Տարիներ առաջ Խանջյանի հետ զրույցները ինձ համար վարպետության դասեր էին, եւ ես ափսոսում էի, որ մեր զրույցները միայն ինձ են մնում. գաղտնի ձայնագրում էի, հետո` սղագրում։ 2012 թվականի «Անհայտից եկող կարոտը» այդ զրույցների, քննարկումների շնորհիվ դարձավ հարցազրույց։ Սղագրած տեքստերիս վերնագիր-հարցեր դրեցի։
Եվ ահա 12 տարի անց որոշեցինք, որ առանց իր հին հարցազրույցը կարդալու, հիշողությունը թարմացնելու, նույն իմ վերնագիր — հարցերին այսօ՛ր պատասխանի։ Ըստ իմ տեսնելու ու ուսումնասիրելու՝ Խանջյան գրողի տեքստն ու միտքը ուզում էի նախ իմ, հետո իր համար պարզենք՝ արդյոք շա՞տ բան է փոխվել։
Ե՛վ շատ է փոխվել, և՛՝ չէ…Նառա Վարդանյան
Երթուղայինները, գնացքները, սրճարանները մարդկանց հոսքին, նրանց անցողիկությանը, վազքին մի կետից հետևելու հրաշալի վայրեր են: Այս կետը քեզ համար «Գրեթերթ»-ն է, որտեղից տեսնում ես, թե ովքեր են գնում-գալիս, ինչ են դառնում, շնչում, գնում են, չեն գալիս, գալիս են`մշտապես մնում, ինչն է տեսանելի…
«Գրեթերթ»-ը գնացքի հետ է համեմատելի, «Գրեգնացք»՝ երիտասարդ ուղևորներով, մեկնարկել է 2006 թվականին և առ այսօր, արդեն տասնութ տարի, ընթացքի մեջ է, մերթ դանդաղ, մերթ արագ, ոմանք իջնում են իրենց կայարաններում, նորերը նստում` զգուշավոր, ակնածած, անհամարձակ, իջնողներից ոմանք վերադառնում են գնացք, էլի մի քիչ երթևեկում, ոմանք այլևս չեն վերադառնում, ոմանք էլ առհասարակ գրականության գնացքից են դուրս գալիս, իրենցը չէր: Եվ` էսպես: Վերջին կանգառ չկա էս գնացքին, ու, փառք Աստծու, եթե նույնիսկ «Գրեթերթ» գնացքը հոգնի, թող ուրիշ գնացքներով շարունակվի այս ճանապարհը, ցանկալի է` անվերջ:
Հայտնի է` երիտասարդ սերնդի թերթն է «Գրեթերթ»-ը, սակայն ինքն իր ներսում արդեն մի քանի սերունդ փոխեց (պայմանական): Երկու հարյուրից ավելի հեղինակ է տպագրվել մեր էջերին, մեր առաջին, էլի դեռևս երիտասարդ հեղինակներից ոմանք այսօր արդեն մեր գրականության առաջատարներից են: Իսկ մուտքը «Գրեթերթ» չի նոսրանում, երբեմն թվում է` էլ չեն գա, գրականությունն էլ չի ոգևորի, ժամանակներն ուրիշ են, ուրիշ հրապուրանքներով են գայթակղում ջահելներին, բայց չէ, փառք Աստծու, գալիս են: Թող անհամեստ չթվա` սրան նպաստում է նաև մեր ճիշտ քաղաքականությունը, ամենասկզբում մեզ ոմանք կշտամբում էին, թե «ուրիշություն» չունենք, թեմատիկ, ձևային ուղղվածություն չունենք, սակայն մեր նպատակը թերթով մեզ ցուցադրելը չէր, էլիտարություն խաղալը չէր, այլ՝ գրականության շարունակականությունն ապահովելը, երիտասարդներին ասպարեզ տալը, թեկուզ առաջին թույլ, բայց գրական շնորհի կայծ ունեցող ստեղծումին` իրեն փորձելու հնարավորություն տալը, ոգևորելը, միշտ կատարյալ գործ փնտրելը չէ մեր նպատակը, այլ՝ նաև վաղվա կատարյալը հայտնաբերելն ու օժանդակելը: Կարծում եմ` հաջողեցինք ու դեռ հաջողում ենք:
Լեզուն ու բանը, գրականությունը…
Խոսքն առհասարակ:
Լեզվի նպատակը:
Լեզուն ու բանը, այո… գումարած տեսնելու, քննելու ցանկությունն ու կարողությունը, զգայունությունը, լայնախոհությունը, խորախոհությունը, շուրջն օդի մեջ սավառնող միստիկ շշուկներն ու հուշումները լսելու, որսալու ունակությունը, նրբանկատությունը, մանուկ հասակի տպավորությունները, նևրոզները, ֆրուստրացիաները, ռիթմի, չափի զգացողությունը, անհատականությունը ու, վերջապես, տաղանդը` այն ի վերուստը, որ առաջնային է, հիմքը` եթե խոսում ենք իսկական գրականության մասին, առանց այս ի վերուստ շնորհի` խոսքն էլի, այո, կարող է խելացի լինել, սուր լինել, ունենալ գրականության բաղադրիչները, բայց չլինել իսկական գրականություն, այլ՝ լինել պարզապես տեքստ, ընթերցելիք, սպառման մթերք, որակյալ կամ անորակ, բայց ո՛չ գեղարվեստական արժեք ունեցող գրականություն:
Լեզվի նպատա՞կը… Միջոց է լեզուն, գործիք… Ասացի ու զգացի, որ անպատվություն էր լեզվի հասցեին` գործիք, աքցան, պտտուկահան, «Բալգարկա»… Չէ, էլի գործիք է, բայց սրբազան, այն, որ ասում են` ի սկզբանե, ի վերուստ: Մեզ հարուստ, ճկուն լեզու է ընծայված, կախարդական բանալի, որ փնտրում է, գտնում, բացում, վերհանում, ձև տալիս, զարդարում, բացատրում, ճշտում… Մեր լեզուն մեր աստվածների, մեր պատմության շունչն ու ոգին է պահում իր մեջ, մեր արիականության վկայությունը, փորձիր կապվել, գուցե հարգի ճիգդ: Հայոց լեզվով հմայված Բայրոնը հենց էնպես չի ասել, թե Աստծու հետ խոսելու լեզուն է հայերենը: Մեր լեզուն մենք ենք, մեր ինքնությունը:
Եվ այսօր, երբ տեսնում եմ մեր քաղաքի պատերի համատարած անգլիագրությունը, մեր խոսք թափանցած օտարախոսությունը, ցավ եմ ապրում, քծնահաճ օտարամոլություն է, սրբապղծություն:
Գրականությունն ո՞վ է:
Գրականությունը մեկն է, որ խոսում է հետդ, քեզ է նվիրում իր զգացածը, ապրածը, բացահայտածը, իմացածը, իր անկեղծությունը, իր փորձը, իր երևակայությունը, իր սերն ու կարոտը, մտերիմդ է դառնում, ասում է` մենակ չես, ես էլ քեզ պես տառապել եմ այս ու այն խնդիրներով, ինձ էլ են տանջել այս գրողի տարած հարցերը, փորձել եմ հասկանալ, լուծել, վերցրո՛ւ, տե՛ս, գուցե պետք գա: Նաև տեսարաններ է պարգևում, երկխոսություններ, հումոր, արկածներ, գույներ է ցույց տալիս, բնապատկերներ, մեղեդիներ է բերում ականջիդ, բուրմունքներ` քթանցքերիդ, ապրելու հող հարթում, հեռանալու արահետ…
