5.15.2023թ. Երևան
Նույն գլխացավն է: Քառասնամյա: Հիմա: Այստեղ:
Ի՞նչ է պատահել: Ոչինչ: Կարդում եմ այս գիրքը, իմ դավաճանության ու վախկոտության մասին, հուսալով, որ գրվել է ուրիշի կողմից, իր անունով, և իր խոստովանած գլխացավն իրենն է, իմը չէ, ու կարելի է կարդալ, լսել ու կարեկցել եղբայրաբար, կամ քույրաբար՝ ուրիշ գլխացավով, ուրիշ տարիքով, ուրիշ տեղ, բայց հիմա:
Նույն գլխացավն է: Քառասնամյա: Հիմա: Այստեղ: Ազատության ու մենակության մեջ: Հիշողությունները նույնը չեն: Հիշողությունները երբեք նույնը չեն լինում: Նույնը նորից հիշելիս՝ ուրիշ է դառնում, ինչպես հիմա ուրիշ է դառնում նույն ազատությունը, որը կար հաղթության ակնթարթին: Տղերքից մեկն ասում էր, որ պարտությունը սկսվում է հաղթանակից անմիջապես հետո, ու հաղթանակն էլ, նույն պարզունակությամբ՝ սկսվում է պարտությունից հետո, ու էս երկուսի թե՛ տարբերությունը, թե՛ տարբերությունների նմանությունը նույն բանի մեջ է՝ սպասումի կամ համբերության, նույն միջոցով է՝ դիմանալով կամ ուժեղանալով:
Շուշիի նախավերջին ազատագրման տարելիցին, Մենակը ֆեյսբուքում հանրագրեց.
«Մեծ ռազմադաշտի փոքր խաղաքարերի միջև ուժեղանալու պարտադրանքն է: Ծանր մարտ, Ծանր դրոշ: Ստորագրահավաքն ու պերֆորմանսը շարունակվում են Կինոմոսկվայի հարևանությամբ»: Հաջորդ տողին՝ հեշթեգ՝ #պահիԱրցախը, լուսանկարում՝ շախմատի խաղաքարեր, Շառլ Ազնավուրի հրապարակում, շախմատի մեծ խաղադաշտի վրա, խաղաքարերի միջև՝ 44 կգ ծանրաձող, ծանրաքարերին՝ Արցախի դրոշը, աշխարհին հայտնի գուցե այն եզակին, որը ոչ մի երկիր պաշտոնապես չի ճանաչել, բացի ինքն իրենից, բայց տպագրվել է միլիոններով՝ թղթին, հագուստին, մաշկին, փակցվել ամենուր՝ հեռախոսներին, ճակատներին, վերելակներին, գրքերին, մեքենաների ապակիներին, տանիքիներին, երկնքին, հիշողության մեջ ու երազանքի, ծածանվել է քաղաքներում ու պանթեոններում, ծածանվել ու տրորվել պատերազմի ժամանակ, ծածանվել ու տրորվել հետպատերազմյան բողոքի ցույցերի ժամանակ ու հետո: Պատերազմից հետո: Ի՞նչ պատերազմից հետո, մտածում էր Մենակը, Մոսկվա կինոթատրոնի բակից վերցրած ավելով ռազմադաշտը մաքրելիս, ի՞նչ հետո, խի սենց հետո ա՞ լինում: Մաքրում էր հողը՝ մարդկանց թողած հիշողություններից, ինչպես իր մազերը՝ խուզից հետո: Խուզից հետո անճանաչելի է. քչերը կկռահեն, որ այս սևազգեստ մաքրարարը այն սգավոր-ճգնավորի տեսքով նախկին դերասանն է, ավելը ձեռքին՝ ծխախոտի մնացորդներն է հավաքում քաղաքին նվիրված շախմատի շրջակայքից, որ պերֆորմանս անի: Միկոյան Հակոբը ուխտավորի պես մաքրում է երկիրն աղբից, հավատով, որ ամեն կռանալ-աղբ վերցնելը երկրպագության ծես է, ու ամեն վերևից աղբ նետելը՝ արհամարհանք սեփական հողի նկատմամբ, որն էլ Աստված վերցնում, տալիս է ուրիշի: Խուզից առաջ Մենակը էլի անճանաչելի էր, կործանումից մի քայլ առաջ: Հա՛, առաջ, ոչ թե՝ ետ: Մենակն անցել էր կործանումի վրայով, անգիտակից, չընդհատվող հարբեցողության ու անառակության թմբիրով, ինքնակեղծումով, ինքնաոչնչացմամբ ու անարթուն, լացելով ցավից, անզորությունից, ամոթից ու կատաղությունից: Սովորական ու ամենօրյա խումի ժամանակ, երբ բաժակակիցները ասում էին՝ տղերքի կենացը ու խմում, Մենակը մտքում մրմռում էր՝ կներեք, տղերք։ Այսպես, ողջ գիշեր, ողջ տարին, նախավերջին խուզից հետո, երբ Սասունցի Դավիթ կայարանում խաղաց «Էնդշպիլ» շախմատային ներկայացում-պերֆորմանսը, որից հետո մնաց մենակ, ոչ միայն գրական կամ բեմական կերպարներով ու մեծատառով գրվող Մենակ, այլ հենց մենակ՝ առանց որևէ իրական մեկի, հարազատ մեկի, ընկերոջ, սիրելիի, ընտանիքի, հայրենիքի, երկրի, Ուսուցչի ու Աստծո: Եվ ամեն գինարբուքից հետո, արթնանալով Պուշկին 4, հետո՝ 1 հասցեում, ուզում էր հիշել ազգությունն ու անունը իր կողքին քնած մերկ կնոջ: Մերկ կին: Մերկ կին: Մերկ տղամարդ: Մերկ տղամարդ: Մերկ մարդ: Մերկ: Մերկ Աստված: Մերկ ու մենակ:
Խաղաքարերը դասավորելուց հետո, ավելն ու աղբաթին տեղը դնելուց հետո, հիշելուց հետո, որ Արոնյան Լևի հետ հենց էս խաղադաշտում նկարում էին Էնդշպիլ ֆիլմը, դանդաղ քայլեց դեպի դրոշը՝ գետնին, այսինքն՝ ռազմադաշտին դրված դրոշը: Այն ժամանակ, այստեղ, նոր քայլել սկսող երեխայի հասակի չափ զինվորներ ու համ քայլող, համ խոսող երեխայի չափ խաղաքարեր էին՝ ֆիգուրներ: Առաջինը էս խաղադաշտում սկսեցին դիտարկել հայկական շախմատի տարբերակը, ըստ որի, զինվորները առաջին շարքում էին, արքան ու մյուսները՝ երկրորդ, այսինքն՝ նրանց դիմաց: Լևն ասեց, որ սա սիրուն գեղարվեստ է, Մեն ջան, պոեզիա, բայց շախմատ չի, գուցե միայն արքանե՞րը լինեն առջևում, դեմ-դիմաց, խաղը սկսեն իրենք: Փորձեցին: Սպիտակ արքան՝ f4, սևը f5 դաշտերում էին: Յոթ քայլ անց, արքաները հայտնվեցին խորը թիկունքում, զորքը սկսեց գրոհել զորքին: Հետո, Լևը ցույց տվեց լրտեսական շախմատն ինչ է. Սև ձիերն ու սպաները սպիտակների զորքում են, սպիտակներինը՝ սևերի: Խաղացին, հետաքրքրվողները մոտեցան, լուսանկարվեցին, հեռացան: Գնացին նաև Լևն ու Մենակը, Պուշկին 4, նստելու և զրուցելու, փորձելու և քննարկելու հայկական շախմատի հնարավոր բոլոր տարբերակները: Սա մի տարի առաջ էր, հիմա, Մենակը ծանրաձողը նույն հասցեից մեն մենակ բերել էր, ճանապարհին դարձրել ծանր դրոշ, դրել շախմատի խաղադաշտին, սպասում էր: Ինչի՞ն: Հասնելուն: Հասավ: Ծանրաձողին: Ծանր դրոշին: Այդ պահի բոլոր տեսնողներին թվաց՝ կքանստեց, ծանրամարտիկի պես, ամուր ու հարմար բռնելու ձողը, միայն Աստված տեսավ, որ ծնկեց, վիրավոր զինվորի պես, գետնին ընկած դրոշը բարձրացնող զինվորի պես, կռվից առաջ աղոթող զինվորի պես: Նա մոռացել էր, բայց ես կվկայեմ՝ որտեղից ու երբ սկսվեց այս պատմությունը՝ ծանր մարտը:
22 Մայիս, 2019, 11:20:50
Առաջին մոտեցում
Վկայություն այն մասին, թե ինչպես է Մենակը որոշում ծանրամարտով զբաղվել այն տարիքում, որում ծանրամարտիկներն արդեն թոշակի են անցնում։
Ես երեսունվեց տարեկան եմ: Պատահել է, որոշակի ընդմիջումներով, կիսատ-պռատությամբ, զբաղվել եմ սպորտով՝ կարատե, ֆուտբոլ, երկու անգամ նույնիսկ ըմբշամարտի պարապմունքների եմ հասցրել հաճախել, շախմատ՝ ի վերջո: Սպորտը ինձ միշտ է հետաքրքրել, հիմա էլ, բնականաբար, բայց ինքնախոստովանական ներքին ցուցմունքի ժամանակ պարզվեց, որ այն ինձ ավելի շատ երազանքի տեսքով է հետաքրքրել, քան՝ նպատակի: Երևի սրանից էր պետք սկսել՝ հասկանալ, թե ինչի համար է որևէ բան հետաքրքրում: Տասնվեց տարի առաջ, երբ դեռ ապրում էի ծննդավայրումս՝ Ուրծաձոր գյուղում, մեր հարևանի տղան, այսինքն՝ մեր ընտանիքի սանիկը, Անդրեասյան Թաթուլը լրջորեն զբաղվում էր ծանրամարտով: Մերոնց անքննարկելի հաստատմամբ, մեր նախնիները 100 տարի քավոր-սանիկ են եղել՝ մենք՝ Հովհաննիսյաններս, իրենց կնունք հարսանիքների, իրենք՝ Անդրեասյանները՝ մեր: Որոշակի վերապահումներով, այդ ծանրակշիռ ավանդույթը շարունակվում է մինչ օրս: Չնայած, այս թիվը մի քիչ վիճելի է, քանի որ այս երկու մեծ գերդաստաններում կան, չգիտեմ որ փաստարկներով, ավելի ծանրակշիռ համոզմունքներ, որ 100 տարուց ավելի է այդ կապը, քանի որ այն սկսել է Մեծ Եղեռնից առաջ, Խոյ գավառի Կոտոր կամ Կոտուր գյուղում: 100 տարի: 100: Գիժ են, չէ՞: Բայց իմ պատմությունը ծանրամարտի մասին է, ոչ թե՝ գժերի: Եվ այսպես, 16 տարի առաջ, պարտադիր զինծառայությունը ավարտելուց, ծառայությունը ենթասպայի կոչումով շարունակելու առաջարկը մերժելուց հետո (մերժեցի, քանի որ գեներալ դառնալու երազանք չունեի՝ անկեղծ ասած, իսկ առանց էդ երազանքի… եսիմ, արժէ, թե չէ), հպարտորեն զորակոչվելուց հետո, մերոնք բացահայտեցին մի անպատկերացնելի իրողություն. իրենց գրագետ, կիրթ, բժշկական համալսարանի ընդունելության համար պարապող տղան… ծխում է: Մայրս նայում էր ինձ, ինչպես Աստված է նայում օր օրի մոխրացող այս մոլորակին: Հայրս քթի տակ «քու անգլուխ տիրու մերը» արտահայտությունը տերունական աղոթք դարձրած՝ գնում գալիս էր, հավանաբար զղջալով, որ ծխել է իմ ներկայությամբ, երբ ես անբիծ, անմորուք, անկարծիք ու աներազանք մանչուկ էի: Դե ի՞նչ անեի ես: Հարկավոր էր մոխրացող մոլորակի կործանումը կասեցնել, քանի որ այդ տարիներին միայն մեր գյուղում թոքի քաղցկեղի մահացության տոկոսն ավելի բարձր էր, քան ամենաբարձր տոկոսով վարկ տվող բանկերի լկտիությունը: Եվ այսպես, առաջին հանդիպումս ծանրամարտին եղավ Թաթուլի ուղղակի միջնորդությամբ: Մենք, իրենց պոպոքի ծառի տակ, օր օրի ավելացնում էինք ծանրաձողի քաշը, իսկ ես շարունակում էի կառչած մնալ ծխելու անզուսպ սովորույթից, մանավանդ, քավորկին Թամարի սարքած յուղոտ, շատ համով ու անպայման տավարի մսով սարքած ճաշն ուտելուց հետո: Ի՞նչ անել: Ես չէի ծխում միայն պարապմունքի ժամանակ, այսինք, ժամ, ժամ ու կես. հետևաբար, եթե ուզում էի չծխել, պիտի միշտ պարապեի: Բայց հո չէի կարող ապրել Թաթուլենց տանը: Իհարկե, քավոր Սաքոն՝ Թաթուլի հայրը, դեմ չէր լինի, բայց դեմ կլիներ հաստատ քավոր Գագոն՝ հայրս: Ճիշտն ասած, ինձ համար մեկ է մինչև հիմա էլ՝ որտեղ կապրեմ, կարևորը՝ ապրեմ:
— Ապե՞ր:
— Հա ջան,- անզսպելի հևացի ի պատասխան:
— Մի հատ բան ասե՞մ:
Տասնհինգամյա Թաթուլը խորհուրդ տվեց տանը ծանրաձողանման ինչ-որ բան ունենալ: Կպանք գործի. գտանք երկու երկաթե անիվ, որոնք կոլխոզից մնացած ինչ-որ պատկառելի թրթուրավոր տրակտորի անիվներ էին եղել ժամանակին. ի դեպ, մեր գյուղը ֆանտաստիկ ցուցանիշներ է ունեցել սովետի ժամանակ՝ ծխախոտագործության մշակման ու արտահանման ոլորտում: Ամեն անգամ, տանը, կենսաբի կամ ֆիզիկայի պարապմունքի ժամանակ, երբ ներսիս նիկոտինապատկան ցուցարարները ընդվզում էին, վազում էի մեր թթի ծառի տակ բնակվող ծանրաձողիս մոտ, որի ակերը երկար, շատ երկար ճանապարհներ էին անցել ու թվում է, կշռում էին ընդամենը 36-ից 40 կիլոգրամ: Մի քանի հրում վարժություն, ու վերջ. ներքին ընդվզումը ճնշված էր: Պատկերացրեք, այս եղանակով ես թողեցի ծխելը և Աստված ուրախացավ, որ մոլորակի մոխրացումը կասեցված է. հետևաբար՝ մայրս էլ: Ես դառնում էի ուժեղ ուսերով, մեջքով, ոտքերով, բազուկներով երիտասարդ: Մոտեցել էի 50 կիլոգրամանոցին արդեն: Մանկությունից մնացած 100 թվի խորհրդաբանությունը կարծես իմաստավորվում էր: Ու երբ հաղթահարեցի 50 կիլոգրամանոց կիսումը, սկսեցի մտածել… սկսեցի զուգահեռներ տանել այլ մարզաձևերի ու ծանրամարտի միջև, ու անկեղծ, չէի հասկանում ծանրամարտի իմաստը որպես սպորտաձև, քանի որ, ըստ իմ դիլետանտական վերլուծության, յուրաքանչյուր սպորտաձևի առաջացման նախապայմանը նախ և առաջ մարդու գոյաբանության պահանջից, ապրելու պայքարից ու կռվից է առաջացել կամ ընդամենը զվարճանքի ու ժամանցի: Բայց ինչի՞ համար է ծանրամարտը, այս ահռելի տանջանքը: Ի վերջո, ո՞ւմ է հաղթում ծանրամարտիկը, նրան, ով ավելի քի՞չ է կարողանում բարձրացնել, թե՞ նրան, ով ընդհանրապես չի կարողանում, չգիտեմ: Գուցե ինքն իրե՞ն: Գուցե: Այ էս մտորումների ընթացքում սկսեցի ծխելը, քանի որ փոքրուց գիտեի, որ մտածողներն անպայման պիտի ծխեն: Ու Աստծուն չտխրեցնելու համար, հեռացա մորս աչքերից: Ընդունվեցի բժշկական համալսարան, ու անմիջապես որոշեցի դուրս գալ, քանի որ վստահ էի՝ պետությունն անիմաստ փող է ծախսում՝ անհույս ռոմանտիկից դեղագետ բժիշկ ստանալու ճանապարհին: Ինչո՞ւ պատմեցի այսքանը, որովհետև, ուզում էի պատմել: Որովհետև, դեռ այն ժամանակ թաքուն երազանք ունեի, բարձրացնել հարյուր կիլոգրամանոց ծանրաձողը, ազատվելու համար կարծես ավելի ծանր մի բեռից, որն ապրում է կարծեմ ոչ միայն իմ ներսում: Շատ սենտիմենտալ ծանրամարտիկ կստացվեր ինձնից: Լավ է, որ չստացվեց: Դուք գիտեք, կամ գուցե լսել եք էն երեխաների մասին, որ մանկության հեծանիվը չունենալու երազանքով են մեծացել: Ես մի քանի հեծանիվ եմ ունեցել, բայց չեմ ունեցել իմ մի՛ երազանքը, որի մասին չպատմեցի. այդ երազանքը ծնվեց այն ժամանակ, երբ տեսա Վահիկ հոպարի գրադարանում Յուրի Վարդանյանի մասին պատմող գիրքն ու նրա շատ հայտնի ժպտացող լուսանկարը՝ գլխավերևում պահած հերթական ռեկորդը: Այս մենախոսությունը եթե օրերից մի օր դառնա բեմական խաղ կամ նկարահանվի տեսախցիկով, «գլխավերևում պահած հերթական ռեկորդից» հետո հարկավոր է լուռ ու ուժեղ արտասվել՝ համարելով, որ ծանրաքարերը ներկված են իմ պետության դրոշի գույներով և այն չի կարելի ցած նետել: Ես մոտենում եմ ծանրաձողին: Իսկական, ծանրամարտի պարապմունքի դահլիճում, մարզիչս Աշոտ Դանիելյանն է, ով Եվրոպայի չեմպիոն դառնալու ժամանակ հիշեցրեց իմ մանկության երազանքը. այդ ժամանակ ես դեռ բանակ չէի գնացել, չէի զորացրվել ու ծխելը թողնելու նպատակով չէի մարզվում Թաթուլի հետ: Բարձրացնում եմ միայն ձողը: Դժվար է: Թվում է՝ ձողը ինչքա՞ն ծանր պիտի լինի որ, բայց երբ բռնում ես այնպես, ինչպես կարգն է, անգամ դրոշի փայտե կոթն է ինչ որ ժամանակ հետո քարացնում մկաններդ: Ես երեսունվեց տարեկան եմ. իմ տարիքում, ծանրամարտիկները անցնում են մարզչական աշխատանքի կամ թոշակի: Ես փնտրում եմ նրան, ով չի հավատում, որ ես… մի րոպե խորհրդակցեմ մարզիչիս հետ…
— Ընկեր Աշ, իմ էս պահի անձնական ռեկորդն ինչքա՞ն ա:
— 44 կիլո, ախպեր:
— Քանի՞ օր հետո կկարողանամ 100 կիլոգրամանոց մոտեցում անել:
— 44 ախպեր:
Կանգնում եմ հայելու դիմաց, առանց ծանրաքարերի ձողը մի կերպ՝ գլխավերևումս պահած: Պարանոցիս մկանները ձգվել են, կոկորդս էլ. հետևաբար՝ ձայնալարերիս աշխատանքն ու արտաբերումը մի փոքր այլ է…
2023թ.- մայիսի 16-ին, ջնջվեց ձգված ձայնալարերի ցավող ձայնով արտաբերված տեքստը, փոխարենը՝ ավելացվեցին խորհրդաբանական թվեր ընկեր Աշի ուղղակի խոսքի մեջ ու շարունակվեց Իշխանյան Հովոյի ֆեյսբուքյան հանրագրով.
— Մենակը սևերն ու սպիտակները միավորում ա, որ արցախը պահելու ուժն ավելանա:
#պահիԱրցախը
#արվեստնԱրցախին
#artforArtsakh
Շուշիի նախավերջին ազատագրման տարելիցին Մենակը բարձրացրեց 44 կիլոգրամանոց դրոշը, նայեց դեպի վեր, նայեց տղերքին՝ Սարմատին, Արմանին, Անդրեասին, Լյովին, Արթուրին, Անդոյին, Քյարամին, Աբելին, Ադամին, Լեոնիդին, Գևորգին, Մոնթեին, Մգրոյին… ու աղոթքի պես մրմնջաց.
— Կներեք, տղերք: Կներե՞ք, տղերք…
Երկրորդ մոտեցում
Նույն գլխացավն է: Քառասունամյա: Հիմա:
Այստեղ:
Ի՞նչ է պատահել: Ոչինչ: Կարդում եմ այս գիրքը իմ վախկոտության մասին՝ հուսալով, որ գրվել է ուրիշի կողմից, իր անունով, և իր խոստովանած գլխացավն իրենն է, իմը չէ, ու կարելի է կարդալ, լսել ու կարեկցել եղբայրաբար կամ քույրաբար՝ ուրիշ գլխացավով, ուրիշ տարիքով, ուրիշ տեղ, բայց հիմա:
Ծանր Դրոշը Ազնավուրի հրապարակից Ազատության հրապարակ տեղափոխվեց ձեռքով. դրանից առաջ, Բաղրամյան փողոց էր հասել տաքսով, տաքսու վարորդը նախ զարմացավ, հետո չզարմացավ: Նստած տեղից աջ ձեռքով օգնեց տեղավորել ձողն այնպես, որ մեքենայի տանիքի աստառը չվնասվի՝ մեկ, երկրորդը՝ առաջին նստարանին նստողին էլ տեղ մնա՝ ձողի անկյունագծային դրվածքից հետո: Երկու ծանրաքարերը, յուրաքանչյուրին երկու դրոշի շրջանաձև, բարձրորակ տպագրությունները փակցված, դրվեցին սրահում, Իշխոյի կողքի նստարանի ոտնատեղերում: Մենակի ուսերը, ուսահոդերն, ավելի ճիշտ, տնքում էին ցավից, բայց ցավը չէր կարող լսելի լինել ոչ ոքի՝ ո՛չ վարորդին, որ տեղի ունեցողի լուռ համաձայնն էր, ո՛չ Հովոյին, որ պերֆորմանսի գաղափարը ծնվելուց մինչ իրականացումը ամենաակտիվ ջատագովն ու ոգևորողն էր, ո՛չ Էլիսոնին, ո՛չ Նարեին, ո՛չ Նարեկին, որոնք Ակն ընդ ական վավերագրողների համայնքի ակտիվն էին ու պերֆորմանսի աջակիցները: Ես չգիտեմ՝ ինչ էր մտածում Հովոն, երբ ընկերոջը գրեց՝ անունը Ակըն ընդ ական եմ դնում, բայց գիտեմ, որ Մենակն իր որդու անունը կարդաց երկնքում, հետո երկնքից անունը տեղափոխվեց եկեղեցու պատին, եկեղեցու պատից էլ՝ ծննդյան վկայական: Դրանից առաջ նա երազ էր տեսել, երազում ձայն լսել. «Անունը Ման չդնես», ձայնը լսել էր հեռավոր, անծանոթ մի տեղ, հավանաբար, մարդկության պահուստային գենամբարի մոտակայքում, որի աշխարհագրական տեղն ու դիրքը ոչ ոք չգիտի: Կամ գիտի՞ գուցե, բայց արդեն հոգեբուժարանում է, որ ոչ ոք լուրջ չընդունի նրա ասածը: Երազից հետո եկեղեցի էր գնացել՝ Վարպետի խորհրդով, մոմ վառել, խնդրել Աստծուն՝ նշան ցույց տա. կինն ու երեխան ծննդատանն են, ծննդյան վկայական պիտի տանի՝ հայրության իրավունքը ճանաչի, որ տուն բերի, այն տունը, որը չի ունեցել երբեք ու չի էլ ունենալու: Խնդրել էր անկեղծ, անօգնական ու մենակ թվացող լռության պես, հետո կիսամթից դուրս եկել, նայել բոլոր մարդկանց տան ուղությամբ, ու անունը հայտնվել էր աչքերի առաջ, մոտավորապես այն հեռավորությամբ, որքան հիմա մեքենայի դիմապակին էր: Հեռախոսը հանել, կնոջն սմս էր գրել. «Նարեկ», կինը պատասխանել էր՝ լավ, հետո, շատ հետո, շատ չէ՝ քիչ, երբ գրկել էր օր օրի ծանրացող իր որդուն՝ օր օրի ցամաքող իր մարմնով, աճուկային ճողվածք էր վաստակել, հետո վիրահատվել ու գնացել էր երկրից՝ ՌԴ-ով Ղրիմ, Կերչի նեղուցով անցնելիս ամաչել Երկրորդ հայրենական պատերազմի ժամանակ հենց էդտեղ ֆաշիստական հորդան իրենց մարմնով ու կյանքով փակած հազարավոր զոհերից.
— Էդ ե՞րբ էր Մենակ:
Պտտվեց: Հովոն չէր հարցնողը: Վարորդն էլ չէր: Վարորդը Խցանման մեջ խաղաղ ու անվրդով քայքայվում էր: Բա ո՞վ էր:
— Ե՛ս: Հարցնում եմ՝ ե՞րբ հեռացար Հայրենիքից:
— Հայրենիքից չէ՝ երկրից:
— Հա լավ: Ե՞րբ:
— Դե ի՞նչ կարևոր ա՝ երբ:
— Սա դոկումենտալ, ավելի ճիշտ գեղարվեստավավերագրական գիրք ա, թվերը կարևոր են:
— Սա գիրք չի, ինքնախոստովանական ցուցմունք ա:
— Շատ լավ: Հարգելի մեղադրյալ, ե՞րբ եք վերջին անգամ եղել Կերչի նեղուցում:
— 2017-ին:
— Առաջին անգա՞մ:
— 1854-ին:
— Գիժ ա էս տղեն, հորս արև,- Հովոն ֆեյսբուքի մեջ անմռունչ ու նպատակային ճակատամարտ էր վարում:
— Ո՞վ, Հով:
— Չես ճանաչի, ախպեր: Ստե պահի, իջնենք, ախպեր:
Տաքսին կանգնեց մայթին պարող երիտասարդների մոտ: Դրոշն իջեցրին: Մոտեցրին ստորագրահավաքի սեղանին, որի թիկունքում պաստառներ էին, ինչպես Ազնավուրի հրապարակում՝ «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» և նմանատիպ այլևայլություններով: Դրոշին առաջինը մոտեցավ Գինոսյան Գագիկը: Բարձրացրեց: Նրան փոխարինեցին իր պարախմբի՝ «Կարին» ազգագրականի տղերքը: Ծանր դրոշի առաջին ռեկորդը սահմանվեց՝ 35 րոպե օդում: Մայիսի 7-ն էր: Մայիսի ութին, Ազատության հրապարակում, դրոշը մնաց օդում 44 րոպե. Նառան հուզմունքից լացում էր, Խանջյանը՝ մտքում, Մանեն լուռ նայում էր, Շոշ գյուղից Ալիկը, որ առաջինն էր մոտեցել դրոշին, բարձրացրեց, նայեց վեր ու սկսեց աղոթել: Աղոթելու պես: Առանց չափազանցնելու: Այդ օրվա ռեկորդը 40 րոպե էր՝ դրոշի օդում մնալու, գետնին չընկնելու ռեկորդը: 2023 թ.-ի մայիսի 8-ն էր, իսկ 2019 թ.-ին Մենակը շարունակում էր օրագրել իր ծանրամարտի պարապմունքների խրոնոլոգիան:
22.06.2019
Ես համաձայն չեմ: Երեկվանից ծանր պարտություն կրածի պես եմ: Ծունկս էլ ոնց որ մի քիչ վնասել եմ: Շատ կասկածելով եմ ասում ոնց որ մի քիչ, քանի որ համաձայն չեմ նաև էդ փաստին: Աստիճանաբար սկզբնական, բուն նպատակը դառնում է երկրորդային, ինձ հետաքրքրում է ոչ թե նկարահանումը, այլ՝ հենց ինքը՝ ծանր մարտը: Այսինքն, հետաքրքրել ասվածը բավականին մակերեսային ձևակերպում է: Տխուր եմ: Հիասթափված գուցե: Հարկավոր ա մոռանալ երեկվա անհաջող մոտեցումներն ու ցածր արդյունքը:
Ինչի՞ համար ա պետք էդքան ինֆորմացիան, եթե վճռական պահին ոչինչ չի օգտագործվում: Ես վստահ եմ, որ էս պահի դրությամբ իմ սահմանագիծը 60 կիլոգրամը չի ու վստահ եմ, որ 36 տարեկան լինելն էլ անհնարին թվացողից հրաժարվելու գաղտնագիրը չի: Էդ դեպքում ինչն ա՞։ Ես մեծ ստի մեջ եմ: Խորը կուրության: Ես վախկոտի մեկն եմ: Ընդամենը: Ես չեմ գիտակցում՝ ինչ ասել է մարդ, մարդկային հնարավորություններ: Ես ընդամենը գիտեմ գեղեցիկ բառեր ու էդ գեղեցիկ բառերով կազմված նախադասություններով երկար-բարակ խոսել: Ես չգիտեմ՝ ինչ է նպատակն ու ինչի համար է նպատակ ասվածն ընդհանրապես: Ես չգիտեմ իմ կյանքի անելիքը ու դրա պատճառով գնացել եմ մի տեղ, որտեղ անելիք չունեմ: Իսկ հնարավոր չի՞, որ ինչ-որ մեկը պարզապես անելիք չունենալու անելիքով եկած լինի էս մոլորակ, ու հնարավոր չի՞, որ էդ ինչ-որ մեկը ես եմ։ Ամեն ինչ էլ հնարավոր է: Եթե ամեն ինչ հնարավոր է, բա ես ի՞նչ բանի եմ: Բոլորը միաբերան ասում են՝ հավատ, պիտի հավատաս, որ կարողանաս: Ասում եմ՝ էդ որ ասում ես հավատ, էդ ի՞նչ ա, ի՞նչ նկատի ունես, Վարդանն ինձ տեխնիկան ա ցույց տալիս, ծանրամարտի արագաուժային սպորտաձև լինելու փաստն ա հաստատում: Այ ախպեր… չնայած, ի՞նչ եմ ուզում էս մարդկանցից, իրանց համար հանգիստ պարապում են: Երևի հավատն էլ իր տեխնիկան ունի, հավատալու համար էլ պիտի պարապած լինես:
Մարզադահլիճում հայելուց մի քիչ վերև ու կողք խաչելության քանդակից մի հայացք հետևում է էս ամենին:
07.06.2019 թ.
Էրեկ շատ վատ էի: Ծանրամարտի պարապմունքները սկսելուց հետո ինչ-որ բաներ են կատարվում մարմնիս հետ թե իմ, չգիտեմ: Մեկ շատ ուժեղ եմ ինձ զգում, մեկ՝ քաղցկեղով հիվանդ, մեկ՝ դժբախտ ու տառապյալ, մեկ՝ երջանիկ ու ազատ: Գուցե պատճառը անսովոր շոգն է, ու էս ամենն ընդամենը ստեղծագործական զուգադիպումներ են, ու իմ պես միլիոնավորներն են տառապել էրեկ շատ վատ լինելուց, առավել ևս նրանք, որոնց անընդհատ զանգեր ու հաղորդագրություններ են գալիս բանկից՝ ժամկետանց վարկի վերաբերյալ. բանկի աշխատողներն արդեն կարող են հանգիստ չներկայանալ. ձայներից եմ ճանաչում. նախ հարցնում ենք իրար որպիսությունը, նախքան պաշտոնական ձայնագրվող այն հղումը, որ այսօր էլ ավելացավ ուշացման վրա, ու դուք ավելորդ գումար եք կորցնում, հարգելի Գարիկ: Մի խոսքով, էրեկ շատ վատ էի-ից հետո էսօր արթնացա, ոչ շատ, բայց էլի վատ: Վարպետն ասեց՝ լակել ես էլի, ասեցի՝ լավ էլի, Վարպետ:
08.06.2019
Կարծում եմ, հասկանալի ա՝ ինչքան վատ էի էրեկ չէ առաջին օրը, որ էրեկվա սկսածս էդքան արագ կիսատ մնաց: Տան առաստաղից հող էր թափվում հիշողությանս մեջ. դանդաղ, ընդհատումներով, զբաղվելու նման: Քնից արթնացա՝ հազիվ քնած, ու հասկացա, որ հողը թափվում է ոչ թե հիշողությանս, այլ՝ գիտակցությանս մեջ: Հողոտ գիտակցությամբ էլ հնարավորինս անաղմուկ, դիվերսիոն հետախույզի պես վեր կացա՝ չարթնացնելով քնածներին: Դուրս եկա ծխելու: Ինչ-որ երեխա բարձր, ընդհատումներով ինչ-որ բան պատմելու պես լաց էր լինում: Ի՞նչ է պատահել, չեմ հասկանում: Ոչ ոք չի հասկանում, թե ինչու է բան պատմելու պես լացող մարդը արթնանում քնից, որ էլ չկարողանա քնել:
Վարպետը երեկ ասում էր, որ գծի նկատմամբ վերաբերմունք ա պետք ունենալ, հարգանք, հավատ: Ա տառի մեջ նուռ ենք քանդակում: Ինձ թվում էր՝ ծանրաձողի կշռաքար է, ոչ թե նուռ. ճիշտն ասած, բավականին կլոր ստացվեց. դե սա նախնական տեսքն է, սևագիր, այսպես ասած: Վարպետն ասեց՝ գունդը ստացեք, նիստերը հետո կանենք. դեռ տեսքը վերջնական չի: Ինձ թվում է՝ սևագիր ամեն բան էլ կլոր է եղել, կաթիլը, արևը: Կաթիլ բենդի Սևադան չհասցրեց գալ տեսախցիկը տանելու: Անձնական ռեկորդի մասին մի երկու բառ ասեցի, հետաքրքրվեց. գուցե համագործակցենք: Էսօր Արև եմ ծեփել կավով: Ավրորա մրցանակաբաշխությանը «Երեք սերունդ» վերնագրով դոկ ֆիլմ էին նկարում: Եկել էին արվեստանոց: Երևանյան պատկերներ էին նկարում: Սարինեն էր ռեժիսորը: Արևն էլ՝ Ավանեսյան, օգնում էր կամ պրոդյուսերն էր, չհարցրեցի: Ասեցի՝ էկեք գնանք ներս, կոֆե խմենք: Կոֆե չուզեցին, բայց ներսը տեսան, ուզեցին նկարել: Սարինան խնդրեց դիմաքանդակ անել: Ասեցի՝ կուզես խաչ, ասեց՝ չէ, խաչերը շատ են, մասք եմ ուզում, ու սիրուն ժպտաց: Ես չեմ հիշում՝ ժպտացի, թե չէ, բայց փորձեցի անել՝ ինչ առավելագույնն էր էդ պահին: Օպերատորի անունը մոռացա, անգլերեն էր խոսում միայն, չէի հասկանում, բայց շատ պինդ, բաց ու անկեղծ էներգիա ուներ. էն որ, թիկունքով ես զգում, դրանից: Շատ հախուռն պրոցես էր: Սարինայի կիսադեմն էի ուզում ծեփել, ընթացքում մոտեցավ, ասեց՝ կարո՞ղ ես արև քանդակել, ասեցի՝ կփորձեմ: Փորձեցի: Առաստաղից հող չէր թափվում: Ինչ-որ երեխա չէր լացում բարձր, ընդհատումներով: Մի շնչով արեցինք և՛ դիմակը, և՛ նկարահանումը: Քրտնել էին և՛ նկարահանողները, և՛ դիմակը, և՛ Վահանը: Վահանը իմ նոր անունն է. Սարինան ինձ Վահան կնքեց: Ասեց՝ քեզ Վահան անունը կսազի: Հեռախոսի մեջ գրեց՝ Գարիկ Վահան: Ես իրենը՝ Սարինա Արև: Արև բառը գրելիս արևի պիտակ հայտնվեց՝ որպես առաջարկ: Խելացի հեռախոսի առաջարկը ընդունեցի: Սարինա Արև: Գրկեցինք իրար ու ասեցինք՝ մինչ հանդիպում: Էս տեքստը գրելիս հիշեցի, որ երրոդ աչքը միացված չէր: Ոչինչ: Բան չկա: Տղուս հետ զրուցելուց հասկացա, որ նրան պետք ա սովորացնել, հիշեցնել, ավելի ճիշտ, թե ոնց պիտի ծեծ չուտի. ծեծելն ինքուրույն կսովորի:
16.06.2019
Տուն Արվեստանոց ցուցանակը սարքեցինք Մոնումենտի տանը. այն հիմա ամրացված է իրական տուն արվեստանոցում՝ Արամի 29 հասցեում: Իմ կյանքի վերջին տասը տարիներն ուղղակի ու անուղղակի կերպով կապված են էս հասցեի հետ: Սա շուտով քանդվելիք տարածք է, բայց ինձ համար արդեն քանդվել է, քանի որ Վարպետը հեռացավ էստեղից: Մի օր համարձակությունս եթե հերիքի, երևի պատմեմ ինչի համար հեռացավ, բայց էսօր Վարպետի հետ խոսելիս ասեցի, որ ես էլ եմ մտածում գնալու մասին, ասեց՝ խնդիրը տարածքը չի, ապեր… Գյուղ ուղարկեցի հավաքածս շինանյութը, որով պիտի վերանորոգեի արվեստանոցը, որտեղ էսօր Արևը մշակելուց Հայկի հետ էլի խմեցինք, լիքը: Մեկ-մեկ ինձ թվում ա՝ մենք էսքան խմում ենք բնազդաբար մեր ներսի սիրուն, ծեփակերտ կավե հիշողությունները խոնավացնելու համար, որ չճաքեն, չքանդվեն, ինչը տեղի ունեցավ Արևի հետ: Արևը ծեփելու հաջորդ օրվանից սկսեց ճաքել. սա, իհարկե, հաճախ է պատահում, բայց էս դեպքը մի քիչ ուրիշ էր էնքանով, որ գործը միանգամից սկսեց թելադրել իր էդպիսին լինելը: Իմ խնամելը, Հայկի ասածի պես՝ շատ սիրելը բան չփոխեց. Արևը բաժանվեց մասերի: Ընդգծված սպիներ: Հայկի հետ խմելիս հենց էդ էինք խոսում, ու էդ էլ եղավ: Ասեց՝ ինչի ա սենց տխուր էս արևը, ասեցի մեզ ա նայում, դրա համար էլ տխուր ա: Ամբողջ մարմինս ցավում ա. երեք-չորս պարապմունք բաց թողնելուց հետո սկսելը նման էր ամեն ինչ զրոյից սկսելուն. նույն, ավելի իմաստավորված ցավերն են, որոնք մկաններս պատմում էին գիտակցությանս մոտ մի ամիս առաջ: Ճիշտն ասած, ամեն ինչ վերաիմաստավորվել ա. էն, որ սկզբում մտածում էի ռեալիթի շոու սարքենք, գրազ գամ՝ էս անեմ, էն անեմ, դառել ա շատ երկրորդային. մի տեսակ Քամյուի Կալիգուլային եմ սկսել հասկանալ.
