Վարոն, Սինարը, Նազոն

Հենց օրը բացվում է` լույսն առաջինը մեր սարի գլխին է կպնում։ Ցոլքն ընկնում է ձյան վրա ու սարից գյուղի վրա է թափվում արևը։ Եթե աշխարհը կլոր չլիներ ու չունենար հազար ու մի կողմ` կարելի էր կարծել, թե օրը մեր գյուղից է սկսվում։ Բայց աշխարհի մասին` մի ուրիշ անգամ։ Ուրեմն, հենց գյուղը զարթնում է միանգամայն արդար քնից, ականի պես պայթում է բոլորի ականջներում, թե Վարոյի աղջիկը, փորը բերանին կանգնել է հոր դռանը։
Մի օր, որն էսօրվանից շատ առաջ է, Վարոյին կանչել է հերն ու ասել, որ պսակի վախտն է, որ հորոխպոր դրացու աղջիկը լավ էլ աղջիկ է, հասած, դեմքն էլ գեշ չի։ Վարոն ուսը վեր է քաշել ու գլխով արել հոր ասածին, որովհետև ձևն էդպես է։
Նազոն ծնվել է Սինարի ու Վարոյի պսակից հինգ տարի հետո։ Չէ, Սինարը չբեր չէր, բայց հինգ անգամ ընկած պտուղներից ոչ մեկը փորին չէր կպել։ Թե սկզբում Սինարն ու Վարոն չգիտեին իրար` տարին տարվա հետ, նույնիսկ, սիրեցին ու Նազոն ծնվեց, հաստատ է՝ սիրուց։ Վարոն աղջկան տվեց մոր անունը, լավ օժիտ ու արնաջուր դառած իրենց էրեխեքի բաժին սերը։
Նազոն սիրուն էր, հա։ Բայց ոչ էնքան սիրուն, ինչքան քաղցրարյուն, ու, երբ աչք թարթելու պես անցան տարիներն ու հասավ Նազոյի պսակի վախտը, Վարոն դիրխոր ընկավ։ Ու մի բան անցավ Վարոյի գլխով` Նազոյի զնգուն ծիծաղը-որ չլինի` ինքն ու Սինարը դժվար երկար ապրեն։ Բայց պսակի վախտին, իհարկե, պսակեցին, որովհետև ձևն էդպես է։
Նազոյի քելքը գյուղամիջում խոսք ու աչք էր դառնում, պտտվում տներն ու երանիի արժանի տալիս տուն տանողին։ Նազոն, թևատակին` գիրքը, ոտքը փոխում էր, քամին հրում էր շորն ու մարմինը գրկում։ Նազոն քելքն արագացնում էր, որ փախ տա ջահելների աչքերից, որ որձավարի ուզում էին տեր լինել իր սրտին։ Բայց երանին Սամոյին բաժին էղավ։ Ու երբ Նազոն աչքը գցեց Սամոյի էրեսին` մյուս օրն եկան պսակի օրը կտրելու։
Մի օր էլ, որը Նազոյի պսակից քիչ հետո էր, տարվա էն վախտին, երբ նոր-նոր ցոգոլի գույնը դեղինի է խփում` Նազոն լիքը փորով կանգնեց հոր դռանը։ Իսկ հաջորդ լույսին, երբ Վարոյենց հարևանը տեսավ մանկան փաթթաշորերը լվացքի պարանին` ձեռը բերանին տարավ. ուրեմն Նազոն լեզու է ցույց տվել սկեսրանցը, մեջքը շրջել մարդուց, ուրեմն Նազոն հարամ է արել իր հոր տան հացը, ուրեմն Նազոն` անգլուխ ու անմարդ ուզում է երեխա մեծացնի….
Հետո դրացին քամակը ցայելով գյուղամեջ գնաց` պատմությունը գցած բերանը, թե` Վարոյի աղջիկը էսպես ու էսպես, թե` Վարոն աղջկան սևերես չի արել ու չի ուղարկել հետ, թե` վայ-թե հենց էս գիշեր էլ Նազոն ազատվել է, թե` Վարոյենց հայաթում էրեխի փաթթաշոր է տեսել փռած։
Բայց Վարոն գիտի, վայ կլինի դրացուն, վայ կլինի պատմությունը ծամողներին, որովհետև Վարոն էն մարդը չի, Սինարն էն մերը չի ու Նազոն` էն աղջիկը, որ մեծից փոքր լվան ոսկորը։ «Անհալալ բանը հեշտ չի պրծնի, բալա»,- ասել է Վարոյի մերը։
Գիշերը Սամոն եկավ-կանգնեց Վարոյի դեմուդեմն ու` «Եկել եմ կնկաս տանեմ»։ Վարոն չասեց, թե` «Քո կնիկը, Սամո, քո սուտ խոսքն է։ Քո կնկան, Սամո, տանձանոցներում ման արի, էստեղ քեզ կնիկ չկա։ Որ ասեղը քո տակն էր, Սամո, ինչի՞ քո մեր Անուշը մեր տան դիքը մի շնչով հելավ, որ թուքումուր անի։ Դու, Սամո, որ Նազոյի ձեռից բռնած քո տունը տարար, երեխան գցեցիր փորը, ինչի՞ տանձանոց գնացիր էն դասատուի հետ։ Թե որ տեր էին կարգել` ինչի՞ տեր չեղար, Սամո։ Դե, հիմի անկնիկ-աներեխա մնա ու իմացի` Վարոյի ու Սինարի աղջիկ Նազոն պատվի աղջիկ է ու թքածը չի լիզի»։
Վարոն բան չասեց։ Սամոն տուն չմտավ։ Սինարը մարդու թևն ընկավ։ Նազոն` էրեխեն ձեռը` Սամոյին երևաց։ Ու Նազոն մատը սրտին տարավ, ու Սամոն իմացավ, որ մատն իրեն է ցույց տալիս։ Նազոն աչքի մեջ ջուր հավաքեց ու…. աչքի մեջ էլ պահեց։ Դժվար է ասել` սիրտ չարե՞ց լացի, թե՞ սիրտ արեց չլացել։ Որն էլ որ լիներ, քանդեց Նազոյին, հոգին կես արեց։
Սամոն էրեխին մոտիկ չգնաց։ Լավ է, թող ձեռք չտա։ Թող իմանա` իրենն էր ու էլ չկա։ Թող դրացին տեսնի էս հսկային փոքրացած ու գյուղի բերանին իր անունն էլ լինի, Նազոն էլ չի կարում։
«Անհալալ բանը հեշտ չի պրծնի, բալա»,- ասել է Վարոյի մերը։ Թող խոսեն, թող ասեն, ձևն էդպես է։ Նազոն է մեղկ, Նազոյի սիրտն է ջարդած։
Ու Վարոն գիտի` Նազոյի զնգուն ծիծաղը որ չլինի` ինքն ու Սինարը դժվար երկար ապրեն։

Հերս, Արոյենք, սենտիմենտը

Որ Նադրը մեռնի` հերս շատ կնեղվի։
Նադրը չի քայլում ու լաց է լինում անկարությունից։
Հերս քայլում է, բայց լաց է լինում….
Անկարությունից։
Էն օրը, երբ մորս աչքը սառեց ու մեր տուն մարդ եկավ, հերս մեզ հավաքեց սեղանի շուրջ ու ես երգեցի։
Մեր տանը միշտ շատ մարդ կար, մեր սեղանը բաց էր միշտ, ու, չնայած աթոռներ չունեինքմ, հարմար տեղավորվում էինք արկղերի վրա։
Հերս օրորոցից երեք ընկեր ուներ։ Արոն խոսում էր, հենց որ խմում էր։ Դանիելը խոսում էր՝ նախքան խմելը։ Հերս խոսում էր թե՛ առաջ, թե՛ հետո։ Նադրը չէր խոսում։
Մի խոսքով` հորիցս բացի աշխարհում կային էլի երեքը, ում վրա կարելի էր հույս դնել։
Մեր տանը տարեկան կտրվածքով ընդհանուր առևտուրն իր մեջ ներառում էր մեկական մեծ պարկ ալյուր ու շաքար, յուղ, ձեթ, մակարոն։ Հա, ու` խտացրած կաթ։ Կաթը` ինձ համար։
Հորս գրպանի եղածին միանում էր ընկերների ունեցածն ու թվարկածներիցս յուրաքանչյուրից գնվում էր քառակի բաժնով։
Չգիտեմ` ով ոնց, բայց Նադրը, Արոն, Դանիելն ու հերս գլխներին եկած ամեն պատուհաս լուծում էին չորսով։
Իմ վկայությամբ սպիտակող նրանց բոլոր մազերը հողին էին հավասարեցնում ցանկացած թեզ, թե մարդ աշխարհում մենակ կարող է։ Սուտ է, չի կարող։
Երբ կռիվն անսպասելի ջարդեց դռները, տարավ Արոյին ու Դանիելին, ես վերմակը գլխիս քաշեցի ու լաց եղա։ Հերս իր ձեռով բացեց հողի բերանն ու թաքցրեց ընկերներին։
Նադրը լացեց Արոյի ու Դանիելի համար, կուլ տվեց ցավն ու նստեց սայլակին։ Նադրի համար լաց եղավ հայրս։
Մեր տան արկղերը, որոնց սովոր էինք, փոխարինվեցին քաղաքակիրթ ու դատարկ աթոռներով։
Հերս սկսեց խմել գերեզմանոցում ու առանց խոսելու։ Նադրն էդպես էլ չխոսեց։
Բոլոր օրերի հուշերը` մոմի լույսի տակ, կամ լիության մեջ` հիմա էլ շարժում են հորս բջիջները։
Երբ հասկացա` էլ մեր տուն չեն գա Արոյենք, երբ հասկացա հերս մենակ մնաց, խղճացի նրան ու գրկեցի գլուխը։
Մորս աչքը չսառեց էլ ու թացացավ։
Էն օրը, երբ հերս սկսեց չկարդալ, երբ հորս նեղացրին գրքերը` ինքը հասկացավ, որ մի բան սխալ է։ Արոյենցից հետո նա գրողի ծոցն ուղարկեց սենտիմենտը, կորցրեց մեր գրքերն ու հայհոյեց պոետներին։
Հետո, երբ ինձ էլ տարան գրքերը, ու հորս ցրիվ տվածը հատ-հատ հետ հավաքեցի` իրար վրա դարսած հանճարեղ մարդիկ սկսեցին քիչ-քիչ լքել մեր տունը։ Նրանք բոլորը խաբել էին հորս։
Հորս բոյն արդեն նստել է, աչքերն էլ լավ չեն տեսնում։ Հերս հիմա միայն ինձ է կարդում։ Ինքն ինձ համար շոկոլադ է առնում, ես իր համար գրում եմ։ Չգիտեմ` սա հանցավոր համաձայնություն է, թե համակերպված իրողություն, բայց հաստատ է` երկուսս էլ գոհ ենք։
Հիմա, երբ սովորական մի բան են դարձել մեռելները ու հորս հասակի քիչ մարդ կա գյուղում` հերս վախենում է։ Ինքը հեչ, բայց այ որ Նադրը մեռնի` ինքը շատ կնեղվի։
Հերս մեզ ամեն օր հրաժեշտ է տալիս։
Մորս աչքը վաղուց ոչ սառն է, ոչ` թաց։
Ես վախենում եմ, որ իմ գրածին էլ մի օր հայհոյեն։
Նադրը չի քայլում ու լաց է լինում անկարությունից։
Հերս, հա՛, քայլում է, բայց լաց է լինում…
Անկարությունից։
Ու էն օրը, երբ ես էլ չկարդամ, երբ ինձ էլ նեղացնեն բոլոր գրքերը` երևի ես էլ թաղեմ սենտիմենտն ու հասկանամ, որ ամեն բան սխալ էր։

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն