Ուշ աշնան ցրտաշունչ օրերից մեկն էր։ Արսենը նստել էր աշխատասենյակում՝ իր սիրելի կաշվե աթոռին, գլուխը ձեռքերի մեջ առած։ Քիչ առաջ խմել էր դեղը, և գնալով սրտի աշխատանքը կարգավորվեց։ Թոթափեց առավոտվա վիրահատության լարվածությունը և լռության հետ մտքերով ետ գնաց. հիշեց ընկերոջը՝ Համոյին, որ ճարտար լեզու ուներ, բոլորից լավ կենաց ասողն էր և անեկդոտ պատմողը։ Յուրաքանչյուր խնջույքի ժամանակ առաջին բաժակը նա բարձրացնում էր՝ հիշելով, որ հայերն առաջին քրիստոնյա ժողովուրդն են աշխարհում, և յուրաքանչյուր հայի պարտքն է աչքի լույսի պես սիրել ու փայփայել իր երկիրը։ Հետո, երբ խմում էր և ավելի անկեղծ էր դառնում, շարունակ կրկնում էր. «Երազում եմ Միացյալ Նահանգներում ապրել, որովհետև Ամերիկան երկիր է»։ Մտքերը Արսենին տարան մինչև ճամփաբաժան. հիշեց այն օրը, երբ Համոն իրենից մեծ գումար շորթեց ու փախավ Միացյալ Նահանգներ։ Նա այդպես էլ չկարողացավ ներել ընկերոջը, մինչև այն պահը, երբ իմացավ, որ նրան Միացյալ Նահանգներում սպանել են. սիրտը ցավեց, այդ լուրն առնելուց հետո մանկությունը գլուխ բարձրացրեց՝ ասես մեղադրելով իրեն, ոչ թե Համոյին…
Գլուխը ձեռքերի մեջ՝ ննջեց։ Երկար կքներ, եթե բուժքույրը չթակեր դուռը։
— Ձեզ մոտ են եկել, պարոն Սահակյան։
— Թող ներս գան։
Ներս մտավ կարճլիկ, սպիտակամազ տղամարդ՝ քթի տակ ինչ-որ երգ երգելով, երիտասարդի ուղեկցությամբ։ Տղամարդը կանգնեց աշխատասենյակի կենտրոնում, հանդիսավոր կերպով հանեց ակնոցը, դրեց կոստյումի գրպանը։ Արսենն արդեն վեր էր կացել աթոռից և մոտեցել էր տղամարդուն։
— Բարի օր, բժիշկ։
— Բարի օր։
— Ինչպե՞ս եք։
— Լավ եմ, շնորհակալություն, Դուք լա՞վ եք։ Հո գանգատներ չունե՞ք։
— Ունեմ, եկել եմ ասեմ, որ շատ դժգոհ եմ ձեզանից, շատ…
Արսենը, որ շնորհակալության էր սպասում, մի պահ զարմանքից քարացավ։ Նա նայեց տղամարդու աչքերին, որոնք մեկ ամիս առաջ էր վիրահատել, հասկանալու համար, թե որն է նրա դժգոհության պատճառը, սակայն ոչ մի արտառոց բան չկար, որը կարող էր գանգատ առաջացնել։
— Ի՞նչ գանգատներ ունեք, ասեք, մենք կարող ենք նորից ստուգել։ Երևի հետվիրահատական ցավեր ունեք քթի խոռոչում, այո՞։
— Է՜, դու էս ինչ բերեցիր իմ գլխին, դա անելու բա՞ն էր։ Մտնում եմ խանութ, տեսնում եմ գեղեցիկ շարված մրգերը, կոնֆետները, տորթերը, անգամ դեղձի վրայի մազիկներն եմ տեսնում, բայց փող չունեմ, որ գնեմ։ Նախքան վիրահատությունը համարյա ոչինչ չէի տեսնում, ու ամեն ինչ լավ էր…
— Վախեցա, ա´յ մարդ, 55 տարվա մեջ 6000-ից ավելի աչքի վիրահատություն եմ արել, դեռ նման բողոք չէի լսել։ Բայց երևի դա ինչ-որ տեղ օրինաչափություն է։ Ես էլ այն ժամանակ, երբ որբ ու սոված երեխա էի, երազում էի, որ մեկը մի կոնֆետ տար, ուտեի, այն ժամանակ կոնֆետը չկար, հիմա կոնֆետը կա, ատամը չկա։ Տես սեղանիս դրված կոնֆետները, բայց չեմ կարողանում ուտել…
Հետո երկու սպիտակահեր ծերունիները բարձր ծիծաղեցին, ողջագուրվեցին՝ այդ կերպ կարծես միմյանց շնորհակալություն հայտնելով, և նստեցին իրար դիմաց։ Ծերունին ոգևորված պատմում էր, թե որքան է բարելավվել իր տեսողությունը վիրահատությունից հետո, և որ կարողանում է առանց ակնոցի իր սիրելի ֆուտբոլը դիտել, որի համար ամենից շատն է ուրախացել, իսկ Արսենը գոհ ժպիտով լսում ու պատմում էր, թե որքան ջանք ու եռանդ է ներդրել այդ պրոֆեսիոնալիզմին հասնելու համար։ Զրուցում էին այնպես սիրալիր, ասես երկու հարազատ եղբայրներ լինեին, որոնք տարիներ շարունակ չէին տեսել իրար և հանկարծ հանդիպել էին։
Անձրևը թափանցիկ բռունցքներով հարվածում էր պատուհաններին։ Փողոցում սուրացող քամին օրորում էր ծեր ծառերը, որոնք, թվում է, ուր որ է կընկնեին՝ ջարդելով կայանված մեքենաները։ Արսենը հանեց բժշկական խալաթը, կախեց զգեստապահարանի մեջ, օծանելիք ցանեց վերնաշապիկին, հագավ բաճկոնը, դրեց գլխարկը, փակեց աշխատասենյակի դուռը, ուզում էր դուրս գալ, բուժքույրն ասաց, որ տնօրենը ուզում է տեսնել իրեն։
Աստիճանները դանդաղ բարձրանալիս սպիտակ մազերի տակ քրտինքի կաթիլներ երևացին։ Երկու աստիճան բարձրանում, կանգնում, շունչ էր քաշում, որից հետո շարունակում էր բարձրանալ։ Ընդունարանում հայելու դիմաց կանգնեց, հանեց գլխարկը, սանրեց մազերը և ներս մտավ։ Տնօրենը ոտքի կանգնեց, ընդառաջ եկավ, ձեռքով բարևեց և հրավիրեց նստելու։
— Ինչպե՞ս եք, պարոն Սահակյան։
— Լավ եմ, լավ…
— Առողջականը լա՞վ է։
— Չեմ բողոքում, մի 25 տարի էլ ինձ դիմանա, 100 տարին լրացնեմ՝ գոհ եմ։
— Աստված տա։
Լռություն տիրեց։ Մի քանի րոպե տնօրենն անհանգիստ շարժումներ էր անում՝ ասես չիմանալով ինչից կամ ինչպես սկսել զրույցը։ Նա սուրճ առաջարկեց, որից Արսենը հրաժարվեց, հետո պատմեց նախորդ օրվա կառավարման խորհրդի նիստից, թե որքան լարված է անցել նիստը, անգամ ինքը առաջարկել է հրաժարականի դիմում գրել, որը խորհուրդը չի ընդունել։
— Սահակյան ջան, խորհրդի նիստին նաև Ձեր հարցն է քննարկվել, ինձ ասել են՝ ձեզ հորդորեմ, որպեսզի դիմում գրեք՝ ազատման։
— Ինչի՞,- հարցրեց Արսենը՝ կարծես չհավատալով լսածին։
— Ձեր ձեռքերն արդեն դողում են, վտանգավոր է այդպես աչքի վիրահատություն անելը, բացի այդ մենք նոր, ժամանակակից սարքավորումներով ենք վերազինել հիվանդանոցը և պետք է խումբ ուղարկենք արտերկիր՝ վերապատրաստման, այդ խմբում ընդգրկված են 25-ից 35 տարեկան երիտասարդ բժիշկներ։ Ինձ համար հեշտ չէ այս ամենը Ձեզ ասելը, որովհետև ես Ձեր ուսանողն եմ եղել, բայց սա իմ պարտականությունն է։
— Ոչինչ, մի´ նեղվիր, վաղն առավոտյան կգամ, դիմում կգրեմ ու իրերս կվերցնեմ։
Արսենը վեր կացավ, դրեց գլխարկը։ Տնօրենը նրան ուղեկցեց մինչև ընդունարանի դռան մոտ, ձեռքսեղմումով հրաժեշտ տվեցին միմյանց։ Երբ Արսենը հեռացավ երկար միջանցքով, տնօրենն ընդունարանի դռան մոտից երկար նայեց նրա ետևից, ասես ինչ-որ բան մոռացել էր, ուզում էր գոռալ, ետ կանչել նրան, սակայն չհասցրեց. Արսենն իջավ աստիճաններով և կորավ տնօրենի տեսադաշտից։
Մենակ երկար քայլեց հիվանդանոցի փոքրիկ այգում, նստեց նստարանին, զանգեց կնոջը, ասաց՝ ծանոթ մարդու է հանդիպել, մի քիչ կուշանա։ Նայեց դողացող ձեռքին, որով բռնել էր հեռախոսը, հետո վեր կացավ, հեռախոսը դրեց գրպանը և դուրս եկավ այգուց։ Ինչ-որ անհասկանալի բան ասես մնացել էր կոկորդում, որը ո´չ դուրս էր գալիս, ո´չ ներս էր գնում։ Մոտեցավ ցայտաղբյուրին, ջուր խմեց, անցավ փողոցը, ուզում էր վերադառնալ այգի, սակայն փոշմանեց, նստեց տաքսի և տուն գնաց։
Ոչ ոքի ոչինչ չասաց։ Երեկոյան ընթրիքին նորմալ հաց չկերավ։ Կինն անհանգստացավ, հետաքրքրվեց՝ արդյո՞ք խմել է դեղերը, հետո չափեց ամուսնու արյան ճնշումը, ապա՝ արյան մեջ շաքարի բաղադրությունը։ Սովորականի պես դուրս չեկավ զբոսնելու կնոջ հետ՝ պատճառաբանելով, որ մրսել է, ուզում է պառկել։ Ննջասենյակում պառկած՝ երկար նայեց դողացող ձեռքին, հետո վեր կացավ, սուրճ եփեց, նստեց խոհանոցում, մինչև կինը վերադարձավ, արձակեց փոքրիկ շան վզի պարանը։ Շունը վազեց, բարձրացավ Արսենի գիրկը, սկսեց լիզել նրա դեմքը։ Շոյեց շան գլուխը, պարանոցը, որից հետո շունն իջավ գրկից ու վազեց հյուրասենյակ։
Գիշերը վեր կացավ, ջուր խմեց, ամեն կերպ ուզում էր կուլ տալ կոկորդում մնացածը, որ ոչ մի կերպ չէր ստացվում։ Դուրս եկավ, նստեց պատշգամբում։ Ներսից վառվում էր և չնկատեց, որ դուրս է եկել, առանց տաբատ։ Երկար նայեց աստղերին, լուսնին։ Գլուխը խնամքով առավ դողացող ձեռքերի մեջ, քամին խառնում էր սպիտակ մազերը, շունը, որ կիսաբաց դռնից պատշգամբ էր դուրս եկել, կանգնել էր կողքին ու լուռ նայում էր իրեն։ Մի պահ մտքով ետ գնաց՝ դեպի տուն, և մեռավ…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն