայց զերծ չէ նաև անընդհատ կրկնվող արտահայտություններից։ Հետաքրքիր ու փաստերով հարուստ զրույց է վարել Գայանե Հովհաննիսյանը ֆրանսահայ երգչուհի Ռոզի Արմենի հետ։
«Գրեթերթի» աշնանային համարը բացվում է Հայկ Սիրունյանի «Ընթացք. հայը» արձակ ստեղծագործությամբ։ Սա կարծես իրականության, խնդիրների ու անելիքների հետ անկեղծ զրույց է։ Աշոտ Ստեփանյանի «Երևանյան հիվանդություն» պատմվածքն ինձ ապացուցեց հեղինակի գրչի հնարավորությունները։ Հեղինակը կարողացել է համապարփակ ու ծայրահեղ խտացված վիճակում պատմություն կառուցել, խոսել անկեղծ, պատասխանել անկեղծ։ Համարում նաև տեղ է գտել Էվելինա Դամիանի թարգմանությամբ Մայա Մեյորի բանաստեղծությունը։ Նելլի Տոնոյանի շարքը ձևով եւ բովանդակությամբ ընդհանուր առմամբ հետաքրքիր է, սակայն սիրո մասին գրելիս պետք է փնտրել նաեւ ինքնարտահայտվելու այլ՝ ինքնատիպ եղանակներ։
Յուրի Սարգսյանի «Փլասի» պատմվածքը կառուցվածքային առումով պարզ է, ընթացքը՝ սպասումով ու նոր բացահայտումներով։ Հեղինակը հերոսներին բնավորություն հաղորդելու ձևը գտել է։ Մանե Մկրտչյան-Արզումանյանի, Անուշիկ Փարսադանյանի, Թագուհի Սարգսյանի և Կարինե Նահապետյանի բանաստեղծություններում տեսնում ենք հեղինակների անհատականությունը, որն էլ գալիս է փաստելու անհատական պոեզիայի մասին՝ ոչ այնքան հարթ, բայց պարզ ու մտերմիկ, հենված խոհերի վրա։ Արաքս Սաֆարյանի «Ինստապոեզիա՝ նոր շարժում արդի գրականության մեջ» հոդվածը կարևոր շեշտադրումներով է հագեցած։ Բայց նախ պետք է պարզաբանել, թե պոեզիայի այս ձևը ինչո՞վ է տարբերվում այլ ձևերից, և նշված այդ որակը չի՞ կրկնվում այլ ձևերում ու ենթաժանրերում։ Եթե կրկնվում է, ապա այդ բաժանումը որքանո՞վ է արդարացված։ Ընդ որում կա արհեստական ու բնական բաժանում։
Թերթի սույն՝ ձմեռային համարում տեղ է գտել Ռաֆ Բարաթյանի ինքնատիպ պոեզիան։ Հեղինակի պոեզիայի մասին մեկ այլ գրախոսականում գրել էի, որ հետաքրքիր բան է լռության մեջ ցավ ապրեցնելը։ Հիմա էլ անխախտ է կարծիքս։ Ռաֆի յուրաքանչյուր ստեղծագործություն կարծես անավարտ է, բայց ոչ կիսատ։ Անավարտությունը ընթերցողին համահեղինակ դարձնելու միտում ունի։ Հայկ Սիրունյանի բանաստեղծության կառույցն այս դեպքում այլ տեսք ունի։ Այն կարծես «ծանրաբեռնված» է բառերով և դինամիկ իրադարձություններից հետո չկա օդ ու բաց տարածություն։ Ռազմիկ Գրիգորյանի «Դեպի տուն» պատմվածքը հեղինակի նախորդ արձակ ստեղծագործությունների համեմատ ավելի դինամիկ ընթացք ունի, և նկատվում է ներքին գերաճ։
Արփի Ստեփանյանը իր «Լաբիրինթ» ստեղծագործությամբ առանձնապես չի ջանում ստեղծել գեղարվեստական շերտեր, բայց այն, որ հեղինակն անկաշկանդ է և պատմությունը կարողանում է ամբողջացնել, անհերքելի է։ Համարում տեղ է գտել նաև տեղ-տեղ ասելիքով ու պատկերներով հարուստ Մար Մարգարյանի բանաստեղծական շարքը։ Տաթև Թամրազյանի «Դառն ու անուշ» ստեղծագործությունը ժամանակի ու տարածության «թեմայի» ծնունդ է։ Շուշանիկ Արամի պոեզիան չնայած փխրունությանը՝ հագեցած է պինդ պատկերներով։ Երվանդ Վարդանյանն իր «Բեսթսելլեր» ստեղծագործությամբ կարողացել է սեղմ տարածությունում մի քանի պատկեր-պատմություն ամբողջացնել։
Այս համարում նույնպես տեղ է գտել թարգմանություն։ Մայա Էնջելոույի ստեղծագործություններն անգլերենից թարգմանել է Գոհար Ղասաբյանը։
Այս դիտարկումները մղում են եզրակացության, որ այսօր ունենք ժամանակակից գրականություն, և երիտասարդ ստեղծագործողները ևս դրա մասն են կազմում։
Գրականությունը կենդանի, ակտիվ օրգանիզմ է։ Որպես արվեստի տեսակ՝ միակն է, որ առաջինն է ամենայն արագությամբ վերարտադրում ժամանակի հարափոփոխ ընթացքում տեղի ունեցող ամեն ինչ։
Իսկ «Գրեթերթը»՝ Գուրգեն Խանջյանի գլխավորությամբ, տարիներ շարունակ, ավանդույթ ստեղծած, հրաշալի հարթակ է՝ տեսնելու ժամանակակից գրականության երիտասարդական թևի ստեղծումը, զարգացումը, առաջընթացը։ Թերթը ինչպես միշտ հնարավորություն է տալիս բացահայտել նոր հեղինակների նոր ստեղծագործություններ։ Թերթի տասնամյակներ շարունակվող գործունեությունն ապացուցում է, որ այն անհրաժեշտ ու շատ պահանջված տարածք է երիտասարդ գրողների, գրականագետների, թարգմանիչների համար։