***
Եթե ես հիմա` խենթ նորահարսս,
Քո պատմությունը՝ որպես քող դեմքիս, կանգնեմ առաջդ,
Ինձ տեր կլինե՞ս…
Ու եթե հիմա թեքվեմ աշխարհին,
Փոքր աշխարհդ ներսից պարուրող քո տիեզերաչափ, խոր հոգուց պատմեմ
ու Սևանի պես խաղաղ աչքերիդ նայեմ,
Ինձ տեր կլինե՞ս…
Ու երբ ամաչեմ ու հպարտանամ, որ քոնն եմ հավետ,
Խոսք կտա՞ս ձեռքս բաց չթողնելու…

Ու ես կփարվեմ քո բազուկներին,
Որ մեծ չեն գուցե, բայց կուռ են էնպե՜ս,
Ինձ պինդ կգրկե՞ս։
Հետո բարա՜կ ու նու՜րբ մատներս ես կսահեցնեմ խարտյաշ ու փարթամ մազերիդ միջով,
Որ գոնե դու էլ իմ սերը զգաս…
Դեմքիս հայտնված թեթև ժպիտով կվիրակապեմ վերքերը ներսիդ,
Իսկ հետո մի բուռ արցունք հավաքած՝
Կմաքրեմ կարմիր գիրը ճակատիդ։
Ու մատներովդ` զենքից կոշտացած,
Դու կբարձրացնես քողը երեսիս,
Խաղաղ երկնքի կարոտից ճաքած քո վես շուրթերով կհամբուրե՞ս ճակատս լուսե,
Ու հետո կտանք հավերժի երդում.
Խաղաղության մեջ կամ պատերազմի,
Հարստության մեջ կամ աղքատության
Դու ինձ Տեր ես միշտ,
Ես քեզ՝ հնազանդ,
Իմ սե՛ր Հայաստան։

***
Անցյալը դրոշմիր երակներիս,
Որ էությունս լուծվի արյանս մեջ, ու ինքնությունը հոսի մարմնովս,
Մյուռոնով օծիր աչքերս, որոնք ականատես են երկրային դրախտին,
Ես ուխտ եմ անում ծնկել հավերժի առաջ ու շոյել գլուխը ժամանակի,
Որ արյունլվա ոտքերով վազում է առաջս…
Մի օր գուցե բառս կուլ գնա,
Բայց էնպես արա, որ թրիս ծերը ծուռ չգնա,
Ու շփոթած քաջությունն ու վախը՝ սեփական կոկորդս կտրի,
Ես հիմա ձեռնունայն եմ կյանքի առաջ, բայց ոչ լեզվահատ,
Ու մեկ-մեկ էլ ինքս ինձ եմ խայթում, թե արածս քիչ էր.
Գուցե միայն արձակած մի նվաղ ճիչ էր…
Ես ոտաբոբիկ եմ փշալարերի մեջ, ու ամեն փշի ծակոց, վաղը անցյալ դարձած,
Նորից կդաջվի երակներիս՝ մոռացնել չտալու իմ ինքնությունը…

Անմարմին վերնաշապիկ։
Ճռռոց։
Դուռը բացվեց. ոչ ոք ներս չմտավ։
Պահարանի բռնակին սովորականի պես արդուկված վերնաշապիկ կար` հերթական անգամ ճմռթվելուն սպասող։
Պահարանի կողքին, աթոռի տակ կոշիկներ կային փայլեցված, ասես ոչ ոք անձրևի տակ երբեք չէր ընկել դրանցով։
Պատուհանը հազում էր փոշուց. վաղուց մաքրողն էլ չկար։ Ծաղիկները փշրվում էին. հողը փխրեցնող չկար։

Լռություն:
Պատերից անդեմ ծիծաղն է կախվել նույն մարդու։ Սառը բարձերը աղոտ հիշում են ինչ-որ մեկի անճար հոգոցը։ Ռադիոն դեռ խշշում էր. անջատողը վաղուց չկար։ Գրիչը գլորվեց դարսված գրքերի վրայից. սառած թերթերը թերթող մատներ էլ չկային։ Հայելին ճաք տվեց. իրեն ժպտացող էլ ոչ ոք չկար։ Գրասեղանի նկարի շրջանակն ընկավ. նկարում մայրն էր, հայրը ու զինվոր որդին…

Ճռռոց։
Դուռը բացվեց. ոչ ոք դուրս չեկավ. քամի մտավ` հիշողությունները գրկած։ Պահարանի բռնակին նույն վերնաշապիկն էր՝ արդուկված, որ հոգնել էր սպասելուց տաք մարմնին. տերը հետ չեկավ. մարմինը վաղուց սառել էր…

***
Ես հիմա նա եմ, ումից փախչում էի…
Քամին մարմին չէ, բայց ոսկորներս ավելի ամուր ոչ ոք չի գրկել,
Բառերը խուտուտ են տալիս լեզուս ավելի ուժեղ, քան երբևէ,
Ես մի մեծ կծիկ եմ էմոցիաների` լռության մեջ փակված,
Աստղերը նորից ինձ նույն հեքիաթն են պատմում, իսկ դու կրկին դառնում ես առաջին ու վերջին ֆիասկոն գրչիս,
Գիշերը ճշմարտությունը կդաղի դեմքիս, ու ես նորից կփշաքաղվեմ մտքերից,
Որոնք ավելի իրական են, քան երբևէ:
Ես հիմա մղձավանջս եմ՝ կյանք առած…

***
Ասա, սիրտ ի՛մ,
Ինչո՞ւ ես նորից հին երգը երգում ագռավի նման,
Ու փոշոտում ինձ բառերով…
Ի՞նչ ձայներ են լսվում ականջիդ,
Որ խելագար են կարգում քեզ հիմա,
Ասա, սիրտ ի՛մ,
Քանի՞ երակ պայթեց ներսումդ, ու քանի գլանակ սեր ծխեցիր,
Որ էդպես շնչահեղձ ես լինում…
Քանի՞ անգամ այրեցիր ձեռքդ ուրիշ ափի մեջ…
Քանի՞ տեսիլք է կանգնել կոկորդիդ ու կուլ չի գնում,
Քանի՞ ասեղ է մաշկիդ հետ ձուլվել…
Սի՛րտ իմ,
Իմ միակ ապրող բանաստեղծություն…

***
Հեղհեղուկ կյանքի ճամփեքից շեղված`
Ինչ-որ խամաճիկ, սառած մատներով,
Պար էր գալիս անդունդի եզրին…
Երկինքն էր, գորշ թիկնոցի նման գցել ուսերին ու կաչաղակաձայն երգում էր երգը կարապի…
Ինչ-որ խամաճիկ անդունդի եզրին
Ժամանակի հետ սեփական սրտով գնդակ էր խաղում,
Ու դադարներին իր իսկ կյանքի մարած աստղերն էր նա հատ-հատ համրում,
Մի խենթ խամաճիկ, անդունդի եզրին, անգթաբար ուղեղն էր սանրում,
Բոսոր մտքեր էր նա քամում անհագ՝ սեփական մաշկին…
Մի երջանիկ մարդ՝ դեռ ոչ խամաճիկ, անդունդից հեռու կյանք էր վայելում:

***
Ճաղատ խաղաղությունը մազերն էր սանրում։

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն