Այնքան հոգնած եմ, որ չեմ կարողանում քնել։
Իրվին Յալոմ
Ընկեր ունեի, որ մի քանի անգամ մեֆեդրոն փորձեց: Ես էլ եմ փորձել: Ես էլ եմ փախել իրականությունից: Ես էլ եմ եղել Աստված իմ մտքերում: Ես էլ եմ գրել էդ ժամանակ, բայց ամեն ինչ ունի իր վերջը, ուղղակի ժամանակին կանգ առա: Ժամանակին դիմեցի հոգեկան առողջության խնդիրներով զբաղվող բժշկին: Ժամանակին ասաց` կմեռնես, մի արա, չես ձգի: Ընկերոջս էլ հիսունականներից հրավիրեցին, որ իրենց մոտ բուժվի, միայն մի պայմանով, որ դրանից հետո հավատալու ա իրենց Աստծուն, ասաց` հա, կհավատամ, մենակ թե օգնեք դուրս գամ էս մոլությունից: Մի քիչ էր մնացել, որ բենզին աներ: Հետո փախավ իրենց մոտից: Ասաց` չեմ դիմանում: Աղոթքներով անհավատին չեք բուժի: Սկսեց օգտագործել: Խոտ: Աղեր: Քիմիական տեսակի ծանր թմրանյութեր, օրինակ` խոտին շատ նման սփայս, որը մի անգամից կարա քեզ շիզոֆրենիկ սարքի: Նայի վիդեոները: Դոկ, կտեսնես, թե մարդիկ ինչ են անում դրանից հետո: Ընկերս էլ, չնայած, որ ուժեղ էր թվում, երբ տեսա, չճանաչեցի: Համարյա բուժվել էի, որ իմացա՝ անկողնային ա դարձել: Դժվար էր խոսում: Նայում էր դեմքիս: Հարցնում` շ-ա՞-տ-ե՞-մ-փ-ո՞-խ-վ-ե՞-լ: Ասում էի` չէ: Ես եմ փոխվել: Նայի, ոսկորներս մտել ա մարմնիս մեջ: Խնդում էր: Չէի հավատում, որ անկողնում պառկածը ընկերս ա: Ասես մահը լիներ: Մենակ չալիկ չկար: Մմմ: Կոպալ, էլի: Ձեռնափայտ: Խփում էր ուսիս, թվում էր, թե ձեռքերը միջովս անցնում են: Ասես հոգի լիներ, ուր որ ա` կթռնի-կգնա: Աչքերի մեջ սևություն էր: Բիբերը լայնացած էին: Մաշկը՝ սփրթնած-սևացած: Չէի ուզում հարցնել, թե ինչի արեց սենց, որովհետև ինքս էլ նույն իրավիճակում եմ եղել: Բայց հասկանում էր, որ խղճում եմ, որովհետև նույն վիճակում կարող էի ես լինել: Հանկարծ սկսեց խոսել: Կտրտված, անհասականալի: Ասես բարբաջեր: Տեսնո՞ւմ ես էս մարդկանց: Ստեղ են: Նայի պատալոկին: Մեզ են նայում: Էնքան եմ սիրում էս վիճակը, երբ ոչինչ պետք չի անել, երբ կարաս պառկես ու հանգստանաս: Քեզ հարց տվե՞լ ես, թե ինչի ես առաջին անգամ խոտ ծխեցի, էդ անտերը բոլորն էլ ծխում են: Ես: Ես: Ինչի՞ ծխեցի: Ինչը՞ չէր հերիքում: Ասա ինձ: Ինչ կար, որ էդ տարիքում փորձեցի, ու որպես իրան հարգող տղա` հասցրեցի ավարտին: Ամեն ինչի մեջ երջանկություն փնտրելը հիմար մարդկանց զբաղմունքն ա: Ես ու դու էդ խոտի մեջ տեսանք: Հետո, որ մեֆեդրոն փորձեցիր ու հասկացար, որ կայֆը այ էդ քանի վայրկյանն են, որ քեզ բարձրացնում են օդ ու: Ու: Ու: Տալիս գետնով, քարի նման ընկնում ես: Ու անձրևը: Կարկուտը: Կայծակը: Ծանր երաժշտությունը: Թայֆունը: Երկրաշարժը: Ատոմային բոմբը: Ամբողջը միանգամից ներսումդ տրաքում է: Մեկ էլ` գըգըըը՜մփ: Մեկ էլ` չկաս: Մեկ էլ` ամենն անգույն ու անիմաստ ա: Զրոյից ես սկսում: Դոզան բարձրացնում: Սեքս անում դրա տակ, որը նենց հաճույք ա պարգևում, ասես հին աստվածներից լինես, որ պրծնել չգիտեն, որ օրգազմը իրենց մոտ դարեր ա տևում: Կհասկանաս: Հասկանում ես: Բայց, բայց ամեն ինչը չի, որ հարատև ա: Դու էիր ասում, որ հարատևությունը ձանձրալի ա: Կրկնում եմ: Որ եթե հաջորդ կյանքում նորից մարդ լինեմ, նորից կփորձեմ ձանձրույթը թոթափել նարկոտիկի մեջ: Լուրջ: Ինձ բուժում պետք չի: Հիշո՞ւմ ես աղջիկներից մեկին, որ Պոլիկում էինք ծանոթացել: Գնաց երկրից: Գնաց բուժվելու, բայց ես հո գիտեմ, որ չի բուժվի: Սրան բուժում չկա: Նայի, նայի: Պատալոկից: Գունավոր: Մեծ գլխներով խաղալիքներ են: Չես փոշմանի: Վերև նայի: Քեզ մի խնդրանք եմ ուզում վերջին անգամ ասեմ: Վերջին: Գիտեմ, որ կօգնես: Ինձ մի կես գրամ խոտ ճարի: Մերս չի թողում, ուզում եմ, չի թողում: Այ տենում ես: Ձեռներս կապել ա: Մտածում ա` կբուժվեմ, բայց ախր ես չեմ ուզում բուժվել: Թողեք իմ կյանքը ապրեմ: Թողեք իմ ձևով մեռնեմ: Ե՞ս չեմ որոշողը: Տեղից ամեն ինչ իմ տեղն եք որոշել, թողեք էդ էլ մենակով անեմ: Ձեռներս ազատի, խնդրում եմ: Իրոք: Ընկեր ես, չէ՞: Միասին խմել ենք: Օրգիա ենք արել: Ծեծ ենք կերել: Հիվանդանոց ենք պառկել: Թող էս անգամ ես մենակով լինեմ էդ ամենի մեջ: Թող, որ իմ ձևով անեմ: Էլ ոչ ոքի չլսեմ: Հիշո՞ւմ ես, որ ասում էինք` պետք ա պայքարենք էս մշակույթի դեմ: Հիշո՞ւմ ես, որ ես դիջեյությամբ մտա, իսկ դու` գրականությամբ, բայց դրանք շատ տարբեր էին իրարից՝ չնայած ծերը գտանք շփման մեջ: Երկուսս էլ բողոքավոր էինք: Երկուսս էլ ամենից բողոքում էինք: Ուզում էինք, որ մեր ստեղծած աշխարհը այ սենց լինի: Մնա գունավոր: Դու քո գրականության, ես` իմ երաժշտության մեջ: Ուզում էինք` սաղ աղջիկները մերը լինեին: Հիշո՞ւմ ես, որ ասում էիր` ինչքան աղջիկը դեպրեսիվ ա, էնքան ավելի հեշտ կլինի նրան անկողին տանել: Հիշո՞ւմ ես, որ տենց մեկին բռնեցինք, որ առաջին անգամ եկել էր բար: Էդ օրն էլ ես էի սեթ նվագում: Սաղ գիշեր պետք ա նվագեի: Հիշո՞ւմ ես` ինչ էի ընդունել։ Որ դիմանայի: Հա: Ճիշտ ես: Հետո էդ աղջկան գտանք: Դու գտար: Քեզ դուր են գալիս ընկճված աղջիկները: Հիշո՞ւմ ես, որ ասեցիր, թե կտա: Հիշո՞ւմ ես, որ քեզ տկլոր տեսավ, ասեց` շատ կապիկն ես: Ես էլ խնդացի, որովհետև չէի ֆիքսվել քո վրա: Միշտ վախում էի ֆիքսվել տղերքի վրա, որովհետև նարկոտիկի տակ վտանգավոր ա: Խնդացինք, ու ասեցիր` էլ մոտս չի կանգնի: Էկեք ուղղակի պառկենք: Ես էլ չէի կարա առանց սեքսի քնեի: Հիշո՞ւմ ես, որ սաղ գիշեր արեցինք քո վրա: Սաղ գիշեր մեջքով պառկած էիր մեզ, ասես կուկոլդ: Գերագնահատված բան ա ընկերովի սեքսը: Աղջիկը անընդհատ ասում էր, որ քեզ արթնացնեմ, որ ուզում ա դու էլ մեջը մտնես: Որ ուզում ա կյանքում գոնե մի անգամ գրողի հետ քնի: Ասում էր, որ բոլոր մասնագիտությունների հետ ունեցել ա` դիջեյի` հիմա, մարքետոլոգի, բանվորի, բարմենի, մատուցողի, գյուղապետի, քաղաքապետի խորհրդականի, դեպուտատի չաղ: Ասում էի` ոնց ձանձրալի գրում են, տենց էլ ձանձրալի սեքս են անում գրողները: Հարցնում էր` տեսե՞լ ես: Ասում էի` չէ, կարդացել եմ, շատ ա էսթետիզացնում սեքսը, սարքում ա աստվածային մի բան: Խնդում էր, ու ես զգում էի, որ քո ներկայությունը ինձ քաջություն ա տալիս: Ես զգում էի, որ քո մոտ ես ինձ ավելի լավ եմ մերկ զգում, որովհետև չունեմ փռչոտ մազեր դոշերիս ու մեջքիս: Որ աղջիկը անընդհատ մազերիդ կպնում ա ու ասում` կապիկից չի տարբերվում: Հաստա՞տ ընկերդ ա: Չեմ հավատում: Դուրը չե՞մ գալիս: Այ տենց, դանդաղ արա: Չի՞ ուզում զարթնի: Լավն ա փռչոտ ընկերդ: Չի՞ ուզում ինձ: Գիտես, չէ՞, առաջին անգամս մատներով եմ արել, հետո օրը ութ հոգու հետ քնում էի, կարող ա անունն էլ չհիշեի, բայց քնում էի հետները. ինտերնետում արագ ծանոթանում էի: Հանդիպում: Կապ չունի՝ նկուղում, բարում, զուգարանում, հյուրանոցում, գեյմզոնում, կռիշում, պադյեզդում, բարում, փաբում թե փողոցի մեջտեղում, ուզում էի, որ մեջս մտցնեն: Կոխեն: Շատ էի ուզում: Բան չէի զգում: Ոչ մի բան չէի զգում: Չէի հասկանում` ով ու ինչ ա հիմա մեջս: Ռեֆլեքսորեն շարժվում էի: Ինտերնետում կարդում էի, որ հնարավոր ա ֆրիգիդ եմ: Դե էն, որ կայֆ չեն ստանում սեքսից: Էնքան տարբեր մարդկանց փոխեցի մինչև առաջին վարակումը: Սկզբում թեթև քոր էր գալիս, իսկ հետո` սաղ հեշտոցս կարմրել էր: Չէ: Հիմա լավ եմ արդեն, մի մտածի: Բայց հաճույք չեմ ստանում: Բժիշկը ասեց, որ էն ժամանակ կստանամ, երբ որ սիրեմ: Իսկ սիրել ես ընդհանրապես չգիտեմ: Մենակ սեքս: Նայած կլինես Թրիերի Նիմֆոմանուհին: Զուտ իմը էդքան էլ ռոմանտիկ բաներ չի եղել: Չէ: Սևամորթ եղել ա: Մի պահ քաղաքում լիքը սևամորթներ կային: Ես էլ անգլ էի պարապում, հետները հանգիստ շփվում էի: Նենց հանգիստ, որ օրըմեջ մեկի անկողնում էի հայտնվում: Ու երազում էի, որ զգամ: Շատ էի ուզում, որ հասկանամ: Չէր ստացվում, ոնց որ համը բերանիցդ կորած լինի: Զուտ ռեֆլեքսորեն հետառաջ, առաջհետ: Ցավը շատ էր: մեկ-մեկ ուզում էի, որ ցավացնեն: Ճղեն մեջտեղից ինձ: Ծեծեն: Տան պատերով: Հետևիցս մտցնեն: Որ գոռամ: Հնարավոր ա, որ հասնեմ, կարողանամ զգալ: Կարողանամ համային ռեցեպտորները վերականգնել: Բայց, երբ տարիները անցնում են, ու դու հասկանում ես, որ չէ, ես էլ սենց եմ ծնվել: Կարո՞ղ ա չպետք ա մատներով անեի: Փոքր ժամանակ, երբ մաման տեսավ, որ մատներով կպնում եմ հեշտոցիս: Միամիտ մտել էր սենյակ: Ինը տարեկան էի: Ասեց, որ պետք ա ապաշխարես, որովհետև մեղք ես գործել: Չի կարելի ձեռք տալ: Մի արա: Աստված տեսնում է: Մի արա: Պետք է ապաշխարես: Հենց հիմա: Ասա` էլ ինչ ես արել: Հիսուսի մոտ պետք է ապաշխարես, որ մեղք ես գործել: Չի կարելի: Կպատժի Տերը: Դու պետք է հասկանաս, որ Տերը չի ընդունում նման բաներ: Ապաշխարի: Ամեն օր արթնացիր ու տասն անգամ Հայր մերը ասա: Չի կարելի: Ապաշխարի: Տերը տեսնում է: Կպատժի: Պետք է ապաշխարես: Պետք է գնանք բժշկի: Նայի մի հատ քեզ: Ոտքերդ բացի: Չէ: Նորմալ է: Կույս է: Ապաշխարի: Պետք է հասկանաս, աղջիկս, որ կյանքում տենց բաները մեղք են: Չանես հանկարծ: Մահացու մեղք չգործես: Մեր սենյակում կքնես: Հերդ չգիտի: Ապաշխարի: Տերը կջղայնանա: Մի արա: Ներքև չնայես: Ապաշխարի: Հիսուսը սիրում է քեզ: Բայց մի արա: Չանես հանկարծ: Մահացու մեղք է: Չի կարելի: Ապաշխարի: Դպրոց չես գնա: Ամեն օր կգնանք եկեղեցի: Մոմ կվառես: Կապաշխարես: Չի կարելի: Տերը հետևում է մեզ: Դժոխքի դռները միշտ բաց են: Ապաշխարի: Հորդ չեմ ասել: Հետո, մերս մեռավ: Մի շաբաթ անց, երեկոյան, երբ արդեն ավարտական դասարանում էի: Ձանձրացա: Փորիս վրայով դանդաղ իջացրի մատներս, ամեն վայրկյանը մորս բառերը լսելով` ապաշխարի, չի կարելի, մի արա, տերը հետևում է: Ու շարժելով, թքած ունենալով: Աչքերիցս արցունքը գնում էր: Շարժում էի, բայց բան չէի զգում: Ընկերուհիս պատմում էր, թե ինչ-որ տեղին, որ սեղմում ես, հաճույք ես ստանում: Բայց բան չէի զգում: Մինչև չմտցրի խորքերս: Արյուն էլ չեկավ: Բայց ցավում էր: Սկսեցի արագ անել: Ամբողջ գիշեր մեջից չեմ հանել: Տանը բանան կար: Փորձեցի: Բայց էլի ու էլի բան չէի զգում: Դպրոցում մի տղայի էի հավանում: Մորս մեռնելուց հետո ամեն ինչ անիմաստ էր, անգամ վախը: Բայց մեկ-մեկ, երբ մի բան էի անում, գլխումս մորս ձայնն էր` ապաշխարի, չի կարելի: Հետը մնացի դասերից հետո: Ասեցի` կուզես կուրծքս տեսնես: Ասաց` հա, կուզեմ: Էդ օրը կրծկալ չէի կապել: Միանգամից սիրելի Վինքսերով մայկես բարձրացրի ու ասի` կպի: Աչքերը փայլում էին: Չէր հավատում: Փոքր կրծքերս: Վարդագույն պտուկներս գնում էին դեպի մատները, ասես երեխայի բերանով քաղցրին կպնելը: Բայց: Հենց դիպավ, հասկացա, որ ոտքերը դիպան իրար, ասես չիշիկը պահեր, որ դուրս չգա: Հենց տենց: Ուղղակի պրծավ: Մամռոտեցի: Ասի` դեբի՞լ ես: Պրծա՞ր: Կարմրեց: Չէր հասկանում` ինչ էր կատարվում: Լո՞ւրջ պրծար: Խնդում էի: Ինչ ապուշն ես: Ես էլ ասի հենց ստեղ անենք: Դե լավ: Դասարանը հավաքենք, գնանք: Աչքերը կլորացած, անմեղի հայացքով նայում էր դեմքիս: Ասես հենց նոր կյանքը հասկացավ, որ ամեն ինչ շատ արագ ա լինելու: Չի էլ հասկանալու, որ կյանքն էլ ա այ տենց սկարաստրել: Բայց, տղայի կպնելու ժամանակ, երբ վերջացավ, մերս ականջներիս մեջ բարձր գոռաց` ԱՊԱՇԽԱՐԻ: Գոռացի` հերիք ա: Մեռել ես: Թող հանգիստ ինձ: Հերիք ա: Մամ: Աստված չկա: Հերիք ա: Մամ: Թող հանգիստ: Աստված չկա: Դու ես: Դուրս արի գլխիցս: Մամ: Դուրս արի: Զզվում եմ քեզնից: Մամ: Դուրս արի: Աստված չկա: Չկա: Բան չեմ զգում: Դու ես մեղավոր: Ամեն անգամ, երբ ասում էիր ապաշխարի, զզվանք էի ապրում: Մամ: Զզվում եմ Աստըծուց: Ավելի ճիշտ` չեմ էլ հավատում, որ զզվեմ: Քեզնից եմ զզվում: Մամ: Դուրս արի գլխիցս: Ձեռք մի տուր ինձ: Մեռել ես: Ապաշխարի: Չկաս: Ապաշխարի: Դուրս արի: Պատմե՞մ: Պատմե՞մ, որ տեսել եմ քեզ նույնը անելուց: Դուրս արի: Տեսել եմ, թե ոնց ա դեմքիդ միմիկաները սեղմվում: Ապաշխարի: Դուրս արի: Տեսել եմ հարևանի հետ սիրախաղերդ: Ապաշխարի: Տեսել եմ, որ հորս գնալուց հետո սիրածիդ ես զանգել: Մեղք է: Ապաշխարի: Զզվում եմ: Ամեն ինչ տեսել եմ: Չի ստացվում հավատալ: Երբ ինքդ անհավատ ես եղել: Ինքդ չես արել էն, ինչ ցանկացել ես, որ ես չանեմ: Աստված չէր ուզում, որ դու իրան հավատայիր: Հա: Հավատայիր: Ոչ թե ասեիր` ապաշխարի: Ապաշխարի: Մամ: Ցավում ա: Չգիտեմ որտեղ, բայց ցավում ա, որ ոչինչ չեմ զգում: Գնա: Հեռացի գլխիս միջից: Հեռու գնա: Հոգնել եմ: Մի ասա` ինչ անեմ: Գնա: Ուղղակի գնա: Ի՞նչ ես ուզում ինձնից: Ապաշխարի: Ի՞նչ: Մատներով արել եմ: Վերջ: Ապաշխարի: Աղջիկս: Զզվում եմ ինձնից: Ապաշխարի: Տերը գթասիրտ է: Չի թողնի մենակ: Կներես: Ապաշխարի: Աղջիկս: Հերիք ա: Մամ: Գնա: Թող ինձ: Հոգնել եմ: Մեռնել եմ ուզում: Այ հենց երրորդ հարկից թռնեմ ու ջարդվեմ: Ապաշխարի: Մամ: Զզվում եմ ինձնից: Թող հանգիստ: Մեռնելու էիր, հետդ սաղ տանեիր: Ֆանատիկոսի մեկը: Ապաշխարի: Սիրտս խառնում ա մեր ընտանիքից: Ոչ դու ես նորմալ հետս շփվել, ոչ էլ ամուսինդ: Պապան դուրսը բլոտ խաղալուց բացի ուրիշ հետաքրքրություն չուներ կյանքում: Բայց երբ հարցնում էի` ինչի ա սենց դարձել, ասում էիր` ես եմ մեղավոր: Իմ հետ է փոխվել: Նորմալ, սարի պես տղա էր, դարձրի ռագադկի քար: Մամ: Հասկանում եմ հիմա հեգնանքդ ինքդ քեզ: Հասկանում եմ, որ բնավորությունդ քեզումեզ դարձրեց հոգեկան: Հենց գիտակցեցի քեզ, գիտակցեցի նաև աշխարհը: Կներես: Երբ գիտակցեցի, որ ինչ մարդ ես: Երբ առաջին անգամ ուսս սեղմած տարար բժիշկի: Հասկացա: Մամ: Կներես: Երբ պապային ասեցիր, թե ինչ եմ արել, սպասելով, որ կհարվածի, բայց նայեց դեմքիս ու թեթև ժպտաց, ասես ասեր, որ իմ գործը չի, ձեր աղջկական բաները դուք լուծեք: Թողեք ես իմ բլոտը խաղամ: Կներես: Հերիք ա: Քո կներեսները ոչինչ չեն փոխում: Ոչ մի կներես չի օգնում: Զուտ գնա: Թող հանգիստ կյանքս շարունակեմ: Թող ու գնա: Վերջնական: Անվերադարձ: Մամ: Թող ինձ ապրեմ: Մի տանջի գնալուցդ հետո: Թող ապրեմ: Մամ: Մեծ աղջիկ եմ արդեն: Ինչ կուզեմ կանեմ: Ում կուզեմ կտամ: Հենց հիմա, հենց էս պահին քնելու եմ բոլորի հետ, ում հավանեցի: Քեզ ինադու: Ձեզ ինադու: Բժիշկը ասել ա, որ հոգեկան ա խնդիրս, որ դրա համար էլ բան չեմ զգում: Բայց չի բուժվում: Ձև չկա: Միջոց չկա: Մամ: Լսո՞ւմ ես: Ստե՞ղ ես: Մա՞մ…
Հիշում ես, չէ՞, որ առավոտ արթնացար ու տեսար, որ մենակ ես եմ կողքդ, աղջիկը փախել ա, էնքան բան պատմեց գիշերը, ափսոս քնել էիր, ափսոս չլսեցիր, հիմա լիքը բան կգրեիր` ընկերոջդ սեքսի մասին: Ափսոս, որ հիմա նայում ես դեմքիս ու չգիտես` ինչ ասել, ոնց ասել, որ ընկերոջդ քիչ ա մնացել: Դու գիտես, որ ես չեմ ուզի իմ մասին կարդան մարդիկ, ավելի լավ ա էն աղջկա պատմությունը գրես, որ պատմեցի: Բայց ուզում եմ գոնե մի անգամ, վերջին անգամ մի բան ծխեմ: Հետդ: Խավարումը իրար հետ դիմավորենք, դու նայես` ոնց եմ մտնում քաոսի մեջ ու ամեն ինչ քաքմեջ անում: Մենք անգամ քաոսի հետ ենք կռիվ տալիս: Ներսումս մի բան դուրս ա ուզում գա, ընկերս, մի բան, որ ուզում ա դուրս գա, չգիտեմ՝ ինչ, ես քո պես լավ չեմ կարողանում բացատրել զգացածս: Քո նման չեմ կարողանում հասկանալ` ինչ ա հետս կատարվում: Քո սիրած էսկապիզմն ա հիմա մեջս: Էս իրականությունը մերը չի, ընկերս: Մեր համար չի: Խնդրում եմ` վերջին անգամ միասին ծխենք, մի մուխ: Չե՞ս ուզում