(ԴՐԱՄԱ)
1 գործողություն, 2 տեսարան
Պատկերասրահ, որտեղ ժամանակակից արվեստի «կտավը» հրահրում է քաոսային իրավիճակ իր երկրպագուների մոտ ՝ թողնելով իսկական արվեստը խելագարության մեջ…
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ
ՆԿԱՐԻՉ — «Ցավը» կտավի հեղինակ, 25 տարեկան երիտասարդ տղա
ԿՈՒՅՐԵՐ
ԱՅԼ ՆԿԱՐԻՉՆԵՐ
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ — Մեր օրեր
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ — պատկերասրահ
ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
ՏԵՍԱՐԱՆ ԱՌԱՋԻՆ
Պատկերասրահ, որտեղ տարբեր կտավներ են կախված: Յուրաքանչյուր կտավի կողքին կանգնած է իր հեղինակը: Բեմի կենտրոնում դրված է կտավ, որը փակված է շորով։ Ընթացքում այցելուները շատանում են բեմի կենտրոնական հատվածում:
ՆԿԱՐԻՉ — Սիրելի՛ ներկաներ, ուրախ եմ, որ եկել և կիսում եք իմ այս փոքրիկ ուրախությունը: Տարիներ է, ինչ սպասել եմ այսօրվան, կերպարվեստը իմ մեջ բացահայտեց մի նոր երեխայի, մի նոր տիեզերք… այս կտավը իմ հոգու ճիչն է ամբոխում:
Նկարիչը քաշում է շորը: Կտավ է, որտեղ երևում է սպիտակ թուղթ ու վրան մի քանի խզմզած մեծ գունավոր հետքեր: Մյուս հեղինակները մի քայլ են անում, նայում են նկարչի նկարը, սկսում են հռհռալ…
ԿՈՒՅՐ ԱՌԱՋԻՆ — Դուք ի՞նչ եք հասկանում, թե ինչ է արվեստը…
ԿՈՒՅՐ ԵՐԿՐՈՐԴ — Տկարամիտներ…
ՆԿԱՐԻՉ — Պետք չէ, սիրելիներս (տոնը բարձրացնելով): Նրանք ննջում են իրենց տգիտության մեջ, ինչպես հոգնած շունը՝ ցեխի…
ԿՈՒՅՐ ԵՐՐՈՐԴ — Պարոն Միսակ, ես ձեր արվեստի մեծ երկրպագուն եմ, ասել է թե օրս սկսում է, երբ աչքերս բացում եմ, ու միանգամից աչքս հառնում է ձեր ՃԱՆՃԸ կտավին…
ՆԿԱՐԻՉ — Շնորհակալ եմ, ուզում եմ մի փոքր խոսել այս ստեղծագործության մասին, եթե թույլ կտաք…
Կողքից մյուս հեղինակները նայում են կտավին, լսվում է նրանց հռհռոցը:
Հավաքվածները նայում են նրանց, նորից հայացքները փոխում դեպի Նկարիչը:
ՆԿԱՐԻՉ — Ընկերներ, այս ստեղծագործության հիմքում ցավն է, այն ծնվեց ինձ մոտ այն ժամանակ, երբ ոտքս պատահաբար հարվածեցի պահարանին…
ԿՈՒՅՐ ՉՈՐՐՈՐԴ — Ցնցող է, ում մտքով կարող էր անցնել….
ՆԿԱՐԻՉ — Այդ ժամանակ ես բակից վերցրեցի մի մեծ քար, վրան լցրեցի իմ բոլոր ներկերը, քարը նետեցի այս թղթի վրա… ու ստացվեց ցավը:
Հավաքվածները լռում են։ Ծանր լռություն է։ Հանկարծ լռության մեջ լսվում է կույրերից մեկի ձայնը։
ԿՈՒՅՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ — Ստացվեց ժամանակակից արվեստի նոր գլուխգործոցը…
ԿՈՒՅՐ ԱՌԱՋԻՆ — Ես ուզում եմ գնել այս կտավը…
ԿՈՒՅՐ ԵՐԿՐՈՐԴ — Մեկ րոպե, պարոն, բայց այդ միտքը ես վաղուց ունեի։
ԿՈՒՅՐ ԱՌԱՋԻՆ — Երեք հազար դոլար…
ԿՈՒՅՐ ԵՐՐՈՐԴ — Չորս հազար դոլար եմ առաջարկում այս շեդևրին։
Շուտով այս քննարկումը վերածվում է վեճի: Կույրերից մեկը վերցնում է կտավը, վազում է դեպի աջ կուլիս, ոչ ոք չի նկատում նրան:
ՆԿԱՐԻՉ — Ո՞ւր է նկարը, նկարը գողացան, սրիկաներ… (Նկարիչը վազում է դուրս, ամբոխը իր ետևից)։
ԿՈՒՅՐ ԱՌԱՋԻՆ- Դա իմ նկարն է….
ՏԵՍԱՐԱՆ ԵՐԿՐՈՐԴ
Բեմում մնում են մյուս հեղինակները, որոնք բարձր ծիծաղում են ու սկսում զրուցել միմյանց հետ:
ՀԵՂԻՆԱԿ ԱՌԱՋԻՆ — Տեսաք, չէ՞, էդ գժի նկարի համար ոնց էին կոտորում իրանց։
ՀԵՂԻՆԱԿ ԵՐԿՐՈՐԴ — Բախտի տերը թաղեմ, Գեղարվեստի ակադեմիան ավարտի, սովորի, աշխարհով մեկ երկրի անունը բարձր պահի, որ մի հատ հայվանի քարով լղոզած կտավին ավելի տեղ տան …
ՀԵՂԻՆԱԿ ԵՐՐՈՐԴ — Տենաս, որ Դա Վինչին, Բոտիչելին, նկարչության գիգանտները ողջ լինեին, էդ տխմարությունը տեսնեին, ի՞նչ կասեին…
ՀԵՂԻՆԱԿ ԵՐԿՐՈՐԴ — Տո ինչ պետք ա ասեին, ականջներից կբռնեին, կասեին դավայ ստեղից այ, այ…
ՀԵՂԻՆԱԿ ԱՌԱՋԻՆ — Այ համբալ….
ՀԵՂԻՆԱԿ ԵՐՐՈՐԴ — Լավ, եկեք գնանք, մի կտոր բան ծամենք, թե չէ դրել, անկապ նեռվայնանում ենք, աշխարհի կարգնա… մի նեղվեք…