Բաց Կանչ՝ «Բանաստեղծական երկխօսութիւն»
Գոհար Սարգսյանի «Բանաստեղծական երկխօսութիւն» ինստալացիան «Արևմտահայ պոետների վերադարձը» մուլտիմեդիա նախագիծ է` վտանգված արևմտահայերեն լեզվի և խոսքի մասին։ Արվեստագետը ստեղծել է մի տարածք, որտեղ ապրում, խոսում, ստեղծագործում է արևմտահայերենն իր բանաստեղծների միջոցով։
Նախագիծը նպատակ ունի ժամանակակից արվեստի մեթոդներով հանդիսատեսին ներկայացնել արեւմտահայերենի երգեցիկ եւ բանաստեղծական կողմերը, առաջացնել հետաքրքրություն արեւմտահայերենի նկատմամբ, երկխոսություն ստեղծել արեւմտահայ բանաստեղծների եւ հանդիսատեսի միջեւ եւ հարթակ ստեղծել նոր բանաստեղծների հայտնագործման համար։
Արվեստագետը հավատում է, որ ցանկացած մարդ իր ներսում ունի ստեղծագործելու, այդ թվում՝ բանաստեղծելու շնորհ, և ճիշտ միջավայր ստեղծելով՝ հնարավորություն ենք ստեղծում այն արթնացնելու։ Մարդու մեջ բանաստեղծական ստեղծագործ շնորհը արթնացնելուն է ուղղված «Արևմտահայ բանաստեղծական խցիկ» ինստալացիան, որ իր իմաստով կենտրոնական տեղ է գրավում նախագծում։
Նախագծի առաջին փուլում մասնակիցներին առաջարկվեց արևմտահայ բանաստեղծների գործերից յոթ հատված, որոնք պետք է շարունակեին բոլոր կամեցողները։ Այնուհետև վերածվելով աուդիո ընթերցումների՝ դրանք օգտագործվեցին «Խցիկ» ինստալացայում պոետիկ մթնոլորտ ստեղծելու համար։ «Արևմտահայ բանաստեղծական խցիկը» հենց այն միջավայրն է, որը վերակենդանացնում է ներքին բանաստեղծական տարածքը, բայց նաև մասնակիցների բանաստեղծական շնորհի միջոցով վերագտնում ենք արևմտահայերենն ու Արևմտյան Հայաստանը:
Մերի Մանուկյան
Մղձաւանջ է դար կը տեւէ
Պէ՛տք է տեղ մը իմաստ գտնէ
Ոչ սփոփանք ոչ ափսոսանք
Միմիայն Յոյսը կ՛ապրի
Ինչ ալ ըլլայ գեղափունջը յոյսի
Ծաղկամանին մէջ կ՚ապրի
Թարմ ջուրով ու առանց մահու
Ի՞նչ է գաղտնիքը չթառամելու
Գաղտնիքն ի՞նչ է
Թէ՛ իմաստուն թէ՛ գոհունակ ապրելու
Թէ՛ լիացած թէ՛ հաշտուած մեռնելու։
Համը սիրոյդ ընկալելու,
Որմէ պատերազմի հոտ կու գար։
Գաղտնիքն ի՞նչ է
Ներսիդիիդ մէջ պատսպարուելու
Եւ անհամեմուած սիրոյդ
Գիրկն իյնալու։
Ո՞ր համեմունքն էր
Որ պակսեցաւ մեր աշխարհէն
Ու հեշտ չեղաւ գոյութեանս ընդունիլ։
Մղձաւանջ է դար կը տեւէ
Այս ստուերին մէջ ֊
Ու քալող ամբոխ մըն է
Մեր հոգիներու անուրջներուն։
Գայանե Գեղամյան
Մղձաւանջ է դար կը տեւէ
Պէ՛տք է տեղ մը իմաստ գտնէ
Ոչ սփոփանք ոչ ափսոսանք
Միմիայն Յոյսը կ՛ապրի
Ինչ ալ ըլլայ գեղափունջը յոյսի
Ծաղկամանին մէջ կ՚ապրի
Թարմ ջուրով ու առանց մահու
Ի՞նչ է գաղտնիքը չթառամելու
Գաղտնիքն ի՞նչ է
Թէ՛ իմաստուն թէ՛ գոհունակ ապրելու
Թէ՛ լիացած թէ՛ հաշտուած մեռնելու։
Մղձաւանջ է դար կը տեւէ
Պէ՛տք է տեղ մը իմաստ գտնէ,
Խռովքը աշխարհէս լալ կը բերէ,
Յոյսն ալ անոր անդորրը կը լեցնէ,
Սիրոյն մէջ բառը կ՚երգէ
Ու սիրտդ կը հանէ,
Տաղն ալ ինչի՞ս է
Աշխարհս մէկ` հանճար է։
Անանուն (հատուած)
Միսաք Մեծարենց
Վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է.
Ըսէ՛, մասուր ու կանանչէ՛
Ցանկապատին շուքին նստած
Վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է։
…
Վահէ Շիրիքճեան
Վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է.
Ըսէ՛, մասուր ու կանանչէ՛
Ցանկապատի շուքին նստած,
Վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է:
Հաստատ լեռ, ի՞նչ պինդ ես կեցեր.
Ի՞նչեր քու փէշով պահեր.
Ո՞վքերու արիւնն ես ծծեր.
Հաստատ լեռ, ի՞նչ պինդ ես կեցեր։
Ջինջ ջուրեր, ո՞ր տեղէն կու գաք.
Երգէցէք մեզի քնարական կարօտ.
Ծարաւնիս կոտրենք իրար մօտ.
Ջինջ ջուրեր, ո՞ր տեղէն կու գաք։
Հերոս հոգի, անունդ ի՞նչ է.
Յոյսն ըլլանք ազատութեան.
Միասին, մէկ Մայր Հայաստան.
Հերոս հոգի, անունդ ի՞նչ է։
Ինկա Իսահակեան
Վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է.
Ըսէ՛, մասուր ու կանանչէ՛
Ցանկապատին շուքին նստած
Վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է։
Վայրի՜ ծաղիկ, ի՞նչ կը սպասես…
Կեանքը հէքեաթ ու անուրջ է,
Շուքի պահը` կարճ, անցողիկ,
Վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է։
Սէ՞ր է արդեօք անունը քու,
Կարօ՞տ` արդեօք յաւերժական,
Արդեօք երա՞զ, անհա՜ս, անգո՜յ,
Յիշատա՞կ է անցած օրուան…
Թող չիմանամ անունդ ես,
Վայրի ծաղիկ ցանկապատին,
Թող դուն մնաս, անհա՜ս, անտե՜ս,
Նման գաղտնի իմ երազին…
Արփի Քիլէճեան
Վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է.
Ըսէ՛, մասուր ու կանանչէ՛
Ցանկապատին շուքին նստած
Վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է:
Քեզ կը տեսնեմ միշտ տխուր ու մինակ։
Մէյ մը գլուխդ կախած,
Մէյ մըն ալ պինդ ու հպարտ:
Վարդեր, շուշաններ չկան չորս կողմդ,
Թերեւս կը վախնան քու վայրի տեսքէդ,
Կ՚ըսեն վայրի է ու կը հեռանան քեզմէ:
Ոչ ոք գիտէ,
Քու վայրի տեսքիդ տակ
Կայ պահուած քնքուշ հոգի մը միայնակ,
Որ ցոյց կու տաս միայն այն ժամանակ
Երբ քնքշօրէն քեզ կը սիրեն,
Ու խանդաղատանքով կը համբուրեն: