Քաղաքիս դատարկությամբ լեցուն փողոցներն են, իսկ այստեղ զբոսնողները, ապրողները, աշխատողները կամ պարզապես փողոցի շարժը՝ մարդիկ, նրանց կողքին՝ ես, որ անդադար ինչ-որ անկյուն եմ փնտրում, որտեղ կարող եմ վառել ծխախոտս, գրկել անկյան պատերը և կրկին սպառվել ծխի և թխպի մեջտեղում, անէանալ:
Եղանակը ձմեռային է (ես քիչ առաջ դուրս եկա մի շենքից, որտեղ ինքս էլ չհասկացա՝ ինչո՞ւ էի մտել), չափազանց դանդաղ ձյուն է, խեղդող մառախուղի մեջ կարելի է նկատել ձյան ծնունդը՝ այն իջնում է, հետո բարձրանում, չքվում մառախուղի մեջ, նորից հայտնվում և կրկին իջնում…
Սիրտս քայլել ուզեց: Չնայած մարդկանց դժգոհ հայացքներին՝ ես անվերջ իմ մենության մեջ եմ՝ տխրության և ունայնության զգացումի ձեռքը բռնած, կատարյալ լռության պահպանմամբ և պարզապես չպատասխանելով այդ դեմքերին: Ես քայլում եմ կարծես մի հաշմանդամ՝ առանց ձեռքերի, ոտքերի, սայլակի, մարմինս զոռով քարշ տալով, կարելի է նույնիսկ ասել՝ իբրև մի մեռյալ. առանց սրտի տրոփյունի՝ պարզապես ծնվելու պահին լաց լինող, քայլող մարմին, որ ոչ մի օր չէր ծնվել, բայց այսօր եղանակի խորհրդավորության մեջ բղավում է, պատրաստվում կրկին ծնվել:
Հստակ փողոց նշել չեմ կարող. չգիտեմ՝ որտեղ եմ, եղանակն ինձ կլանել է, ես պարզապես քայլում եմ եղանակի մեջ՝ տեղ-տեղ մարդկանց դեմքերին խաչվելով:
Ձմեռը շատ գույներ չունի: Այն, ի տարբերություն մնացած եղանակների, միայն սպիտակ է, որն էլ հենց ստիպում է մարդկանց՝ չսիրել ձմեռը: Մարդիկ սովոր են վազել ինչ-որ գունավոր միրաժների հետևից և խաբվել կամ, շատ հաճախ, ինքնին վերածվել միրաժի և խաղալ հոգիների վրա: Ահա ինչու են նրանք դժգոհ. այսօր ամեն բան սառն է և սպիտակ, և այս սառնության, սպիտակի և մառախուղի մեջ մարդիկ խճճվել են, բնազդաբար հանել են դիմակները, որոնք այդքան պինդ կրում էին, որպեսզի կարողանան չմոլորվել տարածության և իրենց իսկ փոխհարաբերությունների ներսում: Հիմա, չնայած մառախուղ է, ես շատ պարզ տեսնում եմ նրանց իրական դեմքերը՝ աչքերում կուտակված ատելությունը, հոգիներից դուրս ժայթքող անհավատությունը և զնգզնգացող դատարկությունը: Նրանք այսօր դժգոհ են, որովհետև անկարող են ընդունել, որ բնության մեջ գոյություն ունեցող գեղեցիկը այսօր կարող էր խառնվել իրենց գործերին…
Այս ամենն իմ մեջ տագնապ է սերմանում, խելագարվելու վախ, որովհետև ինքս իմ մեջ Աստծո հետ զրույցի մեջ եմ, գուցե և վեճի: Գուցե և վիճում ենք ես և Աստված, ես ոչինչ չգիտեմ, սակայն եկեղեցին, որի կողքով անցնում եմ, մագնիսի պես ձգում է ինձ. ես բնազդաբար քայլում եմ այդ կողմ՝ բուժվելու…
Եկեղեցու բակում մշտապես սարյակներ կան: Նրանց կերակրելը նոր սովորություն է՝ հանգստի, հեքիաթի, ինքս իմ հետ զրույցներ ունենալու նոր սցենար: Ես նրանց ավելի նման եմ, քան մարդկանց կամ քան մարդիկ՝ ինձ: Ծխախոտը այլևս խանգարում է միայն, որովհետև դադարում եմ մտածել, իսկ հարցերս դեռ անպատասխան են, ալկոհոլն էլ միայն քնելու համար է, չնայած օրգանիզմս էլ արդեն թմրել չի կարողանում, եթե նույնիսկ հաջողվում է քնել, միևնույնն է՝ երազներում պատմությունս կանգ չի առնում:
Միայնությունից փախչելով՝ կրկին սիրում եմ միայնությունը, որովհետև արդեն դադարել եմ մարդ լինելուց, որովհետև ինձ չծնված եմ համարում, և ծնվածների հետ հավասար մարդ կոչվել… ներեցեք, չեմ կարող: Այնքան տարբեր ենք ես ու մարդիկ, որ ամեն անգամ անցորդներն աչքերս են զննում, իսկ ինձ նրանց աչքերը զննել պետք չէ, ես առանց այն էլ տեսնում եմ նրանց՝ չնայած ամեն վայրկյան օտար մի ձեռք աչքերս փակում է: Մենք նման ենք միմյանց միայն հիվանդանոցում՝ վիրահատարանում, երբ միևնույն օրգանն են վիրահատում, միևնույն կանոններով, քանզի ֆիզիկապես մարդուն չափազանց նման եմ: Երևի ճիշտ այնպես, ինչպես Սիորանն է գրել՝ «Մարդկանց հետ այլևս ոչ մի ընդհանուր բան, բացի նրանից, որ մարդ եմ»:
Եղանակն այսօր ավելի շուտ հոգեվիճակ է: Ես կրկին փողոցում եմ, կրկին մարդկանց մեջ: Սարյակների կերը, որ գնել էի, լցրեցի մի պատի տակ և նորից որոշեցի քայլել: «Հիմա ամեն բան կկրկնվի»՝ սա այն միտքն էր, որ առաջինը ծագեց, երբ դուրս եկա եկեղեցու բակից…
Այս սառնության մեջ թաթախված փողոցում ոչինչ չկա, և հիմա, երբ կանգնած եմ եկեղեցու մուտքի և փողոցի, մարդկանց մեջտեղում՝ կարծես սիրո և անտարբերության միջև՝ բազմաշերտ սառույցի տաքության փոքրիկ էպիկենտրոնի և սառնության հատման կետում, առավել զգում եմ, որ ոչինչ չկա… ոչինչ չկա այստեղ, միայն մարդկանց այլայլված և շեղված հայացքներն են, որ անդադար շողքիս են հետևում՝ մեկ խղճալով, մեկ ծաղրելով, մեկ իբրև սիրելով, մեկ կարեկցանքով, մեկ ատելությամբ… ոչինչ չկա. ես նույնպես այստեղ չեմ՝ այլևս մարդկանց մեջ չեմ. ծնվեցի և կրկին անէացա, որովհետև աշխարհում ամենավտանգավորը ծնվելն էր, բայց հենց դա էր, որ պետք էր ամենահաճախը անել…
Ծնվեցի և անէացա՝ լքեցի մարմինս, և հիմա տարօրինակ խորհրդավոր այս եղանակի մեջ եմ՝ անվերջ մենության մեջ, տխրության և ունայնութան զգացումի ձեռքը բռնած: Հիմա գուցե և ես այս ձյունն եմ, մառախուղը, սպիտակը կամ հենց եղանակը՝ ձմեռը, բայց մարդ է միայն մարմինս, որին հենց նոր լքեցի փողոցում և մտա եղանակի մեջ…

Եվ հիմա ես լուռ եմ…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն