***
Սպառված են
բոլոր բառերն իմ մեջ,
բայց դու նման ես
բնության հավերժական շրջապտույտի։
Հեռու երդումը թաղված է ծովում,
ալիք-ալիք
նավարկում եմ մի ափից մյուսը։
Դու
չգիտեիր,
որ ես բարակ բառ եմ,
որին չի կարելի հեգել,
անջատման գիծը
հանգույցներիս մեջ փրփրել,
չի գտնում դուրս գալու ելք…
միայն մեղեդին
գիտի վանկերը հոգուս, լարերը բոլոր,
և ես չունեմ ուրիշ հենարան…
միակ սփոփանքը
դատարկ թղթերին
գեղեցիկ խավարելն ու
լուսանալն է գեղեցիկ,
և քեզ,
և քեզ նետում եմ…
իմ բոլոր եզրերից այն կողմ,
դատարկ տողերի ծանրությունը
նման է անմտության։
Ժամանակը
սահում է դանակի ծայրով,
քո ժամանակը
մանրիկ տերևներով եմ հաշվում,
դողի վրա դող,
գիշերի վրա գիշեր կարող է մնալ,
ձմռանն ուշ կլինի,
ուշ կլինի…
Ես… չեմ կարող այլևս,
ես հեռանում եմ՝
քիթս ամպերին
ու թևերս
գետնին քսելով անփութորեն…
***
Ամռան վերջին կաթկթոցը
չափազանց է
փոքրամարմին
ինձ պես մեկի համար
ինքս ինձ
չափազանց շատ եմ դառնում
և դու
բերնեբերան թանաք ես
դեռևս
ձեռքս թաքուն սահում է գիրը
դանդաղ
անդադար անիծելով,
ու ես նկատում եմ
ներիր
որ այլևս սպառված եմ
մինչև կոկորդս
ամառը
նեղացկոտ թռչուն
ես եմ արել
օգնիր ինձ
թաքնվել նրանից այժմ
ահա քո կնիքը
ահա քո սերը
պահել եմ
որ օրվա վերջում վար թափեմ
ես խելագար եմ
ով գիտի այդ մասին
ահա տես
միայն քեզ մոտ գտա այդ
օգնիր ինձ
թռչել սահմաններիս ետևից
թեև
վախենամ թե
դա էլ
քեզ մոտ հայտնաբերենք։
***
Հայելու միջով նայում եմ քեզ
ու հասկանում՝
սերը մեկն է,
որ բաժանված է երկուսի,
ու ես, փաստորեն,
չեմ կարողանում
հյուրընկալել ինքս ինձ։
Երկար նայում եմ ձեռքերիս,
լռությանս մնացորդները
սողում են ներքև,
ես արդեն հազար տարի
նրանց բռնել չեմ կարողանում։
Հայելու միջից
կանգնեցրու՛ աշնանը,
նա կարծես հեռուն է գնում,
հանկարծ
ես կարող եմ
վերջնականապես
ճանաչել ինձ…
ու հանկարծ
այդ ամենի վրա
կմնա անսահման կարոտ։
***
Ինձ թվում էր կարոտ
քո աչքերում աշխարհներ
հայտնաբերելը
ու հետո
հեկեկալը
դրանց փլատակներին։
Հիմա գիտեմ։
Ինձ թվում է՝
երկրագունդը պտտվեց,
որ հանդիպենք մենք,
բայց, ահա տես, Նրա սիրո դեմ
որքան ենք կիսատ…
Ինձ թվում է՝
սևագրություն ես,
մանկության ձեռագրով,
որ պահում են տաք-տաք,
անվտանգ մի տեղ։
Ինձ թվում է՝
քիչ բան չեմ տեսել,
մարդիկ, որ քարեր են
շպրտում այստեղ,
մարդիկ,
որ հավաքում են դրանք։
Քո կարոտը
վերջինն էր, որ նետեցի ինձ,
հիմա նրան չի կարելի ձեռք տալ։
Ինձ թվում է՝
այսքան կարոտից դուրս
կդառնամ նա,
ով տանիք չունի գլխի վերև,
ով կկորցնի վերջին
սրտակից մելանխոլիան,
ինձ թվում է՝
այսքան կարոտից դուրս
դու ինձ կոչնչացնես՝
դեռ չստեղծած…
Եվ ինձ թվում է՝
բոլոր վայրերս անմշակ
դու բացահայտել ես այլևս,
հիմա որտե՞ղ պատսպարվեմ։
Եվ ինձ թվում է՝
այս տեղատարափ
անձրևների մեջ
կարոտս չի նկատվի,
ինքս անթերի եմ անձրևում։
Հիմա
ինչպե՞ս հայացք նետեմ քեզ
կոտրվող ապակիների ետևից,
երբ դրանք
անխղճորեն շատ են հորիզոնում։
Եվ հիմա
ինձ թվում է անվերջ կարոտ
քո աչքերում տաճարներ
հայտնաբերելը
ու աղոթքը միալար
նրանց լույսի, նրանց լույսի,
նրանց լույսի համար…