ՈՐՊԵՍ ԱԴԱՄ ՈՒ ԵՎԱ
Սեղանին դրված է խնձոր,
Կողքին՝ դանակը՝
Սատանայի հրապուրանքով սրած։
Ես սիրտ չեմ անում կտրել։
Դու սիրտ չունես համոզելու։
Մեր ուսերին կախվել է լռությունը՝
Իբրև վերարկուի ծանրություն,
Իսկ մեր շուրջը անհրապույր իրեր են՝
Դրված անշարժության ձանձրույթով։
Դու, հավանաբար, հոգնել ես այս սենյակից,
Որը մեր բաժին Եդեմն է, սակայն վարձու-
Ես ինքս հոգնել եմ, հավատա,
Եվ պատրաստ եմ անել ամեն ինչ՝
Թեքելու համար ընթացքը կյանքի,
Փոխելու համար հեքիաթը այս հին,
Կորչելու համար մի ուրիշ տարածք՝
Աստծո աչքից հեռու,
Սատանի ականջից խուլ…
Մեր ուսերից կախված
Դեռ մնում է լռությունը…
Ինչպե՞ս պոկվենք այս հեքիաթից,
Երբ մենք ենք հերոսները սրա։
Դու շարունակում ես մնալ
Տատամսած ու տարակույս՝
Կնոջական քո տխրությամբ անհասցե…
Քո փոխարեն խնձորն ինքն է համոզում ինձ,
Դանակն ինքն է ասում «արի»,
Իսկ ես, ցավոք, գիտեմ վաղուց,
Որ ոչ մի բան (այս անգամ էլ) չի փոխվի…
ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ
Ինչը որ կա
Ես սեր եմ կոչում,
Որովհետև
Քո աչքերը կանթեղներ են երկու՝
Վառված իմ խոսքերի նավթ ու գինով,
Որովհետև
Արտևանունքդ եղյամ է հալում,
Իսկ հայացքդ հի՜ն հեքիաթ է
Ամառ օրվա առավոտի մասին։
Ես սեր եմ անվանում նաև
Խզբզանքին իմ Աջի՝
Պատկերիդ դեմ անկարող՝
Մոլար, մոլի, մոլագար,
և տարակուսանքին այս անօրինակ
Ես կոչում եմ սեր-
Ես այդպես եմ սիրում՝
Ուշագնաց, ուշաթափ,
և չգիտեմ՝ ինչպես շրջել աշխարհը…
…Ու այսպես պեծիլներով եմ խոսում քեզ հետ,
Ինչպես վառվող մորենի,
Ինչպես վառվող մորենի…
Եկ շտկենք աշխարհը սիրով,
Ընտրությունս, ընտրյալս…
Եկ շտկենք աշխարհը սիրով…
ՍԵՆՅԱԿ 4
Արձանի նման նայում ենք իրար,
Ժամանակը պաղ հոսում է զոռով-
Գարեջուր ես դու լցնում մի բաժակ
Ու վառում անվարժ ոսկե «մալբոռոն»։
Ոչինչ մի ասա — կցավի բառը —
Արի խնկարկենք լռությունը այս…
Ինչո՞ւ չի պայթում աչքիդ մեխլյոռը,
Ինչո՞ւ ես խեղդում հայացքով քո պարզ։
Արձանի նման նայում ենք իրար —
Դու հենվել ես ինչպես Մեռլին Մոնռո-
Ցուրտ սենյակում, առանց շարժում ու սեր,
Ժամանակը պաղ հոսում է զոռով։
***
Ես չնվիրեցի քեզ ալ կարմիր վարդեր,
Երբ Սարյանի մայթով դու ի՜նձ էիր գալիս՝
Տիրամոր ժպիտը քեզ արած շարֆ…
Դու եկար՝ հագած կրակ ու մասուր,
Հագած արև ու ծիծաղ,
Ես չվերցրի քեզ ու չտարա
Իմ խոստացած դրախտը,
Ուր հիմա հունձք է
Անտերության ու սեզերի,
և որտեղից կփախչեն
Աշխարհի վերջին, վերջին
Փախստականներն անգամ։
Ես չասացի քեզ ապակու պես բառեր,
Երբ շուրջը եռք էր, կիսախում մայիս,
Երբ ուղիները բոլոր տանում էին հարավ,
և իսկապես դա՛ էր ապրելու օրը,
և իսկապես այդտեղից էին սկսվում
Անհավանական առասպելները բոլոր…
Ես չնվիրեցի քեզ ալ կարմիր վարդեր,
Ու չդրի մատիդ ոսկեգույն խոստում,
Մենք հեռացանք իրարից,
Ինչպես հեռանում են հեքիաթում,
Մենք մոլորվեցինք ճամփեքին,
Ինչպես մոլորվում են հեքիաթում…
Ես չնվիրեցի քեզ ալ կարմիր վարդեր,
և ես ինչքա՜ն պիտի թափառեմ անքուն,
Ցնցոտիքով ու ծարավ՝
Անցնելով հեքիաթից հեքիաթ,
Որոնելով ու չգտնելով,
Ինչպես որոնում են հեքիաթում,
Ինչպես կորցնում են հեքիաթում…
Ա..
Քո առասպելական սիրո համար
Ես վճարել եմ
Իմ մենության արծաթներով,
Աստղերի թասով,
Գիշերվա երգով,
Դալկությամբ՝ անլրացում ու անլրացյալ։
Քո առասպելական սիրո դիմաց
Ես տվել եմ ողջը՝ ինչ ունեի,
Ողջը, ինչ կար երակներում իմ,
Իմ աչքերում, իմ հոգում
և ներսում իմ՝ կաթսայի պես եռման։
Քայլել եմ ես դեպի քեզ բերող
Կածաններով անքարտեզ,
Ինչպես հեքիաթներում՝
Խոցոտելով խոչընդոտները բոլոր։
Ես եկել եմ որպես տրուբադուր,
Ես եկել եմ որպես հսկիչ ու սպա-
Սիրելիս, իսկ դու կայի՞ր աշխարհում,
Թե՞ պարզապես եղար երազ,
Տող էիր, բառ էիր՝ երգ ու երգաձև,
Ինչպես դեպի քեզ բերող
Կածանները անքարտեզ։
Քեզ համար, քո սիրո համար
Առասպելական
Ուրացել եմ ես ծաղիկ ու տավիղ,
Հավատացել եմ, որ դեգերումը
Քո լույսին է մոտենում-
Քո լույսը… փարոսն իմ ուղու,
Քո լո՜ւյսը՝ Բեթղեհեմի աստղիկ։
Իսկ ես հոգնել եմ
Երազներից ոսկեջուր։ Ես հոգնել եմ,
Ինչպես օձն է հոգնում
Պարկի մեջ նվագների սպասելուց։
Սիրելիս, բայց դու կայի՞ր աշխարհում…
Քո առասպելական սիրո համար
Ես վճարել եմ
Սայթաքումներից կքած
Իմ բախտի գնով,
Իմ ճմռթած ցերեկների կույտով,
Անփույթ շպրտած իմ գիշերներով,
Գինու շշերով՝ քո սիրով պարպած,
Քնթուկներով՝ այրած քեզ համար,
Ադրենալինով՝ ուր որ է պայթող,
Լավայի պես վառ ու տենդագին
Իմ հոսո՜ղ, հոսո՜ղ ադրենալինով։
Սիրելիս, բայց դու կայի՞ր աշխարհում…
Քո սիրո համար ես՝ իբրև ընտրյալ,
Իբրև գարնան աստծո գարուն որդի,
Մսխել եմ ես շռայլորեն ու ազատ
Անձրևնե՛րը բոլոր, հրդեհնե՛րը բոլոր,
Ծաղիկնե՛րը բոլոր, բողբոջնե՛րը բոլոր,
Որ բացվում էին վաղվա գինու համար։
Օ՜, երգ իմ, ձմռան ցրտերում պայթած
Գոլորշացող իմ արյուն, իմ վերք ու ճեղք։
Օ՜, երգ իմ, իմ հաշիշ ու փրկություն,
Իմ հոգեմետ խաբկանք, իմ թմբիր,
Ամենօրյա իմ թուլություն,
Ամենօրյա իմ պատիժ, ամենօրյա իմ մեղք։
Ես սիրել եմ քեզ,
Իմ սուրբ երազ ու խարան,
Իմ կապանք, իմ կարմիր սքոչ-
Ես քեզ սիրել եմ, ինչպես
Կատուն՝ կատվախոտ,
և որոնել քեզ ամենուրեք։
Ամենուրեք։ Անգամ այնտեղ, ուր չկաս
և ուր չես էլ կարող լինել։
Քո առասպելական սիրո համար
Ես տրորեցի ծաղիկը քնքշության…
Բայց քեզ հասնելու համար
Իմ մի կեսն էր միայն աստված,
և մյուս կեսս
Զինվորիկ էր անագե՝
Մի ոտանի, մի թևանի,
Սիրտն էլ… ընկած գերի
Քեզ համար մղվող կռիվներում,
Սիրտն էլ… գերի ուրի՜շ,
Լրի՜վ ուրիշ եզերքում։
Սիրելի՜ս, բայց դու կայի՞ր աշխարհում։
***
Մանուկներն անցնում են անհաղորդ՝
Ձեռքներում պահած վիրտուալ կրակ,
Ետքից գնում են մեծերը,
որ չեն հավատում վաղվա օրվան։
Օդում բզզում են միջատները՝
Ծաղկափոշու հետ քարշ տալով
Քաղաքական լրահոսը ողջ։
Շունն իրեն տեր է փնտրում՝
Բերանում պինդ սեղմած իր թոկը։
Իսկ թռչուններն ուրիշ երկինք են ուզում…
Եվ բոլորն են ուզում, մեր մեջ ասած,
Ուզում են, բայց չգիտեն, թե ինչ։
Մանուկներն էլի են անցնում անհաղորդ
Ու մեծերն էլի գնում են ետքից՝
Չկարևորելով դարձյալ շուրջորայքը…
Մեկը բարևում է հենց այնպես,
Մյուսն հարցնում, թե ոնց եմ
Մեխանիկորեն…
Քամին շաղ է տալիս փողոցով մեկ
Սևուսպիտակ լուսանկարներ,
Որոնցում արևն ավելի դեղին է,
Քան հիմա…
Մանուկները դարձյալ անցան անհաղորդ՝
Ձեռքներում պահած վիրտուալ կրակ…
…Իսկ մայթեզրին նստած,
Այլուրեքության պաղ թմբիրի մեջ,
Հիասթափված ու լքված,
Անուշադիր ու տխուր,
Ծխում էր կոկորդիլոս Գենան
և սիրտ չէր անում բացել
Իր հին ակորդեոնը:
ԴԵՊԻ ԿԱՐՄԻՐ ԿԻՐԱԿԻ
1
Էսօր՝ շաբաթ, վաղը կգա կիրակի,
Ես չեմ ուզում շփել արյուն
Հին վերքերի, հին ցավերի կրակին-
Սրսփում է, դողդղում է իմ հոգին-
Ես չեմ ուզում կարդալ հիմա
Ու հանդիպել ինչ-որ մեկի վախճանին։
Ես ուզում եմ հիմա թռչել
Երազանքի ճանապարհով-
Մի աղջիկ կար, ինձ ասաց՝ չէ,
Դու ցուլ ես, ես՝ աղեղնավոր։
Եվ ի՞նչ եղավ։ Կամ ի՞նչ կա որ,
Ես կհյուսեմ մի պատմություն-
Կար-չկար մի աղեղնավոր,
Եվ կա-չկա մի խոցված ցուլ։
2
Պատրաստ եմ ես ամեն վայրկյան
Գնալ դեպի մեղք ու մեղին,
Ինձ համար չէ դանդաղ-անկյանք
Ժամանակը՝ դեղին լեղի։
Տղերք կան, որ կոչում են ինձ պոետ,
Տղերք կան՝ անիծում են ու անցնում-
Վերևներից՝ թող իրենց հետ…
Տևեն երկար ու անցնցում։
3
Էսօր՝ շաբաթ, վաղը կգա կիրակի,
Ինձ հե՜տ մնա, ինձ չլքե՜ս, ամրությո՛ւն,
Ինձ չմատնես թուլամկան վտանգին,
Ինձ հետ մնա, ինձ չլքե՜ս, ամրությո՜ւն…
4
Բառը բառին մոտ, բառը բառին կից,
Սահում եմ Սահանքով Սահարայի-
Դո՜ւ, ամենամոտ, դո՜ւ, անկարեկից,
Դու՝ Մարիամ, բայց հոգին քո՝ Սառայի։
Ես ինչո՞ւ եմ հիմա հիշել
Քո պերճանքը՝ լույս-լուսավոր,
Աչքերը քո՝ շողուն մոշեր-
Ես ինչո՞ւ եմ հիմա հիշել…
Եվ ինչո՞ւ եմ հանկարծ հիշել,
Խաղի ընկեր, ձախի ընկեր,
Ես ինչու եմ հանկարծ հիշել
Օղով դաղած օրերը մեր…
5
Հենված խարխուլ աթոռին,
Իրիկվա ճոճքին թիկնած՝
Խմում էի մրգօղին,
Գովերգում զնգուն տիկնանց։
Ո՞վ էր, գիսախառն ասաց-
«Հաց, աղոթք ու սեր արա,
Օրը նետ է ու սլացք,
Օրը գետ է ու վարար»։
Հեշտ էլ բան է կկարծեմ,
Մեկին մեկ է գումարած-
«Պիծ բուձյեմ, գուլյած բուձյեմ,
Պատոմ բուձյեմ ումիրած»։
6
Անփուշ վարդեր քնքուշ յարիս-
Մի ողջ գիշեր քեզ եմ հիշել,
Քո աչքերը՝ շողուն մոշեր-
Անփուշ վարդեր քնքուշ յարիս։
Հեռանալիս ետ չեմ նայել,
Եվ հիմա տապակվում եմ ես մարմանդ-
Խնդրում եմ՝ արցունքներդ խնայիր
Վերադարձի ճամփի համար։
7
Իմ հեքիաթում միշտ այսպես է լինում-
Բաժակի մեջ կիսատ գինու
Չարքերն իրենց ոտքերն են լվանում-
Եվ գալիս է ասպետը քաջ՝
Անտարակույս-մահվանոտի,
Բաժակն առնում կիսատ գինու,
Խմում կենացը կարոտի…
8
Ընծաներս՝ քեզ, հուշերի՛ բագին,
Երազներից ես իջա ցած,
Վառվում է իմ դեմ կարմիր կիրակին,
Ու գնում եմ թևերս բաց…
Բառը բառին մոտ, բառը բառին կից
Դեպի անհո՜ւն լուսաբաց-
Շաբաթ կոչվող իմ մաշռտված շապիկից
Գրեթե բան չմնաց։
…Ու գնում եմ թևերս բաց
Դեպի անհո՜ւն, անհո՜ւն լուսաբաց…
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՊԱՏԿԵՐ
Գլորվում է մայթերն ի վար
Շիշը՝ թթված գարեջրի…
Գլորվում է ու զարկվում
Նստարանին անկյունի
Ու ներկում է իր ճամփան
Ոսկեփրփուր ըմպախտով։
Այս փողոցները՝
Քուղերի պես արձակված,
Այս փողոցները՝
Քուղերի պես պինդ քարկապ,
Այս փողոցները՝
Մանկության պես ծիծաղկոտ,
Այս փողոցները՝
Ջահելության պես շվայտ։
Տեսնես ո՞ւր կորան
Ընկերները իմ հին,
Տղե՜րքը, որ ցնծում էին ոչնչով,
Որ տրվում էին ոչնչին,
Որ պաշտում էին աշխարհը,
Որը վերջում պարզվեց՝
Փայլփլուն մի ոչինչ էր։
Տեսնես ո՞ւր կորան
Աղջիկները- խմորի պես նուրբ-
Տեսնես ո՞ւր կորան
Աղջիկները ոսկեփետուր։
Տեսնես ո՞ւր կորան։
Ա՜խ, ինչ տգեղ ես սողում,
Ժամանակ… դու իժ ես թունավոր։
Ժամանակ, դու իժ ես մոռացումի…
Գլորվում է նորից
մայթերն ի վար
Շիշը՝ թթված գարեջրի։
Գլորվում է ու զարկվում,
Զնգզնգում է աջուձախ,
Զրնգում է ապակեձայն՝
Մինչև որ պայթի մի տեղ-
Դա է ճակատագիրը
Չխմած, չխմվող
Բոլոր-բոլոր շշերի։
ՉԱՐԵՆՑԻՆ
Ես տեսնում եմ ցուրտ խավարում
Քո ձեռքը, որ լույս է վառում,
Ընկած չես դու, հենված ես այլ
Ցուրտ խավարի պատին մռայլ։
Ես տեսնում եմ՝ լուցկուդ բոցից
Ոնց է վառվում մի բելամոռ-
Քեզ ասում են սուտ տրոցկիստ,
Քեզ ասում են երախտամոռ,
Քեզ ասում են նացիոնալիստ,
Ժողովրդի մեծ թշնամի,
Քեզ ասում են խանգարող քար՝
Սովետական պայծառ ճամփին։
…Ես տեսնում եմ՝ ոնց ես ծխում՝
Հենված մթան մեջ կարցերի-
Պատասխաններ՝ ինչքան ուզես
Պեծկլտացող էս հարցերին…
Ես տեսնում եմ շարժումը քո-
Դու ելար վեր հանկարծակի-
Հիմա գուցե կըերերաս,
Հիմա գուցե սիրտդ ծակի…
Հիմա գուցե պայթի արյուն,
Գրվի գուցե թաց պատերին…
Անանձնական մի պատմություն
Տրվի գուցե սուտ դատերին…
Անանձնական պատմությունդ
Գրվի գուցե թաց պատերին…
…Ու կգրվի՛ հիմա արյամբ
Հնչեղ կյանքդ՝ որպես մի հերց,
Ու կգրվի հիմա արյա՛մբ
Պատերին- Եղիշե Չարենց…
(Ես տեսնում եմ ցուրտ խավարում
Քո ձեռքը, որ լույս է վառում):
ՎԱՉԱԳԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ
Էս ի՞նչ դեմքեր են՝ լիմոնով բացած,
Էս ի՞նչ դեմքեր են՝ կարկատան ու սեղմ,
Էս ի՞նչ արև է, որ չի թափվում ցած,
Էս ի՞նչ ճամփեք են՝ չտանող մի տեղ։
Տասանոցի պես խուժան կոպեկներ,
Որ թափվում են երկնքից, իբրև ձյուն-
Փետրվար, դու ժանգոտած կողպեք ես,
Քամու արցունք ես, միամիտ հուզմունք…
Էս ի՞նչ մարդիկ են՝ անհաղորդ ու սառ,
Էս ի՞նչ փայլիկ է՝ ամանորի հետք…
Մեկը լիներ՝ ինձ քաղցր բարև տար,
Հուսացող աչքով ասեր «պռիվետ»։
Ինչքա՜ն դատարկ է աշխարհը այս մեծ,
Ինչքա՜ն դատարկ է այս կյանքը պստիկ,
Եվ ես ինչքա՜ն եմ հոգնել, ախպե՜րս,
Տո էս թատրոնից, տո ճիշտ ու ստից…
Էս ի՞նչ մայթեր են՝ փոշեգույն միրաժ,
Էս ի՞նչ քաղաք է՝ արցունքի անձավ
Արդեն փամփուշտ ու սիրտ գտան իրար…
Արդեն օրեր չեն՝ բեկոր է ու ցավ…
Տասանոցի պես խուժան գրոշներ…
Որ թափվում են որպես ողորմություն…
Մի քամի մնաց ու լի՜ դրոշներ…
Մի քամի, որ կտորներ է ցնցում…