Սահմանելու, բանաձևելու քո բնորոշումը: Գրերից ո՞րն է և ինչո՞ւ է գրականություն, գրականություններից ո՞րն է առավել գրականություն:
Այ էն ամբողջը, ինչ վերը և ավելի վերը թվեցի, իսկական գրականության բաղադրիչներն են, որքան լայն ընդգրկումով, որքան խոր, գրականությունն այնքան ավելի շատ ու հարուստ՝ գումարած նաև հեղինակի անհատական ինչ-որ անակնկալները, որ հաճախ իր համար էլ անակնկալ են, ենթագիտակցության ու բնազդի աշխատանքը, միստիկան… Գրականությունը հաճախ ինքն իրեն գրվելու հատկություն ունի, թվում է` օդերում գրական հրեշտակներ են սավառնում, որ հետաքրքրված են քո գրածով, ուզում են մասնակից լինել, բզբզում են, փսփսում, հուշում… կա՛ այդպիսի բան, իսկապես կա, պատահում է` արթնանում ես ու անսպասելիորեն, ասես կանչված, գնում, փոխում ես ինչ-որ բառ կամ տող քո շաբաթներ առաջ գրած տեքստում, որի մասին մոռացել էիր, բայց դու մոռացել ես, վերին խմբագիրներն աշխատում են, թերություններդ գտնում ու կանչում` արի, մի հատ նայի, ինչ-որ բան ոնց որ էն չի էստեղ, երբեմն թունդ վիճում եք, հաճախ հաղթում են… գժություն է:
Դու էքզիստենցիալիստ ես: Հիմա ասում են՝ էքզիստենցիալիզմն այլևս ակտուալ չէ:
Էքզիստենցիալիզմը նոր էինք բացում մեզ համար, թարմ էր, արտառոց, Կամյուի, Սարտրի մտային, ոճային, ձևային արտառոց խտացումները գլխապտույտ հրճվանք էին առաջացնում սովետի պարտադրանքներից նոր-նոր ազատվողիս համար։ Սակայն անցնում էր ժամանակը, և էքզիստենցիալիզմի սխեմատիկ շրջանակները սկսեցին նեղել, կամաց-կամաց լայնացրի, դուրս լողացի ու հայտնվեցի գոյաբանության անծայրածիր օվկիանոսում, գրականություն գոյության մասին, առանց սխեմատիկ բանաձևումների ճնշման, ազատ։ Գոյաբանությունը «իզմ» չէ, գոյության բանի քննումն է, իմաստների փնտրտուք, էքզիստենցիալիզմն ինձ իր միջով դուրս բերեց ավելի ազատ, ավելի արձակ գրական տարածք։ Այն ժամանակ նաև կոսմոպոլիտիզմի, գլոբալականության, ազատականության գաղափարներով էի հրապուրված, նոր էր, օրիգինալ, էպատաժային։ Սակայն ժամանակն աստիճանաբար փոխում, ճշտում էր աշխարհայացքս, ինձ կամաց-կամաց վերադարձնում էր ինձ։ Ուզում եմ, որ գրականությունը վերադարձի ճամփա լինի, հայ մարդուն հայ պահելու նպատակ ունենա, մարդուն մարդ պահելու նպատակ, մարդուն իրեն վերադարձնելու արահետ, փարոս, որովհետև պարզ տեսանելի է՝ «թվային համակենտրոնացման ճամբար»-ում հայտնված մարդն այսօր գնում է ոգեզրկման, հոգեզրկման, անմարդացման ճանապարհով, էկրանների, ստեղների, տեսախցիկների, քարտերի, չիպացման, ամեն արհեստականի միջով գնում է դեպի համահարթեցված ռոբոտացում, ու կանգ չի առնում, անկանգնել սլանում է` կորցնելով ինքն իրեն, և դրա անունը դնում է առաջադիմություն, ինչն իր կործանման ալիբին է թերևս, ուզում եմ՝ գրականությունը լինի նրա մարդ մնալու հիշեցումը, հայրական տունը, վերադարձը, վերադարձիր տուն` պիտի ասի իմ նախասիրած գրականությունը, տես՝ ով ես եղել, տես՝ ինչ լավն է քո պատմությունը, հերոսները, լեզուն, ինչ լավն են քո լեռը, դաշտը, այգին, տունը, տես, ու գուցե մի բան շարժվի ներսումդ, գուցե գտնես-սիրես կեղծված ինքդ` իսկական քեզ։
Անահիտն ասում է՝ սատանային մի թող քո կյանք, թող բարությունն ինքնաբավ լինի: Մի օր տեսա` դիվայինի հմայքն էլ նրան գայթակղել էր:
Որտե՞ղ է Աստծո թափը: Նրան բաժանե՞նք մեր մեջ: Մասնատե՛նք: Որտե՞ղ է մեր առաքելությունը:
Հետաքրքիր կլիներ Անահիտին հիմա՛ խոսացնել այս մասին, տասներկու տարի անց, էսքան իրադարձություններից հետո ո՞ր փուլում է նրա թողնել-չթողնելն ու հմայվածությունը մեկով կամ մյուսով:
Այս ամբողջը հենց քո ասած Աստծու Թափի մեջ է խմորվում, այդ թափից դուրս ոչինչ չկա, նրա թափը թույլ է տվել` թող մտնի, սիրեք կամ ատեք, հմայվեք կամ խորշեք, յուրաքանչյուրը թող փնտրի իր տեղը, դերը, չափը, առաքելությունը, գուցե պատժեմ, գուցե գովեմ, գուցե պատիժ կամ գովեստ էստեղ առհասարակ չկա, մի խոսքով` ձեր խղճին է, ինքներդ որոշեք:
Իսկ արվեստի դիվային քրքջա՞նքը: Աստվածահաճո Սատանան արվեստի ա՞ղն է:
«Աստվածահաճո սատանա»` շատ դիպուկ ու արվեստով ձևակերպեցիր: Շարունակելով վերը մտածածս` կարծում եմ, այո, այդպես է, Բարձրյալը թույլ է տվել դիվայինի մուտքն արվեստ, դրանով արվեստը հարստանում է, դրամատիկ է դառնում, դինամիկ: Հայտնի բան է` բացասական կերպարները հետաքրքիր են, դրականները` ոչ այնքան, դժվար է հետաքրքիր դրական կերպար կերտել, դե, դրական է ու վերջ, էլ ի՞նչ ավելացնես, որպես օրինակ` Բուլգակովի Վարպետը, անալի կերպար, Վոլանդի հետ չես համեմատի: Ուստի թող որ դիվային քրքջանքը մտնի տեքստ, կտավ, մեղեդի, չմտավ, ինչպես ասում ես, արվեստի աղը կպակասի, հիշենք Դոստոևսկուն` որքանով ավելի լայն սկսեց բացել դռները դիվայինի առաջ, այնքանով վեպերն ավելի բովանդակալից, հետաքրքիր դարձան, կռիվը թեժացավ, գաղափարները բազմացան, տեքստը հարստացավ, տիեզերք ուղղվեց` «Ոճիր և պատիժ», «Ապուշը», «Կարամազով եղբայրները», «Դևերը»: Ախր մենք շատ ենք կաղապարված, ամեն բան կտրուկ, արագ ու վստահաբար բաժանում ենք սևի ու սպիտակի, Բարձրյալի Թափի մեջ այնքան էլ այդպես չէ, Նա ազատ ընտրության իրավունք է տվել, թող յուրաքանչյուր արվեստագետ ինքը որոշի թույլտվության իր չափը, ձևը, բախումն ու ելքը, հաղթանակը կամ պարտությունը, ոչ ոքին: Բարին համեստ է, սակավաբառ, կիսաձայն, պիտի չարով ոտքը կոխրճես, ցավեցնես, ձայն տաս, առավել լսելի, տեսանելի դարձնես: Կամ էլ չդարձնես, եթե այլ գաղափարներ ես առաջ մղում, քո գործն է, թե նժարի որ կողմը կծանրացնես, ինքդ ես տալու պատասխանը, գուցե պատժվես, գուցե պարգևատրվես, ո՛չ չարից, ո՛չ, Տիրոջի՛ց, արվեստի՛ գնահատման չափանիշներով: Այս է: Ինչպես ասում են` արվեստը զոհողություն է պահանջում (ասում են` զոհ, բայց ես մի քիչ խմբագրեցի):
Երաժշտության արահետները:
Քո հայտնաբերածները:
Դրանց մոգությունը: Միստիկան:
Երաժշտությամբ ինձ հանդիպածները, հայտնաբերածներս… Մնում են, հին ընկերներ են, սիրում եմ, հիշում, գնահատում… Սակայն չկա այլևս այն «ամենակեր» մելոմանը` ես, հավանաբար հագեցա, ու ցավալի է, բայց բարակեցին երաժշտության արահետները, զտվեցին, մզվեցին, մնացին ամենազտվածները: «Փոփ»-ից արդեն վաղուց բան չի մնացել, միայն կարոտախտայինները, հիշողությունների հետ կապված կարոտախտիկները: Դասականից` ծանր սիմֆոնիաները (Բեթհովեն, Մալեր, Շոստակովիչ), ավանգարդային դրսևորումները (Պենդերեցկի, Տերտերյան, Շնիտկե): Ջազից… Չէ, ջազի հետ` խնամքով, ամեն դեպքում կյանքիս երաժշտությունն է, իմ` սովետական մարդուս ազատության խորհրդանիշը, էլի սիրում եմ իր ամբողջության մեջ, սակայն էն ամեն ջազային ինֆորմացիան, որի համար վերջին փողերս կտայի, կհասնեի «աշխարհի ծայրը» (հավաքածուս վկա), հիմա համարյա չեմ փնտրում, հազարից մեկ, իսկ երբ ինքն է կարոտում-գտնում, վերադարձի հրճվանքով լսում եմ, ցավոք, սա էն ակնածալից վայելքը չէ, հիշում եմ` իմ սիրած երաժիշտների իմ սիրած գործերի առաջին իսկ հնչյուններից փշաքաղվում էի, վայելքի ալիքի թափից քիչ էր մնում պատերը մագլցեմ-կրծեմ` Մոնկ, Փարքըր, Էդերլի, Ահմադ Ջամալ, Լի Կոնից, Բիլ Էվանս, Մայլս` իր նախկինով, միջինով և, ավելի քիչ, էլեկտրոնային փորձարարություններով, ու էլի շատերը, որակյալ, իսկական ջազն առհասարակ (ջազ, ո՛չ ջազային երաժշտություն): Իսկ այն, որ էլի դեռ կփնտրեմ, ավանգարդիստներն են` Քոուլմեն, Դոլֆի, Շեպպ, Քոլթրեյն… Քոլթրեյնը չէ, նրան չմտցնեմ էս ամենի մեջ, նա դուրս է, նրա երաժշտական արարքը ոչ մի հոսանքի մեջ չէ, մտել-դուրս է եկել, զինանոցն է հարստացրել, ինքնուրույն ժանր է` «Քոլթրեյնիզմ», ստեղծել է, հասցրել ավարտին ու կնքել-փակել երկինքներում, ուրիշ ոչ ոք այն շարունակել չի կարող:
Ռոքը… Ռոքը մի մեծ առավելություն ունի` անջրպետ չկա նրա ու հանդիսատեսի միջև, շաղկապված են, ագուցված միմյանց մեջ, ինչպես գիրքն ու ընթերցողը: Ռոքը ուշ եկավ, ու արագ անցա միջով` Զեփելին, Փարփլ, Սաբաթ… Հասա ծանրին, մետաղին` «Սլեյեր», «Սեպուլտուրա», «Սիստեմ օֆ է դաուն»… Միացա բողոքին` հանուն ազատության, ընդդեմ պատերազմի, ընդդեմ կոմֆորմիզմի, ընդդեմ բռնաճնշումների, ընդդեմ խտրականության, ընդդեմ, ընդդեմ… եկա, եկա, հասա… ո՞ւր… հասա վերջին`«Դեթ Մեթալին», որն իր սակավ մասով է երաժշտություն, ավելին` հեգնանք է մեղեդայնության նկատմամբ, արարք է, էլի բողոք, էլի ըմբոստություն, էլի խռովություն, էլի ընդդեմ, բայց գոյաբանական, նրա ըմբոստությունը ուղղված է գոյության ու նրա ավարտի անարդարացի աբսուրդայնությանը (էստեղ նաև Ֆրանց Կաֆկայի ու Էդվարդ Մունկի «ճիչն» եմ լսում երբեմն), կոնկրետ ո՞վ է «Դեթի» թիրախում` հայտնի չէ, անհայտի, անորոշի, թաքնվածի դեմ է, և երբ լսում եմ, զգացումը, որ ես էլ հետները ըմբոստանում եմ, բողոքում, որ մենակ չեմ, թեթևացնում է հոգուս բեռը, հանում մաղձը: Պաշտպանական է, մշտապես եմ լսում` «Մորբիդ Էնջել», «Իմմոլյաշըն», «Կանիբալ կորպս», «Նապալմ Դեթ», մյուսներին… Ո՛չ որպես երաժշտություն, այլ՝ որպես եռանդ գեներացնող, ոգի ամրացնող արարողություն:
Երաժշտությունն առհասարակ, այս կամ այն չափով, խորհրդավոր է, մոգական, որովհետև խոսքից անդին է, զգայություններով ես ընկալում, բայց նրա առանձին դրսևորումներ առավել միստիկ են, հատկապես ավանգարդիստական ուղղությունները, որովհետև «Ավանգարդը» թոթափել է երաժշտական ընդունված ձևերի կաղապարները, ազատ է, դրանով` ավելի խոր թափանցելու կարողություն է ձեռք բերում, սա վերաբերում է և՛ դասական, և՛ ջազային «Ավանգարդին»:
Քսաներորդ դարը կարծես թե սպառեց հայտնագործությունների, բացահայտումների, ուղղությունների, ժանրերի, ոճերի պաշարը, Ավանգարդից ու Դեթ-մեթալից անդին` էլ ի՞նչ…
Սակայն կա՛ երաժշտություն, որ անսպառելի է, անժամանակ, դա մերն է, իմը, քոնը, էթնիկն է, ազգայինը, թվում է` էլի կարոտին է հենված, բայց սա ուրիշ կարոտ է, դարերի խորքը գնացող` էնտեղից պեղող-բերող ու հոգուդ խորքում խորհրդավոր կետեր, գենետիկ կոդեր արթնացնող կարոտ, քո առանցքի, քո էության կորիզի կապն է քո հայրենական դարավոր խորքերի հետ… Եվ դու սարսռում ես, փշաքաղ ես լինում անուշ կարոտից, քաղցր սիրուց, անորոշ, բայց ուժգին ու հարազատ մի զգացողությունից… ֆանտաստիկ է…
Աստծո քո՛ որդին:
Նույնն է, Ջոն Քոլթրեյնը կոնստանտ է, Աստծու սիրելի որդին է, Աստված իջեցրել է երկիր, որ իմանա` արդյոք մարդիկ ունա՞կ են ճանաչելու, ընկալելու իսկական, ճշմարիտ երաժշտությունը (Բարձրյալ թեստ): Քոլթրեյնն իր երաժշտություն ներառեց, տեղավորեց բոլոր կրոնները, հաշտեցրեց, ներդաշնակեց, միավորեց ու միացյալով փնտրեց Բարձրյալին, գտավ ու հանդիպեց, Էնտեղ, եթե «Էնտեղը» կա, եթե խաբված չենք, իսկ եթե խաբված ենք, առավել կվշտանամ Ջոնի համար, որովհետև խիստ էր հավատում, կրքոտ, վստահ, անմնացորդ նվիրումով: Բայց «Էնտեղը» չի կարող չլինել, այլապես որտեղի՞ց ենք մենք, ո՞վ ենք մենք… Չշարունակեմ, այլապես դարձյալ կընկնեմ անվերջանալիի ծուղակը, դառնամ Քոլթրեյնին…
Սակայն բավական է, էլ չկրկնեմ նրա անունը, ծամոն չդարձնեմ, չէժանացնեմ: Հիշո՞ւմ ես, հեռախոսս նրա «Իմփրեյշըն»-ով էր ազդարարում, հանեցի, կռահեցի, որ էժանացնում եմ, նաև խանդ էի զգում:
Սերս:
Սերն ամենուրեք է, եթե մեջդ սեր կա, եթե տեսակդ սիրո է, ծառը, խոտը, ծաղիկը, մեղուն, ծիտը, օձը, կատուն, շունը, ձուկը, մարդը, երկինքը, ջուրը, հողը, քարը, տունը, հացը, երգը, տաճարը… Հայրենիքը: Հայրենիքի սերը գնալով խտանում է, մտածում եմ` երևի կորստյան վախից է, վտանգն ակնառու է, բացահայտ կանգնել է դեմներս, սահմանային իրավիճակում ենք հայտնվել, իսկ սահմանայինում, ըստ էքզիստենցիալիզմի, մարդը բացահայտում է իր թաքնված, իսկական էությունը: Հայրենիքը սեր է` մեզ ի վերուստ տրված: Ում ներսում չկա այդ սերը, թեթևությամբ թողնում-հեռանում է` ինչի՞ն է էս «գլխացավանքը», իր համար ի՞նչ տարբերություն` որտեղ, էնքան որ հարմար լինի, անվտանգ, բարեկեցիկ, կուշտ (որտեղ հաց` էնտեղ կաց), սակայն խորհրդավորության աստիճանի տարօրինակ է, որ լրիվ կտրել կապը հայրենիքի հետ չի հաջողվում, մեղքի ինչ-որ զգացում է հայտնվում չգիտես որտեղից ու կրծում է հոգին:
Կան մարդիկ, որ սեր առհասարակ չունեն իրենց մեջ, զուրկ են այդ վերին շնորհից, ես ճանաչել եմ նման մարդկանց, սիրո բոլոր դրսևորումներն օտար են նրանց, անծանոթ` լինի հայրենիքի, բնության, ծնողի կամ հակառակ սեռի նկատմամբ, նրանք շահախնդրության, հաշվարկի, սպառողի տեսակ են, որ չեն էլ պատկերացնում ինչից են զուրկ, յուրատեսակ հաշմանդամություն է:
Կին-տղամարդ սերն ազատ սեր է, կլինի հայրենքի մեջ, նրանից դուրս, հարավում, թե հյուսիսում, արևելքում, թե արևմուտքում… այս սիրո աշխարհագրությունը սիրելիիդ ծոցն է սահմանում: Ինձ թվում էր` ավարտվեց, էլ չի հանդիպի, խոսքս էն մեծ սիրո մասին է, էն, որ ասում են` ճակատագրական: Բայց Տերն ինձ առանց ճակատի գրի չթողեց, երախտապարտ եմ, ընծայեց` ասաց` սքանչացիր: Հետո պարզվեց՝ էլի անակնկալ ունի ինձ համար` հեքիաթային սեր` դստրիկս:
Բայց ի՞նչ եմ անելու այսքան սերը, ո՞նց եմ կրելու, ապրելու մեջը, պատասխան տալու, այո, սերը միայն վայելք չէ, պատասխանատվություն է, ինչ-որ տեղ գուցե մեղքի զգացում նաև: Ոնց ուզում ես կրի` ասում է Նվիրատուն, ուզել ես` տվել եմ: Ուզե՞լ եմ… Հա, էլի, ուզել եմ, ագահ, անկուշտ մարդ… Դե որ ուզել եմ, թող պայթեմ սիրո առատությունից, ու սեր-բեկորները ցրվեն, թռչեն, սփռվեն…