հասկանալ, որ իրականությունը էլ հետաքրքիր չի: Ո՞նց կարողացար պայքարել: Ո՞նց հասկացար, որ գրելը լավագույն պայքարն ա: Իմը երաժշտությունն էր, բայց երբ ինչ-որ բանի տակ չեմ, չեմ կարողանում ներթափանցել դրա տակտերի մեջ: Դու հասկանում ես, որ կայֆի տակ ոչ մի նորմալ բան չես ստեղծի, քեզ կթվա, որ ստեղծում ես, որ աստվածն ես, որ բոլոր դռները հիմա բաց են քո առաջ, բայց երբ լոմկան գալիս ա, երբ ինֆորմացիան նորից անմակարդակ կնոջ պես լցվում ա մեջդ: Ու սկսում ես մտածել, որ էս ինչ հիմարություն եմ գրել, էս ինչ մոնստրի եմ ստեղծել: Էս ամենը խաբկանք էր, որ դու ապրում ես դրա մեջ, որ ապրելը ամենամեծ խաբկանքն ա: Հիշո՞ւմ ես, որ կարդացիր Բոդրիարի գործը, որտեղ ներկայացնում ա մեր աշխարհը ասես սիմուլյացիա, մտածում էիր, որ գտել ես հարցերիդ պատասխանը, որ մի օր երկինքը թրթռալու ա ասես համակարգչիդ պիքսելները դիմացդ: Մենք հասկանալու ենք, որ էս ամենը վայրկյանական ծուխ էր, որ դուրս եկավ ու հասավ ամպեր, հետո ձևափոխվեց կաթիլի, տարրալուծվեց, ոնց բառերը հիմա քո մեջ: Ընկերս: Վերջին անգամ: Նենց սենտիմենտալ եմ հիմա: Քո սիրած պաթետիկությունը մտել ա բառերիս մեջ: Գիտեմ` չես սիրում, բայց հիմա իմ աստեղային ժամն ա: Հիմա, ամեն դեպքում դու պետք ա լսես ինձ, չնայած էլ բան չկա ասելու քեզ: Մի գրի իմ մասին: Խնդրում եմ: Չեմ ուզում, որ էրեխեքդ կարդան իմ մասին: Չեմ ուզում, եթե հայտնի դառնաս, իմանան իմ մասին: Հարցնեն` էդ ով էր էդ նարկամանը: Ով էր էն մարդը, որ հավայի ապրեց ու անիմաստ մեռավ: Ո՞վ էր, որ երեխա չունեցավ, որ ժառանգ չթողեց: Ով էր, որ քո ընկերն էր: Որ օրերով մյուզիք էր գրում: Ինչքան վատ բան կա անում էր, ասես կյանքը հավերժ ա լինելու: Ասես կյանքը չունի վերջ: Ընկերս: Նայի` ինչ լավ եմ ասում: Գրելու բաներ են, բայց չգրես: Պետք չի: Թող մի անիմաստ կիսաաբորտ էլ դուրս չգա, ու տեքստերիդ մեջ հայտնվի: Մյուզիքի մեջ ասում ենք, որ լավագույն գործերը չգրածներն են, ոնց, երևի արվեստի մյուս ճյուղերում: Մեկ-մեկ չեմ սիրում, որ մտածում եմ կյանքիս մասին, թե ինչ կլիներ, որ, օրինակ լինեի տիեզերագնաց… հիշո՞ւմ ես, որ նստում էինք քանդված մեքենան ու պատկերացնում, որ հիմա օդում ենք: Որ աստղերը մոտ են ավելի, քան մեր ձեռքերը իրար: Երևի, որ չմեծանայի: Երևի հաճույքի մեջ քեզ մի փոքր նայիվ երեխա ես զգում: Մեր կյանքը այ տենց հիշողություն ա մեր մանկության մասին: Ինչ լավ կլիներ, որ մարդիկ չմեծանային: Չգիտեմ: Կարոտել եմ էն ամենը: Ոտքերիս վրայի վերքերը: Դպրոցից փախնելը: Ինտերնետ ակումբում Մեդալ օֆ հոնըր խաղալը: Երբ մարդկանց կարողանում էինք սպանել միայն համակարգչի մեջ, ոչ թե իրականում: Երբ մի օր էդ խաղը երկուսիս համար դարձավ իրականություն: Երբ հողի մեջ նստած նայում էինք իրար ու խնդում, որ ոնց որ Մեդալ օֆ Հոնըրը լինի: Ու մենք էլ սենյակում ենք: Յուժնիյ Ֆրանսիայում: Դու` վինչ, ես` կալաշ: Ամեն վայրկյան սպասում ենք, որ հեսա շտուրմով մտնելու են սենյակ ու երկուսիս գենոցիդ անեն: Բայց մեր պես ուժեղ մեկին չեմ հիշում: Չեմ հիշում, որ մեկը կարողացավ մեզ հաղթի: Մեզ մենակ իրականությունը հաղթեց, ընկերս, մենք չգիտեինք, որ կարող ենք մարդ սպանել, ոնց մեր խաղերում: Բայց մեծանում ենք ու փոխվում: Մեծանում ենք ու ջահել կանանց հեգնանքով ենք նայում: Ահահահ: Չեմ հիշում մեկի մոտ էի կարդացել, որ էլ կնոջ հետ չեն կարողանում քնել: Իմպոտենտ բոզեր: Ես ուզում եմ էս ամենը հետ բերել: Ուզում եմ դուրս գալ, բայց շատ ուշ ա, ընկերս: Էնքան ուշ, որ գնում եմ մեր սիրելի յուժնի ֆրանսիա ու սենյակը ամեն գնով պահեմ: Գիտեմ, որ չես անի վերջին ցանկությունս, որովհետև դու էլ ես հոգնել: Ընկերական մահը հարսանիք չի, ու ես մեռնելու մեջ ուզում եմ մենակ մնամ: Գոնե մի տեղ մենակ լինեմ: Թե չէ չգիտեմ էլ դժոխքում ինչ ձիրմաձեմըններ են ինձ հավիտենական դոմփելու: Էն հիսունականներից են լինելու, որ ասում էին` կբուժվես, լավ կլինի, մենակ թե հավատա: Իսկ ես չեմ սիրում հավատալ: Ես հենց հիմա քեզ էլ չեմ հավատում, մտածում եմ` գոյություն չունես: Չկաս: Չնայած կլորացրած աչքերդ, սրտիդ արագ թփթփոցը զգում եմ, դե, որտև ընկերդ եմ…
***
Մի աղջկա էի հետևում Համալիրի այգում` մազերը կապույտ, աչքերը թաց, ձեռքերին տատուներ` կատուներով` կարմիր, շորերին էլ՝ սպիտակ մազեր: Պիվա էր խմում, մարլբորո ծխում, կտացնում ու խոր շունչ քաշում: Ես էլ նստարանին նստած, մինչև հիմա հիշում եմ` կարդում էի Սորոկինի «Նաստյա» պատմվածքը, որը նենց չի հավանեցի, բայց նենց էլ չի, որ չէ: Լավ գրականությունը տենց ա` չգիտես` ինչ զգաս վերջում: Մի բան զգում ես, բայց անհասկանալի ա: Հետևում էի աղջկան, նայում էր հեռախոսին, գլուխը կախում, ինձ թվում էր` լացում ա, բայց մեկ էլ հանկարծ ժպտալով բարձրացնում էր, կարծես գլխի մեջ մեկը նստած անեկդոտ էր պատմում: Շատ փոփոխական էր: Մի քանի ժամ նայում էի ու նայում, մտածում էի` ի՞նչ ա մտածում, մտածո՞ւմ ա արդյոք: Ինչի՞ են ձեռքերը վերքեր: Մազերի կեսը կապույտ: Ինչի ա խնդում ու լացում միաժամանակ: Ինչի ա հավանում Կիլիկիա գարեջուրը: Էնքան հարցեր էի պատրաստում գլխիս մեջ, բայց վախենում էի մոտենալ, որովհետև շատ մեծ էներգետիկ դաշտ էի զգում, որ մոտենամ, մի բան հետս կլինի, կսկսի դուր գալ: Կսկսեմ հավանել: Կսկսեմ հարցնել, իսկ հարցնելս երբեք լավ տեղ չի բերել ինձ: Հարցնելուց ա, որ հիմա էստեղ եմ: Հետևում էի, բայց նենց էի անում, որ զգացվի` թքած ունեմ: Չէի կարողանում ուժ հավաքել ու մոտենալ: Մտածում էի` ով ա, ինչ ա, որտեղ ու ինչի: Մտածում էի` ինչ ա պատահել իր հետ: Մտածում էի, որ կարող եմ օգնել, ուղղակի գնամ ու ասեմ, որ հասկանում եմ, բայց դե, գրողը տանի, ոչ մի բան էլ չեմ հասկանում, ուղղակի ինձ էի հույս տալիս, որ կարող եմ հասկանալ մարդկանց, բայց ոչ ոք ոչ մեկին երբեք լավ չի հասկանում, ներքուստ, մեր մեջ ինչ որ բան մնում ա չասած ու չմտածած, մի բան, որ շատ խորքերում ա, մի բան, որ անգամ տվյալ մարդը չի հասկանում: Ես ո՞նց հասկանամ: Ինչ ասես չէի մտածում: Ինչ ասես չէի հորինում, որ կարոտում ա մեկին, որ մտածում ա ինչ-որ մեկի մասին, որ դավաճանել ա, որ բռնաբարել կամ էլ փող ա պարտք: Մտածում եմ, որ տանջվում ա: Որ անձի երկփեղկվածություն ունի, որ տեղ չունի գնալու, որ հորը չի տեսել, ու երբ գնում տեսնում ա իր ու հոր նկարը, վերհիշում անցյալը, որ տենց էլ երբեք չի տեսնի, որ չտեսնելը իր դժոխքն ա, որ տղամարդիկ նրա հետ վարվում են նենց, ոնց հայրն ա արել. մեռնում են, մեռնում են ջահել ու հանկարծակի: Հանկարծակի զանգում են ու ասում, որ տղամարդու սիրտը չդիմացավ: Ի՞նչ ա մտածում: Ինչի՞ ա խմում ու նայում ինձ, բայց չի տեսնում: Ի՞նչ ա ուզում անի: Ուզում ա մեռնի՞, թե՞ փրկվի, բայց մեռնելով: Ուզում ա գնա հոգեբանի մո՞տ, թե՞ մեկին գտնի ու քնի հետը, որ սեքսը նրա համար լավագույն միջոցն ա ազատվելու հոր մասին մտածելուց: Ի՞նչ ա ուզում: Ուզում ա, որ մոտենամ, բայց ես քաջ չեմ: Ես կարող եմ միայն ու միայն նայել: Հետևել: Փորձել հասկանալ: Փորձել նրան համեմատել երաժշտության, կինոյի, կտավի, քանդակի, տեքստի, գրքի, հերոսի ու հակահերոսի հետ: Ու հանկարծ հասկանամ, որ հիմա ոչ հերոս կա, ոչ էլ հակահերոս, որ ամեն ինչ միախառնվել-տարրալուծվել ա, որ ինչը լավն ա, միևնույն ժամանակ և վատն ա, ինչը վեհ, միևնույն ժամանակ ստորակարգ երևույթ ա: Ինչը Աստվածն ա, միևնույն ժամանակ և սատանան: Ամեն ինչ լոտոյի նման խառնվել, միագույն ա դարձել, ասես էս դարն ա, որ ընկել ա բոլորի հետևից ու Pac Man-ի նման խժռում ա: Ինչ գիտեմ մի մարդու մասին, որը պիվա ա խմում ու բխկում: Որ աղջիկ ա, բայց բխկում ա, որ նրան կմեղադրեն դրա համար, բայց բխկում ա: Բխկում ա բոլորիդ վրա վերևից, որովհետև կին ա, որովհետև երբ ուզի կմեռնի, որովհետև քաջ ա, որովհետև ծխի քուլաների մեջ պահում ա էն ծանրությունը, որ տղամարդիկ դրել են ուսերին, որովհետև ամեն օր ուսերին տանում ա տղամարդկանց ծանրությունը, ու երևի դրա համար էլ լացում ա, Դոկ, դրա համար էլ լացում էր ու խնդում միաժամանակ, որովհետև ամեն կումից հետո հիշում էր հորը, հիշում էր, որ հերը չկա, ու երևի էդ միակ պլյուսն ու մինուսն էր իր կյանքի, որ չլինելը մեկ-մեկ լինելու մասին ա, որ չգրելս մեկ-մեկ ինձ սարքում ա ռոմանտիկ-սենտիմենտալ անասուն, որ ներսումս հազարումի մարդ ա ապրում, որ ուզում են դուրս գան, որ էդ աղջիկը գնաց էն ժամանակ, երբ ինձ նամակ եկավ, որ քեզ կարոտել եմ, ու երևի հասկացավ, որ մեկը կարոտում ա ինձ, ու հասկացավ, որ չնայած ծանր վիճակում ա, բայց պետք ա տուն գնա, լվա դեմքը, նայի իր ու հոր նկարին, նայի հոր ձեռքի մազերին, ուսին նստած ուրախ էն աղջկան, որ հիմա մենակ ա, որ մարդ չկա նրա կողքին, ու հիշողությունները, որ թափվում են աչքերից, իրականում ոչ լավն են և ոչ էլ վատը, ուղղակի կան, որովհետև մարդ ա, որովհետև ծնվել ա, իսկ ինքը ուժեղ էր, ինքը չափից շատ ուժեղ էր, կամ էլ էս ամբողջ հորինածս գնում ա գրողի ծոցը ու իրեն սարքում սովորական մեկը, որ անգամ մտածել չի կարողանում, բայց դե, էդ էլ ա մարդկային: Մտածել չմտածելու մասին, երևի թե լավագույն ելքը, որ կա մարդկային գիտակցության մեջ, որ ներթափանցում ա ու կուլ տալիս, վերածվում սևության, վերածվում ապրելու իմիտացիայի, որ մտածում ես ու վերջ ու վերջ: Չէ՞, Դոկ, իր մասին հորինելը ու չգրելը, աղջկան չմոտենալը, երբեք իրեն չտեսնելը, բայց մեկ էլ, հանկարծ ընկերության հայտը, գրելը, որ տեսել ա ինձ, պատմելը, որ շատ հաճելի ես հետևում ինձ, ոնց որ մանյակ լինես, ոնց որ հոգի լինես, որ զգում ա` ինչ ա լինելու, կգա՞ս մոտս: Մի օր մնաս, վաղը վարձով տունը հանձնելու եմ ու ուզում եմ վերջնական ջախջախեմ տունը, ուզում եմ մեկի հետ քնեմ, որին չեմ ճանաչում, ուզում եմ մեկի հետ մնամ, որ տեսնում է ինձ այլ կողմից, որ վախենում է մոտենալ, որ մոտենալուց էլ փոխում է ճանապարհը, սպասում եմ քեզ, մենակ եմ: Արի: Արի ու հետս մնա, որովհետև վաղը վերջին օրն է, վաղը մեր ապրելու վերջին օրն է, հա, ես էլ եմ գրում, չի՞ երևում, ես էդ օրը սպասում էի, որ մեկը մոտենա, բայց զգում էի, որ ոչ ոքի պետք չեմ: Ո՞վ է մոտենում իմ նման աղջիկների: Արի, արի: Կսպասեմ: Աբովյանի վրա, բայց Աբովյանի նման չկորես, լա՞վ: Հորս նման չգնաս, լա՞վ: Մինչև գաս մի բանաստեղծություն կգրեմ, որ կուզեմ կարդաս իմ համար իմ գրածը էս տան մեջ: Չգիտեմ` ինչի եմ քեզ գրում, բայց ուղղակի ուզում եմ, որ գաս: Որ վերջին անգամ եմ էս տանը լինելու, որ ուզում եմ մեկի հետ քնեմ գիշերը, ու էդ մեկը դու ես, որ կաս: Չգիտեմ` ոնց կընդունես, բայց արի: Արի ու մնա, ինձ քիչ է մնացել էս տանը, էս տունը սիրում եմ, ոնց որ հորս տունը լինի, բայց վաղը դուրս եմ գալու, գնում եմ հետ` Կապան, գնում եմ տունս, գնում եմ, որ մոռանամ ստեղի ապրած կյանքս: Կգաս, չէ՞: Չգիտեմ` ինչի եմ քեզ ասում, բայց ինձ դուր եկավ, որ դու չմոտեցար, ես դրա մեջ վախ չտեսա, ուղղակի տեսա, որ չես ուզում: Հա, ես աչքի տակով դիտարկում էի քեզ: Հենց նայում էի քո ուղղությամբ, գլուխդ իջեցնում էիր, գլխարկդ քաշում աչքերիդ, որ չտեսնեմ, բայց տեսնում էի` տխուր ու տարօրինակ աչքերդ, մի քիչ դողացող ձեռքերդ: Տեսնում էի, որ նայում ես ու հաճույք ստանում, տեսնում էի, որ տեսնում ես, ու հաճույք ստանում, քեզ դո՞ւր է գալիս նայել մարդկանց: Նայել ու վերջ, էդքանը հերիք է, որովհետև քո գլխում արդեն կերտում ես նրանց, որովհետև քո գլխում ստեղծում ես նրանց, ես էլ եմ տենց անում, բայց հիմա ուզում եմ գաս` մի օրով, մի քանի ժամով, հետս պառկես ու քնես: Գրկես ինձ, հորս նման գրկես, որովհետև նման ես հորս: Աբովյանի փողոցի շենքերից մեկում եմ ապրում: Լավ շենք է: Բայց վաղը դուրս եմ գալիս, ավելի ճիշտ` դուրս են հանում: Միշտ ուշացնում եմ վարձը, չեմ հասցնում: Ոչինչ, հետ կգնամ իմ տուն, չնայած, որ ծանր է վերադառնալը մի տեղ, որտեղ քեզ չեն սպասում, որտեղ չգիտեն քո մասին: Բայց դու արի, ես քեզ հավանեցի: Դու ինձ լավ էիր հետևում, լրիվ մանյակ: Գրում ես, չէ՞: Ես էլ, խզբզում եմ, հորս մասին եմ գրում: Չլինելու մասին: Չգալու մասին, բայց ես սպասում եմ, արի: Կգաս, չէ՞: Աբովյանի բարձրահարկում եմ ապրում, յոթերորդ հարկում: Ոտքով կբարձրանաս, կհաշվես աստիճանները, ամեն աստիճանին քնել եմ, իննսուն հինգ աստիճան կա, արագ-արագ կբարձրանաս, կարծես Աստծու մոտ ես գնում, կարծես հենց նոր հաղթեցիր դրախտ գնալու տոմսը, ջնջեցիր ու շահեցիր: Կգաս, ու ես կպատմեմ քեզ իմ մասին, ոնց ոչ մեկին չեմ պատմել: Ջեֆ Բաքլիի Հալելույան կլսենք, չնայած, որ չենք հավատում, բայց կլսենք: Ես մոմ էի գողացել գործի տեղից: Մի անկապ կարմիր գինի, որ պահել եմ հենց վերջին օրվան: Ծխելիք էլ ունեմ, եթե չհանգստանաս: Ես կամ, եթե գաս: Եթե իմ ասածներով գաս: Եթե ցանկանաս մի օր լինել ֆիլմի մեջ, եթե ցանկանաս մի օր լինել պատմվածքի հերոս, որ հաղթում է կյանքը, եթե ցանկանաս լինել, ոնց կուզեիր լինել, որ առանց մտածելու լինում են, որ առանց մտածելու ապրում են, ապա սպասում եմ, իննսունհինգերորդ աստիճանին նստած սպասում եմ, որ շնչակտուր կբարձրանաս ու կգրկես, որ կգաս ու կասես, թե ինչքան էիր ուզում հետս շփվել, իսկ ես կժպտամ, գլխումս Ջեֆի Լօվեր յու շուլդ քամ օվերը կհնչի, բարձր կհնչի, ոնց չի հնչել երբեք: Ու մենք, ասես սիրեցյալներ, որ սպասել ենք իրար ու գտել, կքնենք լուսնի լույսի տակ, մերկ, ամոթի հասնելու մերկությամբ կքնենք ու վաղը առավոտյան ցտեսություն կասենք միմյանց, վաղը առավոտյան սիկտիր կլինենք էս քաղաքից, վաղը առավոտյան կլինենք սովորական, իսկ էս գիշեր, իսկ էս պահին ու վայրկյանին մենք սովորական չենք: Չենք, չենք լինի, վերջին գիշերից հետո մենք չենք լինի, ոնց չեն լինում Աստվածները ժամը յոթին առավոտյան: Ոնց չեն լինում ոչ ոք: Բանալիները կտամ ու կգնամ, քեզ կգրկեմ ու կգնամ: Կգաս, չէ՞: Սպասում եմ: Գինին ու ես: Սենյակն ու ես: Պահպանակն ու ես: Մարմինս ու ես: Մազերս ու ես: Հորս նկարն ու ես: Կռիվ ենք գնում: Մմմ: Չէ: Մեկ-մեկ կարող է կոտրեմ ռոմանտիկան: Ոչինչ, չէ՞: Աաահհահ: Դո՞ւ էլ ես տենց: Ես էլ: Նման ենք: Ես ու դու: Հա: Դե արի: Եթե գաս, կդիմավորեմ: Եթե գաս, կսպասեմ: Եթե գալու ես, գրի, գրի, որ գալու ես: Եթե գալու ես: Կսպասեմ: Ես բոլոր գալացողներին սպասում եմ, վաղը տերն էլ է գալու, պետք է հասցնենք: Հասցնենք սեքս անել: Որովհետև հնարավոր է չհերիքի մեզ ժամանակը, որովհետև միշտ ժամանակը չի հերիքում: Որովհետև վաղը գնում եմ Կապան: Վաղը գնում եմ ու չգամ: Մենակ ապրեմ: հոգնել եմ էս քաղաքից, ուզում եմ ինձ էս գիշեր նվեր անել: Ուզում եմ, որ գաս ու գնաս: Գնաս նենց, ոնց եկել ես: Չնայես հետ, թե չէ կհալվեմ: Հասկանո՞ւմ ես, չէ՞, որ պետք չի նայել հետ: Էդ մի օրն է, ուղղակի հետս եղիր ու վերջ: Մնա ու վերջ: Քունիր ինձ: Ի՜նչ սիրուն բառ է: Քունիր ինձ ու վերջ: Վերջին անգամ, Աբովյանի իմ տանը, որը չկա: Մնա մեջս ու վերջ: Ու վերջ: Իսկ ես վաղը կգնամ: Կգնամ ու չեմ գա: Կգնամ ու կհիշեմ, որ Աբովյանը գնաց ու չեկավ: Դու էլ կլինես իմ Աբովյանը, Աբովյանը` վերքոտ, հայրենասեր, ողբացող: Կորած ու մոլորված: Կլինես, չէ՞: Կլինե՞ս իմ Աբովյան փողոցը…