— Բեռնավորել եմ ինձ մի թագավորությամբ, ուր անհնարինն է թագավոր:
Նկարահանման էս եղանակը տանում է ամեն ինչ վերևից նայելուն: Քո փոքր ապրումը, կարճ օրը, որը ահռելի ժամանակի վրիպակ ա կամ էականություն: Արվեստանոցի դուռը բաց ա, բայց սիգարետի ծուխը դուրս ա գալիս կիսաբաց պատուհանից: Ընկեր Արսը ասում ա՝ դու հենց հիմա էլ կարող ես էդ 100 կիլոն բարձրացնես. խնդիրը էդ չի. տեխնիկան ամիսների բան ա սովորելը. հարցն էն ա, թե ինչքան ես հավատում ու ինչ ես մտածում դրա մասին: Նույնն էլ Աշն էր ասում: Վարպետն ասում ա՝ ի՞նչ տուն, դու կարող ես տներ ունենալ, ու նվիրել չունեցողներին, խնդիրը գիտակցությանդ մեջ ա: Ու… ուզում եմ հասկանամ, էլ ի՞նչ, ինչե՞ր ա պետք ինձ, որ հասկանամ, որ բոլորը նույնն են ասել ու ասում, բայց օլիմպիական չեմպիոն, միևնույն ա, բոլորը չեն դառնում:
27.06.2019
Վաղը երրորդ պարպմունքը բաց կթողնեմ: Տխուր եմ: Անընդհատ: Արյանս մեջ է տխրությունս ու հետս է անընդհատ: Երևում ու չի երևում: Սկսել եմ նորից խմել, բայց խմելն էլ հետաքրքիր չի: Ոչինչ հետաքրքիր չի: Տխուր եմ արդյունքից: 60 կգ-ից: Կարող եմ ասել՝ ոչ մի առաջխաղացում չկա: Առաջին օրն ավելի վստահ էի մոտենում ծանրաձողին, քանի որ քիչ բան գիտեի, կարելի է ասել, ոչինչ չգիտեի կամ չէի հիշում տեխնիկայի գրագիտությունից: Ես գոնե 70 համոզված էի, որ կհրեմ, 80-ի մասին էլ մի քիչ մտածում էի, բայց պարզվեց, որ չէ, ամեն ինչ էդքան էլ էդպես չի, ինչքան երևակայում ենք: Վարպետն ասում էր՝ ամեն նոր գործին մոտեցի չիմացողի պես, մաքուր էջի պես, մոռացի կարդացածդ, տեսածդ, իմացածդ, ու նոր բան կծնվի: Փաստորեն, ծանրամարտն էլ իմ դեպքում նույնն էր: Ընկեր Աշը մի պահ մոտեցավ, ասեց՝ հիմա դու նոր տեխնիկա ե՞ս սովորում, թե՞ առավելագույն քաշ ես բարձրացնում: Էդ ժամանակ Վարդանը շտկումներ էր անում, երբ թեթև քաշով նախավարժանք էի անում: Հետո պարզվեց՝ ինձ համար, որ վճռական մոտեցումից առաջ նոր ինֆորմացիան մենակ խանգարելու է: Տեխնիկայի հղկման վարժանքը ենթադրում ա տևողություն, ընթացք, իսկ ինձ համար էս մոտեցումը, որն ավարտվեց 60 կգ-ով, նույն նշանակությունն ուներ, ինչ Հայաստանի առաջնությունը: Դանիելյանն ասեց, որ մրցումներին էլ ա սենց լինում, ու մի քանի րոպեում մի տարվա քրտինքը հեչ կարա լինի: Օրս սկսել էի եկեղեցում: Քահանան պատմում էր կույրերի բժշկման պատմությունը: Էդ պատմությունը, իհարկե, հազար անգամ չէ, բայց մի քանի անգամ կարդացել ու լսել եմ, բայց ինչի հենց էդ օրը՝ 21.06.2019-ին, հասկացա, որ կույր եմ, բայց բժշկվելու հավատից վախենում եմ: Վախենում եմ հավատալուց: Այ քեզ բան: Պարապմունքից հետո երրորդ աչքը միացրեցի, ու սկսեցինք զրուցել. բոլորը համարյա 19, 20 տարի փոքր են ինձնից ու ավելի: Մարզիչները գնացել են: Մենք ենք: Նստած զրուցում ենք: Տեսախցիկն անջատվեց: Իմ պես էր աշխատում էդ օրը: Անընդհատ անջատվում էր: Մոռացել էի լիցքավորել: Բոլորը տարբեր բառերով նույն բանն էին ասում. պիտի հավատաս: Տխուր եմ: Վաղը երրորդ պարապմունքը բաց կթողնեմ: Ծնկներս մզզում են: Չգիտեմ՝ վնասվել են, թե ծանրաբեռնվածության անսովորության մասին են պատմում: Ուսերիս հոդերն են ցավում: Մեկ-մեկ էլ՝ մկանները: Պահեր են լինում, որ կասկածում եմ. էս ի՞նչ ա՝ հերթական արկածախնդրությո՞ւնս, թե՞ իրական ճանապարհ։ Բայց գիտեմ, որ տխուր եմ, քանի որ բաց եմ թողնում երրորդ պարապմունքս:
***
Նույն գլխացավն է: Քառասունամյա: Հիմա: Այստեղ:
Ի՞նչ է պատահել: Ոչինչ: Կարդում եմ այս գիրքը իմ հուսահատության մասին՝ հուսալով, որ գրվել է ուրիշի կողմից, իր անունով, և իր խոստովանած գլխացավն իրենն է, իմը չէ, ու կարելի է կարդալ, լսել ու կարեկցել եղբայրաբար կամ քույրաբար՝ ուրիշ գլխացավով, ուրիշ տարիքով, ուրիշ տեղ, բայց հիմա:
Մայիսի 9-ին Արցախի ծանր դրոշը հասավ Իլիկ արտ կաֆե, որի մուտքի ձախ կողմում վաղուց, պատերազմից հետո, պարտությունից հետո, հաղթանակից առաջ իլիկագործ Անահիտը կախել էր դրոշը, համբուրել ու երեխայի նման ամաչկոտ, տխուր, մատներով լացը հետ՝ ակնագնդերի մեջ ճզմելով՝ համբուրել այն՝ Արցախի դրոշը, ու մտել Իլիկ: Դրոշը ամեն օր երկարում ու կարճանում էր: Քամուց: Քամին ո՞ր կողմ հոսի՝ քաղաքական, չէ, ավելի զիլ բառ կա՝ աշխարհաքաղաքական ի՞նչ կողմնորոշմամբ սլանա, որ դրոշը ի՞նչ լինի: Դրոշը իլիկին փաթաթվող, մանվող թելի նման կծիկվում էր հորիզոնական ձողին. մի կողմից նայում էիր՝ ՀՀ-ի կարճ դրոշն էր, մյուս կողմից նայում էիր՝ եռագույնը համարյա չկար, միայն Արցախը բնորոշող, Նորավանքի աստիճանների նման դեպի վեր ձգտող կտրուկությունը: Խանջյանին մի օր ասեցի՝ Արցախի դրոշի էս աստիճանաձևությունը Գողգոթայի նշանին է նման, որը շատ տարածված է մեր խաչքարերում, խաչի տակ, վարդյակից վեր, վարդյակից վեր, Խաչի տակ: Հիշո՞ւմ ես, Խանջյան:
Խաչքարագործությունն ու խաչքարն ուսումնասիրելու ժամանակ, մասնավորապես՝ Ջուղայում ոչնչացված խաչքարերի լուսանկարներում հանդիպող խորհրդաբանությունը՝ խաչի ներքին մասում, եկավ ու նույնացավ Արցախի դրոշին: Էս մասին Մենակը նույնիսկ խոսեց Տեր Դանիելի հետ Սուրբ Հովհաննես եկեղեցում, պատարագից հետո:
— Օրհնեք, Տեր Դանիել:
— Աստված օրհնի, եղբայր ջան, ո՞նց ես:
— Փառք Աստծո: Դո՞ւք:
— Երկրի պես:
— Մաքառո՞ղ,- ծուռ ժպտաց, ինչպես Անահիտը է՜ն հեռավոր օրը դրոշը կախելիս:
Քայլեցին բակ: Մուտքի մոտ դրված էին առաջին կրկնօրինակները Ջուղայի խաչքարերի, դեռ էնքա՜ն վաղուց, կարծեմ ՌԴ-ից Իսկանդեր ձեռք բերելու տարին, որի տեսքից միայն, ավելի ճիշտ, տեսքի նկատմամբ ունեցած հանրային վերաբերմունքից կարելի էր կարծել, որ մոլորակի կեսը երեք օրում կգրավենք, մյուս կեսն էլ՝ երբ ուզենք, բայց պետք չի: Արա, խի՞ ենք մենք սենց մանկամիտ՝ ազգովի, հորս թանկ ու ցավոտ արևով եմ երդվում, որ ուզում եմ հասկանալ, խի՞: Ի՞նչ ա մեզ եղել, մեր ի՞նչը չի աշխատում կամ չի աշխատել երբեք:
Հիմա, երբ Մենակը, իր արևին, վերջնականապես որոշել է մտնել բանակ՝ ծառայության, հիշում է 2023 թ.-ին, Սյունիքում, Տեղ գյուղում, բառի ուղիղ իմաստով իր երկրի սահմանը պահելու ժամանակ զոհված Մգրոյի՝ գնդապետ Հարությունյանի հինգ տարի առաջվա հորդորն ու խորհուրդը իրեն.
— Մեն ջան, ես շատ ուրախ կլինեմ, որ դու ինձ զինակից դառնաս, բայց ավելի լավ կլինի՝ դու շարունակես քո գործը:
— Հինգ տարի առաջ, Մկ ջան, հա, շարունակեմ իմ գործը, ֆիլմ նկարեմ, խաղամ ներկայացում, գիրք գրեմ, երեխեքին խաչքարագործություն սովորացնեմ, բայց հիմա, հինգ տարի հետո, ես կասկածում եմ, որ իմ գործը, ու ոչ միայն իմը, նույնն է մնացել:
Հետո Մենակն Արևի հետ գնալու էր Եռաբլուր, ծնկեր Մգրոյի շիրիմի առաջ, մտքում անընդհատ հարցներ՝ ասա, ախպեր, ի՞նչ անեմ: Հետո երազին գալու էր ախպերը, կանգներ, էն իր մանկան պարզությամբ ժպտար, ձեռքերը կրծքին խաչած, ոնց որ մահազդի լուսանկարում, ոնց որ էն հեռավոր օրը՝ 2018-ին, «Հատուկ Ջոկատ» նախագծի ժամանակ, երբ մենք հևասպառ վազում էինք վաղ լուսաբացի պաղի միջով, դեպի իրեն, դեպի մառախուղված այն բլուրը, ուր ինքը վաղուց էր հասել՝ մի շնչով ու խաղաղ, կանգնած սպասում էր մեզ, որ ամենքս մի գործ ունեինք, մեր գործը, բայց պարապում էինք, հեռուստադիտողին ցույց տալու համար, որ… մի խոսքով: Մգրոն այ էդ ժպիտով էր եկել. կանգնեց մի քիչ, գրկեց Մենակին, է՜ն հեռավոր օրվա պես, էլի վազեց մի շնչով դեպի վեր, դեպի իր նոր բարձունքը, դեպի իր նոր ծառայությանը, այս անգամ մյուս վերինների հետ բառի բուն իմաստով հսկելու ու անմահորեն պաշտպանելու հոգևոր Հայրենիքի սահմանները:
Երրորդ մոտեցում
Նույն գլխացավն է: Քառասունամյա: Հիմա: Այստեղ: Ի՞նչ է պատահել: Ոչինչ: Կարդում եմ այս գիրքը իմ հուսահատության մասին՝ հուսալով, որ գրվել է ուրիշի կողմից, իր անունով, և իր խոստովանած գլխացավն իրենն է, իմը չէ, ու կարելի է կարդալ, լսել ու կարեկցել եղբայրաբար կամ քույրաբար՝ ուրիշ գլխացավով, ուրիշ տարիքով, ուրիշ տեղ, բայց հիմա:
Մայիսի 22-ին, 2023թ.-ին՝ Ազնավուրի ծննդյան օրը, Մենակը հիշեց, որ չի հիշում՝ հիշո՞ւմ է, թե՞ չէ Եռաբլուր գնալու օրը։ Հիշեց։ Հիշում է։ էրեկ չէ առաջին օրն էր, Մայիսի 20-ին, երբ Արվեստը ճանապարհ էր բացում: Երևան փալաս հյուրանոցի դահլիճներից մեկում, ուր Ակն ընդ ականը հավաքել էր արվեստավոր մարդկանց՝ ճանապարհ բացելու փափագով։ Էդ օրն էլ պիտի լիներ փերֆորմանսը. ուշ. բայց եղավ: Երրորդը: Ուղիղ չորս ամիս հետո կպարզվի՝ Վերջինը: Վերջի՞նը Պերֆից առաջ, հարցազրույց էր, հարցազրույցից հետո Եռաբլուր գնաց: Մենա՞կ: Հա, ոնց որ մենակ: Հարցազրույցը Իլիկի մոտ էր՝ պետության գերակա շահ ճանաչված շենքի, որի քանդման ու չքանդման պայքարն անհիշելի ժամանակներից սկսել ու չի ավարտվել, որի մուտքի քիվից կախված է դրոշը: Արցախի դրոշը: Հարցազրույցից հետո Ծանր Դրոշը ուսերին դրած՝ քայլեց Հանրապետության Հրապարակ՝ Հյուսային պողոտայով: Չաքմաջյան Արտոյի Քայլող Մարդը արձանացած նայում է գետնին, հողին, երկրին, չի նայում, թե ոնց են նայում անցորդներն իրեն, հողին, երկրին, ճանապարհներին, որ բաց են, ճանապարհներին, որ փակ են, ճանապարհներին, որ նոր պիտի կառուցվեն, ճանապարհներին, որ էլ երբեք չեն գործարկվի, քանի որ տանում են դեպի անհայտություն: Քայլող մարդու մոտով քայլելուց առաջ Մենակը մի պահ նստեց հանգստանալու: Վառեց ծխախոտը: Անցորդները, որ քիչ առաջ նայում էին արձանին, հասնելով իրեն՝ նայում էին ծխին, ծանրաձողին, մարդուն: Երկրորդ ծխի արտաշնչումից հետո քամանչահար օտարազգի եկավ, նստեց Մենակի դիմացի նստարանին, բացեց պատյանը, հանեց գործիքը, բաց պատյանը դրեց գետնին, հողին, երկրին, պատրաստվեց նվագելու: Մենակը արագացրեց ծխելը: Ինչո՞ւ, որ շուտ գնա, որ քամանչայի նվագից հավաքված հանապազօր փողը անուղղակիորեն չնույնանա իր Ծանր Դրոշի հետ: Ինչ խոսք, բավականին կինեմատոգրաֆիկ կլիներ, երբ առաջին մի եվրոյանոց կամ դոլլարանոց թղթադրամի ընկնելը նվագի պահին պատյանի մեջ համընկներ դրոշի վերելքին, բայց տենց չեղավ: Մենակը հանգցրեց կիսատ ծխախոտը, ուսեց իր Ծանր Դրոշն ու հեռացավ ակնկալվող սրտակեղեքումից դեպի հնարավոր դռնբացություն՝ արվեստի միջոցով: Ու ինչքա՞ն ես մնալու էսքան միամիտ ու մենակ դու, Մենա՛կ…
…Հովոն ճանապարհ բացող արվեստի փակումից հետո հերթական լուսանկարով կհրապարակի Ծանր Մարտ — Ծանր Դրոշ երրորդ փերֆորմանսից մի ակնթարթ.
Դասականները պահում են Արցախը. գրող Գուրգեն Խանջյանը, Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի բեմադրող ռեժիսոր Վահան Խաչատրյանը, դերասան, ռեժիսոր Գարիկ Հովհաննիսյանը ու գրող Մարինե Պետրոսյանը
#ՊահիԱրցախը
Էս օրը Մգրոյի քառասունքն էր: Եռաբլուր գնալու մենակության պատճառն էդ էր: Չկարողացավ գնալ բոլորի հետ, քանի որ ամեն զոհի համար, առավել ևս նրանց, ում ճանաչել է, Մենակը մեղավորություն ու ամոթ էր զգում: Մեր նամակագրությունից մի հատված եմ դնում, Մկ ջան, ներող.
10.02.2020, 10:29
— Շնորհավորում եմ ախպեր ջան և ցանկանում ամենալավն ու բարին
12.02.2020, 15:46
— Շնորհակալ եմ եղբայր։ Սեր ու խաղաղություն ընտանիքիդ
12.02.2020, 16:48
— Բոլորիս միասին ախպեր ջան
Գուցե էական չթվա, բայց տեսանելի է, թե ինչու եմ երկու օր անց պատասխանել շնորհավորանքիդ, եղբայր: Պատճառը՝ մի կցկտուր վկայությամբ, ահա, 22.02.2020 5:14-ին: Ես 37 տարեկան եմ: Փետրվարի տասին, ծննդյանս օրը, 40 անց ջերմությամբ պառկած էի անկողնում, ու քնի և արթմնության անբաժանելի սահմանագծերը դասավորվում էին երկրաչափական խառը մարմիններով: Այդ գիշեր տեսա Աստծուն՝ կապույտ տաշտի մեջ: Նրա մատների եղունգները մի քանի միլիմետրանոց էին, մոտավորապես հինգ ամսական սաղմի եղունգների չափ: Երևում էր, որ երկար մատներ ու լայն, ուժեղ ձեռք էր ունենալու, բայց բավարարվեց ընդամենը մի քանի րոպեով պառկել կապույտ տաշտի մեջ՝ կիսով չափ ընկղմված սեփական պտղաջրում: Այդ գիշեր, ամբողջ գիշեր ես գոռալով լաց էի լինում.
— Ա՜խ, բալե՜ս… ա՜խ իմ անուշ բալա… Ա՜խ…
Այդ գիշեր, սպորտային աշխարհը զրկվեց ծանրամարտի օլիմպիական վեցակի ռեկորդակիր չեմպիոնից։
26.03.2020. 2020թ. ՀՀ ծանրամարտի առաջնության վերջին օրը, կարծեմ փետրվարի 16-ին, մի կերպ կարողացա ոտի ելնել: Զանգեցի Դանիելյանին. մարդ գլուխ չի հանում՝ նա ուրախանում է, որ չի՞ մոռացվում, թե՞ թքած ունի առհասարակ հիշվել-չհիշվելու վրա. ուրախ է միշտ: Նրա կենսասեր առողջությունը հատկապես ընդգծվում է «Հա, ախպեր ջան» ասելու ու քո լսելու ժամանակ: Շատ է եղել, երբ զանգել եմ, օրինակ, ասելու՝ գիտես, ընկեր Աշ, էսօր չեմ կարողանա գամ, ասենք, ուսահոդերիս կամ ծնկներիս ցավի պատճառով, բայց «Հա, ախպեր ջան, ոնց ես, էսօր ժամը չորսին» պարզ, հստակ ու պինդ արտահայտություններից հետո գնացել եմ պարապմունքի: Վահագնի վաղամեռիկ հոպարը՝ բռնցքամարտի նրա առաջին ուսուցիչը, ասում էր, որ ամենաազնվագույն մարզաձևը ծանրամարտն է. դու ես ու քո Աստված, կարո՞ղ եք՝ բարձրացրեք ծանրությունը: Ես դեռ վաղամեռիկ չեմ, ոչ էլ բռնցքամարտիկ, բայց ներքին, խաղաղ ու համերաշխ համաձայնություն ունեմ նրա հետ:
03.11.2023-ը այն օրն է: Այն օրը, երբ Մենակը հավատաց, որ վաղամեռիկ չլինելուց հետո ծանրամարտի պարապմունքների օրագրային գրառումներն ավարտվել են: Անիմաստ էր դարձել ամեն ինչ, թե այլ պատճառով, ոչ ոք չգիտի: Անգամ ինքը: Բացի սա, նաև այն օրն է, երբ դուրս եկավ խոնավ տնից, ամպամած երկնքի տակ նայեց հին տանիքի փայտը մամռած գնդերին: Մինչ կղմինդրի տակի մամռակալումը նկատելը, զգաց թևաբախումի սլացքը գլխավերևով: Գլուխը բարձրացրեց ու նկատեց: Մինչ թևաբախումի սլացքը զգալը, դարակից հանեց մի պտղունց մնացած խունկն ու փշրված եզրերով, նարդու քարի նման խնկածուխը, բացեց դուռը խոնավ տան, դուրս եկավ բակ, մրմնջաց մտքում խեղճ ու կրակի պես՝ Հայր, չգիտեմ, ընդունելի՞ է դեռ իմ խնկարկումն առ վեր, զգաց թևաբախումի սլացքը, նայեց վեր, տեսավ մամուռը՝ կանաչ բբերի պես կախված, տեսավ սիրելի թռչուններին ու առաջին անգամ նկատեց, որ նույն ագռավի կռկռոցն ու աղավնիների թռիչքն այսօր միաժամանակ է, ոչ թե հերթափոխով, ինչպես լինում էր գրեթե միշտ: Վառեց ածուխը, փչեց, փչեց, փչեց, որ կարմրի: Խնկաթասը, որի մեջ վառել էր չոր վարդի ճյուղերն ու ծխեցրել մի բուռ խունկ, ծանրամարտի կշռաքարի պես էր ու չափ, որի վրա հնարավոր է բարձրորակ տպագրությամբ դրոշ փակցնել՝ դեռ չճանաչված երկրի պետական դրոշ: Մի հատիկ խունկ էր մնացել մոխիրների մեջ ու խոնավացել անձրևից: Վերցրեց դա էլ, մոտի մի պտղունցին միացրեց ու հատ-հատ դասավորեց կարմրած ածուխին: Խնկահատիկների բուրգն ասես կրակակետ լիներ: Ամաչելով նայել վեր՝ նայեց վեր ու աղոթքի ամեն բառից հետո զգաց, որ հայացքը շարժվում է սիրելի թռչնի հետագծով.
— Մաքրիր ու բժշկիր ինձ, Հայր, խնդրում եմ:
— Օգնիր անցնեմ քո առաջնորդած ճանապարհը, Հայր…
— Ներիր, ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան, Հայր…
— Խնդրում եմ:
Խեղճ, անկեղծ ու ողորմելի, բայց ավելի խաղաղ ու հզոր, ներս մտավ խոնավ տուն, նստեց ու մինչ կհասներ 2021 թ.-ին, խոստովանեց, թե ինչու չէր օրագրել օլիմպիական վեցակի ռեկորդակիր չեմպիոնի կորստից հետո.
— Նա կանխատեսեց, վկայեց մոտալուտ պատերազմը, ես չհասկացա, չպատրաստվեցի, չկանխեցի, չսթափվեցի, չուժեղացա ու պարտվեցի:
2021 թ. փետրվարի տասին՝ 38-ամյակիս, մարտական ընկերներս կգան՝ դիպուկահար Ռոստամն ու Գևը՝ ախպերը, հարևան Սեթոն, որ տան պատը շարեց էն ընթացքում, երբ ես խրամատ էի փորում կամ քարերով բարձրացնում արդեն փորածի դիմահարությունը: Եվ որոշեցի կենաց ասել.
— Համաշխարհային օլիմպիական կոմիտեն չի ընդունում իմ ցուցանիշը՝ անամոթաբար հայտարարելով, որ ես օգտագործել եմ արգելված միջոցներ, քանի որ անհնար է այս տարիքում, մարզական այսքան կարճ փորձառությամբ բարձրացնել այսպիսի ծանրություն ու սահմանել օլիմպիական նոր ռեկորդ՝ ամեն մոտեցման ժամանակ: Իրականում ՀՕԿ-ը սարսափած է, անանելիք, քանի որ իմ արյունը մաքուր է, ես երբեք դոպպինգ չեմ օգտագործել: Պարզապես խախտվեց համակարգը, խառնվեցին բոլոր խաղաքարտերը. իմ հաղթանակը նրանց հաշվարկներում չկար, և սա է, ցավոք սրտի, այսօրվա աշխարհը: Օլիմպիական ոսկին ինձնից ետ խլելով՝ ես չեմ դառնա ավելի լավը կամ վատը. այդ ոսկին ժանգոտելու է խլողների գրկում ու քայքայի նրանց հեռացած հոգիների վերջին հետքերն ու հիշողությունը: Ես տխուր եմ ոչ թե ցմահ որակազրկվելու, այլ՝ անմահ լինելուս համար, ես տխրել եմ ոչ թե մի մեդալի բացակայության, այլ՝ Նրա բացակայության համար, որ նրանք հայտնաբերել են իմ արյան երկրորդային փորձանմուշի մեջ:
— Ի՞նչ են հայտնաբերել նրանք ձեր արյան մեջ:
— Դուք իմ արյան մեջ հայտնաբերել եք Աստծուն:
Այսքանով ավարտեց Մենակն իր մամլո ասուլիսը, սեր ու խաղաղություն մաղթեց բոլորին ու եկավ տուն, որ հյուրերին դիմավորի: Մամլո ասուլիսին ներկա էին աշխարհի գրեթե բոլոր հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչներ. բացակա էր միայն ՀՕԿ-ը, որը ստանձնել էր համաշխարհային ստվերային կառավարության նախագահությունը այդ տարի:
Տղերքն իրար կնայեն, անհարմար լռություն կլռեն, Ռոստամը կհիշի, որ Մեծ Նահանջից հետո, երբ Մենակը պառկում էր քնելու, մոտը միշտ մարդ էր մնում, քանի որ… ինչ ասես կարող էր լինել, քանի որ քնի մեջ գոռում էր՝ ֆագոտի վաշտն ուր ա, թուրքերը գյուղում են, խփեք տանկերին, քանի որ քնի մեջ գոռում էր՝ զենքս մնաց վառվող ուրալի մեջ, զենք տվեք, պարոն գեներալ, զենք տվեք, քանի որ… մեկ էլ խաղաղվում էր, աչքերը բացում ու ասում.
— Ախպեր, քունս տանում ա, քնեմ, բայց հենց հասնենք տեղ, կարթնացնես։
Տղերքը կբարձրացնեն բաժակները.
— Մեն ջան, օջախդ շեն մնա, ախպեր, մենք գնանք, դու էլ հանգստացի։
Տղերքը կգնան, հետո կգան մյուս տղերքը՝ Կոռնետ Ժն ու իր ընկեր Սուրոն։ Մենը նորից կմոռանա, Ժ-ին կասի՝ իմ ֆագոտչիկ ախպեր, Ժն կգժվի.
— Ծո՜, ըդիգ ֆագոտ չէ է՞, կո՜ռնետ է, կոռնետ, ի՛…
— Հա դե լավ դու էլ, ինչ տարբերություն։ Երկուսն էլ տանկ չե՞ն խփում։
— Ա հո չասիր, այ ախպեր։ Սուրո՞, ծո կլսես ինչ կըսէ։
— Դե ինչ կըսե, ես շատ եմ հասկանում ինչ եք խոսում, լցեք խմենք։
— Ճիշտ է, սայլուգ անտեր, դու ինչ կհասկնաս օր։ Լից, լից։
Լցրեցին, խմեցին, էլի լցրեցին, էլի խմեցին, որ մոռանան կոռնետի ու ֆագոտի տարբերությունը, որ չհիշեն պայթած մետաղի ծվեններից կախված մարդկային մարմնի պատառները…
Մենակը դադարեցրեց գրելը։
Դեռ չի եղել էս ամենն, ինչի՞ համար ես մարգարեանում։ Ինչի՞ համար ես ինքնակամ դառնում անիծյալ Մարգարե։ Մի գրի։ Մի կանխատեսի։ Մի հրավիրի տառապանքը քո կյանք ու աշխարհ։ Անունդ Մենակ է, բայց դու մենակ չես էս երկրում, ընտանիքում, աշխարհում։ Լռի։ Միտքդ լռեցրու։ Տեսողությունդ խլացրու։ Կանխատեսի գոնե միայն էն, ինչը սպանելուց քեզ կսպանի միայն ու ծնելուց քեզ կծնի միայն։
Մենակը շարունակեց գրել. «Մարգարեությունը, որը չի կատարվի»:
Իսկ 39 տարեկանում ֆեյսբուքում մի բան գրեցի՝ զգալով ինձ օրհնված ու վերջ.
11. փետրվար, 2022 «Սեր, Խաղաղություն, Երախտիք, Հիշողություն, Հավատ բառերից առաջ եղել է Սեր, Խաղաղություն, Հիշողություն, Երախտիք, Հավատ: Բոլորիդ էս բոլորն եմ հղում սիրելիներ: Աստծո կամքին արժանիորեն արժանանալու կամք եմ մաղթում բոլորիս, էն բոլորիս, որոնց հավաքական սիրո, խաղաղության, հավատի, հիշողության ու երախտիքի համանվագով է հնչում Հայրենիք-Երկիր-Պետություն եռանվագ աղոթք-մարտակոչը: Շնորհակալ եմ բոլորիդ»:
***
Նոյեմբերի հինգին` 2023 թ.-ի, Նառան գրեց. «Գար ջան, ողջույն. համարը հավաքում ենք, խնդրում եմ ուղարկիր»: Ի՞նչ համար: Գրեթերթի հերթականը, որը 2020-ից դարձել է ոչ թե երիտասարդ ստեղծագործողների մեկնարկային գրեհարթակ, այլ ցավի ու խիզախումի տեքստավորված կանգառ, որտեղից մի ճանապարհ կա միայն, ու բոլորը գիտեն, որ մի ճանապարհ կա միայն, ու բոլորն էլ հասկանում են, որ էդ ճանապարհը կառուցել ա պետք: Հը՞: Էս ի՞նչ ես խոսում, Մեն: Ի՞նչ ճանապարհ: Սպասի: Կմոռանամ: Նոյեմբերի հինգին նշվում է հետախույզի օրը: Նառային կմկմոցով պատասխանելուց հետո, որ Նառ, կիսատ բան կա, գրեմ, ուղարկեմ… ի՞նչ ես գրելու հետաքրքիր է, ի՞նչ: Ծանր Մարտն ավարտվե՞ց: Պահեցի՞ր Արցախը: Ո՞ւր է քո Ծանր Դրոշը: Նոյեմբերի հինգին՝ 2023 թ.-ի, էն նույն կմկմոցով, որով ձայնային հաղորդագրություն ուղարկեց, թերթեց ֆեյսբուքն ու հանրագիր տեսավ՝ «Շնորհավոր տոնդ, հետախույզ»: Լուսանկարում քողարկիչ դիմակով հետախույզն է, աչքերն ու կիսաբաց շուրթերն են երևում միայն: Էս մանկական կիսաբացությամբ Մգրոն գնացել էր Մանախի երազին, ասել, որ Մենակը տղա է ունենալու.
— Լուրջ ե՞ս ասում, ախպեր:
— Հա:
— Հետո՞:
Հետո Ազատության հրապարակով դանդաղ քայլելով՝ հասան Թումանյանի արձանին, որի մոտ մայիսի ութին Շոշեցի Ալիկը, Ծանր Դրոշը գլխավերևում պահած, աղոթում էր:
— Հետո՛, Մանախ:
— Հետո ասեց թուղթ ու գրիչ կա՞ մոտդ:
— Կա՞ր:
— Չէ:
— Բա ի՞նչ արեցիր:
— Ասեցի՝ չկա, ի՞նչ պիտի անեի:
— Հետո՞:
— Հետո ասեց բան եմ ասելու, պիտի գրես, որ չմոռանաս: Ասեցի՝ ասա, մայկիս վրա կգրեմ:
— Ի՞նչ ասեց:
— Ասեց՝ մայկեդ սև ա:
— Վերջը՞:
— Վերջը, ասեցի՝ ասա, կհիշեմ:
— Ի՞նչ ասեց բա:
— Ասեց՝ Մենակը տղա կունենա, կասես, թող անունը դնի…
— Ի՞նչ…
— Արի քայլենք:
Թումանյանի մոտից քայլեցին դեպի Արամ Խաչատրյանի արձանը:
— Մանա՛խ:
— Հը:
— Ի՞նչ պիտի դնեմ տղուս անունը:
— Չգիտեմ:
— Ձեռ ես առնում, այ ախպեր:
— Չէ, խի՞:
— Ի՞նչ ասեց Մկոն:
— Չգիտեմ: Զարթնա քնից, ախպեր: Հորս արև:
***
Նոյեմբերի վեցին Մենակն արթնացավ մենակ: Արևը հեռացել է: Հեռացել է դեռ չծնված որդու հետ: Ինչո՞ւ: Ինքն էլ չգիտի: Ինքը գիտի, համոզված է, որ այս ամենը սխալ էր ի սկզբանե: Ինքը՝ Արևը, ոչ թե Մենակը: Մենակը գիտի, որ այն ամենն ինչ արդեն եղել է, սխալ չէ, այլ՝ օրինաչափություն, հետևանք, ճանապարհ, ընթացք, կանգառ, սպասում, պոռթկում ու էլի լիքը նման ու տարբեր գոյականներ, ածականներ, բայեր ու լռություն: Սխալ: Ճշտի ու սխալի մասին խորհելիս Մենակի աչքի առաջ էր գալիս հոշոտված քարտեզը 44-օրյա պատերազմից հետո. Արցախն ասես Մայր Հայաստանին պորտալարով կպած պտուղ լիներ, երեխա, որը պիտի ծնվի կամ հեռանա: Իննամսյա շրջափակումից հետո Արցախը ծնվեց ու… հեռացավ: Սա հասկանալի դարձնելու համար, իհարկե, հավուր պատշաճի կազմակերպվեց համապատասխան դրամատիկ ներկայացումը ժանրին բնորոշ վերջաբանով՝ զոհերով, արքաներով, զինվորներով, մասսայական տեսարաններին համապատասխան քանակով բնակչությամբ, ութ միլիարդ հանդիսատեսով, արցունքով, ծափով… նողկանք… Ցավ: Ցա՞վ: Չէ. բթացած ինչ-որ բան, ինչ-որ նոր բնազդ, բայց ոչ ցավ, քանի որ ցավից ինչ-որ բան են անում՝ գոռում են, լացում, կծկվում, ցավազրկվում, մեռնում ի վերջո: Բայց էս ամենից ոչ մեկը չարեցիր, չէ՞: Ըհը: Ուրեմն ցավ չէ, Արցախը Մայր Հայրենիքի գրկում չէ, քանի որ Հայր չունի, Հայր, իսկ աշխարհը, էս աշխարհը ունի իր կանոնները միայնակ մայրերի հաշվով. հաշվում է եկամուտը, սթափությունը, աշխատունակությունը, ուժը, տոկունությունը, հաշվում նրա զավակի կարիքներն՝ ըստ իր սպառողական զամբյուղի, ու որոշում՝ թույլ տա՞լ, թե՞ խլել երեխային մորից: Արցախ: Դու Ի սկզբանե անմահությամբ Մայր ունես, քեզ հայր է պետք: Ների՛ր ինձ, խնդրում եմ, ներիր քո անառակ հորը, ներիր տղերքի՝ քո մեջ տնքացող արյամբ: Ներիր, ժամանակ տուր մի քիչ էլ, որ հրաժարվեմ դավաճան թմբիրից ու մոռացումից, հարբեցողությունից, անառակությունից, թմրամոլությունից, սկսեմ աշխատել, ուժեղանալ, հաղթել ինքս ինձ ու գրկել քեզ, իմ ըմբոստ, խելառ որդի:
Նոյեմբերի յոթին՝ ժամը 03:03-ին, գրեց. «Նառ ջան կներես հիմա եմ գրում. տեքստը պատրաստ ա, նոր վերջացրի, բայց քնեմ-զարթնեմ, մի հատ էլ կարդամ, նոր ուղարկեմ»:
Էլ նույն գլխացավը չէ: Նույնը չէ: Քառասունամյա: Հիմա: Գիշեր է: Շուտով Արևը կարթնանա: Արևամանուկը կպարտադրի ապրել: Ապրել:
07.11.2023թ
Երևան